Վերջ չունեցող ճանապարհը Արամ Պաչյանի Օվկիանոսում / Ալա ԽԱՌԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Լինել Դեգա
…Դեգան աշխատում է իր նոր կտավի վրա դանդաղորեն, անվերջանալի բծախնդրությամբ, վրձինը գրեթե չի ցնցվում: Նա երբեք չի շտապում նկարել և երբեք չի ավարտում նկարը:

Գրական պատումների ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել առանց գիտականության տեքստագրում, որը միշտ շաղախում է գեղարվեստը ու այն զրկում պարզ լիրիզմից: Նման դեպքերում ամենակարևոր հենքը, որը բանարվեստի վերածելը հեղինակի գրողական կարողության չափանիշ է, հիմնականում փորձառությունն է. որքանով է կյանքից, առօրյայից ստացած փորձը կոմպոզիցիոն հարաբերություններում իմաստավորվում ու ինչպես է իմաստավորվում, էական է դառնում այն գրականության մեջ դիտարկելիս: Թե ինչպես է այս մոդելը գրականություն դառնում, օրինակ, Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուում, դրան հետևել սկսելու մի արահետ էլ կարող է լինել պատմվածքներ և էսսեներ բնորոշումը, որն ի վերջո չի հստակեցնում, թե «Օվկիանոսի» ալեբախումներից որոնք են էսսե, որոնք՝ պատմվածք: Դա թողնված է հասցեատիրոջ փորձառությանն ու անգամ ենթադրելի է, որ կամ միտումնավոր է խաղ ստեղծվում ընթերցողի ինտելեկտուալ մակարդակի հետ և նրան շփոթության մատնում որոշ տեքստերի ընթերցման մակարդակում, կամ՝ գուցե նաև անտեսվում է ժանրի քայքայման հարթությունում որևէ ժանրի հստակեցման անհրաժեշտությունը, որը կլինի իր հերթին հեղինակի՝ տվյալ ժանրին տված բանաձևումն ու վերաբերմունքը: Այս վերջինը իր հերթին հանգեցնում է ժանրային բնորոշման պատասխանատվությունից փախուստի, ինչը նորից խաղ է ստեղծում ընթերցողի հետ: Այդ խաղի արդյունքում երբեմն հերոսը տարորոշ է, ու հաճելի է այդ տարորոշությունը, որն անգամ փորձառու ընթերցողին չի զսպում ինքն իրեն հարցնելու՝ ո՞վ է հերոսը, քանի որ պատմվածքն ու էսսեն գենետիկորեն այլ հերոս են պարտադրում ու պահանջում, էսսեի հերոսը միշտ նույնանում է հեղինակին, իսկ Պաչյանի ընթերցողը հեղինակի հետ հերոսին նույնացնելու անընդհատական գայթակղիչ ծուղակի մեջ է, քանի որ ժանրը անորոշած է: Միտումնավոր կամ ոչ՝ խուսափելով ժանրային բնորոշումից, արդեն գրի պատմություն դարձած տեքստի հետ ընթերցողը մնում է մենակ՝ առանց հեղինակի միջնորդության:
Ժանրերի չտարորոշումը, ըստ ամենայնի, տեղիք է տալիս այդ խաղի առկայացմանը՝ որոնելու հերոսին, ու ընթերցողը միշտ այս տարօրինակ խաղի մեջ է ընթերցման ողջ ընթացքում: Ցանկացած պրոֆեսիոնալ ընթերցող գիտի, որ էսսե տիտրված ստեղծագործությունը ենթադրում է հեղինակի՝ որպես հերոսի ներկայություն, որ հեղինակը ինքն իրեն կարող է դարձնել իր հերոսը: Ընթերցելով Օվկիանոսը և նամանավանդ Իր մասին շարքը՝ անհնար է չնկատել Իր մասին-ի կերպարաստեղծման քիչ տարածված ու հաճելի անսովորությունը, որը սակայն շատ հարազատ կապ է ստեղծում արդեն ծանոթ էսսեիստական ոճով գրվածքների հետ (ինձ համար դա առաջին հերթին Ինտրայի աշխարհն է ու Մոնտենի փորձառությունը): Պաչյանի մասին-ով շարակցված վերնագրերը բավականին խոսուն հղում են Միշել Մոնտենի փորձերին, որտեղ մասին-ով պայմանավորված ընդհանուր տեքստը կտրտված է ու շարունակ հավաքվում է մանր դետալներով, որոնցում ինքնորոշվում է անհատը, որին ձգտում է ամբողջացնել հեղինակը և որը պատկերում է հեղինակը: Իր մասին շարքում հեղինակը միշտ հեռանում է որոշարկումից, և երբեք ուղիղ ձևով չի տրվում որպես նկարագրության առարկա՝ իր Դեգայի մասին, իր Շիելի մասին, իր սիգարետի մասին, իր Էգոնի մասին, իր օրագրի մասին, իր վերջին կղզու բնակչի մասին…, որտեղ ուրիշի մասին-ով ես-ի համար միտումնավոր ստեղծվում են հեղինակի ներքին շրջանակները, կորչում Ուրիշի մեջ: Իր մասին ու մնացյալ շարքերում ես-ը հանդես է գալիս ոչ թե որպես համընդհանուր, այլ կտրտված, տրոհված: Որպես պատումի կտրտվածություն, ընդհատություն՝ հեղինակն այնքան է տարբերվում ինքն իրենից, որ հանդես է գալիս որպես ոչ ես, ուրիշ, օտարված, որը ինքնակենսագրության հակապատումն է և ժխտում է հեղինակի անձնականությունը: Եվ այստեղից էլ սկսում է խաղը ընթերցող հասցեատիրոջ հետ: Էսսեի ժանրային հատկությունների մասին խոսելիս՝ Մ.Էպշտեյնը, ելնելով Մոնտենի փորձերից, որոնց մեծ մասն ունի մասին կապով շարահարված վերնագրեր, գրում է, որ էսսեի կառույցի հիմքում միշտ մասինն է, քանի որ հեղինակը սկզբունքորեն երբեք չի կարող ինքն իրեն ավարտուն բացահայտել, որովհետև ըստ հեղինակային էության՝ անավարտելի է: Այդ պատճառով հեղինակը որոնում է մասնավոր փոքր իրավիճակներ ու դրվագներ ու խոսում դրանց մասին, որպեսզի դրանց սահմանները ողողելով հասնի այն անսահմանությանը, որը կանգնած է նրա հետևում, որը զանցում է նրան:1 Պաչյանի տեքստը՝ սկսած Ռոբինզոնից ձգտում է հավերժական անավարտության, հավերժական պրոցես, որը ստատիկ է իր հավերժական անավարտությամբ, ու դա երևում է ոչ միայն հարասացություններ ունեցող պատումից, այլ նաև հերոսին մեկնաբանող նույնահենք մետաֆորներից, օրինակ՝ հավերժ ներկա թութակը, Հիսուսն ու օրագիրը, Ռոբինզոնը, սենյակը, բանանն ու կղզին, որոնք սկզբից պատմվածքների հերոսների ներքին շրջանակներում են տեղավորված («Ռոբինզոն և 13 պատմվածք»), հետո «Օվկիանոսում» շարունակում են իրենց գործառույթները, ավելին՝ գործից գործ ավելի են զարգանում ու ազդում ամբողջ կոմպոզիցոն համակարգի վրա՝ այն կապելով ընդհատվող դրվագներով և ապահովելով հեղինակի ներքին շրջանակների առկայությունը ստեղծագործության մեջ:2
Հեղինակին մեկնաբանող Իր մասին-ի տեքստերում արվեստագետների մասին արված դատողությունները նուրբ հղում են պարունակում՝ հեղինակի՝ սեփական ես-ը ընթերցողին ճանաչել տալու թաքցրած փորձ, և այդ հղումներում էլ թաքնվում է պարադոքսային ճշմարտությունը հերոսի ով լինելու հետ կապված՝ այն հեղինակն է և հեղինակը չէ, այն հեղինակին նայելու հայացքն է, բայց նաև այն հայացքն է, որը հառված է աշխարհին: Կերպարների վերլուծությունում սղագրել նաև սեփական եսը. Դեգայի շարժումի ներկայությունը ուղիղ համետական դարձնել այն վերլուծող հեղինակի՝ Պաչյանի գրին՝ միշտ գրվող ու չավարտվող, չամբողջացող ներկային, նկարելուն, բայց ոչ նկարին, գրելուն, բայց ոչ ամբողջական գրին.
«Նա այնքան շատ էր սիրում նկարել»:
Լինել Դեգա
Մնալ Դեգա
Իր մասին-ի բոլոր պատմվածքներում ինքնավերլուծության հենքը բաց տեքստն է՝ անկեղծության չափաբաժինը, որն էլ ժանրային հատկություն է, ու այդ անկեղծությունն էլ իր հերթին պատրաստում է ընթերցողի գայթակղությունը՝ նույնացնելու իր հերոսին ու հեղինակին. Էգոնի մասին վերլուծությունների մեջ աչքի է զարնում Պաչյանի տեսածը՝ Էգոնի կերպարները քարացնում են իրենց ազատ լինելու հաճույքից, սա հեղինակի՝ արվեստին մոտենալու ձևն է ու տարածվում է Պաչյանի արվեստի վրա (հղում տալով գրականություն ուսումնասիրող ուսանողներիս՝ վկայեմ, որ առաջին մեծ բանը, որ իրենց կարծիքով բնորոշում է Պաչյանի պոետիկան, անկեղծությունն է), իսկ այդ անկեղծությունը հաճույք պատճառող անկեղծություն է, անգամ նվաստացնող թվող ճշմարտությունից չամաչելու անկեղծությունն է: Պաչյանական պատումը անկեղծության խաղաղ ձև է ընդունում, անկեղծության մի այնպիսի չափաբաժին, որը ոչ միայն ընդհանրացնում է սեփական փորձը, այլև թույլ է տալիս իրեն վերլուծել որպես սովորական մարդ ու անհարմարություն չզգալ այդ անկեղծությունից: Հետաքրքիր է, որ անկեղծության համար հեղինակը ընտրում է գիրը, գրի մեջ՝ թութակին, Հիսուսին, որոնք էլ գրի մեջ հենց գրի մետաֆորն են, այսինքն՝ անկեղծ լինել սեփական տեքստի հետ3՝ ինքանխոսության հնարավորություն ստեղծելով:
Պաչյանական ամբողջ պատումը հիշեցնում է անավարտ զրույց ինքն իր հետ ու աշխարհի հետ: Ինքն իր հետ-ը սկսվում է Ռոբինզոնից: Առաջին պատմվածքից մինչև «Օվկիանոսի» վերջին տողը որոնված ու գտնված տարածքը առանձնությունն ու միայնությունն է՝ հերոսի համար, հեղինակի համար այդ առանձնությունն ու տարածքը տեքստն է, որի հետ կղզիանում է ու փորձում ճանաչել՝ գրելու արարքով ինքն իրեն՝ հեղինակին, գրի մեջ՝ կերպարին, կերպարի բացահայտումը հատվում է սեփական եսի ճանաչումի հետաքրքիր գեղարվեստական կառույցին: Ու անընդհատ արտաքին աշխարհը ներխուժում է՝ փորձում շեղել գրի տարածությունը՝ կղզու հնարավորությունը: Հետաքրքիր է, որ հենց «Ռոբինզոնում» են դասավորվում ու տեղակայվում հերոսին՝ ընթերցողի համար մանր դետալներով կառուցող խորհրդանիշները՝ մահճակալը, պատուհանը, պատը և բանանը:
«Գրքերի լռության մեջ խնամքով լրացնում եմ օրագիրս» (էջ 11):
Օրագրի առկայությունը շատ մետաֆորիկ է, այն գրի մետաֆորն է, որ ենթադրում է ըստ իր էության մանրուքներով, դանդաղ ու հատվածաբար ստեղծել օրագիր, բայց երբեք չամբողջանալ, գրել այն օրերի գիրը, որը երբեք չի ավարտվում, քանի որ ավարտը վախճան է, մյուս կողմից՝ սեփական եսի արտացոլումը դրա մեջ, իսկ մի այլ կողմից՝ իր տեքստի արտացոլումը մի այլ տեքստի մեջ՝ օրագրի հնարքի կրկնությամբ: Փոխադարձ արտացոլման այս հնարքը, հավերժական կրկնությունները, իրեն այլ-ի մեջ տեսնելը, նմանություններն ու դրանցով պայմանավորված այնուամենայնիվ իր-ի, այսինքն՝ տարբերի մեջ մնալը հենց այդ համակարգն է: Արտացոլման հնարքը կիրառական մի ձև է նաև Թութակին ու սեփական գիրը որոշ տեքստերում նույնացնելը, Հիսուսին ու թութակին նույնացնելը պատմվածքում, հետո անգամ հոր և որդու կերպարների վերլուծության համատեքստում՝ Հիսուսին ու Աստծուն հոր ու որդու կերպարների հարաբերություններում արտացոլելը, և ի վերջո պատմվածքից այդ մետաֆորների ու դրանց ընկալման նույնության՝ արդեն որպես հեղինակի եսը ճանաչել տալու հնարքի փոխանցումը էսսեի ժանր:
«19 մարտի: Ուրբաթ» օրագրումի կրկնությունը եռակի արտացոլում է՝ Ռոբինզոն-Ուրբաթ և Ռոբինզոն-Հեղինակ (ի դեպ հեղինակի ծննդյան օրը), հեղինակի արտացոլում Իր-ի մեջ և Իր-ի արտացոլումը կերպարում, սրա միջոցով վիզուալ զգայության համար կա երկու հիմնական կերպար՝ հեղինակի արտացոլումը կրողը, որին ի վերջո հեղինակը ձևակերպում է որպես իր և մեկ ուրիշ կերպար, որը բազում այլ կերպարների արտացոլում է մի ամբողջի մեջ: Կաղ տղան հարասվում է հաջորդ տեքստում, հարասվում է հաջորդ գրքում՝ վեպում և օվկիանոսում ու չի ավարտվում, ինչպես և իր-ը:
Ի՞նչ է Դեգայի համար ընդօրինակումը, եթե ոչ մեծագույն նկարիչների էսթետիկան հասկանալու անհագ կիրք:
Նմանօրինակելու այս հնարքը, ինքն իրեն կրկնելու, տեքստի արտացոլումը տեքստից տեքստ տեղափոխելու անընդհատ չսպառվող ու կրկնության նոր լինելիություններ բացող այս ճանապարհը ինքն իրեն հասկանալու, իր տեքստում համոզվելու, իմ՝ ընթերցողիս ունակությունը մարզելու և տեքստին ավելի ու ավելի մերձենալու, նրա հետ ինտիմ հարաբերվելու կարելիությունն է նախապատրաստում: Տեքստն անընդհատ ինքնաբացահայտվում է, գրողն ինքնավերլուծվում է, տեքստը չի ավարտվում, կերպարն էլ չի ավարտվում: Այս առումով անսպառ է նաև մինչև 28-ը տարիքը, որ հեղինակը պարբերաբար շեշտում է: Տարիք, որից հետ է գնում հեղինակը ու որը դեռ չի գերազանցվում այլ տարիքային փորձառությամբ, հետևաբար գոնե 3 ամբողջություններում՝ «Ռոբինզոն և 13 պատմվածք», «Ցտեսություն Ծիտ» և «Օվկիանոս», այն շարունակում է անավարտ մնալ ու բացահայտվել: Ինքն իրեն գտնել Բախում, Դեգայում, Շիելում, Գլեն Գուլդում ու միշտ մնալ արդեն Ռոբինզոնում հերոսի համար գտածում՝ մենության տարածությունում, և որն էլ կերպարի շրջանակից տեղափոխել իր՝ հեղինակային շրջանակ:
Օվկիանոսում՝
Լինել Դեգա ու հեշտությամբ կորել ամբոխի մեջ, բայց միշտ մնալ մենակ:
և հետահայաց՝ Ռոբինզոնում՝
Մենք հանդիպեցինք պապիկիս սքանչելի կղզում՝ հրաշքներով ու տեսիլքներով լեցուն նրա վիթխարի գրադարանում և այլևս երբեք չբաժանվեցինք:
Ի վերջո, որ իմի բերենք ժանրա-կերպարային այս դիսկուրսը, ապա պատմվածք-էսսե որոշ-անորոշության մեջ հեղինակն ու հերոսը տարրալուծվում են, նախորդ տեքստերը նորից հայտնվում, շարունակում լինել ընթացք ու ճանապարհ, հաստատում տեքստի կրկնության ու հավերժական անավարտության մոդելը, որը բոլոր գործերի հետաքրքիր կոմպոզիցիոն միասնություն է ստեղծում:
““““““““”
1. Вопросы литературы, 1987, N 7.
2. Հեղինակային ներքին շրջանակների մասին տե՛ս Ս.-Ա. Հարությունյան, Արվեստի նշանագիտական սահմանները, Եր. 2017:
3. Անգլիացի էսսեիստ Ուիլյամ Հազլիթը Մ.Մոնտենի մասին գրում է, որ նրա արժանիքն այն էր, որ նա առաջինը համարձակվեց ասել այն, ինչը զգացել է որպես մարդ:

1435 դիտումների քանակ 3 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>