Նունիկ Դարբինյան / Իման Հումայդան Յունես. Վայրի թութը

86731132_10158204695053408_4677500383579340800_n#ԿարդաԿիսվիր

Ֆեյսբուքի ապաքաղաքականացման որոշումը թարմություն մտցրեց մեր առօրյայում, շնորհակալ ենք Hasmik Hakobyan-ին խավարի մեջ լույս սփռելու համար և հույսով եմ, որ այս տարի կծանոթանանք վիրտուալ աշխարհից դուրս։

2020 թվականից անցել է ամիս ու կես և հասցրել եմ արդեն կարդալ հինգ գիրք։ Այս պահին ընթերցում եմ մի գիրք, որը թերևս թեմատիկ առումով ամենահետաքրքիր ու արտառոց գործերից մեկն է ինչ ընթերցել եմ մինչ այժմ։ Սակայն այդ գրքի մասին չեմ խոսելու, քանի որ դեռ չեմ ավարտել և ընդունելով Areg Bagratyan-ի մարտահրավերը ցանկանում եմ անդրադառնալ այն գրքին, որն ավարտեցի ամբողջովին վերջերս։

Լիբանանցի Իման Հումայդան Յունեսի գիրքը հանկարծակիորեն հայտնվեց իմ գրադարանում որպես նոր տարվա նվեր սիրելի գործընկերոջից՝ Tereza Amryan-ից և միացավ այն գրքերի շարքին, որոնց ճապոնացիներն անվանում են Ցունդոկյու, այսինքն չկարդացած գրքերի բույլը։ Երևի թե վերջին մի քանի տարիների ընթացքում գրադարանումս առանձին բաժին է ավելացել այդ տեսակ գրքերի համար և դա համարում եմ մեր երկրում թափ առած գրքի ու գրականության հանդեպ սիրո և բազում թարգմանությունների և նոր գրքերի հրատարակման արդյունք։

Սակայն ինչպես Յունեսի գիրքն ընտրվեց այդ ցանկից դուրս գալու համար և առաջ անցավ մյուս գրքերից, երևի թե ինչ-որ ներքին, հարազատ աներևույթ կապ էր, որը ինձ միահյուսեց այս գրքի հետ կամ զուտ այն որ հեղինակը կին էր այն աշխարհագրական տարածաշրջանից, որտեղ լույս աշխարհ եմ եկել տարիներ առաջ։ Ընտրությունը ճիշտ էր, քանի որ իմ փնտրտող հոգին առաջին իսկ էջերից միահյուսվեց հերոսի հետ մասամբ միանման ճակատագրի հորձանուտում հայտնվելու պատճառով։

Պատկերավոր և պոետիկ այս ստեղծագործությունը, կյանքի ամեն մի պատկերին այնպիսի երանգ, ջերմություն և շունչ է հաղորդում, որ ակամայից հենց առաջին էջը դեռ չավարտած զգում ես, որ դու հենց այն “գլորվող ջրի փոքրիկ կաթիլն ես” որը հոսում է հերոսի այտերից, գյուղի ջերմ արոտներն ես կամ էլ փայլատակող արևը……և սկսում ես զգալ բույրը, թարմությունն ու խաղաղությունը այդ պոետիկ պատկերում։

Պատմությունը հեռանալու, կորստի, և այդ կորստի մեջ հասունացող ցավի մասին է, հիմնված իրական դեպքի վրա երբ հեղինակի բռնակալ պապի երկրորդ կինը թողնելով զավակին հեռանում է տնից։
Վիպակի պրոտագոնիստը՝ Սարան է, նա ամբողջովին հեղինակի մարմնացումը չէ, այլ նմանատիպ ճակատագրի կրողը քանի որ մայրը լքել է նրան։ Սա Սարայի, նրա հասունացման ու կյանք մուտք գործելու պատմությունն է։
Այստեղ հերոսը խճճված հանգույցի մեջ է, անհայտ ուղղությամբ հեռացած մայրիկի, միսիոներ ընտանիքի, արտագաղթել ցանկացող եղբոր, իր անձնական երջանկությունը եղբոր ընտանիքին զոհաբերած հորաքրոջ և բազմաթիվ այլ կերպարների ու զգացմունքների միջև։ Սա ինքնության փնտրտուք է, մայրիկի առհավետ հեռանալու նախատինքից ձերբազատվելու պայքար, որը դրոշմվել է ընտանիքի ճակատին։

“վայրի թութը” Լիբանանյան հասարակության մութ ու դաժան կողմերի բացահայտումն է, Լիբանանցի կնոջ պայքարը ոչ միայն հասարակության մեջ իր իրական տեղը գտնելու համար, այլ ներքին պայքար է անցյալից ձերբազատվելու կամ համերաշխորեն հուշերի պատառիկներից անցյալ կառուցելու և դրան լիովին հավատալու համար։ Որքանով որ սա Լիբանանի մասին է, նույնքան էլ տարածվում է արևելքում ապրող բոլոր ազգերի վրա, շոշափելի ու հոգեհարազատ է մեր հոգում կուտակած բոլոր արևելյան զգացմունքների չափ ։
Առավել հետաքրքիր և գունեղ են վեպի կին հերոսները՝
Այն ատ-Տահունցի այս կանանցից, ինքը գլխավոր հերոսը՝ Սարան ավանդույթների խախտողն է, փնտրտող, անհանգիստ հոգին, Հորաքույրը հասարակական նորմերով ու բարքերով ապրող և առաքինության թակարդն ընկած միանձնուհու կերպար է, Սարայի երազկոտ ընկերուհին Դոհան ոչ մի երազանք չունի բացի հերոսի եղբոր հետ ամուսնանալուց, Վավաշոտ Մուտիան է Հալեպից և հայ ընթերցողին հոգեհարազատ Շաքեն, ով երազում է հայրենիք վերադառնալ։ Սա գաղթած, հայրենիքը կորցրած և իրենց գյուղն ու առօրյան վտանգի շեմին տեսնող մարդկանց պատմություն է, Արգենտինա փախած մայրիկից մինչև Անգլիայի ցրտաշունչ օրերում տառապող Սարան, Հալեպից մինչ Դրուզների գյուղ հասած հայերի ու արաբների պատմությունը։ Այս բոլորին համատեղած Այն ատ-Տահունը խաղաղություն և բարգավաճելու հեռանկարներ չի խոստանում, այն հոգևարքի մեջ է և աշխատում է շնչել շերամաբուծության անկման, չորացած ծառերի, և հեռացող մարդկանց ծանրության ներքո։ Սա պատմություն է աշխատող մարդկանց և այն մարդկանց մասին, որոնք արդեն իսկ ելքը հեռանալու մեջ են գտնում։ Եթե հեռանում են մարդիկ ուրեմն սա հայրիշխանության ժամանակաշրջանի ավարտն է, որի սիմվոլիկ մարմնացումն է Սարայի հայրը, ում մահը նաև գյուղական կյանքի, արժեքների, երևի թե հին Լիբանանի ավարտն է համարվում։

Ընդհանուր առմամբ “վայրի թութը” գունեղ ու պատկերավոր ստեղծագործություն է։ Կյանքի շրջան է նկարագրված մեկ շնչով, երբ ավարտին մնում են հարցեր այն մասին, թե որն է փնտրտուքի և ճակատագրին հանձնվելու սահմանը, որն է ճիշտ ու որը սխալ, որքանով է անցյալը շաղկապված ապագային և ինչ պաճառահետևանքային կապեր են մարդկանց նետում փնտրտուքների հորձանուտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *