Արքմենիկ Նիկողոսյան / Վահագն Գրիգորյան «Պողոս-Պետրոս»

84069412_10215770192388091_6732415846989168640_o#ԿարդաԿիսվիր

Անսալով Hasmik Hakobyan-ի ֆլեշմոբին, կիսվում եմ իմ՝ վերջին մեկ տարում կարդացած գրքերից մեկի շուրջ տպավորությամբ:
Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 50 գիրք եմ կարդացել, ու դրանց շարքում անպայման ուզում եմ առանձնացնել Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը: Ընդհանրապես, Վահագն Գրիգորյանի ոճն այնպիսին է, որ միշտ դժվարությամբ եմ «մտել» նրա վեպերի մեջ: Այս գործն էլ բացառություն չէր: Բայց մոտավորապես 70-80 էջից հետո ուղղակի սկսում ես վայելել վեպի ամեն մի պարբերությունը: Մի տոհմի պատմությամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների 200 տարվա պատմություն: Սա վեպի ընդգրկումն է և այդ ընդգրկումը նաև ոճ է թելադրում՝ պատմագրական-պատմագիտական, ժամանակագրական, հրապարակախոսական, նաև բանասիրական, և բնականաբար՝ գեղարվեստական, և այլն, ընդ որում՝ այս բոլոր ոճերը հրաշալիորեն ներդաշնակած: Եվ այս ամենին գումարած՝ չափազանց ուշադիր, դետալային մոտեցումը յուրաքանչյուր ժամանակաշրջանին բնորոշ «մանրուքներին»՝ շենքեր, քաղաքներ, հագուկապ, առօրյա և այլն: Ընտիր պատմող է Վահագն Գրիգորյանը և այս վեպում դա նույնպես լավագույնս դրսևորվում է:
Կարդալուց անընդհատ զարմանում ու նաև՝ ջղայնանում էի, թե ինչպիսի հեշտությամբ է հեղինակը սպանում իր հերոսներին: Նրանք մշտապես հայտնվում են անելանելի իրավիճակներում, բայց միշտ պլստում են ինչ-որ հրաշքով, ու երբ քեզ թվում է, թե վերջ, պրծավ, մեկ էլ հանկարծ՝ սպանվում կամ մեռնում են անսպասելի հանգամանքներում: Ու՝ գրեթե բոլորն են մեռնում: Իսկ մինչ այդ դու հասցրած ես լինում սիրել նրանց և յուրաքանչյուրի մահը ողբերգություն է դառնում նաև քեզ համար: Ուզես թե չուզես:
Ես բոլորին հորդորում եմ կարդալ այս ուղղակի փառահեղ վեպը, վայելել դասական վեպի ծանրության ու ժամանակակից վեպի արտաքին թեթևության այս վարպետ շաղախը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *