ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ / Սերը, որպես սպանության նյութ

ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Կաթնագույն ամպի երևալն անակնկալ էր: Նա չէր մտաբերում՝ այգաբացի առաջանալը բռնացրած լիներ: Պառկած տեղից երևում էր երկնքի այն հատվածը, որտեղից լույսը ծակել ու տարածվում էր քաղաքի վրա: Սովորաբար առավոտներն ակնթարթորեն էին բացվում. ինքը կիսարթուն ննջում էր, հետո վեր թռչում ու երկնալույսը ներկա էր՝ կա՛ր:
Մարմնի կոշտությունը իրեն երկատում էր դրսի աշխարհից: Ոտքերը դրեց սառը հատակին, մոտեցավ բաց պատուհանին, ափը պարզեց. քամին զգում էր, ճանապարհը չէր երևում, բայց մեքենաների ընթացքը լսում էր, ինչպես նաև ոտնաթաթերն էին մանրահատակի սառնությունը ներծծում: Այնուամենայնիվ, խորքում էր մնացել: Ներսույզ հոգեվիճակը բազմապատկվում ու օրվա մյուս ժամերին վրա էր ձգվում, մարմինն ինքն իր վրա հաստանում և դրսի եղածն առավել հեռվից էր առնում: Մանկության տարիներին արտաշխարհն իր մեջ էր, երբեք չէր պաշտպանվում, հակառակը՝ առիթ էր փնտրում տնից փախչելու, որ ժամն էլ լիներ, նույնիսկ, երբ տանն էր՝ դրսի եղածն իր ներսում էր պահում: Ինքը վստահ էր՝ այսքանով հանդերձ մարմնի չորությունը տարիքի ստեղծածը չէր:
Գլխավերևի երկինքը նորածնի մարմին էր՝ դեռ լազուր ու կակուղ, ուր թափանցիկ մազանոթներով կապույտ էր ցրվում: Վայրեր կան հենց այս ժամին, երբ երկինքը դեռևս նուրբ ու կազմավորման փուլում է, թնդանոթներով կրակում են վեր, որպեսզի լույսին ճանապարհներ ճեղքեն:
Իր ներսում խզվող շունչն էր՝ քթից-կոկորդ, վերջինից թոքեր. տեղ-տեղ ներա տնքոցից, ներա չհասկացվող խոսքերի հնչյուններից, նույնն էլ շնչի վերադարձին էր կատարվում՝ նե ցանկանում էր խոսել: Այդպես էլ բառերն իմաստակիր չդարձած, հևալով բերանից, քթածակերից դուրս էին ընկնում. անընդմեջ Մարին ներկայության նշաններ էր տալիս: Գուցե մարմնի կոշտացումը ներա հետ էր կապված, (որերոդ անգամն էր սրա մասին մտորում): Մարին իրենում պատ էր շարում, որպեսզի մնա միայն նե ու կարողանա հստակ բաներ ասել: Հետզհետե հոշոտում էր մարմինը, թույլ տեղը գտել, ամպ-լույսի օրինակով ծակել լցվում էր իր մեջ ու ֆիզիկապես ձևափոխում էր:
Հետևող օրերում պարզ դարձավ՝ իր մարմինն այլևս Մարիին էր պատկանելու:
Սա ակնհայտ դրսևորումներ էր ընդունում: Սկսվեց սրճարանում (գուցե վաղուց էր տուտը բռնել, բայց կողմնակի հայացքների տակ անսովորը ձևավորվեց ու իր համար էլ նկատելի դարձավ): Երբ ընկերները զրուցում էին, մի պահ երեքն էլ հառվեցին իրեն: Ինքը անշտապ ձեռքի անձեռոցիկը շուրթերից իջեցրեց, ճմռեց, բռունցքը բացեց, անձեռոցիկը դրեց սեղանին ու ափերով հարթեց՝ «ես գնամ» երկու բառով ոտքի կանգնեց:
Նրանցից մեկը պատմել էր, որ ինքը երկարատև անձեռոցիկով շուրթերն է մաքրել, այսինքն ոչ սովորական կամ խաղի նմանվող, այլ նրբորեն հպել է վերին շրթին, միաժամանակ տակի շուրթը կծել է, այնուհետև կրկին մեղմությամբ անձեռոցիկը առաջուհետ է շարժել՝ աննշան, գրեթե աննկատելիորեն համբուրելով այն: Շարունակել է փաղաքշել իր շրթունքները մի կնոջ նման, ով արդեն հեռվում է…
Այս միջադեպին ավելացան մյուսները: Երբ որևէ գույն ես լցնում ջրով գրաֆինն ու հետևում դրա տարրալուծվելուն, ինչքան ուժ ունի սուզվում է ցած, որոշակի վայրկյաններ դադարում է, քիչ-քիչ ճյուղավորվելով սատկող օձի դանդաղկոտությամբ լուծվում է ջրին, ջուրն արդեն իր գույնին է: Մարին թակարդ էր լարել իր մեջ, ինքը փախչելու տարբերակ չուներ, եթե թակարդը հենց իր մարմինն է:
Գուցե շատ էր լռել ներա մասին և այդ պատճառով էր մարմինն այլափոխվում, բայց ամբողջ աշխարհում սիրում ու բաժանվում են, ընկճված հոգեվիճակով ամիսներ, տարիներ են ապրում, այդուհանդերձ գալիս է մի ժամանակ, երբ սերը նեխում, հուշի է վերածվում: Իր հետ ուրիշ բան էր տեղի ունենում: Մարին նեխման փուլը հաղթահարել, իր կամքից անկախ ոչ միայն վերածնվում, այլ իրեն վերափոխում էր կնոջ, իր տղամարդկությունը խեղդելով՝ փոխարենը նե իրենից էր արտադրում:
Աշխատանքից վերադառնալիս ճանապարհի եզրերից պոռնիկ էր վարձում, իբր տղամարդկությունը դրանով գտնի, ինքն իրեն ապացուցի, որ բացի Մարիից մարմինը ի վիճակի է նաև ուրիշ կանանց սիրել: Առաջին երկու րոպեն մռնչում, փնչում էր, մերկ մարմինը այս ու այն կողմ նետելով ու փլուզվում էր ներանց վրա: Սկզբում գլուխն էր ընկնում կնոջ ուսին, հետո ծնկներն էին ծալվում, այնուհետև ամբողջ մարմինը փշրվում էր: Ներանք զգում էին իր տառապանքը, երևի այն պատճառով, որ փողոցային կանայք երբեք չեն դավաճանում առաջին սիրուն: Ներանք փռվում են մարդկանց առջև, իսկ աչքերով ազատվում են: Ինչպես զսպաշապիկով կապվածն է լքում մարմինը, այնպես էլ ներանք թողնում ու երազող աչքերով առաստաղին են ապրում: Թույլ էին տալիս, որ մարմնի բախմամբ իրենց ցավեցնելով՝ սխալ կառուցված երկնաքերի պես փլուզվի:
Կարիք ուներ վերագտնելու նախկին ամրությունը, միաժամանակ ցանկանում էր լսել ներա չբառավորված ասելիքը, որոնք դեռևս հևոց, տնքոցներով էին հնչում: Ինքն իրենից խորշում էր, բայց ոչինչ չէր օգնում: Ժամառժամ ինքը ներա էր վերածվում, ով հեռուներում, չկասկածելով իր անմարդկային ապրումների մասին միգուցե երեխաների ձեռքը բռնած զբոսնում է:
Կանանց հետ նոր ծանոթություններ հաստատեց, անցնելով «ներան մոռանալու» տափակ տրամաբանությանը: Ներանք անկեղծանում էին իրենց մասին, պատմում երբեմնի սերերի, հիասթափությունների, ինքնասպանության ձախողված փորձերի, ծնողներից չհասկացված լինելու և այլ մանրամասնություններ: Որքան խոսում, այնքան տկլոր ու ստերջ հոգիներով էին քայլում իր կողքով, դառնում էին անպաշտպան գազավորված փուչիկներ, որ ամեն քայլափոխի կարող էին ասեղին հանդիպել: Հոգատար էր կանանց նկատմամբ, մինչևիսկ մայթին բարձրանալիս հերթով նայում էր ներանց ոտքերի մանր վերելքին: Ներանք ընդամենը իր ուշադրության կենտրոնն էին գլորվել, քանի որ պատմել էին իրենցից մինչև տակ, հայտնվել էին թևատակը, հպվել իրեն, հասել մինչև շուրթերը: Այս ամենը տաղտկալի էր դառնում, ինքն իրեն ասում էր՝ երևի բոլորն են հոգնում փախչելուն անընդունակ կնոջից…
Մարին ամեն վայրկյան կարող էր հեռանալ իրենից և այդ ահից էր իր սերն առաջացել:
Մեծ բան էր հարկավոր, որ տղամարդկությունը հետ բերեր: Փոքրուց սովորեցրել էին՝ եթե ուժդ չի պատում, դանակով հարվածի կամ քարը վերցրու տուր գլխին, բայց ինքն իրեն սպանելու կերպը չգիտեր: Որոշեց մարդ սպանել, միտքը համոզիչ չթվաց. նե կհեռանա իրենից, թե՞ ողբասաց կին դառնալով՝ իրենից արցունք կհանի:
Եթե դիմանար վերափոխմանը… Սպասել, թեկուզ մեկուսացած համայն աշխարհից, որպեսզի վերապրի ներա արտադրած նուրբ շարժումները, մազերը սանրելու ձևը՝ նստած հայելու առջև, մտահան ու խոնարհված ուսերով, մոռացած, թե ինչի համար է մազերը հավաքել ձեռքին և հուսահատ իրեն նայելու հայացքը: Մարին այդպես էր անում, այդքան երիտասարդ և այդչափ մտածկոտ կինը: Ինքն իրեն հուսադրում էր՝ համբերի մինչև էս ամենը կձուլվեն մարմնին ու նե կարոտած խոսք կասի ներսումդ:

153 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>