ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ / Տեսանելիքը՝ B-կետից

ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ
…Առաջացա դեպի տան դարպասը, հինգ-վեց քայլ է մնում դռանը հասնելու, բայց անսովոր բան ինձ զսպում ու ծովի ծանրություն է լցնում դիմացս, ինչ-որ պատկեր մթնոլորտի հետ մեկտեղվելով առաջանում՝ ուսերիս եզրերով փաթաթվում է թիկունքիս, զսպում եմ շրջվելու ցանկությունս ու մանրամասնությամբ ընկալում հետևիս տեսարանը, այսինքն աչքերիս միջից չեմ նայում, ու փողոցի մի մասում զգում եմ նորահայտ հայացք-ի տեսողական շրջանակը, որն էլ պատկերել է ետնակողմի գոյությունը. նմանությամբ լինում է թիկունքումդ դրված հայելու հետ, որը առնչվում է քո մարմնին, երբ դու զգացողության հույսին ես մնացել և ընդամենը պատկերացնում ես, թե հայելին ինչպես է քեզ արտացոլում, սակայն այս դեպքում ուրիշ արտացոլանք է, սա հստակ պատկեր է ուրվագծել թիկունքիս՝ քիչ առաջվա իմ տեսածից տարբեր, ես տրվում եմ «հայացք»-ի լուծույթին. «հարևան տան պարսպի այն մասից, որտեղից քարեր են գլորվել, աղջիկ է նայում», մարմնիցս մոտ տասնհինգ քայլի վրա որոշակի մի կետում տեսողություն ունեմ, այս ամենը իմ թիկունքում, իմ աչքերում այլևս գույները սառել՝ անփոփոխ քարացել են, ես նայում եմ ինձնից հետ ընկած ու հանկարծակի արթնացած հայացքով, երևում է աղջկա գլուխը մինչ պարանոցը, այնուհետև պատ է, նե նայում է ուղիղ կետին, որտեղ հայացքս է, մինչդեռ ես գիտեմ, որ այնտեղ մարմնապես գոյացություն չկա, միայն իր շուրջը հայող նայվածք է:
Ցնցում եմ գլուխս, իբր օրը ցերեկով անցկացնեմ մղձավանջը, բանալին մտցնում եմ ժնջիլով կախված փականի մեջ. տեսնում եմ բանալին, փականը, օրորվող ժնջիլը, բայց նաև այնտեղի «հայացք»-ով թիկունքս և ուսերիս մկանային շարժը, աղջկան, որը դեռ հենված է պատին, ներա ժպիտը անասելի պարզությամբ համեմվում է լճում ջրաճանճի թողած հետքին, որը թրթռացնելով մաշկը՝ բարձրանում ու կնճռոտում է ճակատը:
Այսուհետև դուրս էի գալիս փողոց ու նայում լռված հայացքիս, այսինքն «B» կետին: «A» կետն իմն է, գոնե կարծում եմ, որ այդպես է, քանի որ իմ աչքերն են, իմ շոշափելիքները, բայց որտե՞ղ ինձնից առավել կա՝ B, թե՞ A կետում, վերջինս այնքան էլ ինձ չի հուզում, քանի որ ես տրվել էի լուծույթում բացված տեսապատկերին՝ «B»:
Նայում եմ «հայացք»-իցս, սրա տեսողությունը շրջանաձև է նաև թեթևակի շարժական (երբ անթարթ միևնույն կետին ես հառվում, քանի որ յուրաքանչյուր աչքաթարթ ավելացնում, պակասեցնում կամ աննշան փոխում է առարկաների դիրքը):
«Առվի երկյանքով շուն է վազում, ես նայում եմ շանը», հայացք-ն իրենից ետ այլևս չի տեսնում, մշուշոտ ինչ-որ բաներ ենթարկվում են փողոցի հատվածին, սակայն չի վերցնում իր մեջ, միգուցե հայացք-ից այն կողմ այլևս աշխարհ չկա: Այնուամենայնիվ, «B»-կետը տեսնում է շանը, աղջկան, որը դեռ պատին նույն դիրքով հայացք-ին է նայում, սալորի ծառն ու տակով հոսող առվին, ավելի վեր նշմարվում է լեռներից մեկի ստորոտը. ես հայացք-ի պահպանած շրջանակի մեջ եմ, նա առանց աջուձախի կարող է տեսնել այս ամենը:
Մտածեցի քաղաքում կանցնի այս կպչունությունը, իրոք, մինչ քաղաք հասնելը՝ հայացք-ից քիչ ներքև արդեն կորում էր «B» կետի տեսանելիությունը, մինչևիսկ կարող էի կավիճով գծել եզրերը, որտեղից նա այլևս կուրանում է: Վերադարձա քաղաք, հայացք-ը, այսինքն «B» կոչվածը չկար, դրա փոխարեն սկսեցի նկատել բազմաթիվ կարճ, անցումային նայվածքներ՝ ճարտարապետական տարաբնույթ տեղերից. ինձ հետևում են՝ դռների արանքից, վարագույրը կիսածալ պատուհաններից, մուգ ակնոցների հետևից, մեքենաների կողային և հետային հայելիներից, սակայն սրանք նայող ու չքվող են, ակնթարթային, անհիշողություն, իսկ ես բռնացրել էի իմ հայացք-ը պապական տան շեմին, փողոցը գյուղի գլխամասին է՝ լեռներ հանող ճանապարհին, մանկահասակ տարիքում այստեղից էի բաժանվել՝ հրաժեշտներ տվել, և հակառակը եկել ու գրկախառնվել, իմ ներսից՝ կլոր, դաջված պատկերով հայացք էր թռել ու մնացել. կողքի տները, մեր տան դարպասը, առուն, և այլն… Նա հիշողություն կրելով շրջանաձև հին պատկեր է վերցրել ու լռվել ժամանակի կտորում, որտեղ ես երեխա եմ, պատի մոտ հարևանի թուլամտությամբ հիվանդ աղջիկն է, ու ես մոտենում եմ մեր դարպասին: Ինձ թվում է, այդ պահին, ինչ-որ ընդմիջմամբ որևէ խորհրդավորություն ինձ ցնցել է, մի բան կատարվել է, որ հայացքս թողել եմ փողոցի կեսին՝ որոշակի մի տեղում:
Այստեղի հայացքս չի ծերանում. իր շրջանում գտնվող պարիսպը նորոգել են, ներկել, բայց նա առջևի փոփոխությունները չի ընդունում. իր աննորոգ կեցությունում հոսող առուն է, որն այժմ ցամաք է, և վազող շունը, նաև գիտակցությունը, թե դարպասի հետևում ծնողներս են, վերջապես թուլամիտ աղջիկը, ով մանկության ընկերս էր ու ինձ զարմացնում էր, թե ինչու է մշտապես ժպտում:
Երբեմն ինքս ինձ անմտությամբ տանջում եմ, թե որքան հաճելի ընտրություններ կարող էի ունենալ՝ չծերացող հայացքս թողնելու բախտեր, երբ նե մերկացել, ոտքից-ոտք էր հենվել, ես նայել էի ներա որովայնին, որտեղ կծկվելով՝ երեսներ ընդունելով, ներա պորտը արտասվել էր:
Զրուցակիցներ եղան, որ հաստատեցին հայացք-ի գոյությունը, նրանք նույնպես այցելում են երբևէ թողած վայրերից մեկն ու տեսնում իրենց ակնարկը՝ աչքով արված նշանը, վերջինս լուռ, անտրտունջ, տարիներ ի վեր, դեռ մեխված միևնույն տեղում, պայքարում է փոփոխությունների դեմ, որպեսզի սրանք չլցվեն իր դաջած պատկերում ու տերը գալով կարողանա ճանաչել իրեն ցնցած տեսարանը, քանի որ սա դրվագ է, որևէ բանի վրա պատկերված, հյուսված, քանդակված զարդի իմաստով:

59 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>