ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / Ռոլանդի Երազը

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

 

– Էս եղանակը էլի սկսեց խառնել…

– Կխառնի, կխառնի: Բա հո մեզ շատ երես չէ՞ր տալու:
– Է խի՞ խառնի, է: Էս տարի մի քիչ բերք կա, էդ էլ կհարամի:
– Բա պիտի խառնի, որ մենք նեղվենք, որ չարչարվենք մենք, որ մեջքներս մի քիչ ավել ծռվի, որ վաղը գնանք իշխանավորի մոտ, ասենք՝ գիտե՞ս ինչ կա, պարո՛ն էսինչյան, մեր բերքը եղանակի պատճառով փչացավ, մեր մեջքը ծռվեց: Բեր դու մեզ մի քիչ օգնիր, որովհետև մեջքներս ծուռ է, չենք կարում ավել կռանանք:
– Հա, պահ: Նա էլ ասեց, թե՝ գիտե՞ս ինչ կա, պարո՛ն Համասիկ, արի ես քեզ օգնեմ: Դու բեր մի տանջվի: Ես քո տեղը կվարեմ էլ, կցանեմ էլ, քաղհան էլ կանեմ, հողդ թե քարոտ լինի՝ քարերը կմաքրեմ:
– Բա պիտի մաքրի: Մեր տերը նա չի՞:
– Ախր նա էլ իր տերն ունի:
– Է՜, Սամսոն: Դու շատ ես բարդացնում:
– Ռաֆիկը լավ կիմանա: Հը՞ Ռաֆիկ պապ: Ասա է մի բան:
– Հողդ դու քո ձեռով պիտի մաքրես, քո ձեռով՝ հնձես, ամեն ինչ քո ձեռով անես: Ոչ ոք քեզ օգնողը չի:
– Եղանակն էլ, ախր, մի կողմից ա է հուպ տալիս:
– Բան չի փոխվում: Պետք լինի՝ քո հողի մեջ էլ շունչդ պիտի փչի՝ ընկնես:
– Հա՜: Ռոլանդի պես:
– Ռոլանդի պես… Ռոլանդն ինչից մեռա՞վ:
– Սրտի կաթված էր:
– Ա՛յ մարդ, քո գլխումը հիշողություն չի մնացե՞լ: Ի՞նչ կաթված, ի՞նչ բան: Ռոլանդը վառվեց:
– Հա, էլի… Վառվեց Ռոլանդը:
Ռոլանդը մեր գյուղացին էր: Ռոլանդի մասին ինչ հիշում եմ, աղոտ եմ հիշում: Բայց մի բան կա, որ հենց Ռոլանդ անունը լսում եմ, միշտ մտքիս է գալիս: Ռոլանդը մի Երազ ուներ. Երազ մեքենա: Կարծեմ՝ դրանով էլ տուն էր պահում: Էդ Երազով ինչեր ասես չեն տարել ու բերել: Ռոլանդն ու Երազը անբաժան էին իրարից:
– Եթե ասում ես Ռոլանդ, ուրեմն երազը հետն ա,- մի օր ասել էր Համասիկ պապը ու չէր սխալվել:
Ռոլանդը տարիքով մոտ յոթանասուն էր: Բայց էնքան ձիգ մարդ էր, որ ջահելի պես վեր ու վար կաներ առվի ուսով ու դեռ մի բան էլ՝ ոռոգման ջրի համար կռիվ կաներ: Թիկնեղ էր Ռոլանդը, բամբ ձայն ուներ: Բայց, կարծեմ, չկամ էր: Փոքր ժամանակ Ռոլանդի այգուց շատ էինք ցոգոլ թռցնում: Նա էլ ընկնում էր հետևներիցս, թե՝ կանգնե՛ք, ա՛յ լակոտներ, էդ ո՞ւր եք փախչում: Դե էլ ինչ կանգնել, փախի, որ փախչես: Մենք էլ քեն պահող էինք. իրիկվա հետ, պատահում էր, մտնում էինք Ռոլանդի այգին ու բադրջանները թռցնում: Հաջորդ օրը մռթմռթացող ծերուկին փողոցում տեսնում, քթներիս տակ խնդում էինք:
Ռոլանդը որ մեռավ, ամբողջ գյուղը իրար եկավ: Հատկապես մենք՝ երեխաներս, շատ էինք հետաքրքրված Ռոլանդի մեռնելու առեղծվածով: Ասում են՝ Ռոլանդը իր Երազով գնում է հողամաս, որը գյուղի մյուս ծայրին էր, այգում գործ է անում, հոգնում է: Իսկ թե հետո ինչ է լինում, որ այգին սկսում է այրվել ու Ռոլանդն էլ այգու հետ ածխանում է՝ ավելի լավ կիմանան գյուղի բիձեքը, որ գյուղամեջում հավաքված քննարկում են.
– Ախր, ա՛յ Ռոլանդ, դու էլ քանց Համասիկը բեթար, խելք չունես: Ախր խոտի դեզի կողքին նստում, ծխում են, մի բան էլ վերջում սիգարետը գետնին հանգցնու՞մ: Ախր վտանգավոր է: Դեզը կվառվի, քեզ էլ հետը կվառի:
– Ա՛յ Ռաֆիկ ջան, էդպես չի եղել: Ռոլանդը չորացած տերևները հավաքում՝ կուտակում է իրար վրա: Դե էդ ղազալը պիտի վառի չէ՞: Էդ ո՞ր մեկս չենք վառում: Վառելուց հետո կրակը սկսում է տարածվել: Ռոլանդն էլ, փոցխը ձեռին, սկսում է կրակը հանգցնել: Փոցխով խփում է կրակին, կրակը թռնում է ոտքին, ու ոտքը սկսում է վառվել:
– Բայց ինձ թվում է՝ էնքան էդ կրակից չի մեռել, ինչքան վառվելու վախից: Երևի սրտի կաթված…
– Այ մա՜րդ: Դու էլի քոնն ես քշու՞մ: Սրտի կաթված, հա սրտի կաթված: Ի՞նչ գիտեք, թե Ռոլանդը ինքը իր անուշադրության պատճառով է մեռել: Մենք լավ գիտենք, որ մեր գյուղում չկամ մարդիկ կամեցողից շատ են:
– Էդ խոսակցությունն ու՞ր ես տանում:
– Չէ, Ռաֆիկ, խի՞ ես խանգարում, թող ասի: Ասա՛, Սամսոն:
– Դե ինձ թվում է, բացառված չի, որ Ռոլանդս հոգնել է գործ անելուց: Պառկել է՝ քնի: Մեկն էլ հետևից կրակին է տվել:
– Է, Սամսոն: Սարքեցիր չգիտեմ ինչ: Դե մարդ է, շփոթվել՝ ծխել է: Այրվել, պրծել, գնացել է:
Էսպես էլ անհասկանալի մնաց, թե ինչից մեռավ Ռոլանդը: Ճշմարտությունը երևի միայն Երազը գիտի: Երազն էլ չի կարող պատմել: Բայց Ռոլանդի մահը որքան էլ հետաքրքրեց բոլորին, միևնույնն է, դժվար թե տխրեցրեց: Օրինակ՝ Ռոլանդի թոռը բանակում էր ու պապի մեռնելու առիթով արձակուրդ եկավ: Ինքս եմ տեսել՝ ինչքան անհոգ էր պապի թաղմանը:
Հարևանները տխրած չէին լինի, որովհետև Ռոլանդը լավ հարևան չէր: Քիչ է՝ երեխեքին նեղացնում էր, դեռ մի բան էլ՝ միշտ ոռոգման ջրի կռիվ էր անում: Բարեկամներ էդքան չուներ: Երևի անկեղծ սրտով տխրել էին նրա կինն ու աղջիկը: Էդ երկուսն էին դարդ անում:
Հիմա, երբ Երազ եմ տեսնում, Ռոլանդին եմ հիշում: Երևի մոռացա ասել, որ կնոջից ու աղջկանից առավել տխրել էր նրա Երազը, որ կյանքի ընկեր էր Ռոլանդի համար, նրա հենարանն էր, նրա հույսն ու թիկունքը: Հիմա Երազը մնացել է առանց Ռոլանդի: Անցնում եմ Ռոլանդի տան կողքով, ու ո՛չ այգում ցոգոլ կա, որ երեխեքը թռցնեն, ո՛չ բադրջան, որ վատություն անեն, ո՛չ էլ Ռոլանդը կա, որ հետը խոսես, ու իր բամբ ձայնով բողոքի ինչ-որ բանից: Տան դիմաց կանգնած է Ռոլանդի կապույտ Երազը, որ անձրևի ու արևի միահամուռ ջանքերով արդեն ժանգոտել, տեսքից ընկել է: Երազը մնաց առանց Ռոլանդի, բայց նրանք միշտ իրար հետ կապված կլինեն: Դրա ապացույցն այն է, որ գյուղում Երազ տեսնելիս Ռոլանդին են հիշում, իսկ Ռոլանդ անունը լսելիս՝ կապույտ Երազն է պատկերանում:

83 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>