ԼԵՎՈՆ ԲԵԺԱՆՅԱՆ

ԼԵՎՈՆ ԲԵԺԱՆՅԱՆ
***
Հանցանք համար 1
Անվերջություն…

Հանցանք համար 2
:Եվ որպեսզի թույլ տաք գործս սկսել վերջակետով,
Նախորդ գիրս պետք է վերջ չունենա…
Օրս սկսվեց մի մթությամբ,
Որ չէր ավարտվել երեկ:
Ցուրտը փաթաթել էր մերկությունը իր
Ու դողում էր:
Եվ ո՞վ կմտածեր, որ քամին կծածկի ուսերդ` չմրսես,
Եվ ո՞վ կմտածեր, որ ես կլինեմ քամի:
Օրս սկսվեց մի մթությամբ,
Որից չէի հորանջել երեկ:
Գիշերը թափեց իր ատամնաշարը
Մարդկանց երազների մեջ,
Եվ սիրահարները բարձերի տակ պահեցին
Մեկական երազանք.
Եվ ո՞վ կմտածեր, որ ինձ կխեղդես բարձիդ տակ,
Աչքերիդ մեջ,
Գիշերվա ժամին…
Օրս սկսվեց մի մթությամբ,
Որ չի կրկնվի երբեք.
Երկու ձեռք փակեցին աչքերս,
Գուշակե՞մ` ով է…

***
Ավտոբուսի մեջ,
քիթ փորող օդում,
Քաղքենիական աղմուկի շեմին,
Լռում էր մի կին` մեկուսի նստած,
Մեկ ուսը հենած հետօրյա լույսին:

Քաղքենիական աղմուկի շեմին,
Ձանձրույթով լցված քառանիվ սայլում
Շուրթերն էր ներկում ինչ-որ գազան ձի,
Ու հայելու մեջ հոգին էր հանում:

Լռում էր մի կին` նստած մեկուսի,
Իսկ իր հետևում կանգնած երեխան
Հոգին էր հանում ողջ ավտոբուսի`
Հրճվանքով իր տաք:

Փետուր էին թվում մազերը կնոջ,
Էլի՛ էին գոռում աչքերը նրա,
Երբ քաշքշում էր ծամերը սիրո
Չարենցյան սիրո գանգրահեր տղան:

***
Իմ երազներում լուսինը եռում է,
Արևը ներում է լուսնի պահվածքը,
Լուսինը ելնում, նստում է գլխիս
(Ես սուրբ չեմ բնավ)
Ու կանչում է քեզ`
Արի՛, իմ սերազ,
Արի՛ գրողի ծոցը:
Իմ երազներում կարմիրը շատ է,
Ու շատ ավելին, քան ձեր դժոխքում.
Ես սատանա չեմ,
Բայց ունեմ պոզեր,
Որոնցով գինի եմ խմում…

Իմ երազներում լուսինը եռում է,
Աստղերը եռում են ցանկություններից.
Գիշերը իջնում, նստում է ուսիս
Ու կանչում է քեզ`
Արի՛, իմ սերազ,
Արի՛ գրողի ծոցը…

***
Գիտեմ, խելառ եմ,
Խելառ եմ ու գիժ,
Բանաստեղծական ոգով անպատիժ:
Ես թքած ունեմ օրենքի վրա,
Օրենքն ո՞ւմ շունն է,
Երկինքը վկա:

Չեմ դաջել ոչինչ իմ մաշկի վրա,
Որ փշաքաղվի մարմինս լրիվ…
Բաժակդ բեր մո՛տ, չխմել չկա՛:

Մենք պիտի այսօր քանդենք դուռ ու պատ,
Ու շինենք երկինք չառաստաղային,
Մենք պիտի փորենք երկրի հատակը,
Ու քորենք սիրտը անաստեղային:

Մենք պոետ ենք խենթ,
Եվ ունենք եզերք,
Ուր չկա ոչ մի ոտնահետքոտ ձայն:

Մենք ունենք եզերք,
Բայց չունենք սահման,
Որ գծմծվում է աշխարհքի փորին:

Ես կասեմ բա՜ռ-բա՜ռ,
Թե ինչ ունենք մենք.
ԽՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԴԵՌ ՄԵԿ ՇԻՇ ԷԼ ԿԱ:
Բաժակդ բեր մո՛տ, չխմել չկա՛…

***
Բժիշկը ինձ չափավոր դոզայով
Անչափություն է նշանակել.
Պիտի կուլ տամ ինչ-որ անեզրություն:
Անչափ են լույսը, ժամանակն ու դու,
Չգիտեմ, թե որից սկսեմ:
Ժամացույցն ազդում է նյարդերիս վրա,
Ժամանակը լարում է քո դեմ,
Գրո՛ղը տանի, երկինքը վկա
Քո դեմ լարողին կուտեմ:
Վառում եմ մութը…
Լույսը անկիրք է,
Լույսը անսիրտ է ու սուտ,
Ես կուլ եմ տալիս կուսական լույսը
Ու թողնում եմ խավարը նվեր:
Իսկ դու…
Քո սերը կանգնել կոկորդիս,
Չի թողնում անչափը սիրեմ.
Բժիշկը տվել է քո դեղատոմսը,
Չեմ կարող սիրտս դեղել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *