Դեպի սկիզբ վերադարձի ճամփան / Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Անկախության շրջանի պոեզիային անդրադառնալիս հազվադեպ կարելի է կիրառել քնարերգություն եզրույթը, քանզի գրանյութն ինքնին հաճախ նման հնարավորություն չի ընձեռում: Բանաստեղծությունից դուրս է մղվել մեղեդայնությունը, իսկ քնարականությանը փոխարինելու է եկել ամենախոսությունը: Գագիկ Դավթյանի ձեռագիրը խիստ տարբերվում է արդի բանաստեղծության համապատկերում, քանզի հենց քնարերգություն է ստեղծում բանաստեղծը՝ պահպանելով լավագույն ավանդներն ու դրանք զուգակցելով նոր մտայնություններ ու բանաստեղծական իրացումներ:
Բանաստեղծը տարիներ ի վեր հաստատուն է եղել իր հավատամքին և խոսքի կառուցման ճանապարհին առաջնորդվել է տեքստային նրբագծերի ու ապրումի բանաձևման սկզբունքով.
Ու մարող մոմը լուսնի
Մեր կարոտից
Պիտի հալվեր ամբողջովին:
1980 թվականին լույս է տեսնում Գագիկ Դավթյանի «Մենախոսություն» բանաստեղծությունների ժողովածուն, որը լավ արձագանք է գտնում գրական միջավայրում: Ընդհանրապես մենախոսության-ինքնախոսության կամ ինքն իրեն նամակ գրելու ոճային հնարքը հատուկ է Գագիկ Դավթյանին: Բանաստեղծը մեկուսացած, ինքն իր անձից օտարված (միջնադարյան ծաղկողների նման) պատկերում է իր հայեցումն ու զմայլվում աշխարհի գեղեցկությամբ.
Կանաչ տերև… հողին
ու տերևին քնած
ադամանդե շաղիկ,–
գիշերային արցունք,
ադամանդում երգող
կանաչ լույսի կաթիլ…
Այնուհանդերձ կյանքի բոլոր երանգներն է տեսնում բանաստեղծը, թե՛ չկիսվող ցավը, թե՛ անդունդներում կտոր-կտոր լինելը, թե՛ դատարկ շշին հայհոյելը, որոնք բոլոր ժամանակների համար են: Մենախոսություն, քանզի Նարեկացու պես Գագիկ Դավթյանը ևս ընդդիմանում է Ամենակարողի արարած աշխարհի անկատարության դեմ.
Համբերության կաթը
թթվում – քարանում է մայրական կրծքում,
ավարտի ակնկալիքը
դառնում է երկաթի ժանգոտ մի կտոր,
մխրճված հոգու
ուղիղ կենտրոնում…
Եվ երազներ պիտի հյուսեր երկնքում զրուցակից փնտրող բանաստեղծն ու պատահական չէ, որ 1983 թվականին լույս տեսած գիրքը վերնագրվում է «Երազների երկինք» խորագրով: Երկնի կապույտ օվկիանում մարդը միայնակ է և միակ ապավենն ու փրկության կղզին՝ Աստված է, որին ամբողջ կյանքում փնտրում է մարդը.
Աջ եմ նայում՝ ջուր է,
ձախ եմ նայում՝ ջուր է,
սակայն ո՜ւր է, Աստված,
ախ, ջրի շունչն ո՞ւր է…
Բանաստեղծը դարձյալ սկսում է իր մենախոսությունների շարքը, քանզի անընդհատ վերադառնում է իր ակունքին: Ընդհանրապես Գագիկ Դավթյանի բոլոր գրքերում կա «Մենախոսություն» վերնագրով շարք, որն ընթերցողից զատ ուղղակի և անմիջական հասցեատեր ունի՝ Ստեղծողը: Եվ պատահական չէ, որ գրողն անընդհատ փնտրում է վերադարձի ուղին: 1987 թվականին լույս տեսած «Վերադարձ» ժողովածուն հենց այդ տրամադրությունների արգասիքն է: Բանաստեղծը բառեր է փնտրում՝ ակունքին վերադառնալու համար, հետո՝ աղերսներ է հղում, թվում է սիրեցյալին, ում անընդհատ փնտրում է և ումից անընդհատ ուզում է հեռանալ, սակայն ներքին թաքնված այլաբանություն կա այս շարքում: Բանն այն է, որ Գագիկ Դավթյանը սիրո հոգևոր բնույթն է պատկերում, ոչ առարկայականը, ո՛չ բնազդայինն ու մարմնականը.
Կանչում ես ինձ
և հորինում
խոչընդոտներ հազար ձևի…

Քշում ես ինձ,
և կառչում ես դու իմ թևից…

Գնում եմ ես,
և գալիս ես իմ ետևից…
Այս խոսքերը կարելի է ասել թե՛ սիրելի էակին, և թե՛ Աստծուն, որի հետ անընդհատ հաղորդակցում է փնտրում բանաստեղծը: Այս հանգամանքը մատնում է հաջորդ՝ «Մենք՝ քո ստեղծածը» շարքը: Այս շարքի բանաստեղծությունները յուրովի խաղային բնույթ ունեն: Բանաստեղծությունները՝ գլխի, քթի, բերանի ու ձեռքերի պատկերումով այլաբանորեն տալիս են մարդու այն կենսական զգայարանները, որոնցով նա հաղորդակցվում է աշխարհի հետ:
2007 թվականին լույս տեսած «Անվերջ սկիզբ» ժողովածուն օղակում է բանաստեղծի գեղագիտական հայացքների շղթան: Սկիզբը՝ Տերն է, ամեն օրն է, որ պիտի ապրես, չնայած օրերն այնպիսին են, որ.
1000 դրա՞մը…
Դա ի՞նչ փող է, որ…

Եվ ընդհանրապես, դա փո՞ղ է, միթե,
այն 100 – ի մոտ,
որի գոյության մասին չգիտեն
ոչ քո սիրասուն ու խանդոտ կինը,
ոչ… հարկայինը…
Գագիկ Դավթյանի այս գիրքն առավել հագեցած է ներկա ժամանակների անմշակույթ կյանքի պատկերներով: Բանաստեղծության հերոսներ են դառնում ստրուկը, կապիկը, մորուքավոր ջահելը, երթևեկության կանոններից անտեղյակ տաքսու վարորդը և կյանքը դառնում է 5000 դրամանոց: Անշուշտ սա հոգևոր-մշակութային արժեկարգի մեր օրերի հակակշիռն է: Ծաղրական երանգներ են ի հայտ գալիս բանաստեղծություններում, և բնական է, քանզի բանաստեղծը փորձում է անգամ ծաղրի ու երգիծանքի միջոցով սթափեցնել մարդուն և ցույց տալ դեպի ակունք, դեպի սկիզբ տանող ճամփան.
Եթե կամավոր ստրուկը մի օր
իր նեղլիկ խցում արթնանում քնից,
աչքերը բացում,
և չորուկ թախտին տակավին պառկած,
աշխարհից ծածուկ
հայտարարում է ինքն իրեն արքա,

նշանակում է
այդ գիշեր կապույտ երազ է տեսել
Ընդհանրապես Գագիկ Դավթյանի քնարերգության մեջ առանձնահատուկ տեղ ունի երկիրը: Դեռ առաջին բանաստեղծություններից սկսած բանաստեղծն ինքն իրեն մասնատում է երկրի համար: Սա վերամբարձ հայրենասիրությունը չէ, այլև երկրի հետ մեկ ամբողջ լինելու գիտակցություն: Սա ցայտուն կերպով արտահայտված է նաև «Սյունիք» օրհներգում, որը նաև Գագիկ Դավթյան մարդու կերպարի հոգևոր աշխարհի բնութագիրն է:
Հայրենիք-երկիրը հատկապես խտացված է Գագիկ Դավթյանի պոեմներում: Երկրի ոգին արտահայտվում է «Շարունակվող պատերազմ» հերոսական պոեմում: Ճակատագրի բերումով 25-ամյա մեր անկախությունը ուղեկցվում է անընդհատական պատերազմով և Գագիկ Դավթյանի այս պոեմը, որը գրվել է գրեթե 40 տարի առաջ, այսօր էլ արդիական է: Բանաստեղծը աշխարհի պատերազմների դեմ… պատերազմում է խոսքով…
Պատերազմները
շարունակվում են դեռ հողագնդում,
պատերազմները
չեն դարձել երազ,

և ընդդեմ բոլոր պատերազմների
շարունակվում է մեկ այլ պատերազմ
«Խոստովանություն» պոեմում կորցրած երկրի ցավի կուտակումից է փորձում ազատագրվել բանաստեղծը, սակայն ինքն էլ գիտի, որ ցավը չի կիսվում: Բանաստեղծը Խորենացու հավերժ արդիական Ողբի նման կոչ է անում ներհայեցման, ինքներս մեզ ճանաչելու և անցյալի սխալները դարձյալ չկրկնելու համար: Ու հնչում է բանաստեղծի մռունչը սթափեցման.
Եվ ուխտամոռ եղանք,
երախտազանց,
գծուծ,
չըկամ,
նախանձ,
քինոտ,
անսանձ,
կասկածամիտ,
գալարվում էր մեր մեջ ոխի ծուխը կըծու,
և ննջում էր ծպտյալ խարդավանքի քամին…
Ընդհանրապես Գագիկ Դավթյանը հատուկ վերաբերմունք ունի դասական ժանրերի նկատմամբ, ու մեր օրերում վերակենդանացնում է վարքագրության ժանրը: Անշուշտ, ոչ դասական վարքագրության իմաստով, սակայն ժանրի մի շարք հատկանիշներ հեղինակը պահպանել է: «Վարք Բաբիկի» պատմահոգեբանական պոեմում Սյունյաց Անդովկ իշխանի որդի Բաբիկի կյանքի էպիկական պատմությունը ներկայացվում է քնարական շնչով ու հերոսի հոգեբանական քարտեզագրումով: Փուլ-փուլ բացվում է Բյուզանդիայում գերի Բաբիկի հերոսացման պատմությունն ու հերոսի հոգեբանական անցումները: Ի վերջո վայրիվերումների միջով անցած Բաբիկը հոգևոր նիրվանա է գտնում Աստծո հետ՝ նրան ուղղելով իր աղոթքն հայրենյաց.
Տեր,
բերկրություն տուր մեզ այնքան տարի,
որքան աշխարհում տեսել ենք չարիք,
տուր խաղաղություն մեզ այնքան դարեր,
որքան աշխարհում լույս ենք արարել:
Եվ ահա, Գագիկ Դավթյանը ամբողջացրել-լրել է իր մոլորակն, ու ընթերցողին է հանձնում «Որպես լույս ու խիղճ» գիրքը, որը լավագույնս ցույց է տալիս ոչ միայն 1980-ից մինչև այսօր գրողի ներքին զարգացումները, այլև այն հոգևոր-գեղարվեստական ու մշակութային հարստությունը, որն ինքն իրեն տրոհելով ու մասնատելով որպես ժառանգություն սերունդներին է թողնում բանաստեղծը:

519 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>