Երվանդ ՎԱՐԴԱՆՅԱՆ / Հանդիսատեսի հիշողություններն անհետացած ֆիլմի մասին

Երվանդ Վարդանյան
1
Ճանապարհն անընդհատ երկարում էր: Մեքենայի արագությունն անփոփոխ էր:
Աչքերս միայն հասցնումէին նկատել եզրագծի երկայնքով տնկված թփերի կանաչավուն երանգափոխությունը: Պատահում էր` կանաչը վերանում, ու մեքենան հայտնվում էր փոքրիկ ավանների մեջ` արագ դուրս գալիս: Հետաքրքիր զգացողություն է՝ դիմացդ տեսնել ասֆալտի չդադարող հարթույթը, որն օգնում է քեզ տնտեսել ժամանակը, բայց միևնույն պահին տեսողությունիցդ փախցնում է տեսարանների գեղեցկությունը, ու դու չես հասցնում գիտակցությանդ մեջ հավաքել շրջապատի գույները, որոնք լպրծուն ձկների պես փախչում են պատկերների ցանցից: Մեքենան կանգնեց, ու նրա հետ միասին կանգ առավ ժամանակը:
Պատմականության զգացումը հստակորեն նկատվում է օտար տարածության մեջ, երբ սկսում ես շփոթված այսուայնկողմ նայել` փորձելով գտնել այն կետը, որից կառչելով` դուրս կգաս անսովոր վիճակից…
Հետևում մնացին քաղաքները և այն տարօրինակ զգացումը, թե ինչպես է հնարավոր շարժվել մի կետից մյուսն ու կորցնել զգացողությունը, որ դու ապրում ես այստեղ, այս պահին:
Հեռվում երևացող ամրոցները միայն դեռ լիովին չվերացած հիշողություններ են, որոնք ջերմեռանդորեն պահվում են գուցե միայն սովորությունից դրդված, իսկ ճանապահն անվերջ է, և հիշողությունն այստեղ միայն կարող է կորցնել իր նշանակությունը:
Շարժումն աշխատում է ընդդեմ հիշողության, և իվերջո նրան կհաջողվի վերջնականապես ազատվել պատկերների բեռից, ինչպես որ մարդուն է հաջողվում ազատվել լեզվից` կորցնելով բառերի նշանակությունը:
Ազատվել լեզվից, որ ճանապարհի պես անվերջ է ու անկանխատեսելի, այնքան էլ հեշտ չէ, ու ինչքան էլ մենք փորձում ենք ժամանակից շուտ պոկվել նրա ճնշող ներկայությունից` ձգտելով ծակծկել նրա արտաքին կաշին, մեկ է` նա դուրս է գալիս հողի տակից, ինչպես այս ճանապարհը, որի վրա մի քանի տասնամյակ առաջ եվրոպական պատերազմներն իրենց արյունալի հետքերն էին թողել, և որ ամեն գարուն վարարած գետերի ու խոնավության պատճառով տեղ-տեղ սկսում է ճաքճքել, և սակայն որն այժմ հարթ է, ինչպես երեխայի մաշկը, քանզի ամեն ամիս ճանապարհներ վերանորոգողները ջանք չեն խնայում, որ երիտասարդացնեն նորոգման տագնապից թոշնել սկսող լեզու-ճանապարհը…
2
Մեքենան պոկվեց տեղից, ժամանակը նորից սկսեց պտտվել` հարվածելով տարածության մասին քո պատկերացումներին, մխրճվեց հորիզոնի մեջ …
Աշխարհում ոչ մի տեղ դժվար թե մարդուն պարուրի մահվան անկարելիության զգացողությունը, որքան ուղիղ ու հարթ ճանապարհի վրա, երբ անիվները պտտվում են ոտքերիդ տակ, ու դու ժամերի ընթացքում նշտարի պես կտրում ես քաղաքակրթությունների սահմանները` քո տեսողությամբ մոնտաժում այն կինոն, որ միայն մեկ հանդիսատեսի համար է նկարվում:
Կինոն, որ այս անհայտ ճանապարհին թվում է, թե չունի վերջ: Զուրկ տրամաբանական եզրահանգումից` նա իր հանդիսատեսին ստիպում է փնտրել իրականությունը մերժող պատկերներ, որ կփոխեն հանդիսատեսի (թեկուզ նա իրականում լինի միայն մեկը) ընկալումները, կստիպեն նրան չհավատալ իր տեսածին, կասկածել իր գոյությանը:
Ես նվիրում եմ հանդիսատեսին սպիտակ փիղ, որը դուրս կգա նրա տեսողության միջից ու կհայտնվի այնտեղ, որտեղ հանդիսատեսը ցանկանում է տեսնել նրան:
Նվիրել սպիտակ փիղ, ինչպես Հարուն ալ-Ռաշիդը` Ֆրանկների թագավորին:
Այսինքն` ազդեցություն ունենալ նրա տեսողության վրա, անջնջելի հետք թողնել նրա ապրած կյանքում, որ գուցե երբեք էլ չի ապրել իրականում, այլ միայն` քո նկարած կինոյում, որտեղ դու կտեղադրես ալբինոս փիղ, հրեա վաճառականի հետ կբերես Ջենովա, ապա կանցկացնես Ալպերը, որպեսզի Ֆրանկների թագավորը տեսնի, թե ով է երկրի վրա Ալլահին փոխարինողը:
Փղի մասին մտածել սկսեցի ճանապարհին եղջերուների պատկերներով ցուցանակներ տեսնելուց հետո: Այսինքն` այս տարածքով հաճախ են անցնում այդ կենդանիները, և պետք է շատ ուշադիր վարել մեքենան…
Իսկ ի՞նչ կլիներ, եթե այծյամների փոխարեն ճանապարհին փղեր հայտնվեին ու զարմացած նայեին մեզ վրա:
3
Մեքենան կանգնում է…
Հռոմեական կայսրության Գալիա պրովինցան այդպես էլ վերջնականորեն չտեսավ Հռոմի նկարած ֆիլմը: Հատվածականությունը երևումէ ամենուր: Այստեղ պահպանվում է բարբարոսների աներևույթ ներկայությունը, նրանք կարծես թաքնված լինեն շրջակա անտառներում, ուր գրոհի համար սպասում են հարմար պահի: Քայլում ենք Ռեյնի ափով, տեսողությանս մեջ կենդանանում են հռոմեական լեգիոնները, դանդաղ քայլերով մտնում են թունականաչ անտառ, որտեղից դուրս չեն գալու այլևս… Գետը կինոժապավենի պես երևակայությանս մեջ կենդանացնում է անցյալի պատկերնեը, հայացքս նրանում բռնում է թրթռացող ստվերս, որ խառնվում է կնոջ շարժուն կրծքերին՝ վերածվելով այն առասպելական կենդանու, որն անընդմեջ բացում է երախը՝ կլանելով ջրերի բերած հիշողությունները: Նստում ենք ափին, դիմացի անտառն աստճանաբար սկսում է մգվել, իսկ գետի անտարբեր մակերեսն իր վրայով տանում է արտաքին իրականությունը՝ լցնում մթության երախը: Հոսող զանգվածն իր մեջ պահում է հազարավոր պատմություներ, դու տեսնում ես, թե ինչ է թաքցնում այդ ժապավենը, քանզի մոռացել ես ներկայում ապրելուդ մասին: Գետը նկատում է, որ դու կորցրել ես մարմնիդ հետ կապը, նա իր ջրերի խորքից հանում է անցյալի հոսքն ու քեզ մտցնում նրա մեջ, սկսում ես տեսնել, թե ինչպես է Կառլոս Մեծն իր փղի հետ փորձում անցնել Ռեյնը՝ պատժելու համար դանյաց թագավորին՝ ֆրանկների տերությանը մշտապես սպառնացող այդ վայրենուն: Տեսնում ես, թե ինչպես է հարյուրավոր տարիներ անց մի գերմանացի ձկնորս զարմանքով դուրս հանում փղի հսկայական ոսկորները, երևում են հռոմեացի զինորներ, որ վախով լցվում են ջրերն ու նկատում ես նրանց ետևից բարձրացող բարբարոսների անհաղթելի ուժը:
4
Պարանոցիդ զգում ես սուր մի ծակոց, աչքերդ նորից ընկալում են ներկան, կնոջ գեղեցիկ բերանը փրկարար օղակի պես քեզ դուրս է բերում գետային հիպնոսից ու դու խեղդվելուց փրկված լողորդի պես հանձնվում ես փրկողիդ կամքին՝ թողնելով բերանդ կլանի նրա արտամղած օդը, որը միջիցդ դուրս է մղում ավելորդ հիշողությունների ջրերը…
Մեքենան սկսում է շարժվել: Կինը, որ վարում էր այն, նայում է դեմքիս: Իրականությունն սկում է կիսվել, ձյան պես հալվել նրա սուր ու մի տեսակ երկաթե աչքերում, որոնցում կարծես դեռ վերջնականապես չի հղկվել բարբարոս ոգին: Նրա աչքերը գրոհում են խիտ մշուշի միջից` ստիպելով զգալ անկառավարելի տագնապ, որը պտտվելով մարմնիս սահմաներում` աստիճանաբար հավաքվում է կոկորդիս շրջանում, ուր թվում էր, թե անընդհատ շարժվում է ինչ-որ կրծող, գուցե` սկյուռ կամ առնետ…
5
Տևտոբունյան անտառում քայլող հռոմեական լեգեոներները չէին մտածում մեռնելու մասին: Նրանք գնում էին սպանելու ու հնազանդեցնելու, իսկ անտառը նրանց համար միայն ճանապարհ էր, որը պետք էր անցնել ու ջախջախել Ռեյնի այն կողմում գտնվող բարբարոսներին…
Մտածել ճանապարհի մասին երբեմն նույնիսկ հաճելի է, սակայն ճանապարհների մասին մտքերը վերջանում են, երբ սկսվում է խիտ անտառը: Անտառը չի հանդուրժում ճանապհարի գոյությունը՝ անընդհատ գրոհում է, ցանկանում է ծածկել այն իր թփերով, ինչպես լեզուն է ցանկանում ծածկել միտքը՝ փորձելով տեղավորել այն իր բառերի արանքնեորում և մեզ մնում է միայն զգալ բառի ու իր պարունակության միջև ընկած անչափելի խզումը:
6
Մեքենան կանգնում է ճամփեզրի սրճարանի դիմաց:
Ես արդեն հարմարվել եմ կոկորդումս հայտնված կենդանու գոյության հետ, իսկ տաք թեյը կարծես քնեցրեց նրան վերջնականապես…
Խոսել գրականության մասին կնոջ հետ, որն ունի մեքենա և բավականաչափ գումար, որպեսզի գտնի քեզանից ավելի գեղեցիկ ու մի քիչ սակավ երազկոտ երիտասարդի, չափազանց վտանգավոր մտահղացում է:
Դա միշտ ավարտվում է ինքնախաբեությամբ…
Պատմել նրան քո երկրի մասին, որը երբեք էլ բարբարոսի համբավ չի ունեցել անտիկ իրականության մեջ, որն առաջինն է ընդունել Ք… և՛այլն, և՛ այլն: Դա նույնպես վտանգավոր նախաձեռնություն է: Դա կարող է տպավորություն ստեղծել, որ դու ցանկանում ես արդարացնել քո գոյությունն այստեղ` նրա կողքին, նրա հեթանոս գեղեցկության առջև, ում չի հետաքրքրում, թե ինչ գիտես դու, որտեղից ես եկել, ինչ կրոնի հետևորդ ես: Նա քո մեջ տեսնում է միայն տարածք, որը պետք է գրավել, իսկ դու սկսում ես պաշպանվել` բառերի միջոցով: Դու չես գիտակցում, որ դա չափազանց դժվարեցնում է նրա գործը, որ դու քո դատարկությունը լցնելով խոսքով` վանում ես նրան, հարվածում նրա հպարտությանը, ու նա ուզում է թքել քեզ վրա, քեզ թողնել անծանոթ սրճարանում, նստել իր մեքենան, զարգացնել բարձր արագություն ու ծիծաղել քո տխմար վիճակի վրա: Ծիծաղել, որ զարմացար, որ չէր լսել Սելինի անունը, որ չգիտեր, թե որտեղ է գտնվում քո երկիրը, ու առաջին անգամ դա Ալբանիան էր, ապա Ռումինիան, հետո նոր…
Ու եթե նա չթքեց քեզ վրա, ապա միայն այն պատճառով, որ դու լեզուդ պտտեցիր չորացած շուրթերիդ վրայով…
7
Հռոմը նույնպես, չկարողանալով ոչինչ հակադրել անդիմադրելի ուժին, սկսեց խոսել: Վայրենի զինվորը, որ անցել էր Ռեյնի այն ափից թալանելու ու ավերելու համար, հանկարծ առաջին անգամ ինքնաթիռ տեսած երեխայի պես ընկավ երազների գիրկը, լատինական խոսքը շաքարավազի պես հալվեց նրա բերանում, և նրա չենթարկվող ու վայրենի էության մի մասի մեջ ներարկվեց լեզուն` խաչասերելով բնության անկանխատեսելի էությունն ու լատինական կարգապահ ոգին: Դա երևի Հռոմի վերջին հաղթանակն էր հավերժանալուց առաջ…
8
Բարբարոսները Տևտոբունյան անտառում տարած անսպասելի հաղթանակով հուշեցին, թե ինչ է սպասվում անպարտելի համարվող կայսրությանը: Նրանք Ռեյնի ափերի մոտ շրջեցին կայսրության հոսքը ուրիշ ուղությամբ, չէ՞ որ Ռեյն հին գերմաներենից թարգմանաբար նշանակում է հենց հոսք…
9
Արագընթաց մայրուղի դուրս գալով՝ մեքենան կորցնում է ձգողականության հետ կապը, քեզ թվում է՝ ոչ թե նա է առաջ նետվում, այլ անիվների տակ պտտվում է երկրագունդը, որի արագությունը մի աննկատ ուժ բազմապատկում է: Շրջակայքը կորցնում է իր ընդգծված բնույթը և հայացքիդ տակ կարծես սկսվում է գունաստեղծումը. անհնար էր տարրորոշել ամբողջից ինքնուրույն գունային բիծ, որը կունենար իր առանձին բնորոշումը, այդպիսի տպավորություն մարդ ունենում է, երբ հոգնած վերադառնում է տուն՝ չնկատելով իրար մեջ խցկված մարդկային դիմագծերի տարբերությունները: Արագությունն անընդհատ բարձրանում է, մարմնումդ զգում ես անկառավարելի տագնապ: Լեզուդ չի ընկալում արտաքին ազդակներն ու անտարբեր տարուբերվում է անհաղորդ տարածության մեջ: Լեզվային ընդարմացումը քեզ տեղափոխում է անցյալ, երբ փոքրիկ մարմինդ բարձրացնում էիր բազկաթոռի գլխին՝ քո կառուցած աշտարակին վերից նայելու, հիշում ես, թե ինչպես է մայրդ բացում դուռը, նրա վախեցած հայացքի մեջ նկատում ես այն անսահման տագնապը, որ ստիպում է քեզ ցատկել բազկաթոռի գլխից, ծնոտդ հարվածելով պատուհանագոգին, անզգայացած ընկնել հատակին՝ անգիտակից հայացքդ տեղավորելով մորդ ուշագնաց տեսողության մեջ: Հետո հիշում ես, թե ինչպես է բժիշկը դեղձի մաքրած կտոր տալիս ձեռքդ, ապա բուժքույրն իր փափուկ մատներով փակում աչքերդ, անզգայացած բերանիդ մեջ լվում են շարժվող երկաթի ձայները, հետո ժպտալով քեզ են ցույց տալիս լեզվիդ կտրված հատվածը, ասում են՝ արդեն կարող ես ուտել ինչ ուզում ես, որ այս փոքրիկ արյունոտ լեզվակն այլևս երբեք չի մտնի ատամներիդ արանքը… Հիշում ես, ինչպես վերականգնվեց մորդ սարսափահար դեմքը, երբ հնչյունները բերանումդ սկսեցին լղոզվել, ինչպես հիմա տեսադաշտի գույներն են խառնվել իրար՝ անընբռնելի դառնալով տեսողության համար: Կագնած մի գեղեցիկ շինության դիմաց՝ ապարդյուն փորձում ես մտաբերել, թե ինչպես գունային քաոսից սկսեցին առանձնանալ ինքնուրույն պատկերներ և գուցե գտնելով պատասխանը կկարողանաս բացատրել, թե ինչպես մի օր բերանումդ հնչյունները կարգավորեցին իրենց ընթացքը՝ բառերդ հասկանալի դարձնելով շրջապատի համար…
10
Մեքենան վաղուց կանգնած էր հյուրանոցի առջև: Հյուրանոցի պատուհանից ոչինչ չէր երևում: Խավարը ձյութապատել էր ողջ շրջապատը: Միայն երկար նայելուց հետո, երբ տեսողությունդ հասցնում է հարմարվել նյութի իրականությանը, աստիճանաբար սկսում են երևալ անտառի ուրվագծերը` ձևավորված ձկների վտառի պես այսուայնկողմ լողացող տերևներից:
Հանկարծ մազերիդ մեջ զգացիր կնոջ թաց ձեռքը, որը քաշելով վերնաշապիկդ քեզ տեղադրեց անկողնում, շորերդ սահեցին վրայիցդ, ապա միացավ վայրենի երաժշտություն, որը կարծես հենց անտառից էր փչում: Զգացիր վայրի կատվի պես անկողնու վրա թռչկոտող կնոջ ծանրությունը: Հայացքդ չէր պոկում պատուհանից: Պատուհանը միակ ճանապարհն է, որտեղ դու կարող ես շարունակել քո ընթացքը: Բոլոր ճանապարհները ավարտվում են սենյակներում, որոնք չունեն պատուհաններ… Մարմինդ աստիճանաբար հալվում է անկողնու սահմանափակ տարածության մեջ: Մաշկիդ վրա զգում ես անընդհատ ավելացող ծանրությունը, իսկ անտառի կողմից ժխորն ավելի է սաստկանում, մթության մեջ նշմարվում են բարբարոսների անկանոն շարքերը, որոնք իրար հերթ չտալով լցվում են սենյակ, ուր նրանց գետի պես իր մեջ է կլանում կնոջ մարմինը:
Չգիտես ինչու, հիշում ես ճանապարհի ամրոցները, պատկերացնում, թե ինչպես են նրանք քայքայվում` իվերջո վերածվելով սպիտակ փոշու…
11
Մեքենան խորացավ մթության մեջ: Նրա դիմացով ցատկեց մի եղջերու: Համենայն դեպս զգացի շարժում, որը նետի պես անցավ ու ցնդեց խավարում: Հարցրի, թե արդյո՞ք ինքը նկատեց այդ կենդանուն: Նա պատասխանեց, թե ոչինչ չի տեսել: Ասաց, որ մենք արդեն մոտենում ենք քաղաքին, և անհնար է այստեղ տեսնել որևէ կենդանի, բացի մարդուց, և որ իմ աչքերը փակ էին ու բացվեցին միայն, երբ մեր ետևից եկող բեռնատարը ազդանշան տվեց…
Իսկ գուցե բեռնատարը ազդանշան տվեց, քանի որ նրա վարորդն ինձնից շու՞տ էր նկատել ցատկող եղջերուին, և նրա ազդանշանն օգնեց ինձ բացել աչքերս ու նկատել կենդանուն, ինչևէ…
Արդեն երևում են մեծ քաղաքի լույսերը: Նրանք կարծես մթության մեջ ինձ նայող բորենիների աչքեր լինեին: Երևի եղջերուն հենց նրանց հետապնդումից էլ փախչում էր` փորձելով ազատվել գիշատիչների տեսադաշտից…
Նրանց աչքերը գնալով ավելի ու ավելի են խոշորանում, արդեն երևում են նրանց դուրս գցած ջրոտ լեզուները, որոնք սպասում են, թե ով է լինելու իրենց հերթական զոհը…: Քաղաքում ճանապարհը կորցնում է իր գծային բնույթը, սկսում է կոտրվել, բաժանվել մասերի, սարդոստայնի պես տարածել իր թելերը:
Քաղաքը նման է չաշխատող ժամացույցի, որի սլաքն անկանոն ուղեգծով չափում է ոչ թե րոպեներն ու ժամերն, այլ վախեցած եղջերուի պես ցատկում է մի կետից մյուսը` փախչելով հետապնդումից: Այս հսկայական քաղաքում դու աստիճանաբար կորցնում ես տեսողությունդ, զգում ես, թե ինչպես են անհետանում մայթերին քայլող մարդկային խմբերը, ինչպես է ժամանակը կուլ տալիս նրանց գեղեցիկ դիմագծերը՝ ստիպելով չտեսնել շրջակա աշխարհը, այստեղ այս չվերջացող քարակույտերի մեջ ժամանակի պակասությունը ուղիղ համեմատական է տեսողության կորստի հետ և մի՞թե քաղաքն ինքը բնության կուրությունը չէ:
12
Մեքենան սկսում է շարժվել:
Քաղաքի գլխավոր ճանապարհով քայլող եղջերուների խմբերն անընդհատ վազում էին այսուայնկողմ` չհասկանալով, թե ինչպես են հայտնվել այս հսկայական սենյակում:
Ես ուշադրություն չեմ դարձնում նրանց վրա: Անիմաստ է հարցնել կնոջը, թե ի՞նքն էլ է տեսնում նույնն, ինչ-որ ես: Մեկ է` պատասխանելու է, որ անհնար է քաղաքում եղջերու տեսնել: Նույնիսկ թող դրանք մկներ լինեն. մեկ է՝ անհնար է: Իսկ ես հստակ տեսնում եմ, թե ինչպես են բոլոր վարորդները ինձ պես նկատում այդ կենդանիներին: Եվ երբ դրանք անզգուշաբար հայտնվում են մեքենաների դիմաց, վարորդները բացում են սուր ազդանշանների շարքը:
Ահա նայի՛ր հրապարկում իրար գլխի հավաքված գեղեցիկ կենդանիներին: Դրանց բարի աչքերում արտացոլվում են շենքերի երկրաչափական գծերը: Դրանք այնքան խիտ են հավաքվել իրար վրա, որ թվում է` նույնիսկ արցունքը չի կարող դուրս գալ իրենց բանտարկած տեսողության միջից:
Դուրս գալով գլխավոր մայրուղի, տեսնում եմ մի հսկայական քարավան, որ մոտենում է քաղաքի արվարձաններին: Մեքենան կանգնում է: Հարցնում եմ, թե ու՞ր է գնում այս անծայր քարավանը: Գեղեցիկ հագուստներով մի երիտասարդ պատասխանում է, թե քարավանը խալիֆի նվերն է տանում ֆրանկների թագավորին…
13
Ճանապարհն աննկատ սահելով հայտնվում է հողագույն գետի կողքին, մեքենայի արագությունն անշեղորեն բարձրանում է, ու թվում է, թե շուտով ասֆալտն ու գետը պիտի միախառնվեն՝ ստեղծելով մի նոր իրականություն… Կնոջ դիմագծերն սկսում են պրկվել, նրա անհանգիստ շարժումներից հասկանալի է դառնում, որ կորցրել է մեքենայի կառավարումը, զգում ես մտքերիդ ու բառերի անհամատեղելիությունը. միայն անիմաստ հնչյուներ են դուրս հորդում կոկորդիցդ, ինչպես լեզվիդ վիրահատությունից հետո: Մինչ մեքենան վերջնականապես կանհետանա ջրերի հոսքի մեջ, դու հստակորեն տեսնում ես իրականության ու դրա լեզվային արտահայտման արանքում մնացած դատարկութունը: Մեքենան, կորցնելով կառավարումը, քսվում է ափամերձ թփերին, որոնց ետևում՝ գունատ ջրերի միջով արդեն լողում է նրա կտրտված արտացոլման մի մասը, որն ակնթարթորեն ամբողջանալով անհետանում է գետի ընթացքում: Մտքերդ դեռ փորձում են կառչել բառերի իրականությանն ու չհաջողվելով թափվում են Ռեյնի մեջ, նրա կապտագորշ մակերեսի վրայով ընթանում դեպի ժամանակների սկիզբը:
14
Ճանապարհը պոկվում է ջրային կծիկից՝ դուրս գալիս գեղեցիկ դաշտավայր, ուր փայլփլում էին խաղողի հյութեղ ողկույզներ, նարնջի այգիներ ու այլ տեսակի գեղեցիկ ծառեր, որոնք երբեք չէի էլ տեսել:
Եղջերուները հանգիստ կանգնած արածում էին: Մի քիչ այն կողմ երևում էին գիշատիչ կենդանիներ, և ի զարմանս ինձ, ուտում էին ծառերից պոկված պտուղները և վայրենության ոչ մի նշան չէին ցուցադրում:
Փորձում եմ բացել մեքնայի դուռը, որ վերցնեմ ֆոտոխցիկը` այս արտառոց պատկերը հավերժացնելու համար, սակայն մեքենայի դուռը փակ է: Ետ եմ դառնում, որ կնոջից խնդրեմ բանալին, սակայն նա իր տեղում չէ: Գոռում եմ` չի արձագանքում: Գուցե գիշատիչներից մե՞կն է հարձակվել նրա վրա:
Հանկարծ հետևիցս ինչ-որ մեկը փակում է աչքերս, ապա շնչառությունը դատարկում ականջիս մեջ: Այտիս վրա զգում եմ թաց լեզուն, որ թրթուրի պես բարձրանում է վեր, ապա լսվում է նրա ձայնը` բերանդ բացի՛ր, աչքերդ փակի՛ր:
Բերանումս զգում եմ անծանոթ պտղի համ, որը խառնվելով նրա ջրերի հետ` կոկորդումս նորից արթնացնում է վազող կենդանուն:
Անհասկանալի ահուտագնապից բացում եմ աչքերս:
Կենդանիներն անհետացել էին շրջակայքից, կարծես երբեք չէին էլ եղել այս կողմերում: Ծառերը մերկ էին, իսկ խաղողի ճիթերը փաթաթված էին թափանցիկ տոպրակներով: Նայում եմ կնոջը, նա ժպտում է ու վազում անտառի կողմ, նա գոռում է, որ պետք է շտապել՝ շուտով մթնելու է…
15
Քայլերը մեզ տանում են դեպի անորոշություն, իրար խառնված մթությունն ու ցուրտը հարձակվում են մեզ վրա: Շրջակայքում ոչ մի կենդանի շունչ չկա: Ես հարցնում եմ նրան, թե ի՞նչ պետք է անենք, նա ոչինչ չի պատասխանում: Առավոտյան մենք մոտենում ենք անծանոթ քաղաքի, մտնում ենք պարիսպներից ներս, ապա արևելյան հագուստներով մարդիկ մեզ ուղեկցում են մի ընդարձակ սենյակ: Ոսկեզօծ պատմուճանով մի մարդ մոտենում է մեզ ու ասում, որ նվեր է ուզում ուղարկել ֆրանկների թագավորին, և որ ես պետք է այն հասցնեմ տեղ, իսկ կինը կմնա իր պալատում՝ որպես իմ վերադարձի երաշխիք:
Ես չէի պատկերացնում, որ ֆրանկների թագավորն ապրում է այսքան մեծ քաղաքում, և որ նրան գտնելն այդքան դժվար է: Ոչ ոք չգիտի նրա տեղը: Վերջապես մի հրեա վաճառական խոստանում է ցույց տալ նրա գտնվելու վայրը: Նա ինձ տանում է ոլոր-մոլոր ճանապարհներով դեպի քարուքանդ ամրոց: Ներսում մեզ դիմավորում է մի ասպետ և ուղեկցում թագավորի մոտ: Ես նրան եմ հանձնում նվերը, որ մի կերպ հասցրել էի իր մոտ: Նա չի հավատում իր աչքերին ու վախով նայում է վրաս, ապա հրամայում պատրաստել զորքերը դանիաց թագավորի վրա հարձակվելու համար: Ես փղի վրա նստած՝ անցնում եմ, զորքի առջևից մեր ճանապարհին հայտնված բոլոր ցեղերը մեզ տեսնելուն պես հնազանդվում ու խոնարվում են փղի առջև, մի օր մոտենում ենք մի հսկա գետի, որից այն կողմ՝ հյուսիսում, գտնվում է դանիական թագավորությունը, ես փղի հետ զբոսնում եմ շրջակա անտառներում, հանկարծ դիմացս դուրս են գալիս անծանոթ վայրենիներ, որոնք խուճապի չեն մատնվում՝ կապկում են մեզ ու տանում իրենց ճամբար: Վայրենիների թագավորը տեսնելով մեզ՝ իր երկաթե ձայնով կարգադրություներ է անում կողքին կանգնած զինվորներից մեկին: Հետո շուրջս են հավաքվում արտառոց դիմագծերով ծերունիներ ու սկսում ինձ մեղադրել կախարդության մեջ: Ես, իհարկե, խոստովանում եմ մեղքս:
Խարույկն աստիճանաբար բաձրանում է վեր: Զգում եմ, թե ինչպես են ոտքերս մոխրանում, ինչպես է դեմքիս վրայով հոսում ջարդվող ձվի պարունակությունը, ու իջնելով ներքև` եփվում կրծքիս շրջանում: Ահա նկատում եմ դիմացս կանգնած հսկա կենդանուն, որի ոտքերի տակից նույնպես բարձրանում են կրակի լեզուները: Լսվում է նրա վայրենի փռնչոցը, որը խառնվելով հավաքվածների ծիծաղի հետ` սկսում է քնեցնել ինձ…
16
Տան պատուհանից երևում է հսկայական կատեդրալը, որ ճմռթված վեղարով ծնկաչոք վանականի էր նմանվում, քիչ այն կողմ՝ «արտ դեկո» ոճով կառուցված տները հակադրության մեջ էին մտնում կատեդրալի գոթական մոտիվների հետ: Հին Ռեյմսից՝ «թագավորների քաղաքից», գերմանացիների ռմբակոծություներից հետո համարյա ոչինչ չէր մնացել ու կարծես մի հսկայական պաստառ լիներ պատված անվերջանալի կարկատաններով, այստեղ առանց մեծ ջանքերի հնարավոր է տեղափոխվել հարյուրամյակների միջով, ես դեռ հիշում եմ այն տպավորությունը, որն ինձ վրա գործեց մեր թվարկության երրորդ դարում հռոմեացի զինորների կողմից քաղաքի հյուսիսային հատվածում պատերազմի աստված Մարսի պատվին կանգնեցրած հաղթական կամարը, երբ մեր մեքենան իր ընթացքը կասեցրեց այդ եռաթև կամարի մոտ, ինձ պարուրեց այն հստակ գիտակցությունը, որ հենց այս փոքրիկ քաղաքում էր թաքնված մեր ողջ ճանապարհի նպատակը. այստեղ խորհրդանշական կերպով հատվում են ճանապարհին հավաքած բոլոր տպավորություներս, մի պահ ինձ թվաց, թե նորից նստած եմ Ռեյնի դիմաց, որը կանգնեցրել է իր ընթացքը: Կինը դեռ պառկած է անկողնում, հագնվում եմ ու արագ քայլերով իջնում ցած, վազելով հասնում կատեդրալին ու սկսում պտտվել նրա շուրջ: Մոտավորապես այս տեղում է սուրբ Ռեմիգուսը կնքել ֆրանկների թագավոր Քլոդվիգին, ահա երևում է արձանը, որ պատկերում է այդ իրադարձությունը: Շքեղ հագնված եկեղեցականը ձեռքը բարձրացրել է անդամի վրա միայն մի լաթի կտոր գցած վայրենու գլխին, որի մազերը հասնում են ուսերին, նրա ափերը դաստակի ու մատնածայրերի մասով կպած են իրար, իսկ նրանց կենտրոնում ափը աչքաձև բացված է ու հիշեցնում է կնոջ խորհրդավոր ճեղքը. բարբարոս թագավորը մտնում է քրիստոնեական եկեղեցու արգանդի մեջ, որտեղ հարուրամյակների ընթացքում պիտի նորովի ձևավորվի նրա ժառանգների պատմությունը: Այստեղ երևում է այն բարակ սահմանը, որն ընկած է մերկության ու հագուստի միջև: Հետագայում ֆրանսիացի թագավորների մեծ մասը հենց այս տեղում էին օծվում որպես թագավոր, և քրիստոնեությունը մինչ այսօր այստեղ գերակա դիրք է զբաղեցնում: Քլոդվիգի քրիստոնյա դառնալուց հետո շատ ժամանակ պահանջվեց, որ այստեղ ապրող հեթանոսները վերջնականապես մկրտվեն, Կառլոս Մեծը մի օրենք հրապարակեց, որով այժմյան ֆրանսիայի, Գերմանիայի ու նրանց հարակից տարածքներում բնակվող հեթանոսները կամ պետք է մկրտվեին, կամ՝ մեռնեին, գուցե դրա համար էր նրան պետք փիղը, որպեսզի վայրենի ցեղերը տեսնելով նրա հզորությունը հեշտությամբ ընդունեին նոր կրոնը, երևի դրա համար դանիացիների թագավորը կախարդության մեղադրանքով խարույկ բարձացրեց քեզ ու հրաշագործ փղին, որպեսզի կասեցնի քրիստոնեության սրընթաց հաղթարշավը, իսկ այդ ընթացքում Հարուն ալ- Ռաշիդը չէր էլ մտածում, թե ինչ հետևանքների կարող էր բերել իր նվիրած փիղը, իսկ գուցե հենց ես էի Հարուն ալ- Ռաշիդը, որ ճանապարհ ընկա դեպի օտար տարածություններ բացահայտելու ու իրականում փղի հետ վառվեց իմ նմանակը, իսկ ես դեռ թափառում եմ անծանոթ երկրներում քանզի միայն ճանապարհը կարող է իմ մեջ արթնացնել հավերժության զգացում:
17
Հարուն ալ- Ռաշիդի կողմից ֆրանկների թագավորին փիղ նվիրելու փաստը ամրագրված է միայն Կարոլինգերի պատմագրության մեջ, իսկ Աբասյաների պատմագրությունը ոչ մի հիշատակություն չունի այս իրադարձության մասին, ժամանակակից պատմաբաների մի մասը կարծում է, թե Ռաշիդը շփոթել է ֆրանկների թագավորին Փոքր Ասիայում իշխող ինչ-որ մի իշխանի հետ. խալիֆայությունն այդ ժամանակ այնքան մեծ էր, որ գուցե Ռաշիդին թվում էր, թե Բյուզանդիան գրավելուց հետո աշխարհում այլևս չի մնա մի տարածք, որը գրավելու համար արժեր ժամանակ ծախսել, նա նույնիսկ գլխի չէր ընկնում, որ Կառլոս Մեծը արաբների արշավանքն Իսպանիայից դեպի Եվրոպայի խորքերը կասեցրած Կառլ Մարտելի հարազատ թոռն էր, չէ՞ որ արաբերի համար դա ուղղակի չնչին սահմանային ընդհարում էր վայրենի ցեղերի հետ, և վերջապես Հարուն ալ- Ռաշիդի տերությունն այնքան էր անծայրածիր, որ այդ լուրը դժվար թե երբևէ հասներ խալիֆին…
18
Միտքը, որ հենց ես եմ Հարուն ալ-Ռաշիդը, ծագեց հանկարծակի, ինչպես գիտնականի մոտ է ծնվում մի կպչուն միտք, որի ապացուցմանը նա նվիրում է իր ողջ կյանքը: Ես նորից վերադառնում եմ կնոջ տուն, նա դեռ պառկած է անկողնում, ընկնում եմ նրա կողքին, ճանապարհին հավաքված մտքերը ծանրացրել են մարմինս ու ես հազիվ եմ տեղաշարժվում, քիչ է մնում՝ զգամ, թե ինչպես եմ մտնում երազային իրականություն, ահա՜, երևում է այն նույն գեղեցիկ հագուստներով տիրակալը, նա ամենայն հավանականությամբ Հարուն ալ-Ռաշիդն է՝ իմ նմանակը: Նա մոտենում է ինձ, ամուր գրկում, ասում, որ լավ եմ կատարել իր հանձնարարությունը, ապա ուղեկցում սենյակ, որտեղ մնացել էր կինն իմ գնալուց հետո… Կինն ինձ տեսնելով վեր կացավ անկողնուց ու մոտենալով պատուհանին, ժպտացող աչքերով նայեց իր քաղաքին, արագ շարժումով երկու կողմից բացեց փեղկերը, շշնջաց, որ վերջապես կարելի է մոռանալ ճանապարհների մասին ու ստվերի պես աննկատ հայտնվեց մեջքիս հետևում, նրա եռացող շնչառության լավան գլորվեց ականջներիս մեջ ապա համամասնորեն ծածկեց երեսս:
Դիմացիս պատուհանից երևում են քաղաքի անհետացող դիմագծերը, ինձ պարուրում է այն նույն զգացողությունը, երբ Վիկինգների թագավորը հրամայեց բարձրանալ խարույկ: Պատուհանից լսվեց կենդանու հուսահատ փռնչոցը, արևն իր ողջ պարունակությունը տեղադրեց փոքրիկ լուսամուտի մեջ, իսկ կատեդրալի հազիվ երևացող ճակատամասը նմանվեց երկնքից իջնող գետի, որում լողում էին թագավորներն ու սրբերը, դևերն ու հրեշտակները, սովորական մարդիկ, խաչելությունը, առաքյալները, հռոմեացի զինվորները, բարբարոս ցեղերը, և որի մեջ շուտով պիտի հայտնվեր այս սենյակը, Ռաշիդի ապարանքը, նրա մեջ ապրող ճանապարհորդներն ու փղերը, որ իրար խառնված պիտի շարժվեն դեպի ժամանակների վերջը (կամ սկիզբը, իրականում տարբերություն չկա), մինչ այդ ամենը կկատարվի, հայացքդ թեքվում է դռան կողմը, որի հետևում մնաց գեղեցիկ հագուստով տիրակալը, ում գոյությունը զգում ես ինչպես քո սեփականը: Զգում ես, թե ինչպես է նրա մարմինը բազմապատկվում ու հայտնվում աշխարհի տարբեր հատվածներում՝ փոխանցելով իրենց բոլոր տպավորությունները տիրակալին, որի իրական գոյության վայրը ոչ ոք չգիտի: Մի պահ քեզ թվում է, թե դու ես իրական տիրակալը, չէ՞ որ դու հիմա պալատում վայելում ես հանգիստդ խալիֆի սիրելի կնոջ հետ ու քո ճանապարհորդությունը ֆրանկների թագավորություն, դանիացիների ճամբարի խարույկը կամ մեքենայի հետ Ռեյնի ջրերում հայտնվելդ միայն աստիճանաբար անհետացող երազային իրադարձությունների շարք են դարձել:
19
Դռան ետևում հայտնված տիրակալը գորգապատ աստիճաններով իջնում է պարտեզ, որտեղ հավաքված են նույնանման արտաքինով երիտասարդներ: Նրանք տեսնելով տիրակալին, հերթով մոտենում են ու նրա հետ մի քանի բառ փոխանակելուց հետո ճանապարհ ընկնում՝ ամեն մեկը մի թագավորություն: Հավաքվածներից մեկին տիրակալը գրկում է ու ասում, որ արժանացել է պարգևի և կարող է տեսակցել թագուհու հետ: Խալիֆն ուղեկցում է նրան սենյակ, դուռը բացվում է, երկու երիտասարդները մտնում են ներս, մոտենում անկողնուն, որի վրա նկատում են կնոջ կողքին պառկած մերկ տղամարդու:
Տիրակալն անխոս իր կողքինի ձեռքերի մեջ է դնում սրածայր դանակը և դուրս է գալիս:

707 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>