«Բնորդի և դիմանկարի բախումը Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպում» / Կարինե Ավագյան

Dorian Gray nor-500x500

«Յուրաքանչյուր դիմանկարում ինչ-որ ճակատագրական բան կա:
Այն ունի իր անձնական կյանքը…»: (էջ 166)

Սույն աշխատանքով անդրադարձել ենք համաշխարհային նշանավոր գրող Օսկար Ուայլդի միակ` «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպին: Վեպում արծարծված են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում են արվեստին, բարոյագիտության ու գեղեցիկի փոխադարձ կապին: Վեպի գլխավոր հերոսը` Դորիան Գրեյը, որը հեդոնիզմի (բարոյագիտական սկզբունք, ըստ որի հաճույքին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է) հետևորդ էր, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհ: Հետևելով «չարի գեղագիտության» փիլիսոփայությանը` վեպի գլխավոր հերոսը անտեսում է բարոյականության բոլոր կանոնները: Մնալով արտաքնապես գեղեցիկ ու հմայիչ` նա ապականվում է հոգեպես, և հոգու արատները խորհրդավոր կերպով դրոշմվում են նրա դիմանկարի վրա: Ահա այստեղից էլ զարգացրել ենք մեր աշխատանքի հիմնական նպատակը` մասնավորապես անդրադառնալով բնորդի և դիմանկարի բախման խնդրին:
Հեղինակն իր հերոսի մասին ասում է` «Նա այն կերպարն է, որին փնտրում է մեր դարաշրջանը ու վախենում է, որ կգտնի»: Դորիան Գրեյը սարսափելի իրական, անսահման ցինիկ, յուրօրինակ խորը ու անբնական գեղեցիկ կերպար է, ում մեջ ձուլվել են անհրաժեշտության պակասն ու ավելցուկից հրաժարման անհրաժեշտությունը: Հեղինակը իր փիլիսոփայության հաստատումն ու ժխտումը ներկայացնում է գրեթե միաժամանակ՝ ցույց տալով նույն երևույթի բացառապես տարբեր կողմերը: Կարծես հեղինակը ցանկություն է ունեցել արդեն իսկ գոյություն ունեցող երևույթներին տալ նոր անուն, որովհետև հենց անունն է գլխավոր ինֆորմացիայի կրողը՝ կապված որևէ գոյության հետ: Դորիան Գրեյի անձնական դրաման իր ֆիզիկական կատարելությունն էր, որ մղեց հոգու մաքսիմալ աղավաղման: Հեղինակը նշում է՝ «Մարդը հայտնագործել է գռեհիկ ռեալիզմն ու դատարկ իդեալիզմը, երբ բաժանել է հոգու և մարմնի ներդաշնակությունը»:
«Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի յուրաքանչյուր անդրադարձի դեպքում շատ կարևոր դեր ունի «ուայլդյան էսթետիզմը»: Մեծ մասամբ` սա գիտություն է գեղեցիկի մասին: Իսկ էսթետիկան, էսթետիզմը որպես գիտություն ոչ միայն գեղեցիկի մասին է, այլև ունի բացասական կատեգորիաներ` ձևապաշտություն ի վնաս բովանդակության, ձևամոլություն: Հեղինակի նուրբ աշխարհընկալումը, որն ամենից վառ արտահայտված է նկարչի` Բեզիլ Հոլլուորդի կերպարում, երկրպագում է էսթետիզմի միայն դրական արտահայտումները, միայն գեղեցիկից ծնված ու դեպի դրան տանող ներդաշնակությունը, այնինչ սա առաջին դեպքը չէ, երբ արվեստն առերեսվում է իրականությանը, գլխավորապես որովհետև հայտնվում է այն մեկը, ով դառնում է այդ առերեսման էպիկենտրոն. սա Դորիան Գրեյի հոգին էր: Ի սկզբանե գրքի իրականության մեջ մենք հիանում ենք նկարչի նուրբ ընկալմամբ, Դորիանի գեղեցկության ու երիտասարդության առկայությամբ: Հեղինակի վարպետության արդյունքում ստեղծվում է տպավորություն, թե վրձինը ընթերցողի ձեռքում է, ով իր իրականության երազանքը, գեղեցկության մասին պատկերացումներն ու ձգտումները տող առ տող նկարում է էջերի վրա, որին հաջորդում է արդեն իսկ ստեղծվածի ինքնուրույնության փուլը: Կարծես ստեղծվածն ասում է` ստեղծել ես, ուրեմն թույլ տուր ինքնուրույն ապրել: Զուգահեռներ անցկացնելու նուրբ հնարավորություն է առաջանում` նկարիչ-արարիչ և բնորդ-նկար, այս դեպքում ԴԻՄԱնկար, եզրույթների միջև: Առաջին հայացքից գուցե թվա, թե էական չէր` ով էր ստեղծել Դորիանին, էականը նրա էությունն էր, որը մարդը երբեք չի կարող փոխել: Որքան էլ աշխարհը պայմանավորվի անհատական ընկալմամբ, կա որոշակիորեն ձևավորված «բնույթ», որի համար միայն ծնվելն արդեն բավական է: Դորիանը ծնվել էր այն բնույթով, որը ուայլդյան էսթետիզմի համար յուրատեսակ արտացոլանք դարձավ: Այո, արտացոլվեց, բայց ինչպե՞ս… Այստեղ ահա ի զարմանս Բեզիլի, կարծեմ նաև ընթերցողի, բացահայտվում են էսթետիզմի բացասական կատեգորիաները: Կարելի՞ Էր արդյոք փոխել վրձնի ստեղծածը, երբ սա վրձնի հետ կապ չուներ բնավ. վրձնածը նկարչի ընկալումն էր, որը հետագայում Դորիանը օգտագործեց որպես դիմակ` կույր հասարակությանը խաբելու համար, իսկ իրականությունը մնաց վրձնածի «ծննդավայրի» վրա, սրանք փոխպայմանավորվեցին իրարով ու հետագայում նաև փոխարինեցին իրար: Ի հակադրություն վերը նշվածին` հետաքրքիր է նկարչի դերը իր ստեղծած կտավում` «…իրոք, չեմ կարող ցուցադրել… Ես չափազանց շատ բան եմ դրել ինքս ինձնից այդ նկարի մեջ»1 (էջ 8): Նկարիչը հրաժարվում է նկարի ցուցադրությունից, վեպում նկարը փակ է, կողպեքի տակ, ինչն արդեն ենթադրում է գալիք ողբերգություն ու դրանից առաջացած տառապանք: Այնուամենայնիվ, հեղինակային հետաքրքիր մեջբերում կա դիմանկարի հանդեպ նկարչի ունեցած վերաբերմունքի մասին` «…յուրաքանչյուր դիմանկար, որ կերտվում է մեծ զգացմունքով, դա իր իսկ` նկարչի դիմանկարն է և ոչ թե բնորդինը: Բնորդը սոսկ պատահականություն է, առիթ: Ոչ թե նրան, այլ ինքն իրեն է հայտնաբերում նկարիչը կտավի վրա: Ու ես վախենում եմ, որ նկարում երևա իմ հոգու գաղտնիքը» (էջ 12): Ստացվում է` դիմանկարը ոչ միայն բնորդի արտացոլանքն է, այլև նկարչի, որովհետև դիմանկարում մենք տեսնում ենք բնորդի հեղինակային ընկալում, այս դեպքում` այն ստեղծողը վախենում էր նկարի հանրայնացումից, որովհետև գերակա էր Դորիանի դիմանկարում` «…այդ դիմանկարում ես ակամա արտահայտել եմ նկարչի այն անըմբռնելի սիրահարվածությունը, որն, իհարկե երբեք չեմ խոստովանել Դորիանին: Նա ոչինչ այդ մասին չգիտե: Եվ երբեք չի իմանա: Բայց ուրիշները կարող էին կռահել այդ ճշմարտությունը, իսկ ես չեմ ուզում մերկացնել իմ հոգին նրանց հետաքրքրասեր ու անհեռատես աչքերի առջև: Ես երբեք նրանց թույլ չեմ տա, որ իմ սիրտը զննեն իրենց մանրադիտակով: …Այս կտավի մեջ ես չափազանց շատ եմ հոգի դրել, չափազանց շատ եմ դրել ինքս ինձնից: …Ամբողջ հոգիս տվել եմ մեկին, որի համար այդ հոգին նույնն է, ինչ վերարկուին ամրացված ծաղիկը, որն ինչպես զարդ` գոհացնելու է նրա փառամոլությունը միայն ամառային մի օր» (էջ 21-22):
Այնուհետև նկարիչը պատմում է իր ընկերոջը այն մասին, թե ինչու Դորիանը ունեցավ նման կարևոր դեր իր կյանքում ու ինչպես դարձավ այն, ինչ եղավ ի վերջո` «…առաջին անգամ տեսա Դորիան Գրեյին: Մեր աչքերը հանդիպեցին իրար, զգացի, որ գունատվում եմ: Ինձ համակեց սարսափի տարօրինակ զգացում: Հասկացա` ես հանդիպել եմ մեկին այնքան թովիչ, որ, եթե տրվեմ նրա հմայքին, նա կկլանի իմ ամբողջ էությունը, հոգիս և նույնիսկ իմ արվեստը: Իսկ ես երբեք չեմ ցանկացել ոչ մի արտաքին ազդեցություն իմ կյանքի վրա: …ներքին ձայնս ասում էր ինձ, որ ես գտնվում եմ իմ կյանքի սարսափելի բեկման նախօրեին: Ես աղոտ կերպով նախազգում էի, որ ճակատագիրը պատրաստում է ինձ համար արտասովոր մի բերկրանք և նույնքան բացառիկ տվայտանքներ» (էջ 13):
Դիմանկարի կերտման մեջ նկարչի ունեցած անսահման մեծ ու կարևոր դերի մասին լավագույնս խոսում է հենց ինքը` նկարիչը` «Հիմա Դորիանն ինձ համար իմ արվեստն է: Ես երբեմն մտածում եմ, որ մարդկային պատմության մեջ կա միայն երկու կարևոր հանգամանք: Առաջինը` արտահայտման նոր միջոցների հայտնվելն է արվեստում, երկրորդը` նոր կերպարի հայտնվելը: …Նա ինձ համար շատ ավելին է, քան մոդելն է կամ բնորդը: …Դորիանի հետ հանդիպելը կարծես նկարչության մեջ ինչ-որ նոր բանալի տվեց ինձ, նկարելու նոր մաներա բացեց իմ առաջ: Ես իրերն արդեն այլ կերպ եմ տեսնում, և ամեն ինչ ընկալում եմ նոր ձևով: Զգում եմ, որ կարող եմ վերստեղծել կյանքն այնպիսի միջոցներով, որոնք մինչև այդ ինձ համար անհայտ էին» (էջ 18-19): Թվում է, թե նման բացահայտումը նկարչի առաջ պիտի բացեր ստեղծագործական նոր հնարներ` ծնելով միայն գեղեցիկն ու պիտանին, իսկ իրականում դրա արդյունքը լինում է գեղեցիկի գերագույն առկայությունից առաջացած ու դրան հակակշռող անպիտանն ու կործանարարը, ինչի զոհը դառնում է գեղեիկի ամրագրման հեղինակը` ծնելով բնորդի մեջ սեփական գեղեցկության վաղանցիկության նկատմամբ չարություն ու նախանձ: Այնուամենայնիվ, երբ նկարիչը ստեղծում է արվեստի գործ, նա դրա մեջ իսկապես դնում է նաև իր հոգին, բայց նկարի բնությունը որոշում է ոչ թե նա, այլ բնորդը: Սա է նկարի ճակատագրի բանալին: Այստեղ պատկերված բնությունը որոշել էր այդպես, իսկ նկարը ընդամենը այդ որոշման մի մասն էր: Այս պատճառով էլ նկարը ստացավ իր սկզբնական տեսքը միայն բնորդի մահից հետո:
Ընթերցողի առաջին ծանոթացումը Դորիան Գրեյ կերպարի հետ կայանում է ոչ թե հենց բնորդի, այլ դիմանկարի առկայությամբ: Վեպի հենց առաջին էջերում նկարագրվում է դեռևս անծանոթ հերոսի դիմանկարը` «Սենյակի կենտրոնում` նկարակալին, ամրացված էր արտակարգ գեղեցկության տեր մի երիտասարդի դիմանկար, իսկ նկարակալի դիմաց` փոքր-ինչ հեռու, նստած էր նաև նկարիչն ինքը` այն Բեզիլ Հոլլուորդը… Նկարիչը նայում էր սքանչելի պատանուն, որն այնպես վարպետորեն արտացոլվել էր դիմանկարում, և գոհունակության ժպիտը խաղում էր նրա դեմքին» (էջ 7): Բայց չնայած նրա բացակայությանը, ընթերցողն արդեն տեղյակ է նրա ֆիզիկական կատարելության մասին, ինչի դեռ նախնական նկարագիրը իրենից ենթադրում է հնարավոր կործանման նախապատրաստում` «Մարդկանց ճակատագրերում, որոնք ֆիզիկապես կամ հոգեպես կատարյալ են, օրհասական մի բան կա» (էջ 9):
Իսկ ո՞վ էր Դորիան Գրեյը, ի՞նչ այլանդակման մասին է գնում խոսքը ու վերջապես ինչու՞ ենք քննում դիմանկարի հետ նրա ունեցած բախումը:
Ահա վերջապես հայտնվում է հենց ինքը` բնորդը` Դորիան Գրեյը, ու ընթերցողը առաջին անգամ ականատեսն է դառնում բնորդ-դիմանկար հանդիպմանը` «Երբ հայացքը հանդիպեց նկարին, նա ակամա քայլ ետ գցեց, և հաճույքից շառագունեցին այտերը: Նրա աչքերն ուրախությունից այնպես սկեցին շողալ, կարծես առաջին անգամ տեսավ ինքն իրեն: …Իր գեղեցկության գիտակցությունը հանկարծ նրա դեմ փայլեց, ինչպես հայտնություն» (էջ 40): Դորիանի վերաբերմունքը իր իսկ դիմանկարի հանդեպ ստանում է նման բնութագրում` «Որքան վշտալի է, որքան վշտալի… Ես կծերանամ, կդառնամ գարշելի մի այլանդակ, իսկ իմ դիմանկարը կմնա հավիտյան երիտասարդ: Նկարն այդ երբեք, երբեք չի ծերանա, ինչպես հունիսյան այս օրը… Ա~խ, երանի լիներ ճիշտ հակառակը… Ես հավիտյան մնայի երիտասարդ, իսկ նկարը ծերանար… Դրա համար… դրա համար կտայի ամեն ինչ աշխարհում… կտայի հոգիս» (էջ 41): Այս միտքը` «…կտայի հոգիս», դառնում է ողջ վեպի համար գլխավոր խնդիր: Ավելի ուշ ականատես կլինենք հերոսի ցանկության իրականացմանը: Իսկ ահա հաջորդ միտքը դառնում է նրա զգացական ընկալման համառոտ ու լավագույն բնորոշումը` «Ես սիրահարված եմ այդ նկարին: Կարծես թե դա իմ մի մասը լինի» (էջ 43): Դիմանկարի էության պարզաբանման համար հատկանշական է նկարչի արտահայտած հետևյալ գաղափարը` «Բայց Դուք երբեք այնքան լավ չէիք բնորդել, որքան այսօր: Ոչ մի շարժում չարիք: Եվ ես որսացի այն արտահայտությունը, որ միշտ որոնում էի` կիսաբաց շուրթեր և պայծառ աչքեր: Ես չգիտեմ, թե Հարրին ինչ էր ասում, բայց, իհարկե, նա էր Ձեր դեմքին առաջացրել այդ զարմանալի արտահայտությունը» (էջ 33): Շատ կարևոր միտք է, որից կարող ենք ենթադրել, թե հետագայում Դորիանի կյանքում այդքան կարևոր դեր ունեցած դիմանկարը ինչպես էր արվել հենց այն ժամանակ, երբ բնորդը գտնվում էր լորդի գաղափարների ազդեցության տակ: Ժամանակն է անդրադառնալ ոչ պակաս կարևոր այս կերպարին` լորդ Հենրի Ուոթթոնին: Թվում է, թե վերջինս Դորիանին դեռ չհանդիպած` արդեն իսկ նրան ճանաչում էր առավել խորությամբ, քան նրանով հմայված նկարիչը` «Քո խորհրդավոր երիտասարդը…երբեք ոչնչի մասին չի մտածում: Ես դրանում համոզված եմ: Նա ինչ-որ անուղեղ, գեղեցիկ արարած է, որին մարդ միշտ պետք է իր աչքի առջև ունենա. ձմռանը, երբ ծաղիկներ չկան` աչք շոյելու, իսկ ամռանը տաքացած ուղեղը զովացնելու համար» (էջ 9):
Ինչու՞ հեղինակը վեպում ներմուծեց նման կերպար:
Այն, որ Դորիանը պահպանում էր իր գեղեցկությունն ու դրա փոխարեն իր դիմանկարն էր այլանդակվում հետզհետե, խոսում է հասարակության կուրության մասին: Եվ կուրության նման փառ գոյություն չուներ միայն վատատես ու ցինիկ լորդ Հենրիի աչքերի վրա, ով վիրաբույժին հատուկ հմտությամբ տեսավ «ուղեղի քաղցկեղը»: Այս դեպքում Դորիանը ենթարկվեց ռենտգենի: Նա բարձրացնում է հետևյալ հարցը՝ ինչու անհանգստանալ խղճի խայթի մասին, եթե այն առկա չէ հոգու բարոյական արժեհամակարգի բացակայության դեպքում: Հենրին կրում էր պատասխանատվություն իր ասածների համար, բայց նա չուներ դրա զգացումը՝ կապված այն բանի հետ, թե ինչպես կարող էին իր ասածները ազդել շրջապատի վրա: Այս «ազդված» կերպարներից էր Դորիան Գրեյը: Հենրին հանդես է գալիս մասամբ որպես Դորիանի հոգու ձևավորող, ում փիլիսոփայությունը երիտասարդի սրտում առաջացրեց չարություն՝ երիտասարդության ու գեղեցկության անցանելիության նկատմամբ ու սովորեցրեց նրան ամենից վեր դիտարկել իր էգոն: Հենրին Դորիանի հոգու դատապաշտպանն էր, իսկ երբ դատապաշտպանի բարոյական հոգեկերտվածքը խարխուլ վիճակում է լինում, մեղադրյալինը չի կարող լինել առողջ:
Այստեղ ուզում եմ մի փոքր «հակառակել», կամ «լրացնել» հեղինակի դուրս բերած իմաստը: Լորդ Հենրին ոչ թե մեղավորն էր Դորիանի նման վարքի ու տեսակի մեջ, այլ ընդամենը արտաքին ազդակ էր՝ դրանց վեր հանման համար: Մարդը երբեք չի փոխվում, արտաքին գործոնները միայն ավելի են նրան մեխում իր տեսակի մեջ, ինչը, փաստորեն, ապացուցվեց նաև այս դեպքում: Առհասարակ, մարդու կյանքում ամենակարևորը իր ծնունդն է, ասել է, թե` որպես ՈՎ է նա ծնվում. ծնված ստրուկը երբեք չի կարող դառնալ բռնակալ, ինչպես և գեղեցիկը սպանողը չկարողացավ դառնալ դրա արարիչը…:
Վերադառնալով բնորդի և դիմանկարի բախման խնդրին` այս ստեղծագործությունը հեղինակի այն եզակի գործն է, որ անժխտելի հետք թողեց գրականության պատմության մեջ: Այն ստիպում է մարդուն մտածել սեփական կյանքի արժանիքների մասին: Հենց առաջին էջերից կարելի է տարանջատել արվեստի ու մարդու ներանձնայի աշխարհի միջև եղած խնդիրը: Հեղինակը համարձակություն է ունենում հայտարարել՝ «Արվեստը հայելի է, որ ցույց է տալիս ոչ թե կյանքը, այլ նրան, ով արտացոլված է դրանում»: Իմաստային դաշտում ասույթը բավականին մոտ է գոգոլյան փիլիսոփայությանը՝ «Կարիք չկա մեղադրել հայելուն, երբ այլանդակված է մարդկային դեմքը»:
Վեպի հաջորդ էջերում նկարագրվում է Դորիանի հոգու այլանդակումը` «Դորիանը ցնցվեց ու ետ ընկրկեց ինչ-որ բանից ապշած: …Վերջապես վերադարձավ գրադարան, մոտեցավ իր դիմանկարին և ուշադիր զննեց: Աղոտ լույսի տակ, որ ստվերված էր դեղին մետաքսե վարագույրներով, նկարում դեմքը փոքր-ինչ փոխված երևաց: Արտահայտությունն այլ էր. շուրթերի անկյուններում ինչ-որ դաժանություն կար… …Արևի վառ լույսի տակ բերանի գիծն այնպես պարզ երևաց, կարծես Դորիանը հայելուն էր նայում սարսափելի ոճիր կատարելուց հետո: …Դիմագծի ու գույների ոչ մի փոփոխություն չկար նկարում, սակայն արտահայտությունն, անկասկած, փոխվել էր» (էջ 131): Փոփոխությունը շարունակվում ու ամեն նոր քայլի հետ առավել ընդգծվում է, երբ ի վերջո հերոսը ինքն իրեն հարցնում է` «Ինչու՞ էր ինքն այդպես ստեղծվել, ինչու՞ է իրեն այդպիսի հոգի տրվել… Նկարը պահում էր իր կյանքի գաղտնիքը և կարող էր այդ գաղտնիքը բոլորին հայտնել: Դիմանկարը սովորեցրել էր նրան սիրել իր սեփական գեղեցկությունը, մի՞թե նույն այդ դիմանկարը կստիպի նրան ատել իր սեփական հոգին: Այժմ էլ ինչպե՞ս նայել կտավին: …Յուրաքանչյուր գործած մեղքի համար մի բիծ կաղճատի, կփչացնի գեղեցկությունը: …այդ նկարը կդառնա նրա խղճի տեսանելի խորհրդանիշը» (էջ 132-133):
Բնորդը նայում է իր դիմանկարին ու դրան անուն տալիս` «Բայց այստեղ` նրա աչքի առաջ, քայքայման տեսանելի խորհրդանիշ էր, մեղքի ակներև հետևանք: Այստեղ նրա աչքի առաջ էր այն ապացույցը, որ մարդն ընդունակ է կործանել սեփական հոգին» (էջ 138-139):
Հաջորդող տեսարանում` բնորդի սիրելի աղջկա մահվան լուրն իմանալիս հերոսը խոստովանում է` «…ինչու՞ ես այնպես շատ չեմ տանջվում, ինչպես կուզեի: Մի՞թե ես անսիրտ եմ» (էջ 144): Ի լրացում նշված ինքնահարցադրմանը` հեղինակը պարզաբանում է` «Ըստ երևույթին, դիմանկարն իրենից շուտ էր իմացել Սիբիլ Վեյնի մահվան բոթը: Այդ դիմանկարը իմանում էր նրա` Դորիանի կյանքում կատարվող դեպքերը: Չար դաժանությունն, անկասկած, աղճատել էր գեղեցիկ բերանը ճիշտ այն ակնթարթին, երբ աղջիկը թույն էր խմել: Կամ, թերևս, դիմանկարն անտարբե՞ր էր իրադրություններին: Մի՞թե այնտեղ արտացոլվելու էին սոսկ հոգու տվայտանքները: Իսկ եթե մի օր դիմանկարը փոխվե՞ր իր աչքի առաջ: Նա հենց դա էլ ուզում էր, բայց և սարսռում էր այդ մտքից» (էջ 151): Վատագույնը դեռ առջևում է, երբ ընթերցողը հանկարծ հասկանում է, որ հերոսը այլևս հրաժարվել է ինքնաքննադատությունից` «Եթե վիճակված է, որ դիմանկարը փոխվի, ուրեմն, թող փոխվի: Ահա և բոլորը: Ինչու՞ իզուր խորամուխ լինել խորհրդավորության մեջ: Չէ՞ որ իսկական հաճույք կլինի դիտել այդ երևույթը: …Փույթ չէ, թե ինչ կկատարվի կտավի գունագեղ տեսիլքի հետ: Ոչինչ չէր սպառնում իրեն: Ահա ամենակարևորը» (էջ 153):
Հերոսը գտնում է իրավիճակի «լուծումը»` «Այժմ պետք է թաքցներ նկարի քայքայումը, որն ավելի ահավոր է, քան դիակի նեխումը, որովհետև դա ստեղծելու էր սարսափներ ու չէր մեռնելու: Ինչպես որդերն են լափում դիակը, այնպես էլ մեղքերն են ուտելու կտավի վրայի պատկերը: Նրանք կլափեն գեղեցկությունը, կհոշոտեն հմայքը, կպղծեն և կապականեն նրան: Եվ, այնուամենայնիվ, դիմանկարը շարունակելու է ապրել: Նա ապրելու է հավիտյան» (էջ 169): Հետագայում մենք ականատես ենք լինում հերոսի ամենօրյա «աշխատանքին»` գաղտնի պահելու իր կյանքի մեծագույն ողբերգությունը` «Դորիանը ծածուկ բարձրանում էր վերնահարկի կողպած սենյակը, բացում դուռը բանալիով, որից երբեք չէր բաժանվում, և հայելին ձեռին` կանգնում էր դիմանկարի դիմաց` մերթ նայելով կտավի ծերացող, չար դեմքին, մերթ հայելուց իրեն ժպտացող գեղեցիկ երիտասարդին: Աչքի զարնող հակադրությունից մեծանում էր հաճույքի զգացումը» (էջ 181): Նշված հաճույքը մթագնում է հերոսի` հնարավոր առողջ դատողությունը: Նա սկսում է վայելել իր դիմանկարի հետ ունեցած սեփական բախումը` ապահովագրելով իրեն դրանից ունեցած ու օրօրի ավելի աճող տարբերությամբ` «…նա լրիվ համոզված էր, որ եթե սենյակ էլ մտնեն, միևնույն է, դիմանկարից ոչինչ չեն կռահի: …Հետո ի՞նչ, թե նկարը նողկալի է: Ո՞վ կարող էր նրան մեղադրել դրա համար: Եթե նույնիսկ ճշմարտությունը պատմեր էլ, ինչպես դա կա, մի՞թե կհավատային» (էջ 200):
Հետաքրքրական է նաև բնորդ-դիմանկար-նկարիչ բախումը, երբ ի վերջո Դորիանը հրավիրում է նկարչին նայելու իր ստեղծածն` ասելով` «Քաշեք վարագույրը և կտեսնեք իմ հոգին» (էջ 219): Սրան հաջորդում է խոստովանություն` «-Դուք ասում էիք, թե դիմանկարը ոչնչացրել եք: -Ճիշտ չէ, նա է ոչնչացրել ինձ: -Չեմ կարող հավատալ, թե դա իմ նկարն է: -Մի՞թե չեք կարող տեսնել Ձեր իդեալն այնտեղ: -Իմ իդեալը, ինչպես Դուք եք անվանում… -Ոչ, ինչպես Դուք էիք անվանում: -…սա սատիրի դեմք է: -Սա իմ հոգու դեմքն է» (էջ 221):
Հերթական ոճիրը դաջվում է դիմանկարի վրա այն ժամանակ, երբ Դորիանը սպանում է նկարչին` «Այս ի՞նչ նողկալի կարմիր հեղուկ է շողում նրա ձեռքին. կարծես կտավը քրտնած լինի արյունով: Ի~նչ զարհուրելի է…» (էջ 242): Հետագայում մենք բախվում ենք նման պայմաններում մարդկային նորմալ վարքի, երբ մեղավորը փորձում է գտնել արհեստական մեղսակիցներ` ողբերգության պատասխանատվության ծանրությունից խուսափելու համար` «…իր սեփական հոգու մահը, կենդանի մարմնի մեջ գտնվող հոգու մահը: Բեզիլը նկարել էր այնպիսի մի դիմանկար, որը խորտակեց իր կյանքը: Դորիանն այդ բանի համար չէր կարող ներել նրան» (էջ 306):
Վերջապես, բնորդը արտասանում է ինքնաքննադատության ծնունդի` խղճի անունը` «Նրա համար այդ նկարը եղել էր խղճի պես մի բան: Այո՛, խիղճ: Եվ հարկավոր էր ոչնչացնել այդ: …Դանակը կոչնչացներ անցյալը, իսկ երբ մեռներ անցյալը, ինքն արդեն ազատ կլիներ: Դորիանը կսպանի դիմանկարի գերբնական հոգու կյանքը, և երբ դադարեն այդ գարշելի չարագործությունները, նորից կխաղաղվի իր կյանքը» (էջ 309):
Դորիանը իրականացնում է իր վերջին ոճիրը` դանակով հարվածելով դիմանկարին` այդպես էլ չհասկանալով, որ նման քայլով գնում է ինքնասպանության: Ահա այստեղ է բացահայտվում բնորդ-դիմանկար բախման իրական պատճառը: Ի հակադրություն շատ այլ դեպքերի, երբ դիմանկարը ընկալվում է որպես բնորդի կեղծված էություն, այս պարագայում հենց դիմանկարն է իրականության խորհրդանիշը. չէ՞ որ այն արտացոլում է Դորիանի հոգու փոփոխությունները այն դեպքում, երբ հենց ինքը` բնորդը մնում է անփոփոխ` «Մտնելով ներս` նրանք տեսան պատից կախված իրենց տիրոջ հոյակապ դիմանկարը` երիտասարդական ու գեղեցկության ամբողջ շքեղությամբ: Իսկ հատակին… ընկած էր մի սպանված մարդ` ֆրակը հագին, դանակը սրտի մեջ մխրճված: Նրա դեմքը թոշնած էր, կնճռոտված և վանող: Ու միայն մատանիներից ճանաչեցին, թե ով է նա» (էջ 310): Միայն մահից հետո է, որ հենց բնորդը` Դորիանն է դառնում իր իրական էության արտացոլանքը, իսկ դիմանկարը վերադառնում է իր նախնական վիճակին` արտացոլելով Դորիանի նախնական, դեռևս անգամ սեփական անձի կողմից անճանաչելի երբեմնի էությունը:
Նկարիչը պնդում է, որ արվեստը հոգու հայելին է, այն ունակ է երևան հանելու ոչ միայն մարդու զգացմունքները, այլև բարոյական արժեքները: «Հրաշալիի» ու «կատարյալի» խնդիրը ընկած է ստեղծագործության հիմքում ու դարձել է դրա մոտիվը: Մարդկային յուրաքանչյուր արարք տեղ է գտնում մարդու դիմագծերի վրա՝ ինչպես դիմակը, որը կրելը օրեցօր ավելի ու ավելի է բարդանում: Դորիանի դիմակը իր սեփական դեմքն էր, ինչի ծանրությունը թոթափեց իր հոգու նկատմամբ վերջին ոճիրը գործելու պահին:
Ահա այս կերպ Գրեյը վերածվում է էգոիստի ու մարդասպանի, ով կործանում է սեփական հոգին: Հեղինակը գործում մեկ անգամ չէ, որ նշում է, թե մարդու կյանքը կարող է արդարացիորեն վերահսկել միայն խիղճը: Ավելին՝ մարդը կենդանի է, քանի դեռ կենդանի է նրա խիղճը: Դորիանը հենց ինքը կործանեց այն և դա ծնունդ տվեց չարության սաղմի: Նրա բարոյական մահը տեղի ունեցավ ֆիզիկականից շատ ավելի վաղ` փաստելով, որ` «Գեղեցիկի ետևում միշտ ինչ-որ ողբերգական բան է թաքնված: Որպեսզի փթթի ամենափոքր ծաղիկը, աշխարհները պետք է տանեն երկունքի տառապանքը»:

1 Այս և հաջորդ բոլոր մեջբերումների համար` Ուայլդ Օ., «Դորիան Գրեյի դիմանկարը», Եր., 2012:

63 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>