ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ / Մահացած մարդու հետքերով

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Կամրջի մյուս ծայրից շարունակ շան հաչոցներ էին լսվում, երբ ես, հասնելով աստիճանների մոտ, իջա կամրջի ստորին հարթակը: Գետնին թափված էին ապակե շշերի բեկորներ, որոնց առատությունը վկայում էր, որ այստեղ գիշերային արկածները հաճախ են բուռն ու պայթյունավտանգ լինում:
Սիրահար զույգն արդեն ամբողջովին ընկղմվել էր տարփանքի մեջ, երբ ես, մյուս ծայրից քայլելով դեպի իրենց, հանկարծակիի բերեցի նրանց, իսկ նրանք տեսնելով իմ կերպարանքը, շտապեցին լքել իրենց կրքի վայրը՝ չմոռանալով ինձ մարդկության բոլոր մեղքերի մեջ մեղադրող հայացքի արժանացնել: Հետաքրքիր է, որ կես ժամ առաջ սիրահարների կանգնած տեղից ընկերս իրեն ցած է նետել դեպի պայծառ անհայտություն: «Զույգը հաստատ չգիտի այդ մասին, պետք էլ չի, որ իմանա.նետել է, իր պրոբլեմն է, իրենց հետ կապ չունի»,- մտածեցի ինքս իմ մեջ՝ նայելով, թե ինչպես էին երիտասարդները անհոգ տեղափոխվում կամրջի մյուս թևը՝ շարունակելու կիսատ մնացած գործը:
Պատը, որին հենվել էր աղջիկը, լի էր զանազան գրառումներով, ֆիզիկայի բանաձևերով, բանաստեղծական քառատողերով: Կամրջի հենց այդ հատվածից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի ձորը, որի կողքով հոսող գետը ժամանակին կրում էր «Մեռյալ» մականունը, իր մեջ թափվող դիերի պատճառով:
Մոտ հինգ րոպե էր անցել, ինչ ես հայացքս հառել էի դեպի գետն ու հեռավոր մայրուղին, որ ձգվում էր լեռների միջով դեպի քաղաքի մյուս ծայրը: Երկու ոստիկանների հանկարծահաս հայտնությունը, որ ինքս էլ չհասկացա, ինձ ետ բերեց իմ խոհերի ծնած ժամանակավոր թմբիրից:
– Ի՞նչ ես անում այստեղ,- ինձ դիմեց տարիքով ավելի երիտասարդը, ով կարծես կարողացել էր իր ավագ կոլեգայից կորզել ինձ հարցաքննելու իրավունքը և հիմա հաճույքով օգտվում էր ձեռք բերած հնարավորությունից,- մոտդ անձնագիր, սուր կամ ծակող գործիք կա՞:
Եթե չլիներ համազգեստը, կարող էր թվալ, թե այդ իրերը իրեն են պետք, իր սեփական կարիքների համար: Հավանաբար հասկանալով, որ նախադասությունը սխալ է կառուցել, երիտասարդը ուրիշ եղանակով որոշեց պարզել գրպաններիս պարունակությունը:
– Մենք այստեղ ծառայություն ենք իրականացնում, քաղաքացիներ կան, որոնք գալիս են, ուզում են իրենց կյանքին վերջ տալ, մենք կանխում ենք նման դեպքերը,- իրենից գոհ ներկայացրեց նա:- Դու արդեն կես ժամ է այստեղ ես, մեզ տարօրինակ թվացիր, դատվածություն ունե՞ս, բանակում ծառայե՞լ ես:
Այն, որ երիտասարդը քերականության դասերից ազատված է եղել, արդեն ոչ մի կասկած չէր հարուցում: Նույնիսկ նրա ավագ կոլեգան, ով ամբողջ ժամանակ լուռ զննում էր ինձ ու իմ հագուկապը, զարմացավ իր կրտսեր ծառայակցի հարցի կառուցվածքից, սակայն չցանկացավ միջամտել:
Իր բոլոր հարցերին բացասական պատասխան ստանալով՝ երիտասարդը, ով մինչ այդ առանձնապես չէր փայլում սառնարյուն պահելաձևով, կարծես ավելի նյարդայնացավ ու սկսեց հավանաբար ինձ կապել իր բոլոր առկա քրգործերի հետ:
Տարիքով ավագը, տեսնելով, որ ես մտադրություն չունեմ ինձ կամրջից ցած նետելու, ծանր հոգոց հանեց՝ ավելի շատ ուրախանալով, սակայն, իրենց վիճակագրության, քան թե իմ առողջ հոգեկանի համար, և ինչ-որ բան շշնջալով երիտասարդի ականջին՝ թեքվեց դեպի կամրջի մյուս թևը՝ իր ծառայողական պարտականությունները կատարելու: Երիտասարդի դեմքի արյունարբու արտահայտությունից ես եզրակացրի, որ հեռանալու որոշումն այնքան էլ իր սրտով չէր, սակայն ստիպված լինելով ենթարկվել՝ հետևեց ավագ ծառայակցին՝ վերջում չմոռանալով իհարկե ևս մեկ անգամ իր բողոքով լեցուն հայացքը սևեռել երեսիս:
«Մեր ձեռնարկությունը սկսում է վնասներ կրել վերջին շրջանում հաճախացած ինքնասպանությունների պատճառով: Օրինակ, վերջերս, մեր գործակալներն արդեն ստորագրել էին բազմամիլիոնանոց պայմանագիր երիտասարդ մի գործարարի հետ, իսկ նա, պատկերացնում ես, ընդամենը երկու օր անց վերցրել ու իրեն…»,- լսվեց տրոյելբուսի հետևի նստարաններից մեկին բազմած երիտասարդ տղամարդու բամբ ձայնը, երբ ես, որոշելով արդեն ետ դառնալ տուն, նստեցի առաջին պատահած տրանսպորտը: «Սպասիր, ռադիոյով լուրեր են հաղորդում»,- ընդհատեց իր ձեռնարկության ֆինանսական՝ շարունակ վատթարացող դրության մասին բողոքող զրուցակցին ընկերը: Իսկ ռադիոն նոր բան չէր ասում իր ունկնդիրներին. աճի ու առանջընթացի մասին վկայող հերթական թվերն էին, թե ինչպես էին, օրինակ, վերջին եռամսյակում նվազել ինքնասպանության դեպքերը, 10-ից հասնելով 5-ի: «Հետաքրքիր է՝ ընկերոջս դեպքը արդեն հաշվե՞լ են, թե՞ չէ,- մտածեցի ես,- իսկ հինգի մասին արդյոք ինչ-որ մեկը հոգու՞մ է, թե՞ էականը այն է, որ կամովին իրենց կյանքին վերջ տվողների թիվը նվազել է ուղիղ կեսով»:
Յուրահատուկ թեթևություն էր պատել ինձ, երբ հասա տան շեմին. կարծես մի ծանր բեռ մեջիցս հանած լինեի: Տրամաբանական էր. քաղաքի բնակչությունը պակասել էր մեկով, հասարակությունը ազատվել էր իր համար ավելորդ քաշի հերթական կիլոգրամներից:
«Բացվել է հոգեկան առողջության վերականգնման նոր, ժամանակակից կենտրոն՝ հագեցած բարձրակարգ մասնագետներով, ապահովված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Այցելեք մեզ և մեր մասնագետները…»,- գրված էր դռան տակ ընկած թղթի կտորի վրա:

59 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>