ԱՐՄԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

arman

1.Ավտոբուսը մտավ Ղարաբաղ,

Իսկ ներսում
Հնչում էր «Երևա՜նս, Երևա՜նս»:1
Ես չհասկացա՝
Պատերազմն էր
Մասնատվում իմ մեջ,
Թե քաղաքը,
Որում լքել էի ինձ:

2. Ճաքում եմ
Ազատության վերքերում,
Ու՞ր ես, չկաս,
Թող կտրեն
Ձեռքս ու ոտքս,
Բայց ոչ հոգիս,
Ես տեսնում եմ ինձ
Այնտեղ, ուր վազում են
Վայրի ձիերը
Հեռու ծեգերի,
Ուր ապրելու միակ ձևը
Քամին է սուրացող,
Ու՞ր ես, չկաս,
Երբ ցուրտը
Խնջույք է փռել
Սրտումս:

3. Ճամփորդին
Պակասում է աշխարհը,
Դու՝ ինձ,
Իսկ ես դեռ փորձում եմ ազատվել
Քեզնով բուրող բառերից,
Հետո փորձում եմ
Փնտրել կյանքը,
Ու լուռ թափվում ես վրաս
Որպես աշուն
Չորացած կոճղին:

4. Վաղն էլի
Կսիրեմ քեզ,
Իսկ այսօր
Շունչս այրում է
Տափաստանի արևը,
Երբ ես այստեղ եմ,
Այս մռայլ հագուստի մեջ
Միայնության,
Ու բառերս
Երգ են փնտրում
Տունդարձի:
Վաղն էլի
Կսիրեմ քեզ,
Իսկ հիմա նայիր՝
Ինչպես է
Կործանվում օրը
Մեր սպասումի պատերին,
Չգիտեմ
Երկաթից է սերը,
Թե մետաքսից,
Բայց խելահեղ ծանր է,
Երբ չկա,
Եվ թեթև այնպես,
Երբ գիրկս է ընկնում,
Վաղն էլի
Կփնտրեմ քեզ,
Երբ կանցնի գիշերն այս
Խելագարության:

5.Աչքերս բացում եմ,
Զարթնի՛ր,
Թեև գիտես
Օրն էլի հարբած
Ընկած է թախտին
Երեկ ծխախոտ վառեց,
Բողոքեց նրանից,
Ում Արման են կոչում,
Քարշ եկավ
Կանանց հետ,
Նրանց հետ,
Որ վատնել գիտեն
Չտեղավորվող դատարկությունը,
Մի քանիսի հետ
Դատարկեց համբերությունը
Շղթայված լեզվի,
Ու երբ վերադարձավ,
Կրկին հիշեց,
Թե քեզ հետ
Սիրել գիտեր ժամանակը,
Թե քեզ հետ
Բացում էր
Աչքերը զարդարված երջանկությամբ:
Էլի հիշեց քեզ:
Եվ ունայնությունը
Կողքիս մնաց:

6. Մարդ կարող է ապրել
Ինչպես քարը,
Գցեն անապատ,
Կխանձվես արևից,
Ծովում կթրջվես
Ջրի գալարվող մարմնին,
Ժայռին փշեր կբուսնեն վրադ,
Քամին կփչի
Բոլոր ճեղքերից,
Ճահիճում կնեխես
Որդերի հետ,
Ու կկռաս գորտերի հետ
Դատարկության մասին,
Ու էլի կապրես,
Էլի կժպտաս,
Վերջը կգտնես մաքառումների,
Բայց երբ ծակ է ներսդ,
Դու ես փչում
Բոլոր ճեղքերից,
Դու ես փշոտում
Բոլոր ժայռերին,
Բոլոր ճամփեքին
Մոլորություն ցանում,
Երբ ծակ է ներսդ,
Օրը ուրվական է,
Որ քրքջում է շուրջդ:

7. Ես մոլորվեցի,
Քաղաքը տնքում էր
Գրկիս մեջ,
Ձեռքերիս մեջ
Ջղաձգվում են
Հորիզոնները,
Որոնց այդպես էլ
Չգտա,
Մի՞թե եղել ես դու,
Երբ անդունդի պատերին
Լույս էի նկարում,
Ես ինքս ինձ
Կուլ եմ տվել 1000 անգամ,
Եվ անորոշությունը
Վաղուց դարձել է
Ապրելու ժամանակ
Ինպեսների համար,
Ում աստվածը
Հավերժ քաոսն է:
Մի՞թե եղել ես դու,
Երբ բառերը
Լցվել են գլխիս
Ու բոլորը
Կոչել են
Լռություն,
Ես այնքան կիսատ եմ եղել,
Որ հույսի ժայռերին
Թաքնվել եմ միշտ,
Հագուստ եմ գործել
Ցեցոտ հավատից,
Ու ինձ չեմ կորցրել,
Ու քեզ չեմ լքել:
Մի՞թե չես գալու էլ,
Երբ հյուսիսից
Ու հարավից զատ
Ես քաոսի
Բևեռն եմ կորզել:

8.Բառեր կան,
Որոնց փշաքաղությունը
Մի անգամ ես ապրում,
Հետո գլուխդ դնում ես բարձին,
Ու հուշերը ստվերի պես
Հետևում են
Կորած հանդիպումներիդ:
Բույրեր կան,
Որոնց թավիշը
Սիրածդ կնոջ պատկերով
Մի անգամ է հևքդ լցնում,
Հետո ուրիշ քնքշությամբ
Շոյում ես մազերը
Մեկ ուրիշի,
Պարանոցին նկարում
Համբույրները մետաքսի,
Բայց ոչինչ
Սրտիդ չի դիպչում երբեք:
Վախեր կան,
Որոնց թողած լիությունը
Շատ ավելի
Կյանքի է նման,
Քան խաղաղությունը:
Օրեր կան,
Որոնց դատարկությունը
Շատ ավելի վերջի է նման,
Քան ինքը՝ մահը:

9. Դու հանկարծահաս
Պայթյուն ես
Իմ երկնքում,
Ու առանց քեզ
Ողնաշարս
Փշուր է լինում,
Տղամարդիկ սովոր են
Չհիշելու
Անունները նրանց,
Ում հետ չափչփել են
Փողոցները
Սպիտակ լուսնի տակ,
Իսկ ես քո անունից
Խորան եմ կարգել,
Ուր քայլում են
Հոգիները նրանց,
Որ փնտրում են սեր:
Ինձ մի ողջ հավերժություն
Դատարկել են
Մի ակնթարթ քեզնով լցվելու,
Ու հիմա չգիտեմ՝
Ինչպես քամել ժամանակը,
Երբ դու չկաս,
Չես գալու,
Երբ ամեն օր
Պայթում ես ներսս
Ու լռում:

10. Եկա Ղարաբաղ,
Ու հասկացա,
Որ Միլանից ու Փարիզից
Ինչ էլ ձևեն,
Միակ զգեստն այստեղ
Համազգեստն է:
Սովորեցի երկնքում
Թռչուն չփնտրել,
Այլ թռչող կրակ,
Սարերին՝ չհիանալ մշուշով,
Այլ հասկանալ
Դիրքերում շրջող
Մահի լեզուն:
Գնացի Ղարաբաղ
Ու սովորեցի
Կյանքը կրել սեփական հոգում:

11. Դու վերջին կամուրջն ես,
Որով հատում եմ դատարկությունը:
Ես սովորել եմ
Գրել դժգույն օրերից,
Իսկ հիմա
Կաս դու,
Ու միակ բանաստեղծությունը
Մարմինն է քո,
Որ կծկվում է
Ձեռքերիս մեջ՝
Սարսուռով անհամարձակ:
Ես չեմ եղել
Նրանցից երբեք,
Ում ձեռքերը կոշտացել են
Տարբեր անուններ
Այստեղ- այնտեղ շոյելիս:
Իմ ծաղկանոցում ծաղիկներ եմ տնկել
Վայրի,
Ու սիրել եմ
Բույրերը նրանց,
Դու չես եղել
Երբեք
Հեշտության մեջ,
Որ փափկասիրտ են
Եղյամի նման,
Դու, որ անտառների
Մութն ես կրում
Ու լռությունը
Սևաչ ձորերի,
Վերջին կամուրջն ես,
Որով շոշափում եմ
Կյանքը,
Երբ իմ սիրտը փուշ է,
Իսկ դու՝
Այնտեղ ծաղիկ:

1. «Երևա՜նս»՝ նկատի է առնված Թաթայի համանուն երգը

349 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>