Գոհար Աթիկյան / Լաո Շըն. «Նոթեր կատուների քաղաքից»
Ինձ էլ Gevorg Hambardzumyan -ը մարտահրավեր նետեց։
Միանալով Hasmik Hakobyan -ի ֆլեշմոբին ես էլ իմ ամենասիրելի չինական վեպի մասին կգրեմ։ Մի քիչ երկար կգրեմ, գուցե մեկիդ էլ հավեսի գցեմ, կարդաք։
Կոչվում է «Նոթեր կատուների քաղաքից»։ Ամբողջ ընթացքում Հայաստանն էր աչքիս առաջ գալիս։ Իմ ամենասիրելի հակաուտոպիստական գրքերից է։ Հեղինակը՝ Լաո Շըն, գրել է Չինաստանի դրության մասին, ծաղրել իրենց հասարակարգը, բարքերը։
Մի չինացի Մարսում վթարի է ենթարկվում և ընկնում մարդ-կատուների քաղաք, սկսում ապրել իրենց հետ և ուսումնասիրում նրանց նիստուկացը։ Վեպում բնության ոչ մի նկարագրություն, ոչ մի թևավոր խոսք կամ ֆեյբուքում տեղադրելու համար հարմար տողեր չի կարելի գտնել։ ։ՃՃ Միայն դեպքեր են նկարագրվում։
Իմ ամենասիրելի պահերից մեկը դպրոցների ու համալսարանների նկարագրությունն է։ Գլխավոր հերոսին ասում են, որ իրենց երկիրը առաջատարն է տարածքում համալսարան ավարտածների թվով։ Բոլոր դպրոց ընդունվողները միանգամից համալսարանի դիպլոմ են ստանում և չեն մասնակցում դասերին, քանի որ, ըստ կառավարության, դասի գնալը ավելորդ է, միևնույն է՝ աշակերտները ոչ մի կարևոր և պիտանի գիտելիք չեն ստանում։ Օրինակ նա, ով ավարտում էր մեքենաշինության բաժինը, չէր կարողանում աշխատանք գտնել, քանի որ երկիրը ռեսուրսներ չէր տրամադրում, նա, ով մարքեթոլոգ էր, սեփական բիզնես բացելու դեպքում պետության կողմից թալանվում էր, կային մասնագիտություններ, բայց չկային աշխատատեղեր և այսպես, ոչ ոք չէր աշխատում իր մասնագիտությամբ։ Ավարտածներից նրանք, ովքեր կապեր ունեին դառնում էին պետական աշխատող, մնացածները՝ ուսուցիչ։ Կառավարությունը, այսքանը ըմբռնելով, որոշում է համալսարանի և դպրոցների վրա ավելորդ ռեսուրսներ չծախսել և դպրոցի առաջին օրը հայտարարում է դիպլոմ հանձնելու օր՝ ուսանողների շահերից ելնելով։
Հատկանշական է նաև կանանց դերը այս հասարակարգում։ Կատուներից մեկը այն հարցին, թե ինչու է կնոջը սիրում, պատասխանում է՝ «կինս ամեն բան կարողանում է, հատկապես՝ երեխա ծնել։ Հիանալի կին է»։ Տղամարդը հարգված էր, երբ ուներ սիրուհիներ, որովհետև կինը իր բարձունքում պիտի մնար, իսկ սիրուհիները փչացածներ են ընդամենը, որոնք ամեն բանի պատրաստ են տղամարդկանց համար։
Գիրքը ավարտվում է նրանով, որ կատուների մի մասը փորձում են հեղափոխություն անել, բայց քանի որ տգետ են ու չգիտեն, թե ինչ է պետք լավ երկիր ունենալու համար, ինչից են դժգոհ և ինչն են ուզում փոխել, ամեն բան ձախողվում է։ Հարևան երկիրը հարձակվում է, նրանք չեն կարողանում համախմբվել և ոչ թե թշնամին, այլ հենց իրենք էլ իրենց կործանում են։
Հերոսն էլ հասկանում է, որ աշխարհում կա Չինաստանից վատ երկիր ու երջանկությամբ վերադառնում իր «հզոր ու լուսավոր Չինաստան»։
Leave a Reply