ԱՆԻ ՆԱԶԱՐՅԱՆ / ՀՐԱՇԱԼԻ ԷՐ…

 

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

 

Գիտեք, չէ՞, որ որոշ մարդիկ աշխարհին պատուհանից են նայում: Չէ, ես նկատի չունեմ ձեր պատկերացրած ակնոցի ապակին, ես չեմ պատրաստվում «լուսամուտ» կամ «պատուհան» բառն այստեղ, կոնկրե՛տ այստեղ, սիմվոլիկ պատկեր ներկայացնել: Ահա, այսպիսով եկեք խաղանք այսպիսի մի խաղ. անձրևում է: Ոչ մի շունչ կենդանի, թվում է, չի էլ պատրաստվում դուրս գալ: Այդ թվում նաև դու: Դու, որ լուսամուտի մոտ նստած, դեմքի դժգոհ արտահայտությամբ նայում ես դուրս՝ գիտակցելով, որ գործդ հաստատ կհետաձգվի, աչքդ գցում ես գետնին, որի վրա կաթում ու կողքերից ցայտեր է արձակում այդ անտեսանելի, հանդուգն արարածը: Հանկարծ կարճատես քո աչքերին մի ինչ-որ ուրիշ շարժվող բան է երևում: Վերցնում ես ակնոցդ, ու նա քեզ պարզ ցույց է տալիս անձրևորդին: «Ի՞նչ ես այդտեղ կորցրել, ա՛յ խենթ»,- ցածրաձայն մտածում ես դու: Ու, մի տեսակ, առանց քո նկատելու կամ անգամ ցանկության, անձրևի տեսարանն ու նրա անտանելի լինելու փաստը կրծքավանդակումդ տարօրինակ զգացողություն են առաջացնում՝ միախառնված ուրախության, բերկրանքի ու հաճելի թախծի հետ. մի՞թե զարմանալի կամ տարօրինակ չէ այն փաստը, որ դու դա «վարպետորեն» անտեսում ես… Գրո՛ղը քեզ տանի:
Երբ դու այդ ժամանակ պատուհանից հեռացար, անցավ երկու օր, ու մնաց մի օր, որ ձմեռ գա: Բայց երկինքը պարզ էր, արևոտ էր, ու չնայած դրան՝ շրջապատը ցուրտ էր: Դու դարձյալ դեմքի դժգոհ արտահայտությամբ նայում ես պատուհանից դուրս՝ գիտակցելով, որ չնայած երկու օր առաջ այս եղանակին էիր տենչում ձուլվել, հիմա վերջապես «վարպետորեն գիտակցում ես, որ միայնակ ես, ու ոչ ոքի մտքով չի էլ անցնում քեզ հետ ձուլվել նրան: Դու որոնում ես կրծքավանդակիդ այն զգացողությունը կամ զգացմունքը, իսկ այն չկա. նրան փոխարինելու է եկել դատարկությունը, որ կարծես զրնգում է. «Անառակ մուսան միայն անառակի կարիք է զգում» և այնուհետև ավելի ուժգին բղավում. «Ե՛տ դարձիր, վերադարձի՛ր, տու՛ն արի, անառա՛կ»: Ու դու, բնականաբար, ինչպես միշտ, հետևելով «չգրված» օրենքին, սարսափահար ես լինում նկատելով քո կարճատես աչքերով, որ թիթեռները նույնիսկ հիմա սիրախաղեր են անում, մրջյունները քաշում են մեծ-մեծ կորիզները, իսկ պատուհանագոգիդ անկյունում սարդը թաքնվել ու որսի է սպասում: Հիմարի՛ մեկը, խե՛նթ:

71 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>