ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

ՏԱՐԵԴԱՐՁ

Կոտրված ապակին ընկավ պատուհանի փեղկին: Պատռված վարագույրը հարբած մարդու պես օրորվեց-օրորվեց, փաթաթվեց խոնավ պատին: Հայացքը գլորվում էր մռայլ հատակով: Չէր ուզում, բայց վեր կացավ, նստեց, դուրս նայեց: Առաստաղի գերանների վրայով պտտվող աչքերը որսացին սարդոստայնի մեջ թպրտացող ճանճին, հետզհետե տզզոցը բարակեց մահվան լռության մեջ և լսելի դարձավ կաթոցքի ձայնը: Դուրս եկավ, դողացող ձեռքերը զգացին դռան սառնությունը: Ծիրանենիների կոտրված ճյուղերի մեջ խճճվել էր մրսած արևը: Ճերմակ մղձավանջը դանդաղ հալվում էր այգում: Անհնար էր քայլել՝ առանց տրորելու թափված ծիրանները: Կանգ առավ, նայեց շուրջը, ծխախոտ վառեց և հայացքը կախեց հեռացող սև ամպի ետևից, որը հեռանում էր՝ մերթընդմերթ ծածկելով արևը:
Ջուրը լցվեց կոշիկների մեջ, դողացող շուրթերով կուլ տվեց ծուխը և լսեց ոտքերի տակ տնքացող հողի լացը: Ծառի տակից վերցրեց փայտե աստիճանը, դրեց ուսին, գլխիկոր քայլեց դեպի վիրավոր ապակին: Ջուրն ասես արնահոսում էր կտուրներից, ծիածանը գրեթե չեր երևում: Կեսօրվա երակներում լերդացած քամին հոսում էր գետն ընկած տերևների հետ: Աստիճանը հենեց պատին, հոգնել էր, նստեց խոնավ քարին, խոր շունչ քաշեց, քթի տակ հայհոյեց ծերությանը: Մտավ տուն, վերցրեց մուրճն ու մեխերը և բարձրացավ աստիճանին: Ուզում էր փոխել կոտրված ապակին, ձեռքը դողաց, կոտրված ապակին ընկավ՝ մատը կտրեց, բարկացած՝ մուրճը ներքև նետեց, գրպանից հանեց թաշկինակը, կապեց արնահոսող մատը:
” Ծնունդդ շնորհավոր, պապի,-Հարևանի կնոջ ձայնը տարօրինակ թվաց: Մատը փաթաթելով նայեց կնոջը:
” Շնորհակալություն,- կինն արդեն հեռացել էր:
Մտավ նկուղ: Հինգ տարի առաջ պատրաստել էր տվել իր շիրմաքարը՝ գնդապետի համազգեստով: Երկար նայեց քարից իրեն նայող հպարտ, երիտասարդ հայացքին, ապա վերցրեց իր քաշած ծիրանի օղին և դուրս եկավ նկուղից: Մեկ բաժակ խմեց, հագավ կոստյումը: Հողե ճանապարհին ցեղը կպչում էր ոտքերին, տեղ-տեղ կանգնում, մաքրում էր ցեխը, տեղ-տեղ կանգնում, շունչ էր քաշում, հետո շարունակում էր ճամփան: Բացեց խանութի դուռը:
” Բարի օր, ներս չգամ էլ, ցեխոտ են ոտքերս, տորթ տուր մեկ հատ:
” Բարի օր, արի, ոչինչ:
” Չէ:
” Որի՞ց տամ:
” Որից ուզում ես, մեկ էլ մոմ:
Վճարեց, վերցրեց տորթը և քթի տակ երգելով, օրորվելով ցեխոտ ճանապարհին, քայլեց տուն: Կոշիկները դրսում հանեց, տորթը դրեց սեղանին: Տղան զանգահարեց, շնորհավորեց ծննդյան օրը, թոռը անգլերեն երգ նվիրեց իրեն, չհասկացավ, բայց ժպտաց: Հետո թոռը ինչ-որ բան ասաց:
” Հո չքրվե՞ց արա:
” Չէ, չէ: -Տղան թարգմանեց թոռան խոսքերը:
Լուսինը գլորվեց ապակուն և ընկավ պատուհանի փեղքին: Աստղերի արտացոլանքը թափվել էր ճանապարհի ջրափոսերի մեջ և հեռվից ոսկե կարկատան էր հիշեցնում նայողին: Աղջկա երեխաների հետ երկար խոսեց, ռուսերեն հասկանում էր: Մեկ բաժակ խմեց, մտավ սենյակ, հագավ գնդապետի համազգեստը, կապեց զինվորական փողկապը, սանրվեց: Մոտեցավ սեղանին, վառեց տորթի մոմերը:
Խմում էր, որ մոռանա, և քամին փչեց տորթի մոմերը…

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մեքենան արագ էր սլանում: Վարորդը ուշ նկատեց, որ նա մեկնել էր ձեռքը: Մեքենան կանգ առավ և ետընթաց արեց: Նա վազքով մոտենում էր մեքենային:
” Իմ կողքի՞ն ա նստելու, քիթը աչքս կմտնի,- կատակեց տղերքից մեկը:
” Բարև ձեզ
” Բարև ձեզ:
” Շնորհակալություն:
Նա նստեց ետևի նստարանին: Նիհար էր, սուր քթով, ներս ընկած այտերով, ձեռքին մի քանի գիրք ու թերթ: Երբ մեքենան շարժվեց, մենք շարունակեցինք գարեջուր խմել: Նա հանեց թաշկինակը, մաքրեց ակնոցի ապակին և բացեց թերթը: Գարեջուր առաջարկեցինք, հրաժարվեց: Նստել էր ետևի դռանը սեղմված, որպեսզի մեզ չխանգարեր: Մեքենան մեծ արագությամբ սլանում էր՝ տրորելով ասֆալտին թափված արևի շողերը: Երբ այգիների կողքով էինք անցնում, նա թողնում էր կարդալը, պատուհանից դուրս էր նայում և ինքն իրեն ժպտում:
” Էլ չկա՞:
” Չէ:
” Գինին բացի, խմենք, մինչև առնենք:
Նա գինուց էլ հրաժարվեց: Մեքենայի բոլոր պատուհանները բաց էին: Քամին ներս էր մտնում, խառնվում էր մեր զրույցին, երգին, երբեմն այնքան ուժգին, որ ստիպում էր մեզ լռել: Դեռ երկար ճանապարհ ունեինք գնալու, սնվելու համար կանգ առանք: Մեքենայից իջանք: Նա ծալեց թերթը, դրեց նստարանին, իջավ, մոտեցավ շանը և սկսեց խոսել նրա հետ, ինչից հետո մենք վերջնականապես համոզվեցինք, որ նա խելագար է:
” Ո՞նց ես,- բռնել էր շան թաթն ու մյուս ձեռքով շոյում էր նրա գլուխը:
Հետո մոտեցավ՝ ուտելիք վաճառող կնոջից ավել խնդրեց: Բացեց մեքենայի դռները, հանեց գարեջրի դատարկ շշերը, դրեց մի կողմ և սկսեց մաքրել մեքենան, հետո աղբի հետ դատարկ շշերը դրեց տոպրակի մեջ, տարավ գցեց աղբամանը, վերադարձրեց ավելը: Աղբյուրի մոտ լվացվեց, ջուր խմեց և կանգնած մեզ էր սպասում: Ուտելուց հետո մի քանի շիշ գարեջուր վերցրեցինք և նստեցինք մեքենան:
” Դուք որտե՞ղ եք աշխատում:
” Հիմա չեմ աշխատում, թոշակի եմ անցել:
” Իսկ նախքան թոշակի անցնե՞լը:
” Դասախոս եմ: Պատմություն էի դասավանդում:
” Հեչ կաշառքով գնահատական նշանակե՞լ ես:
” Վերջ տուր,- վարորդը սաստեց Արամին, ով գինովցած էր արդեն:
Նա դրեց ակնոցը և շարունակեց կարդալ: Երբ սկսեցինք ծխել, թողեց թերթը, պտտվեց բաց ապակու կողմը, հազաց: Գլուխը դուրս էր հանել պատուհանից՝ մաքուր օդ շնչելու համար, քամին խառնում էր մազերը, հազը դադարեց, թաշկինակով սրբեց բերանը, մի կում ջուր խմեց:
Ոլորապտույտ ճանապարհն անցնում էր լեռների միջով: Տղերքից մեկը քնել էր՝ հենված ետևի դռանը: Իրիկնային օդը սառն էր, փակել էինք պատուհանները: Նա կարդում էր դեռ, մերթընդմերթ ուղղելով ակնոցը: Ներքևում երևում էր լեռան ոտքերի տակ պառկած գյուղը: Երկնքում վառվող առաջին աստղերի հետ մթնշաղը դանդաղ ծորում էր կտուրներին: Հոգնությունից թուլացած մեր մարմինները մեքենայի ընթացքից անկանոն օրորվում էին:
” Հաց ուտելու տեղ լինի, կանգնիր:
” Չե՞ս դիմանում:
” Չէ:
Մեքենան հիմնական ճանապարհից թեքվեց և նեղ կածանով աջ գնաց ու կանգնեց:
” Արագ կուտեք, որ շուտ հասնենք:
” Եղավ:
Նա մոտեցավ ճանապարհի կողքին երկար պարանով կապված ձիուն, որն արածում էր քուռակի հետ, և սկեսեց բարձր-բարձր խոսել հետը: Քամին տանում էր ձայնը, բառերը չեինք հասկանում բայց լսում էինք, որ բարձր-բարձր խոսում է: Սկզբից քուռակը նկատելով իրենց մոտեցող անծանոթին, խրտնեց, փախավ հեռու: Նա շոյում էր ձիու ճակատը, հետո ձին սկսեց լիզել ձեռքը, քուռակը մոտեցավ, հոտոտեց նրա օձիքը, էլի ետ փախավ, նորից մոտեցավ: Նստել ու շոյում էր քուռակի վիզը, ճակատը:
” Գնում ենք,- ձայն տվեց վարորդը:
Ոչ ոք չէր խոսում: Մեքենան անցնում էր՝ ճեղքելով մութը: Հեռվում վառվող արհեստական լույսերը, ազդարարում էին մեր ճանապարհից ոչ հեռու քնած քաղաքի ներկայությունը: Ծխից նա նորից հազաց, մի փոքր իջեցրեց պատուհանը, թաշկինակով սրբեց բերանը: Հազալիս նա փակում էր բերանը, ջանում էր ցույց չտալ, բայց նկատել էինք, որ գրեթե բոլոր ատամները բացակայում էին:
” Այն ճանապարհի մոտ կանգնիր, իջնեմ:
” Լավ: Մութ ա, ո՞նց ես գնալու:
” Կգնամ, հեռու չի:
” Ուզո՞ւմ ես տանեմ:
” Ոչ, շնորհակալություն:
” Բա ինչի էիր Երևան եկել:
” Տղայիս քառասունքն էր:
Մեքենան կանգնել էր արդեն: Նա վերցրեց գրքերն ու թերթերը, իջավ:
” Շնորհակալություն, բարի ճանապարհ:
” Բարի գիշեր:
Նրա նիհար մարմինը գլորվելով իրիկվա սև ափերի մեջ, անցնում էր նեղ, հողածածկ ճանապարհով: Հեռվից թվում էր, թե մի ստվեր է գլորվում դեպի բարձունքը: Հետո անցավ բլուրն ու կորավ մութի մեջ:

165 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>