Հասմիկ Հակոբյան / Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը»
Վերջերս հոգեբանության մի գրքում նման միտք հանդիպեցի. «Դու կամ ճիշտ ես, կամ երջանիկ». մոտավորապես միտքը այն էր, որ քանի դեռ շարունակում ես քո ճիշտ լինելու վերաբերյալ փաստարկներ ու ապացույցներ փնտրել, քննարկել՝ ուրիշների կողմից ընդունված լինելու, ուրիշների ներմանը արժանանալու համար, ուրեմն չես կարող ազատ ու երջանիկ լինել:
Ամբողջ ընթացքում, երբ ընթերցում էի Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» սկանդալային, հայտնի վեպը Զավեն Բոյաջյանի ուղղակի ֆանաստատիկ թարգմանությամբ, այս միտքն էր հետապնդում ինձ:
Հրեա հերոսը՝ Ալեքսեյ Պորտնոյը, իր ամերիկացի ընկերուհուն մի հարց է հղում՝ ապագա ենթադրյալ ամուսնությունից առաջ. «Դու էլ կրոնափոխ կլինես, չէ՞»: Ինչին ազգությամբ ամերիկացի, ինքնավստահ աղջիկը պատասխանում է. «Իսկ ինչո՞ւ պիտի դա անեմ»: Սովորական այս պատասխան, ասված անգամ քննարկման չձգտող հանգիստ, անխռով տոնով, ցածր տոնայնությամբ, այնքան Է հուզում գլխավոր հերոսին, որ նա պարբերաբար ինքն իրեն վերադառնում է այս հարցադրմանը.
« Իսկ ինչո՞ւ պիտի դա անեմ»: Ահա մեկը, որ գիտակցո՜ւմ էր՝ ինքն ով է: Հոգեբանորեն էնքան անխաթար, որ ինձանից ոչ փրկությո՜ւն էր ակնկալում, ոչ քավությո՜ւն: Եվ իմ փառավոր դավանանք ընդունելու կարիք էլ չուներ»:
Իսկ իրականում Ալեքսեյ Պորտնոյին զինաթափ արած այս փոքր նախադասության մեջ երջանիկ լինելու ձգտման մեծ ողբերգություն է թաքնված, ողբերգություն, որ ոչ միայն այս գրքի հերոսին է, այլ նաև մեզնից շատերին: «Պորտնոյի ցավը» վեպում Ֆիլիպ Ռոտի բարձրացարած խնդիրները փակ համակարգի մեջ ապրող հասարակությունների բարդույթների բարձրաձայնում է: Երեխաներին մշտական ստրեսի ու մեղավորության մեջ պահող ծնողների ցանկությունը (իրենց կողմից անգամ չգիտակցված)`առաջացած ձուլվելու, սեփական ինքնությունը, մշակույթն ու կրոնը ամեն գնով վառ պահելու, պատմական կոնտեքստից, այնքան խորը հետք է թողնում կենցաղային մակարդակում, որ վերածվում է պարտադրանքի՝ երեխաների մեջ մշապես վառ պահելով մեղավորության զգացումը ու միտում խորապես դժբախտ սերնդի դաստիարակության:
«Պորտնոյի ցավը» վեպի խնդիրներն այնքան տիպիկ են մեր իրականության համար, որ այն, ինչ գրողը ասում է հրեաների կապակցությամբ, համարյա նույնությամբ տարածվում է նաև մեր՝ երջանկության փոխարեն ճիշտ ապրելու ցանկությամբ տառապող հասարակության վրա:
Նախապես զգուշացնեմ, որ վեպը տաբուարվորված թեմաների շատ նուրբ կետերի է հարվածում, գրված է չափազանց բաց ու ազատ լեզվով, ոչ նորմատիվ բառապաշարով և կարող է շատերին դուր չգալ, բայց հոգեբանորեն ֆանտաստիկ խորը շերտերի է բացահայտում:
Ու վերջում, չեմ կարող իմ խորին շնորհակալությունը չհայտնել Զավեն Բոյաջյանին, որն ամեն անգամ ինձ զարմացնում է՝ «չեղած տեղից» նոր լեզու ստեղծելով, մեր գեղարվետսական լեզվի սահմաններն ընդլայնելով:
Փոստում ենք գրքի շապիկը + գրում գրքի մեր մեկնաբանությունը + #ԿարդաԿիսվիր նշանաբառը, վերջինս կարևոր է հայկական համացանցի մռայլ ոլորաններում գրքասերներով իրար գտնելու համար+առաջարկում ընկերներին միանալ ֆլեշմոբին:
Գրքեր նվիրելուց բացի եկեք այս տարի իրար նվիրենք նաև մեր գրքային փորձառությունը, մեր անկրկնելի պատմությունները։
Leave a Reply