Նաիրա Զոհրաբյան / Ռեյ Բրեդբերի. «451 աստիճան ըստ ֆարենհայթի»

big_1474090365_7990614«451 աստիճան ըստ ֆարենհայթի»

Անսալով Արքեմնիկ Նիկողոսյանի ֆլեշմոբին, ես էլ իմ տպավորությունը փոխանցեմ գրքից, որն անցած տարի ինձ վրա ամենամեծ տպավորությունը թողեց։
Գիրքը գրվել էր 1953-ին, բայց զարմանալի է, որ չէի կարդացել։ Ինձ ահավոր տպավորեց Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ ֆարենհայթի» վեպը։ Ըստ ֆարենհայթի՝ 451 աստիճանը թղթի այրման օպտիմալ ջերմաստիճանն է: Եթե ֆարենհայթի 451 աստիճանը վերածենք ցելսիուսի, կստանանք մոտ 233 աստիճան: Այդ ջերմաստիճանում թուղթը հեշտությամբ բռնկվում ու այրվում է։ Ու ահա այդ ջերմաստիճանում վեպում այրվում են գրքերը։ Բոլոր գրքերը։ Վեպը փիլիսոփայական անտիուտոպիա է։ Վեպի հերոսը հրշեջ է, տարօրինակ հրշեջ, ով ոչինչ չի մարում, այլ այրում է գրքեր։ Վեպը մի հասարակության, շատ մոտ ապագայի հասարակության մասին է, որտեղ մարդիկ այլեւս գիրք չեն կարդում։ «451 աստիճան ըստ ֆարենհայթի»-ն նկարագրում է մի հասարակություն, որը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել եւ շատ հեշտ է նման հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել , որովհետեւ դա դեգրադացվող հասարակություն է։ Մի հասարակություն, որն այլեւս տեղեկատվություն ստանում է բացառապես լրատվամիջոցներից եւ հեռուստատեսությունից։ Մի հասարակություն, որ ինքն իրեն դատապարտում է ոչնչացման։ Սակայն գլխավոր հերոսի կյանքում շրջադարձային եղավ այն պահը, երբ մի կին նախընտրեց այրվել սեփական տանը, բայց չբաժանվել իր գրքերից: Վեպի ավարտին գլխավոր հերոսն իր շատ փոքրաթիվ համակիրների հետ սկսում է ուսումնասիրել գրքերի բովանդակությունը, դրանք հաջորդ սերունդներին փոխանցելու համար։
«451 աստիճան ըստ ֆարենհայթի»-ն կարդալուց հետո մի տեսակ սարսափով նայեցի իմ գրքերին ու մտածեցի՝ ինչ կլինե՞ր, եթե այս գրքերը չլինեին իմ կյանքում, որովհետեւ գիրքը այրելուց շատ ավելի մեծ հանցագործություն կա՝ գիրք չկարդալը։
Էնպես որ, ով չի կարդացել՝ անպայման կարդացեք։
Ու ոնց որ գրված լինի հենց մեր էս օրերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *