Անուշ Սարգսյան / Բերնհարդ Շլինկ. Ընթերցողը

85043024_3498538793554259_2757160156952264704_n#կարդակիսվիր
Միանում եմ Հասմիկ Հակոբյանի առաջարկին՝ պատմելու այն գրքի մասին, որը իր խաթեր համար քիչ առաջ ավարտեցի ) ու թարմ-թարմ գրում եմ տպավորությունները, որ ստացա։ «Զանգակ» հրատարակչության հրատարակած ու Գայանե Գինոյանի թարգմանած «Ընթերցողը» վեպն է, որն ի սկզբանե հետաքրքիր էր՝ որպես համաշխարհային կինոյին օսկարյան աշխուժություն ու Քեյթ Ուինսլիին նոր հռչակ բերած գործ։ Ֆիլմը չեմ դիտել, սակայն կարդացել էի, որ այն «էսթետիկ պոռնոգրաֆիա» են անգամ անվանել քննադատները, ու որ ոմանք գրել են, թե Շլինկը այս գրքով ցանկացել է քավել գերմանացիների պատմական մեղքը ու գրել է ներման մասին։
ժամանակակից գերմանական գրականության ամենահայտնի դեմքերից է Շլինկը, որի այս վեպը նկարագրում է 1958 թվականի գերմանական գավառը, ապա տասնամյակներ անց հասնում Հայդելբերգ, որտեղ գլխավոր հերոսը հանդիպում է իր երբեմնի սիրուն։
Հեղինակի՝ իրավաբան լինելը զգացվում է ամեն պահի, ոչ մի ավել բառ, ոչ մի զեղում։ Հստակ խոսք ու չափված-ձևված մտքեր։ Սեր ու սեքս, մեղք ու հաճույք, հանցանք ու դատապարտում․ մի՞թե որևէ սահմանափակում կարող էր լինել ֆիլմի ստեղծման ճանապարհին։ Ֆանտաստիկ հնարավորություն՝ դերասանական կազմ ընտրելու։ Ու ֆանտաստիկ հնարավորություն՝ հայրենքի զգացումն իսկապես իր մեջ կրող Շլինկի համար՝ այլ տեսանկյունից ներկայացնելու պատմական եղելությունը։ Պիտի ասել՝ դժվարանում ես հավատալ նրան, բայց, զարմանալիորեն, ուզում ես, որ նա ճիշտ լինի։
Իսկ սյուժեն հետևյալն է․ 15-ամյա դպրոցական Միխայել Բերգը ծանոթանում է իրենից քսանմեկ տարով մեծ Հաննա Շմիցի հետ, որը տրամվայի տոմսավաճառուհի էր, ու նրանց միջև սիրավեպ է ծնվում։ Փորձառու կինը, որը տղային սովորեցնում է սիրո «մարմնական» լեզուն, պարզվում է՝ չգիտի կարդալ ու պարբերաբար խնդրում է տղային, որ իր համար կարդա։ Ու կապ չունի՝ գրքերը հասկանալի՞ էին լինում, թե՞ ոչ, դա երկուսին էլ դուր էր գալիս։
Բայց, անսպասելի, կինն անհետանում է։
Տարիներ անց ուսանող-իրավաբան Բերգը ներկա է լինում մի դատավարության, որտեղ դատվում էին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հսկիչ կանայք։ Նրանց մեջ նա տեսնում է Հաննային։ Կանանց մեղադրում էին, որ նրանք ռմբակոծության ժամանակ չէին բացել եկեղեցու դռները, որտեղ երեք հարյուր հրեա կանայք ողջ-ողջ այրվել էին։ Դատվարության համար որպես իրավական հիմք ծառայել էր այն հաշվետվությունը, որը ներկայացվել էր Հաննայի կողմից։ Այդտեղ Բերգը հիշում է, որ Հաննան կարդալ չգիտեր, հետևապես և՝ չէր կարող գրել նման բան։ Նա ուզում է օգնել կնոջը, բայց չի անում դա։ Հաննային ցմահ ազատազրկում են։ Բերգն սկսում է ձայնագրել այն գրքերը, որոնք մի ժամանակ կարդացել էր կնոջ համար և պարբերաբար ուղարկում է բանտ, որտեղ Հաննան համադրելով տեքստն ու ձայնագրությունը՝ սովորում է կարդալ։ Ու հասկանում է, որ իրեն դատապարտել են կեղծ թղթի հիման վրա։ Բանտից ազատվելուց մեկ շաբաթ առաջ նա տեսնվում է Բերգի հետ, նրանց զգացումները թարմանում են, սակայն ազատվելուց մեկ օր առաջ Հաննան կախվում է խցում՝ թողնելով իր վաստակած գումարը և խնդրելով, որ Բերգը այն հանձնի Օսվենցիմի նախկին կալանավորուհուն։ Բերգը, որ աթեիստ պրոֆեսորի զավակ էր, կատարում է խնդրանքը և առաջին ու վերջին անգամ գնում է տիկին Շմիցի գերեզմանին այցի՝ ասելու, որ խնդրանքը կատարված է։
Հետևո՞ւմ է արդյոք սրան այն միտքը, թե գրագիտությունը սրբեց տիկին Շմիցից «մեղքը», ըստ էության՝ նա ոչ էլ մեղավոր էր եղել, քանի որ ռմբակոծությունից հետո հսկիչ կանայք նույնպես վիրավորվել էին ու անկարող էին եղել դռները բացել։
Հետևո՞ւմ է արդյոք այն միտքը, թե գրագիտությունը բարոյական է դարձնում մարդկանց՝ ստիպելով ավելի ուղիղ նայել իրականության աչքերին։
Շլինկը ընթերցողին է թողնում հետևությունը, բայց նա ակնհայտորեն ուզում է ասած լինել, որ Հաննան, այնուամենայնիվ, ընդունեց մեղքը։ Սակայն ա՛յն մեղքը, որն իսկապես զգում էր ու որը ծանրացել էր իր հոգուն, այլ ո՛չ այն, որը կեղծիքով փաթաթել էին իր վզին։ Ինչը նա հասկացավ միայն ընթերցել սովորելուց հետո։
Ընթերցանություն, որ կյանք արժեցավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *