Գոհարիկ Աքելյան / Ջ.Ք. Ռոուլինգ. Հարրի Փոթեր
#ԿարդաԿիսվիր
Հետևելով Hasmik Hakobyanի հետևողական և պասիվ-ագրեսիվ կոչերին 😀 միանում եմ գրքապատումի արշավին։ Հույս ունեմ, որ կկարողանամ ժամանակ տրամադրել և մի քանի անդրադարձ անել՝ չսահամանափակվելով միայն մեկ ժանրի կամ լեզվի շրջանակներում։
Բայց որպես առաջին մոտեցում ուզում եմ խոսել կարդացածս վերջին 7 գրքի՝ միլիոնավոր մարդկանց սիրելի Հարրի Փոթերի վիպաշարի մասին։ Թեպետ հայերեն թարգմանությանը ծանոթ չեմ, բայց հենց հայալեզու հրատարակության շապիկները ընտրեցի, որովհետև շատ կարևորում եմ էն մշակույթն ու լեզվամտածողությունը, որը պիտի բերի էս տեսակ գրականության թարգմանությունն ու տարածումը։
Վիպաշարի իրականությունը կառուցվում է բոլորին քաջ հայտնի կարծրապատկերների ու նշանների շուրջ՝ հանրահայտ միֆերի, միֆական արարածների խաղարկմամբ, որոնք, էսպես թե էնպես, պատրաստի պրոդուկտներ կամ ճանաչելի «ապրանքանիշեր» են զանգվածային սպառողի համար։ Ռոուլինգի գրչի հմայքը տարբեր մշակույթներից ու ժամանակներից ծաղկաքաղ արված հրաշապատում կերպարներն ու երևույթները մանրուքային բծախնդրությամբ մտածված միասնական համակարգի մեջ դնելն ու նույն անիվով պտտեցնելն է։
Հատկապես գրավիչ են կենդանի ու վառ անհատականություններով օժտված կերպարները, որոնք բոլոր գրքերի ընթացքում զարգացում են ապրում, ինքնադրսևորվում և բացահայտվում նոր կողմերով՝ չխաթարելով կերպարի նույնականացման և ամբողջության զգացումը։ Ընդ որում, կերպարները բավականին շատ են՝ մի քանի տասնյակ, բայց դրանք բոլորն էլ, այսպես ասած, 7D անձինք են, ունեն հարուստ ներաշխարհ, երբեք միագիծ չեն, այլ ձևավորվում են տարբեր գործոնների ազդեցությամբ։ Անգամ Ալբուս Դամբլդորը, ով հանճարի իր բարձունքից իդեալական է թվում ընթերցողին, ի վերջո երևում է մեկ այլ լույսի ներքո՝ մարդկային թուլությունների, երիտասարդական սխալների ու ձախողումների իր ճանապարհով։
Պատումը հեղինակի կողմից է ներկայացվում, ով հետևում է գլխավոր հերոսին՝ Հարրին՝ քուն, թե արթուն։ Այլ աչք կամ այլ տեսակետ ներմուծելու հարցում օգնում են նամակները, երազները, թերթերից կամ գրքերից մեջբերումները, հիշողությունները, որոնք փոթերյան աշխարհում կարող են պահվել առանձին սրվակների մեջ և անհրաժեշտության դեպքում տեսագրության պես նվագարկվել և վերջապես Հարրիի և Վոլդեմորտի հեռազգացողության կապը, որը թույլ էր տալիս Փոթերին իրական ժամանակում հետևել Վոլդեմորտի զգցողություններին, այնուհետև մտքերին և վերջապես անգամ տեսնել այն, ինչով այդ պահին զբաղված է Սև Լորդը։
Վիպաշարը լարված է, մռայլության զգացումը գրքից գիրք խտանում է, թեպետ անհուսության, անճարակության շրջապտույտը զգացնել տալու համար 6-րդ գրքում գործողություններն ինչ-որ ընթացք խիստ դանդաղում են և մի պահ գրեթե դադարում։
Ֆենթզի, գումարած արկածային և դետեկտիվ գրականությունների տեխնիկաներ, իրավիճակային և խոսքային հումոր՝ այս ամենը փոթերյան գրքերը դարձնում է անչափ գայթակղիչ ու սիրելի՝ անկախ տարիքից։ Մյուս կողմից վեպերի հանրահայտությունը նաև այլ պատճառներ ունի․ դրանք չեն ենթադրում ընթերցողի ինտելեկտուալ ներդրումը կամ ճիգը։ Փոթերյան յունիվերսում ամեն ինչ բացատրվում է մոգական կանոններով և ֆիզիկական աշխարհի ճանաչողություն, որոշակի իմացական շերտ ոչ պահանջվում է, ոչ էլ մատուցվում։ Ինչ խոսք, մշակութաբանական, դիցաբանական հղումներ և գաղտնի նշանակություններ առկա են, բայց դրանք այնքան պարտադրող ու առանցքային չեն, որ ստիպեն ոչ խորքային ընթերցողին մտածողության բարդ ակտ կատարել։ Փոխարենը մահվան և սիրո գաղափարները, որոնք ամբողջ պատումի շարժիչ ուժն են, հետաքրքիր և թարմ դրսևորումներ են ստանում՝ զարմանալիորեն ոչ ծեծված մեկնաբանություններով։
Leave a Reply