ԹՈՆԴՐԱԿ / ԱՊՐԵԼԸ ՀԵՏՄԱՀՈՒ…

թոնդրակ
Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

«Իմ սիրտը միշտ նստում է ամենամոտիկ թառին»
Բայրոն

Ես այդ սերունդից չեմ: Ես չեմ ծնվել՝ երազն իրականություն դարձնելու համար: Բայց ապրում եմ մի իրականության մեջ, որն անդադար հոսում է դեպի երազ:

Բազմաթիվ են մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն ճշմարտության: Ես այդպիսին չեմ, քանի որ չգիտեմ, թե որն է ճշմարտությունը: Ես ընդամենը որոնում եմ ճշմարտությունը: Աստված ինձ կյանք է տվել ոչ թե հանուն ճշմարտության մեռնելու, այլ ապրելու ճշմարտությունը: Համոզված եմ, որ աստված ճշմարտությունն է տվել իմ կյանքի համար, այլ ոչ հակառակը: Հետևաբար՝ անիմաստ է մեռնել հանուն ճշմարտության…

Իսկ, որպես օրենք, այդպիսի ճշմարտությունները Ամբոխի իրականությունից են: Միշտ խուսափել եմ ամբոխից, ավելի կոնկրետ՝ բազմությունից: Նախկինում անչափ սիրում էի ամբոխը, բազմությունը և ժողովրդին, քանի որ հնարավորություն ունեի այնտեղ թաղվել, անհետանալ… Ինձ համար արտակարգ մի հաճույք էր ամբոխի մեջ կուլ գնալու երևույթը: Բայց եղավ մի ժամանակ, երբ ամբոխն արդեն կուլ չէր տալիս, արդեն չէր կլանում… ամբոխի մեջ հնարավոր չէր անհետանալ: Ամբոխի մեջ յուրաքանչյուր ոք ճանաչում էր մյուսին, այլևս հնարավոր չէր վայելել անճանաչությունը…

Ի վերջո ներկան ապրելու համար հարկավոր է հրաժարվել սեփական անցյալից կամ ստեղծել նոր մի անցյալ, գոյություն չունեցած, բայց և հնարավոր մի անցյալ, որի վերադասավորումներով կարելի է հասնել հենց այն ներկային, որն ուզում ես, որ լինի: Այսպիսի մտորումները ոչ միայն ստեղծագործելու ներուժն էին ավելացնում, այլև ապրելու: Այլև կարդալու… Ուստի գրադարանները ամենաանսպասելի վայրերն են, որտեղ կարելի է թե՛ անցյալն ու անցյալները ջնջել, թե՛ ստեղծել նոր անցյալ և-կամ անցյալներ… Կարող ես ժամերով խոնարհվել գրքերի վրա ու ոչոքի չնկատել, չհաղորդակցվել, ի վերջո, չ-լինել… Կամ էլ կարող ես ժամերով հարմար դիրք բռնել ու ժամերով ուսումնասիրել գրադարանում եղած մարդկանց, նրանց դեմքերը, հագուստները, նստելաձևերը, աշխատելու կերպերը…

Բանաստեղծն իր բանաստեղծությունների պես է՝ ուղղված մեկին ու բազումին…Ընթերցասրահում, թե ընթերցանության մեջ…

Կարևորը, սակայն, ընթերցանությունը չէ, ընթերցում չէ, այլ սեփական հիշողությունների ծուղակից գրադարանային հիշողությամբ ձերբազատվելու փորձը: Այնպես չէ, որ ընթերցանության մեջ թաղում եսքո իրականությունը, ինչնառնվազան անհեթեթություն կլիներ: Ընթերցանության մեջ ընդամենը քո իրականության իրականացումն ես փնտրում. այն ամբողջականը, կրքերի այն ուղղահայացն ու հորիզոնականը, որըգրքերն իրականացնում են ընթերցանության ուղղահայացի և հորիզոնականի մեջ:Եվ այդ ամենը՝ կրկնվող, միապաղաղ օրերի հանրագումարի մեջ, որտեղ փոփոխությունը հասցված է մինչ անշարժության:

Բայց այդ կրկնվող օրերի հետ մեկտեղ կրկնվում և կուտակվում են նաև չնչին, աննշան, անգամ աննկատ մանրամասներ ևս, որոնք բոլորովին էլ չեն հանգեցնում նույնականության: Եվ մի օր էլ՝ բոլորովին անսպասելի, հանկարծական դառնում են իրադարձություն, ինչպես ինձանից աջ գտնվող սեղանի մոտ նստած աղջկա կամ կնոջ փռշտոցները…

Հետո տաքսու վարորդի զարմացած դեմքը, ում հետ ամեն շաբաթ գնում եմ Դիլիջան ու հետ գալիս: Պայմանն այն է, որ վարորդը երբեք ինձ հետ չպիտի խոսի. նրա խնդիրն էմիայն լուռ ու մունջ մեքենան վարել: Բանն այն է, որ ես սիրում եմ կիսատ լռությունը և շարժումը: Եվ միայն այդ ընթացքում է, որ կարողանում եմ ստեղծագործել: Իսկ մեքենայի ձայնը կամ ճանապարհին հանդիպող մեքենաների երբեմն-երբեմն ազդանշանները հենց այդ կիսալռության ապահովիչներն են: Բայց շատ կարևոր էր մեքենայի ընթացքը, շարժումը և այն զգացումը, որ ես գտնվում եմ ընթացքի մեջ: Այդպես ինձ թվում էր, որ ժամանակը մի պահ կանգ է առնում, և ես իրերը դանադաղ ընթացքի մեջ տեսնելու հնարավորություն եմ ունենում: Ամեն մի բառ, ամեն մի մանրուք այդպես ավելի հեշտ է ծանր ու թեթև անել, քան այդպիսի մի կիսալռության, ասենք՝ սենյակի կամ տան մեջ, բայց առանց շարժման ու այդ զգացողության…

Նախ գրում եմ, ինչ որ ուզում եմասել, հետո փորձում եմ գրածս նկարել, իսկ ավելի ուշ՝ ուղղակի պատկերացնել՝ հնարավո՞ր է՝ այն սովորական մի նկար լինի: Եթե հնարավոր է, նշանակում է՝ լավ չեմ գրել… ու ջնջում եմ գրածս… Նկարի հնարավորությունը ջնջում է գիրը: Այդպես գրա-նկարելով՝ ավելի խորքերն եմ թափանցում, քան կարելի է ենթադրել: Ու հետաքրքիր է, որ հենց ամենապարզ գրություններն են, որ անհնար է նկարել….այն դեպքում, երբ ամենաբարդերն անգամ ես եմ կարողանում նկարել՝ նկարչական տեխնիկային բոլորովին չտիրապետելով…

Հետո մեղավոր մի ժպիտ, բայց և երաժշտության պես խորը թափանցող… Հանց Շանելի բուրմունք, որ, կարծես, ուղղակի նրանից էր բխում-ալիքվում…
Կարևորը քեզ նետված հայացքը չէ, այլ այդ հայացքի իմաստավորումը…
Մեկ-մեկ ինձ լվացքի պարանի վրա փռված-չորացող շորի պես եմ զգում… Եթե ինձ պատմի իր կյանքից, ես կհասկանամ, թե որն է վերջապես իմ կյանքի իմաստը…

Համոզելն իմ ոճը չէ: Ես չեմ համոզում. ուղղակի վայելում եմ… կա՛մ ներկայությամբ, ինչպես հիմի՝ տաք շոկոլադի շուրջ, կա՛մ, գուցե, անկողնում…

- Ես կյանքն եմ սիրում ու այն ամենը, ինչը լեփ-լեցուն է կյանքով: Ինձ չեմ կաշկանդում ոչ մի բանաձևով, սահմանումով ու նման զիզի-բիզի բաներով: Դրանք կեղծ կատեգորիաներ են, իսկ ընդհանրապես՝ հենակներ, որոնք պետք է դեն շպրտես, եթե ուզում ես ապրել, հատկապես, երբ դրանց կարիքն այլևս չկա: Մարդիկ իրենց ծանրաբեռնել են բազմաթիվ նման հենակներով ու չեն ուզում ձերբազատվել դրանցից, քանի որ դրանք այնպես են սերտաճել, որ առանց դրանց չեն էլ պատկերացնում կյանքը… Իսկական կյանքը դրանք շպրտելու մեջ է, ճիշտ ու ճիշտ սեր անելուց առաջ մերկանալու նման… ինչ կրքով ու հաճույքով ես վրայիցդ դեն նետում բոլոր ավելորդությունները…
Մեծությունների հետ իմ հարաբերություններն էլ մոտավորապես այնպիսին են, ինչպիսին քայլել սովորող մանկան հարաբերություննրը քայլակի հետ. ձեղնահարկ են ուղարկվում բոլոր այն քայլակները, որոնք այլևս չեն նպաստում քայլելուն, և երբեմն կարելի է դրանց անդրադառնալ նոր ծնունդից ծնունդ… Եվ կարիք չկա, որ այդ մասին տեղյալ լինեն և ուրիշները. որպես օրենք, ուրիշը փակ է քեզ հասկանալու համար և քո նման վերաբերմունքը ոտնձգություն է համարում իր իսկ նկատմամբ… մոռանալով, որ ինքն այդ մեծությունների շարքում չկա… Ուրիշը քեզ համար հայելի չէ. մարդիկ դադարել են միմյանց կարեկցել, դրա համար էլ տառապանքը խիստ անձնական է՝ առանց մուտքերի ու ելքերի…

Մի բաժին թաբուլե, երկու բաժակ տաք շոկոլադ: Բունգալոյի կիսամութի մեջ մարդու հոգին աննկատ մերկանում է, և ձանձրույթն է փափկում Շանելի բուրմունքից…
” Կանանց համար ժամանակն, անկախ ամեն ինչից, կանգ է առնում ամուսնությունից անմիջապես հետո: Կուսազրկումն ու ժամանակի կանգառումը մեզանում դեռ համընկնում են: Եվրոպաներում դրանց տարանջատմամբ ինչ-որ խախտում, ազատ տարածություն են ստեղծել, որը, եթե ժամանակի կանգառումը չի բացառում, գոնե դրա բացակայության պատրանքն է ապահովում, ” խորհրդավոր ասում է:
” Բայց արդյո՞քժամանակըհենցամուսնացած լինելը չէ:
Խոժոռվում է:
” Ի վերջո, ամուսնությունը ժամանակի ժխտո՞ւմն է, թե՞ հաստատումը… Այսպես անընդհատ կարելի է հարցադրումները բազմացնել ու մնալ ընտրուշքի մեջ…
” Ընտրուշքը ո՞րն է, ” անմիջապես ընդհատում է:
” … Ընտրության մեջ մոլորվելը, ” մի պահ դադար տալով՝ պատասխանում եմ: ” Բայց և երևակայությունն էլ է կարևոր, քանի որ դու սրտիդ խորքում համոզված ես, որ եթե արդեն ամուսնացած չլինեիր… ” շարունակում եմ ու ընդհատվում ձեռքի մի քնքուշ ժեստով: Հետո նույնքան քնքշությամբ բռնում է ձեռքս ու դանդաղ իջեցնում սեղանին: Այդ ընթացքում հայացքը մի պահ բոցկլտում է դեմքիս ու ձեռքիս հետ սահում սեղանին: Մեր սրտերը նույն ալիքի վրա են ծփում: Բայց նրա ընտրած դադարն ամենազդեցիկ ու ամենանշանակալի պահն է, որը չարժե խախտել: Լռում ենք: Ձեռքը դեռ իմ ձեռքին է: Տագնապով մյուս ձեռքս իջեցնում եմ նրա ձեռքին: Չի փախցնում…
” Բայց տարվա քոժամանակըչէ ամենակարևորը, -ասում եմ, ” ոչ էլ մեր ժամանակը: Այդպես ներկան մեզ ներկայանում է իր անցողիկությամբ: Ներկան կարելի է լիցքավորել անցյալ-կատարյալով: Վիրտուալ մի ժամանակի մեջ վիրտուալ ազատությամբ՝ միմյանց սիրելու կրքով միավորված: Եվ այդ վիրտուալը ապրել ներկայում… Այդպես չապրված անցյալը կդիմավորի առջևից:
” Գիտե՞ս՝ մարդու կյանքը, ” ասում է, ” կարելի է բաժանել երկու մեծ շրջանների՝ մոխրոտիկյան և հետմոխրոտիկյան. ճակատագրից փախչելիս ինչ-որ տեղ, ինչ-որ անկյունում կորցնում ենք մեր կոշիկի զույգն, ու սկսվում է հետմոխրոտիկյան շրջանը… Անընդհատ սպասում ես, թե երբ են վերադարձնելու քո կորուստը…

- Ի վերջո բոլորովին էլ դժվար չէ ընտրություն կատարելը, ինչպես մտածում են: Դա առասպել է, որ ստեղծել են նրանք, ովքեր ընտրություն անելու հնարավորություն չեն ունեցել, ” ասում է: ” Առասպել է, որին պարզապես հավատում են: Իրականում դժվարությունը ընտրություն անելը չէ, այլ ընտրությունը կատարելուց հետո ընտրածի հետ ապրելը… ընտրածն ապրելը…
Մեզանում ամուսնական կյանքը շատ նման է մեր Սահմանադրությանը. առանց դինամիկայի է: Երբ ինչ-որ նորամուծություն է պետք լինում, ամբողջ Սահմանադրությունն ենք փոփոխում… Իսկ, օրինակ, Նահանգներում կա Սահմանադրությունը, և կա այն լրացնելու հնարավորությունը….
” Ավելի շատ ցնցումներ, քան թե դինամիկա, ” ժպտում եմ:
” Ես ամուսնության ինստիտուտին չէ, որ դեմ եմ, ” շարունակում է, ” ես դեմ եմ այն լրացնելու հնարավորության բացակայությանը…Գոնե դրա մասին մտածելու, ու որ տղամարդիկ մտածեն այդ խնդիրը, այլ ոչ թե շրջանցեն… Ի վերջո ամուսնությունը օտարվելու կամ, ավելի ճիշտ, ինքնօտարվելու հնարավորությունն է, այլ ոչ թե անհնարինությունը…

Ազատությունն ու պատասխանատվությունը միևնույն լեզվի տարբեր բարբառներն են… Քչերին է հաջողվում հասնել միավորիչմայր լեզվին՝ սիրուն… Արդյո՞ք ժամանակավոր չեն ազատությունն ու պատասխանատվությունը, որոնց շարունակականությունը միշտ վտանգված է… Հորինե՞լ հանուն շարունակականության:Ո՛չ: Հորինել հանուն տևականության՝ մեկ կյանքի շրջանակներում: Ինչո՞ւ. որովհետև դու չգիտես հավիտենականը: Ավելին՝ քեզ ոչ էլ բավարարում է իրականությունը կամ իրականության տրվածությունը: Որովհետև իրականության փաստի արձանագրումը կյանքի ժխտումն է և ոչ հաստատումը: Որովհետև դու ուզում ես ապրել… ընդամենն ապրել:

- Միշտ, երբ բանաստեղծություններս եմ խմբագրում, մի տեսակ թեթևացնում եմ ավելորդ բեռից, միշտ դուրս եմ նետում բազմաթիվ հետաքրքիր ու ստացված տողեր, որոնք պիտանի են, գուցե, արձակի համար: Բայց, որպես օրենք, դրանք այդպես ջնջված մնում են, մինչ մի օր կշպրտվեն աղբարկղ կամ կվառվեն վառարանում ու այդպես էլ երբեք ի մի չեն գա… Այնինչ դրանցից շատ հնարավոր է մի լավ էսսե կամ մի լավ պատմվածք ստանալ… Եվ այս մասին մտածում ես միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրել ես դրանք ու շատ աղոտ ու շատ դժվարությամբ հիշում ես դրանց հետքերը… ինչպես մի քանի օր առաջ, երբ մտքումս երկու տող էի զարգացրել, որոնցից մեկը խիստ բանաստեղծական, իսկ մյուսը՝ արձակ… ու քանի որ ցուրտ էր, մեքենայի մեջ տաք-տաք նստել էի, և հեչ ցանկություն չկար պայուսակից հանել թուղթ ու գրիչ, այդ երկու տողերն էլ կորան-անհետացան-ձուլվեցին կարծես դրսում խիտ նստած մառաուղին: Տարօրինակն այն է, որ ամենայն մանրամասնությամբ հիշում եմ, թե ինչ մեքենա էի նստել, որտեղ էի նստել, ժամը քանիսն էր: Անգամ հիշում եմ կողքիս նստած տարեց կնոջ հոգնած, կիսամռայլ դեմքը: Անգամ հիշում եմ դիմացի նստարանին նստած աղջկան, որը մի քանի կանգառ ներքևում իր տեղը զիջեց մի տարեց կնոջ…
Իսկ հետո, ” շարունակում եմ, ” որոշում եմ կրկնել ճանապարհը: Ճանապարհը, որտեղ կորցրեցի ինձ հասած տողը: Կրկնությունը հաջողությամբ է պսակվում: Ճիշտ այն պահին և ճիշտ այն տեղում, որտեղ մտահղացել էի կորցրած տողը, գտնում եմ այն: Գտնում եմ՝ երկնքին նայելով: Այսօր արդեն արև կա… շուրջ մեկ ամիս արև չեմ տեսել. վերջապես այն կա: Վերջապես երկինքն արև ունի: Ու ես հիշում եմ տողը… ես այդ պահին մտածում էի անձրևի ու ձյան մասին, և մտքովս անցավ, որ «անձրևը երկնքի՝ առ երկիրն ունեցած սիրո ներկայությունն է»: Հետո մտածեցի, որ նույնը կարող է լինել ձյան հետ ու այդպես շարունակ: Հենց այդտեղ էլ մտածեցի, որ առաջին տողը եկել էր բանաստեղծություն դառնալու համար, իսկ երկրորդը՝ արձակ: Բայց շարունակության համար պակասող մի մանրամասն կար. կարճ կիսաշրջազգեստով աղջիկը…
” Կամ էլ հոգնած, կիսամռայլ դեմքով տարեց կինը, ” ծիծաղելով շարունակում է ինձ, ու միասին ենք ծիծաղում:
” Մեր կյանքն էլ կորցրած տողի պես է. – շարունակում եմ, ” կարելի է որոնում-գտանումի պես վերակազմակերպել: Ընդամենը հարկավոր է մտովի տեղափոխվել անցյալ ու վերհիշել բոլոր այն դրվագները, որոնք ապրել ես: Հատկապես այն դրվագները, որոնք կիսատ են մնացել, շարունակություն չեն ունեցել, քանի որ ինչ-որ մի տող, ինչ-որ մի բառ պատահաբար, չմտածված կորցրել ես: Կենտրոնանալ այդ դրվագի վրա ու փորձել այն հավանական մի գտնված բառ կամ տողի տեղադրումով դարձնել շարունակական: Հասցնել մինչև քո ներկան…Միայն այդպես է հնարավոր ազատագրել մեր միջի Մոխրոտիկին…

Մեր կյանքը նման է հանդիպակաց պտուղներով լեփլեցուն այգուն՝ հասուն, աչք ծակող: Եվ ամեն օր մի խնձոր, մի տանձ ենք թռցնում, բայց երբեք չենք նկատում այնպիսի մանրամասնություններ, որոնք նկատում և տեսնում է այգեպանը: Նա է այգին մշակում: Նրան հետաքրքրում է այգին, ամբողջը: Մեզ հետաքրքրում է միայն բերքը, մասը: Դա է մեր և այգեպանի տարբերությունը…

Եթե սերն է մայր լեզուն, ուրեմն մեղքը նրա ծածկագի՞րն է…
Ամենից շատ վախենում եմ այն բանից, որ մեր բոլոր դատողությունները ականջների համար են, լսողության համար…
Ի վերջո ո՞վ կբացատրի, թե ո՞րն է կյանքի չափանիշը. մա՞րդը, թե՞ մեղքը…

- Մեր ժամանակների քաղաքակրթությունները, կոչվեն արևմտյան, թե եվրոպական, մարդկային ամենանվիրական հարաբերություններն ավելի ու ավելի հարաբերական դարձրեցին հոմանիշներով… Ամեն ինչ թարս է աճում… Անգամ կանանց կրծքերը գնալով հետ են աճում, և դա քաղաքակիրթ աշխարհը ռեվոլյուցիա է անվանում…
” Ի՞նչ ես ակնարկում,- անհանգստանում է ու արագ-արագ հայացք նետում իր ծաղկավոր վերնաշապիկի բացվածքին, որտեղից բավականին նկատելի են կրծքերը: Ձեռքի հետ փորձում է վերնաշապիկն աննկատ վեր քաշել:
Ո՞վ կպատկերացներ, թե որքան վտանգավոր են մետաֆորների տեղայնացումները… Արդեն ուշ է. հարկավոր է մեկ այլ ընթացք կամ մետաֆոր…
” Վերջերս չի ստացվում բանաստեղծություն գրել… մի տեսակ բոլոր բառերը հորիզոնական են փռվում: … Իսկ հորիզոնականը հատուկ է արձակ ժանրին:
” Բան չհասկացա… ” այլայլվում է: ” Այսօր շատ ես այլաբանում:
” Սեռական կյանքը գնալով ավելի ու ավելի օրինականացնող դեր է ստանձնում, ” ասում եմ քիչ լուրջ, բայց և քիչ ժպիտով:
” Այսի՞նքն…, -զարմանում է:
” Այսինքն մարդիկ ինչ-որ բանի կամ բաների կարիք ունեն, բայց և ամենամեծ կարիքն իրենց այդ ցանկությունները օրինականացնելն է: Տղամարդկանցից ոմանք սեռականությամբ օրինականացնում են ընտանեկան հարաբերությունները, ոմանք նախընտրում են իրենց «տղամարդկությունը» օրինականացնել: Իսկ դա երբեմն մարդիկ ավելի շատ են գերադասում, քանի որ հասարակությունն այնպիսի կառուցվածք ունի, որտեղ հենց այդ «տղամարդկությունն» է գնահատվում: Ոմանք էլ փորձում են հավասարակշռություն հաստատել այդ երկու կերպերի միջև… ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ էլ՝ ոչ:
” Իսկ կանա՞յք, ” հարցնում է:
” Կանայք քիչ այլ են, թեպետ օրինականացումների միջև համընկնումները քիչ չեն: Թերևս կարող են միևնույն մեկնարկն ունենալ, բայց բոլորովին այլ միտում: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ ավելի շատ իրենց ոչ-ընտանեկան զգացմունքները օրինականացնելուկարիք ունեն … Իրենց բացառիկության, անկրկնելի լինելու և համարժեք շատ եսասիրական զգացմունքներ: Հենց այս կետում է, որ ներսն ու դուրսը խիստ առանձնանում են: Բայց սա չի նշանակում, թե ներսն ու դուրսը միշտ են միմյանց ներհակ. դրանց միջև կամրջումների բազմաթիվ ձևեր էլ են հնարավոր…
” Կանանց մեջ, այդուամենայնիվ, դեռ մնում են Ադամի կողոսկրից ինչ-ինչ կտորներ, ” ասում է: ” Դրանք մեղքի զգացողության շնորհիվ անընդհատ մակարդվում են…
” Մեղքը մարմնի և հոգու միջև առաջացած ճեղքն է… սակայն այն միայն չի տարբաժանում, այն նաև միացնում է… Բանն այն է, որ մեղքը ծագել է Դրախտում և այնտեղ էր, որ միայն տարբաժանում էր: Իսկ Դրախտից վտարվելուց հետո մեղքը փոխակերպվեց և այն այժմ տանում է դեպի միավորում: Ուստի կարող ենք ասել, որ մեղքն այժմ միավորում է: Բայց հարցն էլ այն է, թե միավորման քանի ձև կա… օրինակ, սերը ևս միավորում է… հետևաբար տարբեր են և մեղքի ու սիրո միավորումները… ո՞րը պետք է մենք ընտրենք… ընտրում ենք մեղքը և ապրում մեղքի մեջ… բայց իրո՞ք մեղքն ընտրելով՝ մենք դատապարտված ենք մեղքի մեջ ապրելուն… արդյո՞ք մեղքն ընդամենը մեկնարկ չէ, արդյո՞ք մեղքն ընտրելով՝ մենք ավելի դժվարին ընտրություն չենք անում, քանի որ մեղքի մեջ ապրելուց և մեղքով ապրելուց դժվարին բան չկա…. Թերևս չկա: Իսկ սերն ընտրելու դեպքում… ավելի հե՞շտ է դառնում ապրելը… դա ընդամենը թվում է… Բայց ինձ հետաքրքրում է հարցի մյուս կողմը. արդյո՞ք երկու ընտրություններն էլ մեզ միևնույն տեղը չեն ուղեկցում… մեղքն ընտրելով և մեղքը գիտակցելով… դրանք տարբեր ընթացքներ են… ու կրկին ընտրությունը… հատկապես, երբ արդեն ծնված ես մեղքի մեջ… Ի վերջո կարևոր չէ, թե երբ է մեղքը դառնում սեր, իսկ սերը՝ մեղք… Դրանցից մեկն ավանդույթի մեջ է գտնում իր օրինականությունը, մյուսը՝ ավանդույթից դուրս: Բայց ավելի վտանգավորն էլ կա…
” Անհասկանալի է հենց սիրո և մեղքի տարբերակումը, ” հապճեպ ընդհատում է: ” Ամբողջ խնդիրն էլ հենց դա է: Ինչ որ ասում ես, լավ ես ասում, բայց միայն այդքանը… Դու ազատ ես, ու քեզ համար շատ հեշտ է սերը պատկերացնել այդ ազատության մեջ: Ամուսնացած լինել ու մտածել քո ազատությունից՝ չեմ պատկերացնում: Դու ազատ ես ու կարող ես սիրել ում ուզում ես՝ ամուսնացած, թե դեռ չամուսնացած, նույնիսկ չամուսնացող ցանկացած մեկի… Քո սերը ուղղակի սեր է: Իսկ իմ սիրո վրա ամուսնության ստվերը կա… Իմ սերը հենց մեղքն է: «Համայնքը» չի ների: Ընկերներդ, հարազատներդ չեն ների…Այդ ամենի վրայով անցնելու համար պետք է խոսելուց, դատողություններ անելուց էլ ուժեղ լինես:
” Իրականում թույլ մարդ չկա: Բոլորն էլ ուժեղ են, միայն թե շատ քչերն են դա գիտակցում…
” Հա՞, քեզ այդպե՞ս է թվում, ” ընդհատում է: ” Դու տեսության մարդ ես, պրակտիկայից ոչինչ չգիտես, պրակտիկ կյանքը քեզ տրված չէ…
” Չէ՛, ինձ այդպես չի՛ թվում, ես այդպես համոզված եմ ինչպես ամեն օր տուն վերադառնալով ստիպված եմ բարձրանալ վաթսունվեց աստիճան: Ստիպված եմ նույնքան աստիճան էլ իջնել հաջորդ օրը: Հասկանո՞ւմ ես, եթե մենք ուժեղ չլինեինք, մենք չէինք կարողանա այդ վաթսունվեց աստիճաններից մեկն անգամ հաղթահարել: Բայց մենք բարձրանում և իջնում ենք, չէ՞… Դրանից ուժեղ էլ ի՞նչ ես ուզում…
” Դա ընդամենը սովորույթ է: Սովորույթով հեշտ է թե՛ բարձրանալը, թե՛ իջնելը: Հենց դրա մասին եմ խոսում… Ինձ նոր սովորույթ պետք չէ…
” Մեղքի ճեղքը մեղքացին
Ճեղքի մեղքը մեխեցին…
” Ի՞նչ, ” զարմացական, տագնապոտ հարցնում է:
” Հեչ, ուղղակի շուտասելուկ է… Բայց կարևորը դա չէ, այլ սովորույթը: Ամենավտանգավորն այստեղ սովորույթն է…
” Ինչո՞ւ:
” Չգիտեմ ինչու, բայց հարկավոր է զգուշանալ թե՛ ավանդույթից,թե՛ սովորույթից.երկուսն էլ կուրացնում են… հատկապես, երբ ուղիղ նայում ես աչքերին…

Մնում է փրկություն գտնել ժամանակի հետուառաջի մեջ: Հարկավոր է գտնել ժամանակային մեր երկվորյակին: Տարածական ես-ը սպառվում ու հալվում է անընդհատ ծանրացող կարգուկանոնի ներքո… Մարմինն ու հոգին թշնամիներ են այլևս և ոչ դաշնակիցներ: Գոյության ծանրությունը հենց այս աններդաշնակությունից է գալիս. մարմինը զրկվել է ժամանակից, և հոգին էլ զրկվել է տարածությունից…

Ընդամենը հարկավոր է փորփրել մեր հիշողությունները: 2000 թվականը միակ հավանական տարին է, երբ կարող էինք միմյանց ճանաչել: Սկսում ենք ավելի ու ավելի մանրամասներով վերականգնել այն հավանական ժամանակը, որի մեջ պետք է որ հատված լինեին մեր անձնականությունից անձուկ ժամանակները: Մտքովս անցնում է այդ ժամանակների նկարները նորից նայել: Նրան էլ է դա դուր գալիս, և որոշում ենք՝ հաջորդ օրը բերել հավանական այդ ժամանակների հավանական այն նկարները, որտեղ մեզանից մեկը հանկարծ ու հանկարծ, թեկուզ թիկունքով, կարող է ամրագրված լինել: Թեպետ չէինք հավատում, թե ճակատագիրն այդպիսի անակնկալ կարող է մեզ համար նախատեսած լինել, բայց և չհրաժարվեցինք այդ մտքից… մանավանդ, որ մեր այդ անցյալի մեջ բազմաթիվ միայնակ դրվագներ կային:

Հետո քայլում ենք այն փողոցներով, որոնք ամենաքիչն են փոփոխվել ժամանակի ընթացքում: Միշտ աշխատում ենք հենց այդ փողոցներով անցնել՝ անցյալը վերականգնելու պատրանքներով տարված: Երևակայում ենք, թե դեռ ուսանողական տարիներն են, ու ինչ-որ հրաշքով ծանոթ ենք միմյանց ու գնում ենք մեր առաջին ժամադրությանն ընդառաջ: Խաղն այնքան է դուր գալիս մեզ, որ սկսում ենք լրջորեն հավատալ ու դեռ մեզ պահել այնպես, կարծես իրոք եղել ենք այդ իրական ժամանկներում…

- Գիտե՞ս՝ քանի գնում ավելի ու ավելի վատ է դառնում… ես տանը՝ ինչպես համակենտրոնացման ճամբարում… Նույնիսկ դրանից չէ, որ սարսափում եմ, այլ, որ հանկարծ ես ինքս իմ զգացմունքների ու ապրումների համար համակենտրոնացման ճամբար չդառնամ…
” Մարդիկ միշտ դժգոհում են սուբյեկտիվությունից և միշտ երազում են օբյեկտիվության մասին, ” ասում եմ: ” Սակայն օբյեկտիվությունը միշտ վերջում է լինում (եթե լինում է): Սակայն ամենաանհնար բանը հենց այդ վերջին հասնելն է: Սովորաբար ոչ ոք չի հասնում այդ վերջին: Իսկ այն վերջը, որին հասնում են, դա արդեն ուրիշ մի վերջ է և ոչ մի կապ չունի օբյեկտիվության և անգամ սուբյեկտիվության հետ…
” Ախր չես պատկերացնում, թե ինչպես է երբեմն մատնեմատիս մատանին մի այլ կարգի ծանրանում, ” շարունակում է, ” մի այլ կարգի.միշտ զարմանում եմ, թե ինչպես է, որ լողավազանում դեռ չեմ խեղդվել այդ ծանրությունից…

Կարող է թվալ, թե մտքերը ևս մերկանում են, երբ մարմինն է մերկանում: Նույնկերպ կարող է թվալ, թե ամենաանկեղծ խոսակցությունը մերկացած ժամանակվա խոսակցությունն է: Բայց արդյո՞ք մերկացող մարմինը ևս մի նոր դիմակ չէ…
Սակայն շոշափելով չէ, որ կընդգրկես խորությունը…
Անկեղծությունը մերկ մարմնի վրայով անցնող թրթիռի պես է՝ ակնթարթային, աննկատ ու գրգռիչ…

Արևի մեջ նա վրանն իր խփեց,
Իսկ ինքն ասես փեսա լինի,
Որ ելնում է իր առագաստից…

Երջանկությունը պայմանավորված չէ ինչ-որ մեկով կամ ինչ-որ մեկի ներկայությամբ: Երջանկությունը ենթադրում է որոնում, ընդ որում՝ անընդհատ, անդուլ և տևական որոնում: Հետևաբար անընդհատ, անդուլ և տևական միավորում: Երբեմն այդ ինչ-որ մեկի հետ, երբեմն մեկ ուրիշ մեկի, իսկ ընդհանրապես՝ միավորում բազում այլոց հետ: Ու կարևորը, որ այդ միավորումների շնորհիվ հնարավոր դառնա քո ինքնագտանումը: Իսկ դա հնարավոր է, եթե միայն արդեն կորցրել ես քեզ: Հետևաբար երջանկությունը թե՛ քո կորուստն է և թե՛ ինքնագտանումը: Դու երբեմն երջանիկ ես, որովհետև հնարավոր է եղել քեզ կորցնելը, երբեմն երջանիկ ես, քանի որ հնարավոր է դարձել քո ինքնագտանումը: Հետևաբար երջանկությունն ընդամենը ակնթարթ է, որը, դանդաղ սահելով ու թույլ հպվելով քեզ, անցնում է քո կողքով: Երջանկությունը միշտ փողոցի դիմացի անկյունում է… Երջանկությունը հարևանի հարսի նման է. նա կա, բայց քոնը չէ: Հենց դարձավ քոնը, այլևս երջանկություն չէ…

- Ամենից շատ սարսափում եմ զղջումից: Այն էլ ավելի անտանելի է, երբ արդեն ունես մենակությունդ. մենակությունն ու զղջումը հավասարազոր են ինքնասպանության… սուզվում ես հիշողություններիդ մեջ ու անէանում… Միայն թե այդ անէացումն անցավ չի լինում: Իսկ մեր արարքներն ընդամենը նրա համար են, որ թույլ չտան, որ մեր մենակություններն ու զղջումները միախառնվեն, քանի դեռ չես ուզում ինքնասպան լինել…: ” Ասում եմ ու լռում: Իմ հապաղումը խիստ անձնական է. ուզում եմ համոզված լինել, որ չեմ զղջալու… Ընդամենը ինքս ինձ եմ ապահովագրում…
” Բառերին մի՛ վստահիր… Կան իրավիճակներ, երբ պետք է թողնես այդպես՝ չանվանելով, ու վայելել այդ անորոշությունը, թեկուզ պատրանքային… թեկուզ: Անվանումները սահմաներ են գծում, տեսանելի էդառնում սահմանը: Անվանել ոչ թե հայտնի լեզվի միջոցով, այլ ստեղծել նոր մի լեզու, հետո անվանել…Քո բառերի մեջ մի քիչ մթնշաղ է պետք ու մի քիչ էլ ջազ… ” Մի պահ ջերմ նայեց ինձ ու վեր կացավ: Առանց հրաժեշտի քայլեց դեպի սրճարանի դուռը…

Տեսնել գեղեցկությունը, լսել գեղեցկությունը, ապրել գեղեցկությունը, և վերջապես, ստեղծել գեղեցկությունը… բայց ամենակարևորն այն է, որ հասու լինես ու կարողանաս խմբագրել գեղեցկությունը… բայց… բայց էլ ի՞նչ գեղեցկություն, որ խմբագրվելու կարիք ունի… հարցն էլ հենց դա է – գեղեցկությունը խմբագրման կարիք ունի… Սերը հենց այդ խմբագրման զգացողությունն է, որ աստիճանաբար վերածվում է գիտակցության:

Օրը օրվան միտք է հաղորդում,
և գիշերը գիշերվան գիտությունն է ցույց տալիս…

Մութն այնպես է ծանրացել վրաս, որ թվում է՝ չեմ կարողանա մի քայլ անգամ անել: Մի կերպ կարողանում եմ հասնել շենքի մուտքին: Երրորդ մուտք: Բայց դեռ պետք է բարձրանամ մինչև չորրորդ հարկ… Մութն այնպես է ծանրացել, որ չորրորդ հարկն ինձ համար մի հավիտենության վրա գտնվող երկրորդ գալուստի հեռանկարում է պատկերվում: Էլ չեմ ասում, որ ստիպված եմ վաթսունվեց աստիճան բարձրանալ: Վաթսունվեց… ինչ էլ թիվ է: Բայց պարզվում է՝ հաշվել եմ, գիտեմ: Հաշվել եմ, քանի որ ամեն օր նույն օրն է կրկնվում: Օրերի այդ բազմազանության մեջ բոլոր օրերը նման են իրար, ինչպես երկնքի աստղերը: Դե արի ու վաթսունվեց աստիճան վեր բարձրացիր… Մի պահ այնպես է թվում, որ մուտքի մեջ կուտակված մութն ինձ դուրս է սեղմում: Կարծես շենքի մուտքի կոկորդին կանգնած ոսկոր լինեմ… Ձեռքս հուսահատ խփում եմ ձախ կողմի պատի վրա ամրացված սովետի թվից դեռ պահպանվող, կապույտ նեկրված փոստարկղերին: Զրնգոցից կարծես մի քիչ սթափվում եմ: Կապույտ, դատարկ, առանց դռնակների փոստարկղեր… Մնում է միայն դրանցում սիրտս դատարկեմ ու բարձրանամ…

Աստված մեր միջի մանուկն է, որին այլևս ի վիճակի չենք կրելու… Ավելի ու ավելի ենք հակվում աբորտի՝ առանց աչքերն իսկ թարթելու…

Թող հրեշտակները երգեն բարձրաձայն նրանց մահիճների վրա…

2009 թ. նոյեմբեր-դեկտեմբեր

1051 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>