Թագուհի Ղազարյան / Ընկերներիս, որ երազեցին այս հեղափոխությունը

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

12.04.2018

«Եթե ձեր մեջ կա մեկը, որ վախենում ա դատվել, որ վախենում ա նստել, վախենում ա սեփականություն կորցնել, վախենում ա, որ ընտանիքի անդամներին, ընկերներին կվնասեն, սեփականություն, գույք կկորցնի, վերջապես, եթե կա մարդ, որ վախենում ա վիրավորվել կամ մեռնել, խնդրում եմ, հիմա ասեք. որևէ մեկը ձեզ չի մեղադրի, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ կհասկանանք»: Նիկոլն ա: Պտղնիում ենք: Երկու նախաձեռնություններից որոշումներ կայացնող խումբն ենք ձևավորում:

 Մտածում եմ` երբեմն ի՜նչ լավ ա կորցնելու ոչինչ չունենալը: Աշխատանքից նոր եմ դուրս եկել: Բոլոր դեդլայներով հոդվածներիս պատվերները չեղարկել եմ: Ինչ-որ նախագծեր սկսելու բոլոր խոսակցությունները անորոշ ժամանակով հետաձգել եմ: Տնից տեղափոխվել եմ: Սիրածիցս բաժանվել եմ: Էն ընկերներիցս, որոնք կապ չունեն էս ամենի հետ, հեռավորություն եմ պահում: Տնեցիքի հետ շփումս նվազագույնի եմ հասցրել: Հիմա արդեն քանի օր ա նույնիսկ ախպորս հետ վարձած տունը չեմ գնում: Ով հարցնում ա` բա դու ո՞ւր ես մնում, պատասխանում եմ` կամուրջի տակ: Պետք ա փորձել հնարավորինս քիչ մարդու վտանգի ենթարկել:

 Մնաց մի բան` ես: Մեռնելուց չեմ վախենում, մտքումս Մաթևոսյանն ա` մեռնելը դժվար է, ուզենաք էլ չեք մեռնի: Ավելի հավանական ա, որ կնստեմ, դա իր դրական կողմերն ունի, վերջապես ինչ-որ տևական ժամանակ հանգիստ կլինեմ, կկարդամ, կգրեմ: Մինչդեռ ես էս մտքերով եմ, նկատում եմ, որ շուրջս եղած 10-12 մարդկանցից ոչ մեկը չի շարժվում տեղից, չի պատախանում: Բոլո՞րն են մտածում, թե ինչ ունեն կորցնելու: Խոսակցությունը շարունակվում ա հավանական ու անհավանական սցենարների մոտիվներով: Ուղեղումս հնչում ա` ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս…

 01.03.2018

Մարտի մեկի երթին ենք: Ես երթի ավարտվելուց հետո գնալու եմ տուն ու դեռ տեղյակ չեմ, որ հենց էս օրը երթի մի քանի մասնակիցներով հիմնելու են #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը:

 24.03.2018

Քրիստիանի ծնունդն ա: Գիտեմ, որ դրսում ցույց կա Սերժի վարչապետացման դեմ, առաջին ակցիան ա: Լուրջ հույսեր չունեմ, թե մի բան կստացվի, նախորդ ամիսներին արդեն հասցրել եմ մի լավ քրքրել ընկերներիս կյանքը էն մտքով, որ արդեն ուշ ա, էլ ոչինչ փրկել հնարավոր չի: Գիտեմ, որ դրսում ցույց ա, բայց Քրիստիանի ծնունդն ա, ու էս օրը իր հետ եմ անցկացնում:

  1. 04. 2018

Միքոն իվենթ ա բացել էսօրվա համար, անունը` «Ի՞նչ անել»: Որոշել ա մեկտեղի բոլոր էն քաղաքական-քաղաքացիական ուժերին, որոնք պայքար են սկսել Սերժի հավերժացման դեմ ու նաև էն մարդկանց, որոնք ոչ մի ուժի մեջ ներգրավված չեն, ուզում են մի բան անել, բայց չգիտեն` ի՛նչ անել:

 Նառան զանգել, ձեռ ա առնում Ֆեյսբուքիս փոստը, որ կիսվել եմ իվենթով ու գրել` ես Թագուհի Ղազարյանն եմ, ես ուզում եմ, որ մի բան փոխվի, բայց չգիտեմ ինչ անել կամ սրան շատ նման մի բան: Ասում ա` ուզում էի մեկնաբանությունում գրել` նա Թագուհի Ղազարյանն է, եկեք ծափահարենք նրան: Ես չեմ ծիծաղում հումորի վրա:

 Ինձ համար ահավոր տխուր ա էն, ինչ մտքովս անցնում ա: Փողոցով քայլում եմ ու չեմ կարողանում ազատվել սև, ծանր մտքերից: Նայում եմ մարդկանց ու մտածում` այ իրենք մի ամսից, երկու ամսից էլ էստեղ չեն լինելու: Նայում եմ ծառերին` մտածում` էս ծառերը շուտով կտրելու են: Նայում եմ շենքերին ու մտածում` էս շենքերը շուտով քանդելու են: Երբեք էսքան վատատես չեմ եղել, անգամ ՀՀԿ-ի հարցում: Միշտ մտածել եմ, որ կարող ա ինչ-ինչ պրոցեսների արդյունքում ինքնամաքրման փուլ անցնեն: Բայց հիմա ահավոր դեպրեսիվ եմ ու Նառայի հումորի վրա չեմ ծիծաղում:

 Պուրակում հավաքված մարդկանց խայտաբղետությունը հուսահատեցնող ա: Էս մարդիկ իրար հետ զրուցելու ոչինչ չունեն, ոնց հասկանում եմ` էս աշխարհում միայն մի բան կարող էր էս մարդկանց մի տեղ հավաքել` Սերժին մերժելը: Վոլոդյա Ավետիսյանն ա խոսում, ասում ա` տղերք, սենց մի բան… Էնտեղից մի աղջիկ` բայց էստեղ մենակ տղաներ չեն… Հուսահատեցնող ա: Վոլոդյայի տղերքը: Աղջկա նկատողությունը Վոլոդյային: Հուսահատեցնող ա ամեն ինչ:

 Էսօր առաջին անգամ Արմենին ու Սուրենին եմ տեսնում: Եթե առաջինը գոնե Ֆեյսբուքյան ընկերներումս կար, երկրորդը հենց էդ երեկո հայտ ա ուղարկում:

 03. 04. 2018

#ՄերժիրՍերժին նախաձեռնությանը հարկավոր են կամավորներ` ինչ-որ ակցիայի կազմակերպչական աշխատանքների համար: Գիտեմ, որ ինձ երբեք չեմ ներելու տանը նստած լինելուս համար: Չնայած երեկվա հուսահատեցնելու չափ տխուր հավաքին` այնուամենայնիվ գնում եմ:

 Նախաձեռնությունը ակցիա է մտածել` Սերժի համար պիտի թոշակ հավաքենք, հետո էլ նախագահության վերջին օրը տոնենք: Շահենը մտածում ա, որ անլուրջ են պայքարի էս մեթոդները: Ես չգիտեմ` համաձայնե՞մ Շահենի հետ, թե` չէ: Հիմա մտածում եմ` էնքան ա որ մի բան անենք:

Էսօր առաջին անգամ տեսնում եմ Մարիային:

 #ինչ_որ_մի_օր #ինչ_որ_մի_տեղ

Ընկերներիցս մեկն ա գրում Ֆեյսբուքով, ասում ա` գործ չունես դրանց հետ, պրավալ ա, հարցնում եմ` խի՞ ախր: Վերջապես նախադեպ ա, երբ քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքական հստակ պահանջ ունի, չեն կարա ինչ-որ մի պահի հետ կանգնեն, ասեն` մեր պահանջը բավարարված ա: Ասում ա` պրոյեկտ են: Ասում եմ` ի՞նչ ես առաջարկում, ոչինչ չանե՞լ, որովհետև էդպես ավելի ապահով ա՞:

 Մեկ ուրիշն ասում ա` հիմա իմաստ չունի ձեր արածը, հիմնական ճակատամարտը տասնհինգ թվին ա եղել, կամ լավ` խորհրդարանականին, հիմա ոչ մի տարբերակ չկա: Ես վստահ եմ, որ տարբերակ կա, բայց շատ-շատ եմ նեղվում, որ ընդդիմության գերխնդիրը իրար դեմ խոսելն ա դարձել, անհնար ա էս մարդկանց բերել իրար կողքի, որ բերես, հաստատ լիքը ժողովուրդ կմիանա, իսկ եթե ժողովուրդը միացավ, հաստատ ինչ-որ բան փոխել հնարավոր կլինի: Փորձում եմ էս ամենը համոզել իրեն, բայց անհույս ա: Իրենք էնքան վստահ են, որ էս ամենն անիմաստ ա:

 Նիկոլին լրիվ մենակ են թողել, անգամ իր դաշնակից ընկերները: Եղել ա, որ ինձ համար էլ են իր արածները անհասկանալի ու աննպատակ թվացել: Բայց հիմա ահավոր տխրում եմ, անասելի տխրում եմ էն մարդկանց համար, ովքեր 10-15 հոգով քայլելով գալիս են Գյումրիից Երևան` լիքը ծաղրանքների, հավատի բացակայության ներքո: Հիշում եմ` Նիկոլը որ քայլերթը սկսեց, Ֆեյսբուքում ձեռառնոցու ֆլեշմոբ էր, ու մոտս նիկոլենց պաշտպանելու ցանկություն առաջացավ ու հարցրի` արդյո՞ք Նիկոլի քայլելը որևէ մեկին խանգարում ա, որ, եթե իրեն չեն հավատում, վստահում, իրենք իրենց գործն անեն: Ինձ ասացին, որ ես քաղաքականությունից բան չեմ հասկանում: Բայց իմ ասածը պարզ, մարդկային բան էր: Տխրում եմ, անասելի տխրում եմ էն մարդկանց համար, ովքեր ազատության հրապարակում 4-5 հոգով նստացույց են սկսել ու հայտարարում են` իբր դա Սերժի վարչապետացման դեմ պայքար ա: Տխրում եմ, անասելի տխրում եմ մեզ համար, որ 100-150 հոգով երթեր ու ցույցեր ենք անում ու էնքան աննշան ենք էս աշխարհի մեծ աղմուկի մեջ, որ նույնիսկ երթևեկությունը կարգավորելու համար ճանապարհային ոստիկաններ չեն գալիս` ուղեկցելու մեր երթերին: Ինձ փոքր, աննշան, անէական եմ զգում:

 05.04. 2018

Սերժին թոշակի ուղարկելու դրամահավաքն ա:

 09.04. 2018

Վերջին տասը տարվա մեջ առաջին օրն ա, որ Սերժ Սարգսյանը ՀՀ-ի ղեկավարը չի: Ութ օր ինքը որևէ պաշտոն չի զբաղեցնելու: Էրեխեքով հումոր ունենք, որ էդ 8-ը շրջվելու ա, դառնա անվերջության նշան` ∞: Կամաց-կամաց ինքներս մեր ասածներին սկսում ենք հավատալ:

 #գրաֆիտիները

Դժվար ա ամիս-ամսաթվերով հիշել: Ինչ միացել եմ նախաձեռնությանը, գրեթե ամեն գիշեր գրաֆիտի եմ անում` Սերժի դեմքով ու #ՄերժիրՍերժին գրությամբ: Առաջին օրը Արմենի, Սոսի, Արենի ու Դավիթի հետ էինք, հետո` մյուս օրերին` մենակ:

 Մի օր Վահեի հետ էինք, Կոմիտասում էինք գրաֆիտի անում, մեր գրաֆիտիներից հետո Կոմիտասում #ԻմՔայլը փչող էրեխեքին էին բռնել, հավանաբար ավելի շատ հենց մեր գրաֆիտիներից էին զայրացել, բայց քանի որ մենք արդեն թռել էինք, իրենց վրա էին կատաղությունը թափել: Էդ առաջին դեպքն էր ամբողջ շարժման ընթացքում, որ մարդ էին բռնում: Լավ նշան էր: Ուրեմն իրոք սկսում ենք մի բան նշանակել:

 Մի ուրիշ օր քաղաքի ծայրամասերում` Երրորդ մաս, Բանգլադեշ, Դավթաշեն, Բարեկամություն, ախպորս հետ էինք գրաֆիտիներ անում: Նկարը փչելու ընթացքում ծիծաղելով ասում եմ` Բաբկեն, տես, վաղը-մյուս օրը գլուխ ես գովալու, որ հեղափոխության ակունքներում ես կանգնած եղել: Իրեն եմ մոտիվացնում էլի: Ինքն էլ չի հավատում, ես էլ: Չենք խոսում էդ մասին, նստում ենք մեքենա, տեղափոխվում հաջորդ կանգառ ու նորից փչում գրաֆիտին: Ինքը ինձ սիրում է երևի, դրա համար ամենաանհավանական հիմարություններս իր համար տանելի են: Իսկ ես չեմ ուզում իրեն հուսախաբ անել, անկեղծորեն հավատում եմ, որ էս անհավանական հիմարությունից մի բան դուրս կգա:

 Տղաների` Գարուշի, Կարի, Միքոյի հետ պայմանավորվել եմ` կենտրոնում իրենց հանդիպեմ, շարունակենք գրաֆիտի անելը: Գիշերվա երկուսն ա: Բաբկենին խնդրում եմ` ինձ իջեցնի Կենտրոնում, իսկ ինքը գնա տուն: Իջնում եմ պայմանավորված տեղը` Տերյանի այգու դիմաց` ձեռքերի արձանի մոտ: Զանգում եմ Կարին` ո՞ւր եք: Օպերա ենք, էնտեղ պոչ կար, թռել ենք: Մոտդ ներկ չպահես, կբռնեն: Զանգում եմ Բաբկենին` պլանները փոխվել են` հետ արի: Գալիս ա: Նետվում եմ մեքենան` թռանք: Ո՞ւր: Չգիտեմ, գնանք Օպերա: Օպերայի շուրջը բոլոր մուտքերը փակ են ոստիկաններով: Ասում եմ` քշի մի չեզոք տեղ: Զանգում եմ Գարուշին, Գարուշը` Միքոյին բռնեցին: Մենք ՀԳՄ-ի հետևի բակում ենք մեքենայով, եկեք: Էլի մի որոշ ժամանակ Բաբկենը մեքենայով մեզ էս ու էն կողմ ա տանում, դիմանում մեր տարատեսակ զանգերին, հետո իմանում ենք, որ Միքոն արդեն ազատ ա, ես խնդրում եմ ինձ Պրոսպեկտ իջեցնի, ինքը գնա տուն. առանց էդ էլ շատ չարչարեցի էսօր: Հետո գնում եմ Անիենց տուն գիշերելու:

 Մի ուրիշ անգամ դասադուլի նախօրեին էր պետք գրաֆիտի անել ու էլի մենակ էի մնացել: Ժան Պոլում նստած չատ եմ անում հավանական ու անհավանական բոլոր մարդկանց հետ, որ կարող են հետս գալ գրաֆիտի անելու: Մենակ Գարիկին կարողացա համոզել, որ գա, հետս սուրճ խմի, բայց գրաֆիտիի չեկավ, ասում ա` անիմաստ ա, մենք մեր ուղին ունենք, պետք չի ուսանողությանը խառնել քաղաքական հարցերին: Երբ էլ ոչ մեկին չկարողացա համոզել, որ հետս գան գրաֆիտի անելու, մտածեցի` սպասեմ մինչև երեքի կողմերը, մենակ կգնամ: Գնացի Իլիկ, Զառան էնտեղ էր: Իմացավ ծրագրերիս մասին ու որոշեց, որ չի կարող ինձ մենակ թողնել: Համալսարանի բակերում գրաֆիտիները Զառայի հետ ենք արել: Հետո ներկերը պահեցի բժշկականի մոտի թփերի մեջ, որ Հայարփին առավոտը գա, վերցնի ու ինքն էլ էդ ներկերով շարունակի գրաֆիտիները, որովհետև ինքը ներկ չուներ: Երկուսով մի ներկի հույսի էինք մնացել, էն էլ Գարուշն էր ծանոթով ճարել:

 #Ես_պարտվել_եմ_պարտվել_եմ_քանիցս

Նիկոլի գրած երգն ամենաազդեցիկ բաներից էր հենց ամենասկզբից: Առաջին անգամ պատահական եմ լսել` դրսում, հետո անընդհատ լսում ու լսում էի, ու անընդհատ սարսռում ու սարսռում: Ինձ համար էդպես էլ սովորական չդարձավ «Ես պարտվել եմ, պարտվել եմ» տողը: Ընդունված խոսք կա ասել, որ հաղթանակը հազար տեր ունի, պարտությունն ա անտեր: Հիմա իմ ճամփին հայտնվել էր մի մարդ, որ տեր էր իր պարտությանը, ինձ համար դա ֆանտաստիկ էր, իր փոխարեն ես լինեի, անգամ էդ ամենը գիտակցելով հանդերձ` կդժվարանայի դա ընդունել:

 «Ես պարտվել եմ, պարտվել եմ», այսինքն` ասում ա` ասում եք` ժողովրդին էլի տանելու ա պարտության: Իսկ դուք գիտե՞ք` ես ինչ եմ զգացել ամեն անգամ պարտվելիս` փողոցում, ընտրություններում, համալսարանից դուրս մնալիս, խմբագրությունս փակելիս, ընդհատակում, բանտ նստելիս: Դուք գիտե՞ք` ինչ ա նշանակում ամեն անգամ պարտվել, ամեն անգամ հուսախաբ լինել, ամեն անգամ ձախողել, ամեն անգամ վերականգնվել, նորից հույս գտնել, նորից առճակատման գնալ: Ամեն անգամ պարտության ակունքները, պատճառները գտնել: Ասում ա` հա, ես էն Նիկոլն եմ, որ ասում էր` ես իմ ամեն քվեին տեր եմ կանգնել, ու որ խուլ մեղադրանք կար էդ ամենի մեջ ձեր նկատմամբ, որ դուք չեք քվեարկել, ոչ թե ես իմ խոսքին տեր չեմ եղել, որ ես էլի պարտվել եմ: Ես Նիկոլն եմ, որն ասում ա` եթե մարդիկ ցանկանան փոփոխություն, էդ փոփոխությունը կլինի, ու էդ ամենի մեջ խուլ մեղադրանք կա ձեր նկատմամբ, որովհետև ամեն անգամ, երբ ես դուրս եմ գալիս առճակատման, տեսնում եմ, որ մենակ եմ: Դուք ինձնից փոփոխություն եք ակնկալում ու ինձ մենակ թողնում: Ու ես իրավունք ունեմ, չէ՞, ձեզ մեղադրելու, ասելու, որ սա իմ պարտությունը չի: Բայց ես որոշել եմ ոչ մեկի վրա էլ չգցել պարտությունս: Ե՛ս եմ պարտվողը, ես պարտվել եմ, պարտվել եմ, բայց ի՞նչ անեմ, ի՞նչ կարող եմ անել: Ես ուրիշ ճանապարհ չգիտեմ: Ես նորից դուրս եմ եկել պայքարելու: Ընդունիր քո բազմիցս պարտված առաջնորդին ու արի ինձ հետ` նորից պարտվելու կամ գոնե մի անգամ, մի վերջին ճիգով հաղթելու համար: Այլևս միայն ինձ եմ վերագրելու պարտությունը, այլևս չեմ ասելու, որ դու ես պարտության պատճառը, տե՛ս, լսի՛ր, ասում եմ` Ե՛ս պարտվել եմ, ե՛ս եմ պարտվել…

 Ասում ա` դուք ասում եք` ես մենակ ի՞նչ կարամ փոխեմ, մենակ ինձնով ի՞նչ կարա լինի: Բա ես էլ եմ էդ նույն մտավախություններն ունեցել: Բայց ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում` ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ: Ինչը նշանակում ա, որ դո՛ւ էլ մենակ չես, նա՛ էլ մենակ չի: Մեզ խաբել են, որ մենք մենակ ենք: Ասում ա` եկեք ամենքս մեր բաժին քայլն անենք: Որովհետև ես վստահ եմ, որ սա ծնվող հաղթանակ է մի նոր: Որովհետև ես հավատում եմ, որ սա գրվող պատմություն է մի նոր:

 13.04. 2018

Էսօր քայլերթը մտնելու ա քաղաք, պիտի դիմավորենք: Առավոտն սկսում ենք համալսարանում իրազեկմամբ: Դասադուլի կոչեր ենք անում: Բոլորս միասին հազիվ քսան հոգի լինենք: Խեղճ, աննշան, թույլ: Ներս մտնել չեն թողնում: Տարբեր մուտքերից մտնում ենք կենտրոնական մասնաշենք, բարձրանում գիտխորհրդի դահլիճի մոտ: Վահանն ուզում ա անպայման Իմ քայլ-ի բուկլետը գիտխորհրդի դահլիճին կպցնել: Կպցնում ա: Ֆոտո եմ անում: Վայրկյաններ ա տևում: Մոտենում ա տարածքը հսկող համազգեստավոր մի կին, պոկում ա: Վահանն ասում ա` ինչի՞ եք պոկում: Ասում ա` էստեղ չի կարելի: Ասում ա` բայց էստեղ էլի բաներ կան կպցրած, միայն սա՞ չի կարելի: Ասում ա` չի կարելի և վերջ: Վահանն ասում ա` վերադարձրեք հենց հիմա: Կինը պատռում ա բուկլետն ու շպրտում Վահանի վրա: Ի՞նչ անել: Անզորության զգացողություն ա:

 Շարունակում ենք իրազեկել: Աշխարհագրության ֆակուլտետի մոտ երեք-չորս սևազգեստ տղաներ ասում են, որ իրենք դասի են, խանգարում էինք, դուրս եկան զգուշացնելու, որ հեռու գնանք էստեղից: Մարդ չգիտի` ինչ անի: Կռի՞վ սարքենք: Իմաստը: Երեկ Պտղնիում Նիկոլի հետ պայմանավորվել ենք, որ քաղաք մտնելուց հետո առաջինը համալսարան ենք գալու: Հույսս միայն էն ա, որ որոշումը չի չեղարկվի:

 Հետո գնում եմ շրջանային. պիտի ֆակուլտետ մտնեմ: Տարօրինակ զգացողություն ա, գիշերը երեքին էստեղ թաքուն գրաֆիտի էի անում հենց մուտքի առաջ, իսկ հիմա գնում եմ ամբիոն` գործեր ունեմ:

 Հյուսիսային ավտոկայանում մենք ու քայլերթը միանում ենք իրար ու շարունակում ճանապարհը: Քայլերթով գալիս ենք ու հասնում համալսարան: Կենտրոնական մուտքի դռները փակ են: Հենց աշխարհագրության ֆակուլտետ ենք մտնում առաջինը: Էն, թե առավոտը ինչքան քիչ էինք ու թույլ ու էն, թե մի քանի ժամ անց ոնց շատացած ու ուժեղացած հետ եկանք էստեղ: Աննորմալ զգացողություն ա` հաղթանակի, ուժեղության: Էնքան շատ ենք, որ շնչելու օդ չկա: Համալսարանում բոլոր դռները փակ են, միջանցքներում մարդ չկա: Տպավորություն ա, որ մեր մտնելուց տասը րոպե առաջ համալսարանը լուծարվել ա: Նույնն էլ կենտրոնականում ա: Միայն համալսարանի մի քանի աշխատակիցներ են երևում` երեք-չորս հոգի: Մեկը Գևորգն ա` ռեկտորի խոսնակը: Մոտենում եմ իրեն` ո՞նց ես, Գևորգ: Դե սենց էլի, ժպտում ա: Զգում եմ, որ խոսելու բան չունենք: Ես ու ընկերս հայտնվել ենք բարիկադի տարբեր կողմերում: Կենտրոնականում` Ռեկտորի աշխատասենյակի միջանցքում ենք կանգնած: Քույրս ա իջնում վերևից: Ընկերուհին էստեղ ադմինիստրատիվ բաժնում ա աշխատում: Մոտը հյուր եկած էր եղել: Ասում ա` վերևում բոլորը վախեցած են, խուճապի մեջ: Ասում եմ` մենք իրենց չենք ուտելու, չէ՞: Ասում ա` ինձ ասեցին, որ ձեզ շրջանցելով իջնեմ, զգույշ լինեմ: Զվարճալի ա իմանալ, թե ինչ ա կատարվում իրենց մոտ: Քիչ ա մնում մտածեմ, թե էս ամենը ինքնանպատակ ա, բայց չէ՞ որ մենք մտածում ենք, որ էդպես նաև իրենց համար լավ կլինի:

14.04.2018

Երեկոյան քննարկումը վրանում ենք անում, որ ուղիղ եթերի տակ չընկնենք: Էսօր Հանրային Ռադիո էին մտել: Ես էնտեղ չէի, Արմենի հետ մնացել էինք Ֆրանսիայի հրապարակում: Ուղիղ եթերով էինք հետևում: Վրանում Նիկոլին` բայց գիտես չէ՞, որ հենց ընտրությունն եղավ-պրծավ, նստեցնելու են, ասում եմ` ոստիկանության հաղորդագրությունը ուղիղ տեքստով էդ մասին էր: Նիկոլը մի քանի վայրկյան լռում ա, ինչ-որ կարևոր բանի մասին ա մտածում երևի: Շատ-շատ դուխաթափ ենք բոլորս, չգիտենք` վաղը ինչ ենք անելու, ժամանակ չկա, երկու օրից Սերժին ընտրում են: Քմծիծաղ ա տալիս Նիկոլը, ասում ա` է եթե բան չենք կարենալու անենք, ինձ համար ի՞նչ տարբերություն Ազգային ժողովում նստած կլինե՞մ, թե՞ բանտում: Անսահման հավատում եմ իրեն: Էն պարզ մարդկային դառնությունը, որ հիմա եմ տեսնում աչքերում ու լսում ձայնի մեջ, էն միտքը, որ երևի նորից պարտվելու ա: Օդում կախված ա էն միտքը, թե ևս մի «պարտվել եմ» ա ավելանալու էդ տողին: Բոլորս լարված սպասման մեջ ենք:

Նախաձեռնող խմբի քննարկումն ա: Ես լուռ, լուռ եմ: Գլխումս անընդհատ հնչում ա` ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Հիշում եմ բոլոր ձախողած կամ գոնե չհաջողած, պարտված մանրումեծ շարժումները, բողոքի ակցիաները: Աչքիս առաջ էն օրն ա, երբ Ազգային ժողովի դեմ հավաքված էինք մի քանի տասնյակ մարդկանցով, իսկ ներսում քվեարկություն էր` մտնե՞լ ԵԱՏՄ, թե՞ չէ: Զարուհի Փոստանջյանը ընդմիջման ժամանակ հավաքել էր պատգամավորների քարտերը: Դրսում ցուրտ, ցուրտ էր: Իմ տեսած ամենացուրտ ձմեռն ա, 2013-14 թթ. ձմեռը: Կարգին Հայկոն բալոնով գազ ա բերել, վառել, որ տաքանանք, բայց մենք էն կողմի վրա չենք գնում: Անուշիկը չիր ա բերել, որ ուտենք, որովհետև գիտի, որ արդեն քանի ժամ ա` էստեղ ենք ու երևի բան չենք կերել: Կամ էլ չգիտի, բայց բերել ա: Հետո հիշում եմ Բաղրամյանը, տաք, տաք էր, տաք ասֆալտին քնած եմ: Պարզ ա, որ ոչ մի մեքենա էս ճանապարհով չի քշելու, բայց ես բնազդաբար մայթին եմ պառկել: Մաման զանգել, ասում ա` տուն արի, ասում ա` վտանգավոր ա էդտեղ, ասում ա` եթե ինձ սիրում ես, տուն արի: Ասում եմ` մամ, ո՞նց տուն գամ, դու էդ ի՞նչ տեսակ մարդ ես, որ մենակ քո սեփական էրեխու ապահովության մասին ես մտածում, բա մյուսնե՞րը, բա մյուսները մարդ չե՞ն, ընտանիք չունե՞ն, ես գամ տաք-տաք քնեմ, իրենք ինձ համար մնան ծեծվե՞ն: Ասում ա` լավ, նենց արա գոնե էդ կամեռաների տակ չերևաս: Պարզ ա, որ ոչ թե էստեղ լինելուս համար ա անհանգստացած, այլ էստեղ լինելս իմացվելու: Ես գիտեմ, որ իրենց բազմաթիվ ուղիներով զգուշացնում են իմ մասին, բայց ընտանիքիս անդամներից ոչ մեկը չի փոխանցում, որ զգուշացվել եմ: Հետո, շատ հետո եմ իմանում, որ էսինչը կամ էնինչը գնացել ա հորս մոտ` գործի տեղը, զգուշացրել, եկել են տուն, մորս զգուշացրել, ախպորս են գտել, զանգել, կապվել, զգուշացրել, բայց ոչ մեկը ոչինչ չի փոխանցում ինձ:

Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Նորից ձմեռ ա, Ազատության հրապարակում ենք, գազի գնի թանկացման դեմ ստորագրահավաք ենք անում, որ դիմենք դատարան: Հազարավորները արդեն հավաքել ենք, բայց քիչ ա դատարանի համար: Նույն ցուրտ ձմեռն ա` 2013-2014: Ես ու Մաքսն ենք հերթապահում: Ցրտից դողում ենք, բայց տաք թեյ գնելու փող չկա մոտներս, ստիպված ՖԲ-ում ստատուս ենք գրում, որ թեյ բերեն հրապարակ: Արձագանքում են: Հետո նորից երթի ենք: Հիմա արդեն աշուն ա: Երևի Ոչ-ի երթն ա: Նիկոլի վրա զայրացած եմ, Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ ա հռչակել: Հետո նորից երթ, սա էլ երևի անոնիմուսների երթն ա, ամեն տարի անում ենք` ավելի շատ ի սոլիդարություն Շանթ Հաարությունյանի: Հետո Խորենացի փողոցում ենք, գիշեր ա: Կողքս Անուշիկն ու Մաքսն են կանգնած: Մեր դիմացի շարքերից ինչ-որ շշեր են սկսում շպրտվել ոստիկանների վրա: Մաքսը վազելով գնում ա առաջ` մի՛ շպրտեք, չշպրտե՛ք, մի՛ արեք: Անուշիկի դեմքը լուսավորվում ա աչքիս առաջ, ինչ-որ ուժեղ ալիք մեզ շպրտում ա էս կողմ-էն կողմ, ու բոլորս սկսում ենք անիմաստ ու անկանոն վազել: Շնչահեղձ եմ լինում: Առաջին անգամ եմ զգում արցունքաբեր գազի ազդեցությունը:

Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Դատարանում եմ: Մի քանի հոգով նստած ենք: Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանին դուրս հրավիրեցին դահլիճից` անհարգալից վերաբերմունքի համար: Ընդմիջումից հետո մեզ էլ արդեն չեն թողնում ներս մտնենք: Հետո վարչական դատարանում եմ, Մաքսին մեղադրում են ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Հետո քաղմասում եմ: Ոստիկանը ասում ա` ձեզ էնտեղ լինելու համար էդքան վճարում են, մեզ մեր նույն աշխատավարձն են տալիս գիշերները չքնելու համար: Ապշելու բան ա: Երբեք չէի պատկերացնի, որ իրենց էդպես ա մատուցվում էս ամենը: Հետո տանն եմ: Երեք ոստիկան Էջմիածնի բաժնից եկել են հորս հետ ու ասում են, որ եղբայրս բաժնում ա, մինչև չներկայանամ, բաց չեն թողնի: Հարցնում եմ` ի՞նչ կարիք կար մարդ առևանգելու, կարելի էր ուղղակի ծանուցագիր ուղարկել: Հետո նորից փողոցում եմ` նստացույցի, հետո նորից երթի մեջ եմ, հետո նորից` դատարանում, հետո նորից` ոստիկանությունում, հետո նորից` ՀՔԾ-ում, հետո նորից…

Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ, որ այլևս երբեք փողոց դուրս չեմ գալու ու էս անգամ էլ էի խոստացել: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Գազի գինը թանկացավ, դատարանը կարճեց ստորագրահավաքով դիմած գործը ու թողեց օդի մեջ: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Հայաստանը մտավ ԵԱՏՄ: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Հոսանքի գինը թանկացավ, Բաղրամյանը բացվեց: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Շանթ Հարությունյանը շարունակում ա բանտում մնալ: Հայկին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման: Գևորգը անազատության մեջ ա: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: ՀՀ-ն ընդունեց նոր սահմանադրությունը, այսուհետև մենք խորհրդարանական երկիր ենք` սուպերվարչապետով: ՀՀԿ-ն մեծամասնություն ապահովեց խորհրդարանում:

Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Պարտության իմունիտետով ենք դուրս եկել պայքարի: Թվում ա` էլ ոչ մեկս կորցնելու ոչինչ չունի: Ամեն ինչ կամ ոչինչ: Երկիրը անժամկետ հանձնել ՀՀԿ-ին` գոնե ինձ համար նշանակում ա փակել Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը: Ճգնաժամային իրավիճակ ա, Ֆրանսիայի հրապարակում հազիվ 2000 մարդ հավաքված լինի էսօր: Օր-օրի նվազում ա հանրահավաքի մասնակիցների թիվը, իսկ մենք հետդարձի ճանապարհ չունենք, չենք թողել ինքներս մեզ համար: Կողքիս նստած են մարդիկ, որոնց հետ կարելի ա գնալ նույնիսկ մեռնելու: Մարդիկ, որոնք դեռ չեն տեսել, բայց հավատում են: Հավատում են, բայց կասկածում են: Սիրուն, սիրուն մարդիկ, որոնք, անհավատալի ա, բայց մի ամիս հետո լինելու են ՀՀ կառավարությունը: Եթե էդ պահին ինձ մեկը նման բան ասեր…

23.04.2018

Քաղաքում ցնծություն ա: Աղմուկ: Անծանոթ մարդիկ իրար շնորհավորում են: Գրկում: Լացում: Ուրախության բացականչություններ արձակում: Ցնծություն: Ծաղիկներ: Հրավառություն: Ազդանշաններ: Դրոշներ: Արցունքներ: Վազելով գնում եմ դեպի Հանրապետության հրապարակ: Իլիկի բալկոնից չորս-հինգ խենթեր ձայնը կտրվելու աստիճան բարձր գոռում են` կեցցե՜ Սիրո և Համերաշխության հեղափոխությունը: Առաջին անգամն եմ լսում հետագայում հեղափոխության կարգախոս դառնալիք արտահայտությունը: Պատահաբար տեսնում եմ Միքոյին: Մեզ անհրաժեշտ չեն իրար բառեր ասել, խոսել էն մասին, թե ինչ ենք երազել, թե ոնց ենք երազել: Խոսել էն մասին, թե որքան անհավանական ենք համարել անարյուն հեղափոխությունը: Թե ինչ մեծ հնարավորություն ենք համարել դա մեր երազած երկիրը կառուցելու համար: Մեզ անհրաժեշտ չի իրար ասել, թե որքան երջանիկ ենք: Իրար գրկել ենք փողոցի մեջտեղում ու լացում ենք: Հազիվ կարողանում եմ արտաբերել անհրաժեշտ մի քանի բառը` ի՜նչ սիրուն էինք երազել, Միքո, ի՜նչ սիրուն էինք երազել…

5969 դիտումների քանակ 11 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>