Մեջը վրեժ չկար / Հովհաննես Հովակիմյան

hovhannes
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Ի՞նչ էիր անում վերևում, հը՞, քեզ հե՛տ եմ, ի՞նչ էիր անում վերևում…
Մեսրոպը մեր գյուղի տղերքից էր: Մեսրոպն իմ դասարանից էր: Մեսրոպին դասարանում շատ էին նեղում, նա էլ անընդհատ ողբ անում, տղերքի հետևից էր ընկնում: Մեսրոպը հենց ընկնում էր մեկի հետևից, մյուսը նրա հետևին քացի էր տալիս ու քրքջալով փախչում էր: Նա էլ մյուսի հետևն էր ընկնում: Հետո աջից, ձախից, չէ, մի ուրիշ կողմից, մեկ-մեկ էլ վերև ու ներքևից, հարվածել չասեմ, բայց հրում էին նրան: Արցունքները ծանրանում էին նրա աչքերին, մեկ էլ` ծպ, ընկնում դասարանի հատակին ու խառնվում փոշու հետ:
” Մեսրո՛պ,- մի անգամ ասել էր մեր դասղեկը,- դրանց հետևը մի՛ ընկնի, բանատեղ մի՛ դիր: Իսկ դու՛ք, անշնորհքնե՛ր,- դարձել էր դեպի մեզ,- հերիք է էս տղային բշտեք:
Մեսրոպը մեր դասարանի ամենաբարձրահասակ տղան էր: Բայց հասակի գյորա` մեջն ուժ չկար, մեջը ռիսկ չկար, Մաթևոսյանը կասեր` մեջը վրեժ չկար: Էդ մեջն ինչ կա՞ր, որ վրեժ էլ լիներ: Վերջին դասարանում սկսեց ակնոց դնել: Ակնոցը աչքերին դրած կլիներ, տղեքն էլ հետևի կողմով ակնոցը քթի վրայից կվերցնեին` չէր զգա: Աթոռը տակից քաշում էին` Մեսրոպը դեռ օդում էր մնում, հա՛, էն մուլտֆիլմերի պես, որ մինչև ներքև չնայեր` չէր ընկնում: Էդպես ոտքի տակից հողը քաշում էին:
” Մեսրո՛պ, ուշքի՛ արի, կյանքդ անցավ, ա՛յ տա:
” Կյանք ա էլի, կանցնի էլ, կգա էլ…
Մեսրոպը մի տատ ուներ: Մեսրոպի տատը Մեսրոպի պաշտպանն էր: Ինքն էլ նվա՜զ, փո՜քր, իսկը` թոռան հակապատկերը: Մեսրոպի բանակ գնալուց տատը հանգիստ կարար ցիտեր էն ֆիլմի մեջի մոր խոսքերը, թե բա.
” Աշխարհաբե՜կ ջան, գլուխդ ցից մի՜ պահի:
Բայց դե, ախր, էդքան բոյն ու բուսաթը տեղին` մեկ է, էդ անտեր գլուխն էլ ցից չէր կարում պահեր: Տատն ասում էր` չի բաշարում:
Մեսրոպը լավ տղա էր: Հոգին մաքուր էր: Ձեռքից բան չէր գալիս, բայց սիրտը լեն էր: Միամիտ էր Մեսրոպը, շատ միամիտ: Մի անգամ դասատուներից մեկը Մեսրոպից լիմոնով ջերմուկ ուզեց: Գնաց խանութ, հետ եկավ` ձեռքին լիմոն ու ջերմուկ:
Բայց դե պատմությունս ոչ լիմոնի, ոչ Մեսրոպի տատի, ոչ էլ դասարանի մասին է:
Ես դեռ տասնչոր-տասնհինգ տարեկան էի: Պատանեկան մտքերով լեցուն էի, մտքերս սարերին ու ձորերին էի տալիս, սիրտս` դպրոցի ամենագեղեցիկ աղջիկներից մեկին: Սիրում էի, ինչպես էդ տարիքի բոլոր երեխեքը կսիրեն: Սիրում էի, որովհետև ասում էին` լավ բան է սիրելը: Սիրում էի, անկեղծ էի սիրում:
Էդ սերն է, որ մարդու մեջ գույն է դնում, երանգ տալիս, մեջը, ոնց Մաթևոսյանը կասեր, վրեժ է դնում: Դնելուց հետո էլ ասում է` գնա՛` կյանքդ վայելի, բայց հենց սիրուդ դիպչեն` վրեժդ ցույց տուր, ուժդ չպատի` խփի՛ր ու փախիր: Խփի՛ր, թող հետո փախչելիս ոտքդ քարին առնի, ընկնես գետնին, հետապնդողդ էլ գա, մի լավ ծեծ տա, բայց առաջինը դու՛ խփիր: Ռիսկո՛վ խփիր: Էնպե՛ս խփիր, որ մինչև իսկ էն փախչելուդ ուժն էլ մեջիցդ դուրս հանես, ու, ոչինչ, փախչելուց թող կողքդ ծակի: Թող էդ ուժեղ խփելուդ պատճառով աչքերիդ դեմը սևանա, ու դրա համար էդ անտեր քարը չտեսնես, ու ոտքդ առնի քարին:
Սիրած աղջկաս մի օր հանդիպման կանչեցի: Գիտեի` կգար: Դպրոցում դասերն ավարտվել էին, բայց դեռ պահակը դուռը չէր փակել: Էս աղջկա դասարանում, էս աղջկա սեղանը էս աղջկա համար վարդի թերթերով զարդարել էի` կարմիր ու սպիտակ թերթերով, ու երկու բաժակ կարմիր գինի էի լցրել ( լսել էի, որ վարդի թերթերը ռոմանտիկ բաներ են, ու գինին էլ դրանց պես): Աղջիկը եկավ, էդ դասարանում ու դպրոցում մենակ էինք: Արդեն իրիկնանում էր: Արևի շողերը ընկնում էին մեզ վրա, ընկնում էին գինու բաժակի վրա, որն էլ շողշողում ու մեր աչքերին էր ընկնում: Սիրում էինք իրար: Պարզվում էր` մենակ ես չէի էդպես մտածում: Նա՛ էլ էր մտածում: Նա՛ էլ էր գիշերը գլուխը բարձին դնելիս մի փոքր մտածում իմ մասին: Դե էդ զգացողությունն էլ ինձ թրթիռ էր տալիս: Խմեցինք էդ գինին: Հետո գրկեցինք իրար, հետո ես մի երգ սկսեցի երգել.
” Գիշերը, երբ քնած կլինես իմ սեր, կամացուկ…
Երգում էի, ու մենք իրար գրկած օրորվում էինք երգիս հնչյունների տակ: Անկեղծ կասեմ. Էնքան լարված էի էդ ժամանակ, որ սիրտս շատ արագ էր խփում, իսկ շունչս, երգիս ամեն տողի վերջում, չէր հերիքում, ու վերջին բառը միշտ կիաստ էր լսվում: Բայց բառն ի՞նչ էինք անում: Երկուսս էլ գիտեինք բառերը: Կարևորը զգում էինք: Էս պահն էր, որ դուռը մեկ էլ ճռռաց: Մթնոլորտը միանգամից փոխվեց: Աղջկան բաց թողեցի, վազեցի դռան մյուս կողմը: Վա՜յ Մեսրոպ դու Մեսրոպ, ո՞ր մեղքիդ համար էիր եկել դպրոց, էն էլ, երրորդ հարկ, որ ձայներից գայիր ու դռան դիմացից տեսնեիր մեզ:
Մեսրոպին ճամփու դրեցի ու ասեցի, որ կես ժամից դպրոցի կողքին լինի:
Հետո էդ աղջկա հետ միքիչ էլ Դիլան դայի ու Սոնա խաղացինք, ու մեր հնձանի դուռն էլ էր բաց, մեզ էլ կարող էին տեսնել, ավելի ճիշտ, տեսնողը տեսել էր, բայց ռիսկ չէր անի ուրիշին ասեր:
Հետո էս Սոնային առա ձեռքերիս մեջ, ինչպես, երևի, Դիլանն էր առել իր ժամանակին, ու էդպես ձեռքերիս մեջ առած` դպրոցի երեք հարկերով ներքև իջեցրի, հետո համբուրեցի այտն ու ճամփու դրի:
Մեսրոպին տեսնելու ժամանակն էր: Մեսրո՛պ ջան Մեսրոպ, թե ինչի՞ էիր եկել, թե ինչի՞ էիր աչք ածել ու ականջ դրել, թե ինչի՞դ էր պետք:
” Մոսո՛, ես հիմա հետդ ո՞նց վարվեմ, հը՞: Լավություն անեմ` բաց թողնեմ… ախր բերնից թուլ ես, մի տեղ կասես, ու լավ չի վերջանա: Ախր որ ասես, ես էլ պիտի նեղացնեմ քեզ: Դրա համար դասդ հիմա տա՞մ, թե…
” Ոչ մի տեղ չեմ ասի, ազնիվ խոսք, կներես, չգիտեի:
Հենց էդպես թողնելով չէր լինի: Ախր Մեսրոպը էդպես ներվելուն սովոր չէր: Ախր Մեսրոպին հենց էնպես երբեք չէին ներել: Ախր Մեսրոպին անգամ իր տատ-պաշտպանը հենց էնպես չէր ներել, երբ անզգուշությամբ ոտքի հետ ցեխ էր տուն տարել: Ախր Մեսրոպին պետք էր էդ օրը թաց աչքերով տուն ուղարկել, որովհետև նա չէր հասկանա, չէր հասկանա ու մի տեղ մի բան կպատմեր: Մի ապտակ պետք է տայի, մի բան պիտի անեի, որ Մեսրոպը ականջին օղ աներ, որ ուրիշի գործերում քիթը չեն խոթում:
” Ի՞նչ էիր անում վերևում, հը՞, քեզ հե՛տ եմ, ի՞նչ էիր անում վերևում:
Մեսրոպը մեր դասարանցին էր: Մեսրոպը էդպես էլ չմեծացավ: Էդքան լացելուց հետո չսովորեց քիթը մաքրել: Թեկուզ վերնաշապիկի թևքով, թեկուզ շորերի վրա աչքերը չորացնել ու փորձել իրեն զսպել չսովորեց: Մեսրոպը էդպես բոլորի հետևից ձևական-կատաղած վազեց ու մինչև կյանքի վերջն էլ պիտի վազեր: Ախր որ բռներ էլ, բան չէր անելու: Նրան բանեցնելու էին: Նրան հետևին քացի էին տալու: Մի անգամ էլ նա ինձ հետևելու ու դռան հետևից նայելու էր, ես էլ հետո նրան մի ապտակ էի տալու ու լաց լինելով տուն ուղարկեի: Բայց նա ավելիին էր արժանի, որովհետև նա էդքանը ուրիշի պատվերով էր արել: Ուրիշն ասել էր` գնա` նայի` ո՞վ կա, ի՞նչ են անում, խոսակցությու՛նը լսիր: Նա էլ եկել էր: Նրան էդպես բանացնելու էին: Նրա մեջ մարդու դուր եկող էն գույնը, էն երանգը, Մաթևոսյանի ասած` վրեժը չկար: Ախր ասեիր, ասեիր, թե ինչ էիր անում վերևում, քեզ հարցնում էի է, ասեիր` վերևն ինչ կար…

255 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>