ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ / ՄԻ ՍԵՐՆԴԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Արքմենիկ Նիկողոսյան
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Կանցնեն շատ տարիներ, և ծերությունից օրեցօր ահագնացող մենության տագնապը ցրելու համար իրենց արխիվները թերթող բազմաթիվ հայ գրողներ կհիշեն այն հեռավոր օրը, երբ առաջին անգամ «Գրեթերթի» սենյակը մտան: Փոքրիկ, չորս աթոռ-մեկ բազմոցով, մեկ դանդաղաշարժ համակարգիչով, սովետից մնացած հեռախոսով, ճեփ-ճերմակ պատերով մի խուց էր «Գրեթերթի» այն ժամանակվա սենյակը, ընդ որում՝ չորս աթոռներից երկուսն անձեռնմխելի էին, քանզի հավերժական է այդ սենյակում Գուրգեն Խանջյանը, և Հովհաննես Գրիգորյանը դեռ չէր նշանակվել ՀԳՄ քարտուղար, և չէր տեղափոխվել վերև՝ նոր կաբինետ, մի աթոռին էլ համարյա միշտ ես էի վեր ընկած, ու մնում էին՝ մեկն ու բազմոցը, ով հասցնում-նստում էր, մյուսները շարվում էին պատերի տակ, նստում սեղաններին ու լուսամուտի գոգին, իսկ երբ ավելի շատացանք, ու շատանալու հետ՝ մտերմացանք, միմյանց ծնկներին էլ էինք նստում…
Սկզբում սենյակը հանդիպելու, այսպես ասած՝ նախավարժանքի տեղ էր՝ Կլոր սրահ բարձրանալուց և ընթերցումներ ու բուռն քննարկումներ կազմակերպելուց առաջ, որից հետո նաև այսպես ասած՝ հանդերձարան էր, որտեղ լիցքաթափվում էինք: Այսինքն՝ սկիզբն էր ու վերջն էր: Պատերի լուսանկարները դեռ չկային, որ այդպիսի պատ կլինի ապագայում՝ մտքներովս էլ չէր անցնում, բայց սենյակ մտնողները գնալով ավելանում էին, իհարկե, մեծ մասը՝ միանգամյա այցելության էին, հիասթափվում-գնում էին՝ հանճարը չէինք գնահատել, բայց կային, որ համառ էին, գալիս, չէին գնում, բանաստեղծություններ էին բերում, պատմվածքներ էին բերում, կարդում էինք, երբեմն կոպիտ, երբեմն նուրբ, երբեմն ակնարկելով՝ ասում էինք հույս չկա, շատ պիտի կարդաս՝ շաբլոն նախադասությունն էինք ասում, բայց չէին գնում ու չէին գնում, ու նրանցից ոմանք այնքան մնացին, վերջը մենք սխալ դուրս եկանք:
Եվ այսօր նրանցից շատերի՝ գրականության մարդու ինքնավստահ տեսքին նայելիս՝ դժվար եմ հավատում, թե հենց իրենք էին, որ այն հեռավոր օրերին առաջին անգամ «Գրեթերթ» մտան՝ դուռը, անգամ բաց, մի տասն անգամ ծեծելով, գլուխները դեպի պայծառ, իրենց կարծիքով՝ ապագան՝ փայլող աչքերով, եթե տղերք էին՝ ձեռքներին կամ ետևի գրպանում, եթե աղջիկներ էին՝ պայուսակում թղթերի տրցակներ…
Խանջյանն այն ժամանակ էլ համեստ չխոսկան էր, բան չէր ասի՝ եթե չխոսեցնեին, Հովհաննես Գրիգորյանն իր ոճի մեջ էր՝ հանդուրժող, բարի, ընտիր զրուցակից ու խորհրդատու, բայց ինչպես ասում են՝ «տակտիչնի» կծող, Արփի Ոսկանյանն էր շատ հաճախ այնտեղ լինում՝ միշտ կտրուկ ու նաև երբեմն հեգնող, ես՝ խոստումնալից գրականագետի իմ հավակնությունները, աչքի ընկնելու իմ ձգտումները այդ նորեկների վրա անպատկառորեն փորձարկող, պարբերաբար «դասական» երիտասարդ գրողներն էին լինում՝ Հրաչյա Սարիբեկյանը, Մհեր Բեյլերյանը, Հուսիկ Արան, մյուսները՝ իրենց հեղինակությամբ` հեչ որ չէ՝ հրատարակած գիրք ունեին և ՀԳՄ անդամ էին…
Իսկ Կլոր սրահում քննարկումները, մեղմ ասած՝ բուռն էին: Ցանկացած բանաստեղծություն, պատմվածք, անգամ գրականագիտական հոդված՝ քաղաքացիություն էր ստանում հենց այնտեղ, լուռ Խանջյանի, ուշադիր ու դատող Հովհաննեսի, և մնացած բոլորի՝ մանրակրկիտ վերլուծություններով… Հիմա եմ զարմանում՝ ինչպե՞ս էին կարողանում այդքան երիտասարդ ու այդքան պարտաճանաչ լինել և յուրաքանչյուր հինգշաբթի նույն ժամին հավաքվել այնտեղ: Հետագա տարիների ընթացքում հաճախ ենք փորձել գոնե մի հավաք կրկնել նույն կազմով. զուր… Մեկ-մեկ մտածում եմ՝ գուցե աշխատանք չունեինք ա՞յդ պատճառով, ամուսնացած չէինք, ինտերնետ ու համակարգիչ չունեինք ա՞յդ պատճառով… Չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ էինք սիրում գրականությունը, ու չգիտեմ՝ դա բավարա՞ր էր…
«Գրեթերթն» այդ քննարկումների արդյունքում ծնվեց: Այդքան պատմվածք, բանաստեղծություն ու հոդված էր գրվում, իսկ Հայաստանի գրական մամուլն էլ՝ խեղճուկրակ, մի երկու-երեք անուն, ու հետն էլ՝ կարելի է ասել՝ զավթված ոչ երիտասարդ գրողների կողմից: Ճիշտ է, մեկ-մեկ մերոնք սողոսկում էին, բայց դա ի՜նչ էր գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի գրական մեծ համայնքի «դաբրո»-ն ստացող ստեղծագործությունների ու հեղինակների համար…
Չխոսկան Խանջյանի մի խոսուն քայլն էր պետք՝ «Սատիրիկոնի» փոխարեն երիտասարդական թերթ տպագրել, ու գնա՜ց… Հավաքվեցին, անունը հորինեցին, նյութերը ընտրեցին, խմբագրեցին, սրբագրեցին, Անահիտը լուսանկարեց հեղինակներին, ուղարկեցին տպարան, բերեցին, թերթերի կրպակներով մեկ բաժանեցին, անգամ՝ իրենք թերթ վաճառող դարձան ու փողոցներում «Գրեթերթ» ծախեցին… Բացառիկ համերաշխություն, որ վախենամ՝ էլ չի լինի, ու այդ վախենալուց է, որ հուսահատորեն եմ կարոտում այդ օրերը, թեպետ «Գրեթերթը» կա՛, շարունակվում է, տասը տարեկան է…
Տղե՜րք, ես կարոտել եմ ձեզ անտանելի, այդ օրերի ձե՛զ եմ կարոտել…
Հրաչ, կարոտել եմ քո Կիրովականից Երևան գալն ու մի թեթև հարբած մուտքդ «Գրեթերթ», որի առաջին զոհը Հարենցն էր, որ նրա բանաստեղծության մի բառը՝ «ցփնեմ», որը գինովցած ուղեղդ եսիմ ինչ հարթություն էր դուրս բերել, ու խնդում ու խնդում էիր օրեր շարունակ…
Սաք, գիտե՞ս ոնց եմ ուզում էն առաջին օրը կարդացած բանաստեղծություններդ էլի կարդալ, էն չխոսկան վիճակներդ գիտե՞ս ոնց եմ կարոտել, խոսքաշեն Սաքո, ու քո սուսուփուս ջուր առնելը Դավթյան Աննային…
Ու Համբարձումի «Կատյան», որ այնքան կարդացինք ու այնքան քննարկեցինք, իսկ արդեն «Գրեթերթում» տպագրելու համար ես ու Դանիելյան Վահրամը որոշեցինք, որ վերջում մի բան պակաս է ու «Իսկ սրբիչը Կատյան տարել էր իր հետ» տողն ավելացրինք, և համարի քննարկմանը՝ «Համո, էն վերջին տողը շշում էր»՝ ու Համբարձումի ինքնագոհ կեցվածքը, և «Ընտիր էր, բայց էն վերջին տողը համը հանում է»՝ ու Համբարձումի բողոքը՝ «Արքոն ու Վահրամն են դրել»…
Ու Սմբատի կոնստրուկցիան ու դեկոնստրուկցիան եմ կարոտել, որ կիրառում էր ամեն արժող-չարժող տեքստի առիթով, ձմռան կեսին կարճաթև վերնաշապիկ հագնելը, Թոնդրակ-Սմբատ դիլեման եմ կարոտել, որ ամեն առիթով փորձում էր փիլիսոփայորեն ներկայացնել, ու նրա մատների յուրօրինակ պտտախաղը, որը ներվայնացնում էր մեզ և մղում դեռ չլսած՝ չսիրել Սմբատի բանաստեղծություններն ու քննադատել անխնա, ու Սմբատի՝ դա ջոկելն ու նենգորեն հաջորդ հինգշաբթի Գյոթեի բանաստեղծությունը իբրև սեփականը ներկայացնելը, կրկին անխնա քննադատվելն ու ի պատասխան շշպռելը մաքուր գրական հայերենով՝ «Պարզ է ձեր դրդառիթը: Իմացեք, որ այս բանաստեղծությունը գրել էի ոչ թե ես, այլ Վոլֆգանգ Գյոթեն»…
Քո արծաթագույն 06-ն եմ կարոտել, Արամ, որ երբեք չնստեցի, որովհետև առիթ չեղավ, բայց մեր հպարտության առարկան էր, որովհետև մերն էիր, գրող էիր ու մեքենա ունեիր, այսինքն՝ կարող էինք մեքենայով պտտվել քաղաքում, այսինքն՝ մենք էլ մեքենա ունեինք… Ու քո Իտալիայի հավաքականի մայկան եմ կարոտել, որով առաջին անգամ «Գրեթերթ» եկար՝ Վերնիսաժ կատվիդ ծախել տանելու մասին ինչ-որ պատմվածքով, ու իմ այսօրվա հեռվից՝ ծիծաղելի հարցը՝ «Ապեր, իսկ կարդացած տղա՞ ես: Ի՞նչ ես կարդում»:
Ու մեր «խաչհամբույրները», որ հաց-երշիկ-օղի եռամիասնությունն էր ապահովում ու հինգշաբթիները դարձնում տոնական…
Ու Գեմոյի բանակի քեֆը Կլոր սրահում, որ այսօրվա հեռվից՝ համեստ, բայց այն օրերի համար անխղճորեն ճոխ ու առատ սեղանով նշանավորվեց…
Ու Հուսիկի գիշատիչ հայացքը՝ սիրուն աղջիկներին տեսնելիս, ու հուսահատությունը՝ տղերք, դուք համ ջահել եք, համ ինձնից սիրուն, սրանք ինձ շան տեղ չեն դնի…
Ու մեր ֆուտբոլնե՜րը Ծաղկաձորում… Ու գրականագետների գրեթե մշտական հաղթանակները գրողների նկատմամբ, ու Հայկի սեյվերը, ու Վահրամի փոխանցումները, Արեգի ու Արտոյի դրիբլինգները, ու Աշոտի նասկիները՝ ոտաբոբիկ խաղալուց ծակված…
Ու մեր մաֆիանե՜րը… Ու Արմենի անստույգ գույնը, ու Հակոբյան Հասմիկի մշտական կասկածը Արմենին, ու արցախցի Վիտալիի ինքնասպանությունը հերթական գիշերը, երբ մյուս մաֆիոզները լքել էին խաղը…
…Կարոտել եմ ձեզ ու այդ ամենը, որովհետև այլևս «Գրեթերթի» սենյակ չենք գնում կամ հազվադեպ ենք գնում, ու ձեզնից շատերը չգիտեն երևի, որ սենյակի տեղը փոխվել է, թեպետ լուսանկարներն ամբողջ պատը ծածկելու չափ շատացել են, ու հավերժորեն այնտեղ է Խանջյանը: Գիտեմ, աշխատանք ունենք, ընտանիքներ, որոնցից մի քանիսը հենց «Գրեթերթում» կազմավորվեցին, չեք հասցնում, մանավանդ որ՝ ինտերնետ ու համակարգիչ կա…
Բայց իմացեք, որ չի լինի այդ օրերի պես անուշ ուրիշը, այդ էժանագին կերուխումների պես անուշ ուրիշը, այդ գրականության պես հզոր ուրիշը, այդ վեճերի ու համերաշխությունների պես քաղցր ուրիշը, այդ «Գրեթերթի» պես ուրիշը, թեպետ գալիս են նորերը, գուցե՝ մեզնից լավերը, բայց էլ չի լինի այն երազանքների պես ուրիշը, որ մերն էր այն ժամանակ, ու որ իրականություն է արդեն, և որին տեր չկանգնելու իրավունք պարզապես չունենք, տղերք…

3267 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>