Հասմիկ Հակոբյան / Պետեր Հանդքե. «Դանդաղ վերադարձ տուն»
Համացանցում գրականագետ Հասմիկ Հակոբյանի նախաձեռնությամբ և մարտահրավերների արդյունքում թափ է առնում #ԿարդաԿիսվիր հեշթեգով կարծիքները կարդացած գրքերի մասին: Ձեզ ենք ներկայացնում Հասմիկ Հակոբյանի առաջին կարծիքը գրքի մասին:
Իրականության անհուսությունն ինչպես որ կա
Պետեր Հանդքեի հայերեն թարգմանված գրքում՝ «Դանդաղ վերադարձ տուն» վերնագրով, ընդգրկված են հետևյալ գործերը՝ «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ», «Դանդաղ վերադարձ տուն», «Դոն Ժուան», «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» գործերը: Կարելի է ասել, որ թարգմանվել են հեղինակի կարևոր, էական նշանակություն ունեցող գործերը:
Ի՞նչ է պետք իմանալ Պետեր Հանդքեի գրականությունը կարդալուց առաջ.
Հանդքեն ավստրիական գրականության ամենակարևոր դեմքերից մեկն է:
Գրականություն է եկել անցյալ դարի 60-ականնների ավանգարդիստական շարժումների հետ՝ ներկայանալով որպես խռովարար, գրականության լեզվի միջոցով նոր իրականության կերտող: Հանդքեն իրեն համարում է Լյուդվիգ Վիտգենշտայնի փիլիսոփայության հետևորդը և կարծում է, որ փոխել աշխարհը հնարավոր է միայն լեզվի փոփոխության միջոցով՝ հաղթահարելով «բուրժուական լեզուն» ու կանոնիկ արտահայտչամիջոցները:
Հետագայում նրա գործերում ավանգարդիզմն ու մոդեռնիզմը իր տեղն են զիջում պոստմոդեռնիզմին, իսկ դա նշանակում է, որ կարդալու եք ստեղծագործություններ, որտեղ բացակայելու է կյանքի առանցքի բացակայությունը, տեքստին բնորոշ է լինելու քաոսայնությունը, դրվագայնությունը, և այդ ամենը ներկայանալու է ոչ որպես հոռետեսություն կամ հաղթահարման ենթակա ակտ, այլ ապրումի հնարավորություն՝ նոր կապեր ու հարաբերություններ ստեղծելու:
Հանդքեի գրականությունը մարդու հավերժական ինքնափնտրտուքի մասին է. ինչ է կյանքը, ովքեր ենք մենք, ուր ենք գնում: Բայց հույս չունենք, որ այս ինքնափնտրտուքի արդյունքում գոնե անորոշ ինչ-որ եզրահանգումներ եք անելու, ոչ: Հանդքեն իրականությունը ներկայացնում է ինչպես որ կա, առանց ենթադրյալ լուծումների: Եթե, օրինակ, Օրհան Փամուքի «Սև գիրքը» վեպում մարդու ինքնափնտրտուքի թեման գունազարդվում է արևելյան ասապլեներով ու միստիցիզմով, կամ ասենք Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպում սիրային հարաբերությունների պատմություն կա կամ թեկուզ Կամյուի «Օտարում» հերոսը վերջում հանգում է կյանքն ապրելու հրաշալի բերկրանքին, ապա Հանդքեի մոտ ոչ մի նման բան չեք գտնի: Նրա ստեղծագործություններում գրեթե բացակայում է սյուժետային գիծը, չկան սիրային ռոմանտիկ հարաբերություններ, կարելի է ասել, որ չկան անգամ սոցիալական խնդիրներ: Այսինքն՝ ի սկզբանե ընդունվում է, որ մարդը որոշակի սոցիումի արդյունք է, բայց այդ սոցիումը նրա ինքնության փնտրտուքում արդեն էական ազդեցություն չունի: Ի դեպ, Հանդքեին հաճախ հենց քննադատում են այս առիթով:
Հանդքեի այս վեպերում գրեթե բացակայում են երկխոսությունները, կարելի է ասել, որ ամբողջ տեքստը մեկ հոգու անունից գրված երկար մոնոլոգ է, որտեղ էականը մեկ անհատի՝ հոգևոր, զգացմունքային դեգերումների պատմության ամրագրումն է: Ամբողջ տեքստը կարծես կամերայի դանդաղ տեղաշարժ լինի, որտեղ օպերատոր հեղինակը ամենայն մանրամասնությամբ ու դանդաղությամբ առաջի պլան է բերում ու նկարագրում իր շրջապատում հանդիպող գրեթե բոլոր իրերն ու առարկաները և հատ-հատ քննում իր հարաբերությունը այդ առարկաների հետ, ի մի բերում իր ու այդ առարկաների զգայական կնեսափորձից ստացվող տվյալները: Հանդքեի տեքստը կարծես մարդու ներաշխարի մեջ տեղադրված թաքնված տեսախցիկ լինի:
Իր տեսակով Հանդքեի գրականությունն ավելի պատկերային է, մետաֆորիկ է (ի դեպ մետաֆորիկ բանաստեղծության հետքերն էլ մեզ գերմանակն գրականություն կարող են ուղղորդում՝ Ռիլկե, Ցելան, Հյոլդեռլին), և ոչ երբեք զգացմունքային կամ սյուժետային, շարժուն պատկերներով: Ինչպես մետաֆորիկ բանաստեղծության դեպքում, երբ ընթերցելիս պետք է նախ բացահայտես մետաֆորը և միայն հաջորդ քայլում է, որ մետաֆորը քո ապրած կենսափորձի հետ խաչվելով կստեղծի բանաստեղծություն վերապրելու հաճույքը, այնպես էլ այստեղ. ընթերցողը պետք է ամբողջովին կարողանա տեսնել գրողի նկարագրած իրականությունւ, կապ հաստատի բոլոր զգացած իրերի հետ: Ինչը շատ ու շատ բարդ է, եթե հաշվի առնենք, որ դրանք ոչ թե առանձին դրվագներ են, այլ ամբողջ 200 էջ շարունակվող նկարագրություններ: Հանդքեի տեքստը կարծես խտանյութ է, որտեղ իսպառ բացակայում են շնչելու տարածությունները:
Ամենաբարդ ընկալելին «Դանդաղ վերադարձ տուն» վեպն է, որտեղ վերոթվարկյալ խնդիրներին միանում է նաև պատկերի ընկալման բարդությունը: Այս գիրքը կարծես 3 D տեսարանների նկարագրություն է+ հերոսի ապրումներն ու գնահատական այդ տեսարանին: Նրա հերոսը՝ Զորգեն, աշխարհագրագետ է, որն օժտված է աշխարհընկալման սեփական տեսողությամբ: Իրականությունը նրա առջև աշխարհագրական ձևեր է ստանում. իր դիմաց նստած մարդկանց դեմքերը տարարլուծում ու աշխարհագրական ռելեֆների են նմանեցնում: Ու թեպետ վեպի վերնագիրը «Դանդաղ վերադարձ տուն» է, բայց դուք հույսն չունենք, որ հերոսի հետ կկարողանաք գտնել այդ տունը: Հենց այս բացարձակ անհուսություն է, որ ուժասպառ է անում Հանդքեի ընթերցողին, որովհետև, վերջիվերջո, մարդկային գիտակցությունը սովոր է փնտրել հենարաններ գոգավորություններ, որոնց կողքին կամ հովանու ներքո հնարավոր է մի պահ կանգնել, շունչ քաշել, այլ կերպ ասած՝ իմաստ ստեղծել բացարձակ անհուսության մեջ: Եթե անկեղծ լինեմ, սա իմ կարդացած ամենաբարդ ընկալելի վեպերից մեկն էր ու ստած կլինեմ, եթե ասեմ, որ մինչև վերջ կարողացա ըմբռնել այս ստեղծագործությունը: Ոչ միշտ էր, որ իմ սեփական տեսողությունը համադրվում էր տեքստի հետ, բանականաբար բազմաթիվ տեսարաններ այդպես էլ զուտ տեքստ մնացին առանց իմ ընթերցողական ապրումի միջով անցնելու, ինձ բացահայտման հաճույք պատճառելու:
Հիմա ինչ էի ուզում ասել, եթե լիքը ժամանակ ու համբերություն ունեք Հանդքեի անհուսության միջով սեփական տուն վերադառնալու, կարդացեք իր գրքերը, եթե չէ, գնացեք ձեր համար հանգիստ ապրեք, առանց այն էլ կյանքը կարճ է, կարդացվելիք մյուս գրքերի հերթն էլ՝ մեծ:
#ԿարդաԿիսվիր
Leave a Reply