ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Գևորգ-Թումանյան

Ունայնիկներ
***
շնորհավոր գրեթերթ
մի 6-7 անգամ ես էլ եմ այնտեղ տպվել
իհարկե որակ չեմ ապահովել
բայց տպվել եմ

***
քանի որ
գրականությամբ չեմ վաստակում
գրականությունն էլ
ինձ և ինձպեսներին
հազվադեպ կվաստակի

***
բանաստեղծական մտահղացումներս
իրար հրմշտում
ժամ առաջ ուզում են
մարմին հագնել
ես ինձ
կարող եմ թույլ տալ
ստեղծագործական
արդյունավետ ծուլություն

***
սեպտեմբերյան մի գիշեր
հասկացա
որ թեպետև ողջ
բայց վաղուց մեռած եմ
ահա
մի քանի տարի էլ
գարնանը
սիրտս վարդի պես չի բացվում
և մարմինս չի լսում
մոտեցող աշնան
ոտնաձայները
հնարավոր է
ես ամեն օր
կամաց-կամաց մահացել էի
իմ անաստված առօրյայից
հարազատ քաղաքում
տանը
աշխատատեղում բանտված լինելու զգացողությունից
բացառված չէ նաև
որ աղքատությունը
դժվարությամբ մարվող վարկերը
և չնչին պարտքերը
ինձ մի քիչ սպանեցին
գուցեև
ալկահոլը ծխախոտը
քայքայվող լյարդս
և մազաթափվող ցայլքս
դանդաղորեն սպանեցին ինձ
ենթադրելի է
որ հայրենիքիս
արդեն ժամանակավոր իշխանությունը
ինձ սպանեց
նա մեռցնելու
հազար ու մի հնար գիտի
որոշակիորեն
հստակ
չեմ կարող ասել
թե ով կամ ինչը ինձ սպանեց

***
ինչ-որ մի տեղ
մի անկյունում
անհարմար չգնդակահարվել
ինչպես Հրանտ Դինքը

Բանաստեղծելու յոթ ոչ մահացու մեղքերը
ինչ-որ տարիքից սկսած
բնականաբար 20-ից
հանճարեղությամբ չհիվանդանալը
մահացու մեղք չէ
բայց տկարություն է

***
ինչ-որ տարիքից սկսած
ասենք 30-ից
սիրային բանաստեղծություն գրելը
մահացու մեղք չէ
բայց ամոթ է

***
ինչ-որ տարիքից հետո
ենթադրենք 40-ից
վատ գրելը
մահացու մեղք չէ
բայց ախմախություն է

***
ինչ-որ տարիքից անդին
դիցուք 50-ից
չլռելը
մահացու մեղք չէ
բայց մեծամտություն է

***
ինչ-որ տարիքի սահմաններում
միգուցե 60-ի
վաղամեռիկ չլինելը
մահացու մեղք չէ
բայց անշնորհքություն է

***
մինչև 70 տարեկանը
դասականի դափնիով պճնված
ուրիշներին վերևից նայելը
մահացու մեղք չէ
մանկամտություն է

***
80 տարեկանից առաջ կամ հետո
գրամոլությունը
մահացու մեղք չէ
բայց այլասերվածություն է

465 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>