Զգայուն մեծերի ու հասուն փոքրերի աշխարհում / Ռոզա ՆԱԼԹԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Գրականության առաջնային առանձնահատկություններից մեկը բոլոր ժամանակներում եղել է ժամանակին համահունչ լինելն ու իրականության պատկերավոր արտացոլումը, սակայն հասարակության մեջ ազդեցիկ տպավորությունն ու գրքի հաջողությունը մեծապես պայմանավորված են ոչ այնքան ժամանակակից կյանքի ճշմարտացի պատկերմամբ, որքան գեղարվեստական ու գեղագիտական արժանիքով: «Հիսուսի կատուն» գիրքն ընթերցողի առջև բացում է հասարակության խոցելի շերտերի կյանքը՝ շեշտը դնելով մարդկային հոգու բարության, խղճի, կարեկցանքի և որ ամենակարևորն է՝ արդարության վերականգնման վրա: Հասարակության մեջ համատարած անարդարությունը գրքում ընդգծվում է ոչ այնքան դեպքերի, իրականության մեջ հակասող խավերի բախմամբ, որքան հերոսների ներաշխարհի, ապրումների հուզական ու դրամատիկ պատկերման միջոցով: Խնդիրը մեկն է՝ թափանցել հերոսների հոգու մութ ծալքերն ու դրա միջոցով վեր հանել ամենայն մարդկայինն ու արդարը, ինչպես իրավացիորեն գրում է Գ. Խանջյանը. «Գրիգը հենց սկզբից իր «շերեփն» այնքան խոր է մխրճել մարդկային հոգու խճճանքների, թնջուկների, պարադոքսների մեջ, որ ակամա վախենում ես՝ կզորի՞ քաշել-հանել-տեսնել, տեսածից չի՞ սարսափի, կտանի՞ … »1:
Գիրքը ստեղծագործությունների հերթականության, պատմվածքների բովանդակության, կերպարաստեղծման տեսանկյունից նկատելի է, որ բաժանվում է երկու մասի. առաջին մասում Երևանն է, մեզ ծանոթ մայրաքաղաքն իր չգնահատված, անտեսված, բայց և արժանավոր մեծերով, երկրորդ մասը անծանոթ Գերմանիան է, հիվանդանոց և մի խումբ խելացի, հասուն երեխաներ: Եթե Գրիգի մեծահասակները երբեմն ընկճվում են, տեղի տալիս կյանքի դժվարություններին ու արդարացիորեն հանձնվում, ապա երեխաները խորհում են, երազում, պայքարում, եթե մեծահասակների շուրջ պտտվում է հուզականությունը, զգացմունքայնությունն ու դրամատիզմը, ապա երեխաների դեպքում ընդգծվում է աշխարհայացքը, միտքը և թվում է՝ հենց այս երեխաների արդարության լույսով ու հույսով պիտի ճեղքվեն այն պատնեշները, որ խոչընդոտում են պուճուր մարդու, «Նկուղի» հերոսների և մյուսների ճանապարհը:
Գրքի առաջին՝ «Պուճուր մարդը» պատմվածքի հերոսը հիսունն անց, ավելի շուտ մուրացկանի տպավորություն թողնող մեկն է, իսկ իրականում սկզբունքային ու հաշվենկատ հասարակությունից վեր կանգնած տաղանդավոր արվեստագետ, հասարակությունը հիանում է հերոսի արվեստով, բայց անհաղորդ է նրա հոգու տխրությանը: Հոգեբանական մեթոդը Գրիգի պատմվածքները քննելու լավագույն տեսանկյունն է: Ռուս հոգեբան Օլգա Պիսարիկը գրական հերոսին դրական և բացասական տեսանկյունով քննելուց բացի առաջարկում է գնահատել հերոսին նաև հոգեբանական և էմոցիոնալ հասունության սկզբունքով (оценивание по принципу психологической и эмоциональной зрелости), հետևելով կանադացի հոգեբան Գորդոն Նյուֆելդի մտքերին, ըստ նրա «հոգեբանական և էմոցիոնալ հասունությունը մարդու կողմից իր անձնական ներուժի իրացման արդյունքն է»2: Օ. Պիսարիկը, ներուժի իրացում ասելով, նկատի ունի ոչ այնքան մասնագիտական իրացումը, որքան մարդու էության իրացումը, բերելով Մ. Ցվետաևայի օրինակը Պիսարիկը գրում է, որ նա մի կողմից հրաշալի պոետ էր, որի պրոֆեսիոնալ, մասնագիտական իրացմանը շատերը կնախանձեին, մյուս կողմից մարդ էր հոգեկան, էմոցիոնալ զարգացման և նյարդային խնդիրներով: Անձնական ներուժի իրացման տեսանկյունից քննելով Գրիգի հերոսներին` նկատում ենք, որ նրանք կայացած մասնագետներ են, պուճուր մարդը, «Մի մարդու քաղաքը» պատմվածքի դասախոսը, «Նկուղը» պատմվածքի հերոսները հասարակության կրթական մակարդակի բարձրացման և գեղագիտական ճաշակի զարգացման գործում մեծ դեր են ունեցել և դեռ կարող են ունենալ, հոգեբանական և էմոցիոնալ զարգացման տեսանկյունից նրանք օրինակելի տեսակ են: Հերոսների համոզիչ դիմագիծը, մասնագիտական և մարդկային տեսանկյունից կատարյալին մոտ լինելն ու անկատար հասարակության հետ բախումը արդարացնում են պատմվածքների դրամատիկ ավարտը: Պուճուր մարդու հոգեվիճակը հասնում է մի այնպիսի կուլմինացիոն պահի, երբ ունեցած ամենաթանկ վաստակը բաշխում է ուրիշներին, ավելի դրամատիկ է նրա վերաբերմունքը ստեղծված իրադրությունում` չի դատում, չի մեղադրում, չի պահանջում, այլ ինքնամփոփ ու զգայուն երեխայի պես արտասվում էր, բղավում, ինչպես միշտ տալիս էր, առանց ստանալու. «Արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ»3: Տեքստի սեղմությունը ևս համոզիչ է դարձնում կերպարը, մեկ լիարժեք դիպվածը բավական է փոխանցելու մի ամբողջ դրամատիկ կենսագրություն. «Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս»4:
«Մի մարդու քաղաքը» պատմվածքի հերոսը ևս պուճուր մարդու նման մուրացկան դարձած, չգնահատված, բայց տաղանդավոր մարդ է: Ի տարբերություն նախորդ պատմվածքի` հեղինակն այստեղ հերոսի ներաշխարհը չի բացում, մենք չենք կարդում նրա ապրումների մասին, չկա բախում հասարակության հետ, փոխարենը տեսնում ենք հերոսի լուռ, անհետ հեռացումը. «Դրսում անձրև էր, և գաճաճը հեռվում կանգնած` դարձյալ նայում էր ու ասես դարձյալ հրճվում. միայն հիմա այլևս ոչ ոք չէր խախտում փողոցի դատարկությունը …»5: Գրիգի մեծահասակները չեն պատմում իրենց մասին, չեն արտահայտում իրենց մտքերն ու զգացմունքները, հեղինակն ինքն էլ շատ սեղմ է տալիս մեծահասակ հերոսների բնութագիրը, ասես դրա կարիքն էլ չկա, հասարակությունը պիտի նրանց լավ ճանաչեր: Պատմվածքի հերոսը իր ուսանողի մեծահոգի քայլից հետո, ով գնել էր նրա ամբողջ գրիչները, անհետանում է և այս զուսպ, հանգիստ պահվածքը, արժանավոր մարդկանց անխռով պարտությունը, պարզ տեքստը դարձնում է խորքային, իսկ պատմվածքն առանձնանում է հուզականությամբ ու դրամատիզմով:
Մեծահասակ հերոսների մեջ ուշագրավ է «Փոքրիկ, մոխրագույն ճամպրուկը» պատմվածքի հերոսն իր յուրահատուկ հետաքրքրությամբ, իր բացահայտած լավագույն քայլվածքների հավաքածուով: Հերոսը միջին հասակի նրբազգաց տղամարդ է, ում հաճախ կարելի է տեսնել Երևանի փողոցներում իր փոքրիկ մոխրագույն ճամպրուկով: Այս հերոսին ևս տեսնում ենք երեխային բնորոշ պարզ ու հուզական հոգեվիճակում, նա իր կորած ճամպրուկը փնտրում էր` դրսևորելով անպաշտպան վարքագիծ, ինչպես կվարվեր երեխան ամենասիրելի խաղալիքը փնտրելիս. «Չհավատալով աչքերին` մոտեցավ նստարանին, սկսեց շոշափել այն տեղը, որտեղ քիչ առաջ ճամպրուկն էր դրված, իսկ երբ համոզվեց որ ճամպրուկն իրոք չկա, արցունքներն աչքերին նետվեց մոտակայքում կանգնած մարդկանց վրա, սկսեց խնդրել, որ ետ տան իր ճամպրուկը»6:
Գրիգի պատմվածքներն աչքի են ընկնում հետաքրքիր գեղարվեստական հնարքներով` կրկնություններ և կապ պատմվածքների միջև, լակոնիզմ, հուզականություն, դրամատիզմ, սրանք հնարքներ են, որ հաջողության բանալի են դարձել նույնիսկ մեծ գրողների համար (Հեմինգուեյ, մեզանում` Մաթևոսյան, Խեչոյան և այլք): Օրինակ, Է. Հեմինգուեյը, ձգտելով լինել սեղմ ու արտահայտիչ, իր ստեղծագործական ճանապարհի սկզբից մշակեց մի հնարք, որը հենց ինքն անվանեց այսբերգի սկզբունք: Այսբերգի տպավորությունը («эффект айсберга»), գեղարվեստական հնարք է, որով ասելիքի մեծ մասը, ինչը ցանկանում է փոխանցել հեղինակը, մնում է ենթատեքստում, ինչպես այսբերգի մեծ մասն է անտեսանելի, թաքնված ջրի տակ: Սա հնարավորություն է տալիս ընթերցողին երևակայելու, ենթադրություններ անելու և շատ հարցերի պատասխաններ ինքնուրույն ստանալու: Իր հերոսների շուրջ պատմելով գոնե մեկ լիարժեք դիպված, այնուամենայնիվ, Գրիգը թողնում է հերոսներին սեփական երևակայությամբ ամբողջացնելու, ճանաչելու խնդիր, այդպիսին են, օրինակ, «Նկուղը» պատմվածքի հերոսները, Գերմանիայում բուժվող երեխաները: «Նկուղը» պատմվածքի հերոսները բախվել են նույն իրականությանը, ինչ «Պուճուր մարդը», «Մի մարդու քաղաքը» պատմվածքների հերոսները: Անարդար հասարակության և իշխանության զոհ դարձած հերոսների նկատմամբ միայն կարեկցանք է արթնանում, և ավելի ողբերգական վիճակում են նրանք, ովքեր մերժված են նաև ընտանիքի կողմից. «Նոր էի պադյեզդից դուրս եկել, մեկ էլ կիռպիչը ուղիղ գլխիս, – ոգևորված պատմում էր,- կնիկս էր, ուզում էր ինձ սպանել, հիմա էլ է ուզում»7:
Եթե սովորաբար արձակը զարգանում է գործողությունների շնորհիվ, դրանց փոփոխմամբ, ապա Գրիգի պատմվածքներում շարժիչ ուժը հերոսների հոգեվիճակն է: Զարգանում, փոփոխվում է հերոսների ներաշխարհը` բերելով հերոսին գերլարված մի հոգեկան դրության, երբ անխուսափելի ու արդարացված է նույնիսկ անհավասարակշիռ վարքը: Հույսը, որ ինչպես պատմվածքի սկզբում է նշվում աղքատների միակ հարստությունն է, աստիճանաբար վերածվում է հուսահատության. «Բա՛ց թողեք ինձ, թոցե՛ք ինձ,- բղավում էր: Երբ ներս մտա, Աշոտը գետնին էր, հայրս և Երանյանը փորձում էին հանգստացնել, բարձրացնել գետնից, սակայն ապարդյուն, նա դիմադրում էր` հարվածելով թե՛ մեկին, և թե՛ մյուսին»8: Գրքի առաջին մասի պատմվածքների համար Գրիգը ստեղծել է հերոսների ներաշխարհի և գործողությունների զարգացման լավագույն դրամատիկ ընթացքն ու ավարտը. անշուշտ պատմվածքները չէին ունենա ազդեցության նույն ուժը, եթե «բարին հաղթեր չարին»:
Գրքի երկրորդ մասով հեղինակը ընթերցողի համար բացում է մի նոր աշխարհ, անծանոթ, մանկական, միևնույն ժամանակ՝ հասուն: Կյանքի դառնություններին ժամանակից շուտ հանդիպած երեխաները դեռ չեն ընկճվել, նրանք ուրախ են, երազկոտ նպատակասլաց, ունեն ծրագրեր և անհամբեր հավատում ու սպասում են դրանց իրականացմանը. «Կամիլը պատմում էր, որ երբ ձեռքերը բուժվեն, առավոտից իրիկուն հեծանիվ է քշելու, ասում էր` հայրը խոստացել է հեծանիվ գնել, միայն ինքը առողջացած վերադառնա… Միշտ այդպես էր, երբ խոսելու ոչինչ չէր մնում, սկսում էին իրենց ծրագրերից խոսել, թե ինչ են անելու առողջանալուց հետո»9: Եթե գրքի առաջին մասում մեծահասակների մոտ նկատվում է նրբազգաց վարք, հաճախ երեխայական զգայունություն ու պարզություն, ապա գրքի երկրորդ մասում երեխաները կարողանում են վերլուծել կյանքը, ժամանակը, իրադարձությունները, մտածել իրենց տեսածի և ապրածի շուրջ: «Ինքնանկար թեյնիկով» պատմվածքի հերոսը իր մանկական, բայց և հասուն դատողությամբ նկատում է անգամ հոր շարժուձևի, քայլվածքի փոփոխությունը, որը ուրիշ երեխաների ուշադրությանը գուցե երբեք էլ չարժանանար. «Հանկարծ փողոցի ծայրին սև կետ դողաց, իսկույն չեմ ճանաչում, միայն մի քանի քայլ անելուց հետո եմ հասկանում, որ հայրս է: Քայլվածքը, շարժուձևը ուրիշ է, ձեռքերը թիկունքին խաչած՝ անշտապ գալիս է, ասես ամեն շարժումը դիմադրության է հանդիպում, պայքարում է ժամանակի դեմ, փորձում կանգնեցնել, դուրս գալ սահմաններից: Այնպիսի տպավորություն է, թե հայրս փոքրացել է, թևերն ու ոտքերը կարճացել են, վիզն ընդհանրապես չկա …»10:
Երկրորդ մասի պատմվածքներն առանձնահատուկ են նաև երկխոսություններով, այս պատմվածքներում համեմատաբար դրանք ավելի շատ են, բացահայտում են երեխաների հարցասեր, հետաքրքրասեր էությունը, ինչպես նաև իրադրությանը համապատասխան հստակ են ու հուզական, երեխաները միշտ խոսելու, քննարկելու թեմա ունեն, դրանք հիմնականում ապագային են ուղված. «Խարան» պատմվածքում նույնիսկ նամակ են գրում Աստծուն: Մանկան պարզությունն ու մեծահասակի հասունությունն առանձնակի գրավչություն են հաղորդում Հայկի կերպարին, անցյալից դառնացած երեխան Աստծու գոյությանը չի հավատում, բայց նամակ գրելու է և գիտի, թե ինչ հարց է տալու նրան. «Ի՞նչ եմ գրելու … կգրեմ. «Ամեն անգամ, երբ լույսն անջատում են, և պառկում ենք քնելու, երբ առաստաղի վրա հայտնվում է կիսաբաց դռնից ներս թափանցող լույսն, ու սենյակում լուռ-լուռ է լինում, ինչու՞ եմ միշտ ուզում լաց լինել»»11
Գրքի երկու մասի պատմվածքներում էլ իրականությունը նույնն է, բայց մի դեպքում դառնությունները չափից շատ են, մյուս դեպքում ժամանակից շուտ, մի դեպքում դժվարություններից նվաղած, փոքրացող մեծեր, մյուս դեպքում դժվարություններից կոփված հասունացող երեխաներ…

——————————————————-
1. Գրիգ, Հիսուսի կատուն, Երևան 2015, էջ 5: (Հաջորդող մեջբերումները նույն գրքից)
2. http://alpha-parenting.ru/2013/04/03/otsenivanie-geroev-literaturnyih-proizvedeniy-s-tochki-zreniya-psihologicheskoy-zrelosti/
3. Նույնը` էջ 12
4. Նույնը` էջ 13
5. Նույնը` էջ 24
6. Նույնը` էջ 41
7. Նույնը` էջ 62
8. Նույնը` էջ 67
9. Նույնը` էջ 114
10. Նույնը՝ էջ 121
11.Նույնը՝ էջ 152

2397 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>