Արա ԽԶՄԱԼՅԱՆ / ԴԱՐՁՅԱԼ ՀԵԳՆԱՆՔԻ ՄԱՍԻՆ (ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՀՈԳԵՎԻՃԱԿ 13» ԳՐՔԻ ՍԱՏԻՐԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ)

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

«Ծիծաղում է միշտ միայն հաղթողը,
պարտվածը երբեք չի ծիծաղում»
Վլադիմիր Պրոպպ

Ինչո՞վ է սնվում գրականությունը, որո՞նք են գրական ներշնչանքի լիցքավորման աղբյուրները, և ո՞րն է գրական երկի կենսունակության պայմանը: Այս հարցերը կարող են ունենալ հազար ու մի պատասխան, իսկ պատասխանները՝ դառնալ անսպառ բանավեճի նյութ: Եվ այդուհանդերձ, դժվար է որոշել գրական երկի արժեքը՝ շրջանցելով գեղարվեստական մտածողության կարևորագույն սկզբունքը՝ հեգնանքը:
Մեր ժամանակներում, երբ գրական դրսևորումները գերազանցապես վերածվել են սոցիալական հողից զուրկ, ազգային ու էկզիստենցիալ մտահոգությունների հանդեպ չեզոք մտային կառուցումների, բառախաղերի, լեզվական հերյուրանքների, հոգեկան հիվանդա- գինության մակերեսային ու անարվեստ արծարծումների, փնտրված են դառնում հեղինակային առողջ հայացքը, պարզ մարդկային ճշմարտությունների հիշեցումը: Հաճախ թյուրըմբռնված նորագույնի, հետնորագույնի, այնուհետև՝ հետհետնորագույնի նշաններն ընդօրինակելով՝ մոռանում ենք, թե որտեղ են խտանում և իմաստավորվում բոլոր որոնումներն ու արժեքները. անտեսված է Մարդը: Իսկ մարդու և մարդկայինի զննումը գեղարվեստական հարթության վրա անհնար է առանց հեգնանքի ունիվերսալ հատկության, որ առավելապես կենսահայացք է, քան գեղարվեստական հնարանք:
Այս առումով են արժևորվում ինձ համար Էլֆիք Զոհրաբյանի սատիրաները: Ավելին, այս ամենն է կազմում նրա հեգնանքի առանցքը:
Գիտենք, որ հեգնելիս մարդը ելնում է որոշակի արժեքաբանական համակարգից, բարոյական իդեալներից, որոնց իրականացումն արգելակվել է օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ: Այս հիմքի վրա են ձևավորվում հեգնանքի հոգեբանական նախադրյալները՝ լռակյացությունը, զգացմունքների զսպվածությունը, երբեմն ֆրուստրացիայի վիճակը, որից ազատագրվելու միջոցն է դառնում հումորը: Այստեղ է շոշափվում հեգնանքի ու ինքնահեգնանքի նույնականության հասնող ընդհանրությունը, որ, բացահայտ թե քողարկված, առկա է Զոհրաբյանի սատիրաներում.
Արգո՛ Պարոն, եթե ուզում ես, որ գրեմ դասական ոճով, չեխովյան եռաշերտ ենթաշերտերի խորությամբ (ինչպես կասեր ֆինանսալաց տվող մի խմբագիր), խուճուճ- մուճուճ, անհասկանալի «հանճարեղությամբ» կամ էկզիստենցիալիզմը նոր հայտնաբերած պոստմոդեռնիստական ժարգոնալեզվով, ուրեմն լավ կանես`
Չկարդաս թշվառականիս տողերն անհրապույր,
Թշվառական, որ բավականին ուշ սովորեց բանկոմատից օգտվելու կարգը…
«Էլիպսիս կամ Կական
սպիտակ
ագռավի կոկորդից»

Առօրյա շփումներում դժվար է որսալ Զոհրաբյանի դիտողունակությունը, սակայն դերասանին հատուկ ուշիմությամբ իր ներքին «կուլիսներից» նա զննում է միջավայրն ու մարդկանց, որ առատ նյութ են տալիս հեգնական մտքին ու գրչին: Ուշագրավ մի հանգամանք կա այստեղ. հեգնելով միջավայրը՝ հեղինակը մնում ու գործում է նույն այդ միջավայրում և ունի հեգնանքի կոնկրետ հասցեատերեր, նաև ենթադրյալ բարոյական համակիրներ կամ զրուցակիցներ: Ուստի, որոշակի է նրա սատիրաների սոցիալական հենքը, և ճանաչելի են պատկերվող մարդիկ: Չկա մտացածին ոչինչ: Թվում է՝ դերասանի մասնագիտությունը Զոհրաբյան գրողի «տրոյական ձին» է, որով նա ներխուժում է միջանձնային հարաբերությունների բարդ ու հակասական իրականություն, մարդկային տիպերի պատկերասրահ՝ թատրոն, որի դժվարըմբռնելի բնույթը նա հեգնաբար քննում է իր տարբեր գործերում.

Ես ինձ վտարում եմ թատրոնի «թատրոնից»՝
Որպես անտաղանդ ետին՝
սպիտակ ագռավականներից…
Ապու՛շ անվանենք հանց իշխան Միշկինին
Կամ կառեթ փնտրող Չացկուն գլխակորույս …
«Թատրո՛ն, իմ սեր, մի՞թե կբաժանվենք»

Առանձին ուշադրության է արժանի Զոհրաբյանի «Էլիպսիս կամ Կական սպիտակ ագռավի կոկորդից» սատիրան, որում գործում է արվեստի կարևոր սկզբունքներից մեկը՝ ձևի և նյութի հակասության սկզբունքը: Սրա վրա է խարսխված նաև հեգնանքը: Հասարակական մեծագույն արատները՝ կաշառակերությունն ու կաշառատվությունը, ներկայացվում են պաթետիկ տոնով, որպես թե ներշնչանքով.
Ա՜խ, ես` տկարամիտս, ինչո՞ւ չեմ զգում
կաշառքի խորհուրդը վսեմ.
Դա փրկօղակ է, լույս` խավարի մեջ,
ելք` լաբիրինթոսում,
Դա բացում է նույնիսկ այն
ճանապարհի դարպասները,
Որոնք փակված են յոթը կողպեքով:
Նվիրատո՛ւ և նվիրասե՛ր իմ ժողովուրդ,
Ես` բթամիտս, դեռ չեմ կարողանում ըմբռնել
կաշառակերությունը նրբախորհուրդ…
Սա Լև Վիգոտսկու որոշարկած այն հակադրազգացմունքն է, առանց որի դժվար է պատկերացնել հեգնանքը, հումորի տեսակներն առհասարակ:
Կարծում ենք, որ ժամանակի ընթացքում հեղինակի գրիչը կդառնա առավել համառոտաբան, կընդլայնի իր թեմատիկ շրջանակը՝ նեղ մասնագիտական միջավայրերի ու մասնավոր սոցիալական խմբերի քննությունից անցնելով համընդհանուր ազգային խնդիրների համատեքստ՝ արձանագրելով մեր կյանքի վայրիվերումներն ու շեղումները և նորոգելով մեր սթափությունն այդ ամենի հանդեպ, մի բան, որ անհնար է առանց հեգնանքի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *