Ռազմիկ Գրիգորյան / ԴԵՊԻ ԴՈՒՐՍ

Ռազմիկ Գրիգորյան
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Աշնան դեղնած շուրթից, որպես աղոթք, ծորում էր անձրևը: Լայն փողոցում, մեքենաների անիվների տակ մեռնում էին թափված տերևները: Վերջին ամիսներին Նարեկը նայում էր աշխարհին նույն ապակու միջով, նա հոգնել էր նստած ինչ-որ տեղ հասնելուց: Դողացող մատների արանքում ծխախոտի վերջին գլանակի մեջ ինքնասպան էր լինում կեսօրը: Երկու անգամ կոտրել էր ապակին, երեք հեռախոս էր ջարդ ու փշուր արել, բայց դրանից ոչ ձանձրույթն էր պակասել, ոչ էլ բարկությունը:
– Այո:
– Բարև:
– Բարև, չասե՞ցի չզանգես:
– Ուզում եմ գամ:
– Որ հաց բերես ու խղճա՞ս:
– Լսի…
Մարիան ինչ-որ բան էր ուզում ասել, չհասցրեց:
Նարեկը հեռախոսը նետեց անկողնուն և գլանակը մարեց մոխրամանի մեջ: Անձրևը դեռ գալիս էր: Քամի բարձրացավ, դիմացի շենքի լվացքի պարանը պոկվեց, և գույնզգույն շորերը պարելով իջան ցած: Քաղաքը լողանում էր, մի շուն, ոսկորը բերանում, վազեց կանգառ, նստեց ծածկի տակ ու հանգիստ սկսեց վայելել իր ճաշը: Լուսինը մոտ թվաց Նարեկին: Սթափվեց դռան զանգից, չմոտեցավ: Մի քանի անգամ հնչեց զանգը:
Դուռը բացվեց: Մարիան եկավ, տոպրակը դրեց սեղանին ու լուռ նստեց աթոռին:
– Բա ասում էիր բանալի չունե՞ս:
– Դու էլ էիր ժամանակին շատ բան ասում:
– Ինչի՞ ես եկել:
– Որ էլ չգնամ:
Նարեկը ձեռքը երկարեց և հանեց Մարիայի ակնոցը:
– Հետդ մարմնավաճառի նմա՞ն են վարվել: Ծեծե՞լ են:
Լռություն: Անձրևը խփում էր պատուհանին: Քաղաքը մաքրվել, փայլում էր իր գույնզգույն տանիքներով: Մարիան գլուխը կախել, ինչ-որ բան էր մտորում կարծես: Նարեկը սովորականի պես պատուհանից դուրս էր նայում: Խոսում էին` չնայելով իրար:
– Ծեծե՞լ են:
– Հա:
– Դուրդ եկա՞վ:
– Հա, ավելի լավ է, քան արհամարհանքը:
– Դու կարող ես ցանկացած մարդու մեջ մեղքի զգացում մտցնել, վարպետ ես:
– Ուսուցիչս դու ես եղել:
– Ի՞նչ ես ուզում:
– Ոչինչ:
Մարիան վեր կացավ, դրեց ակնոցը, բանալին դրեց սեղանին և քայլեց դեպի դուռը:
– Օղի բերե՞լ ես:
– Հա:
– Արի լցրու, նոր գնա:
Մարիան մոտեցավ, տոպրակից հանեց շիշը, բացեց, օղի լցրեց բաժակի մեջ, տվեց Նարեկին:
Նարեկը, բաժակը ձեռքին, թեքվեց դեպի պատուհանը` շարունակելով դուրս նայել: Մարիան կագնած էր սեղանի մոտ:
– Ինչի՞ ես եկել:
– Եկել էի քեզ տեսնելու:
– Ինչո՞ւ գնացիր նրա հետ:
– Մնայի քեզ հետ, մեռնեի՞: Հիմա եկել եմ` ի՞նչ: Միշտ նույնն ես:
Նարեկը շրջվեց, խմեց օղին, բաժակը դրեց սեղանին: Մոտեցավ Մարիային, Մարիան նստեց անկողնու վրա:
– Ես սպանել եմ ծնողներիս ու չեմ մասնակցել նրանց թաղմանը, հասկանո՞ւմ ես:
– Դու չես սպանել:
– Բա՞:
– Վթար է եղել:
– Իսկ ղեկին ո՞վ էր, ո՞վ էր խմած:
Նարեկը գոռաց ամբողջ ուժով, վերցրեց բաժակը, Մարիան վախից ետ-ետ քաշվեց: Մտածում էր` կխփի:
– Գնում եմ:
– Գնա ու էլ ինձ չխղճաս:
– Մեկ էլ գալու եմ ծննդյանդ օրը, ու էլ ինձ չես տեսնի:
– Որ խղճա՞ս:
– Որ ավելի հարմարավետ անվասայլակ բերեմ քեզ, պատվիրել եմ, մի քանի օրից կհասնի:
– Դրա համար սիրեկանդ է վճարե՞լ:
– Ոչ, ես եմ վճարել:
– Դու ոչինչ չես հասկանա:
Նարեկը վերցրեց սեղանին դրված օղու շիշը և շշով խմեց:
– Միայն դու ես ամեն բան հասկանում, մեզ համար անհաս է ամեն ինչ: Դու ընտրյալ ես:
– Դու չգիտես` ինչ է նշանակում լինել մարդա­սպան ու դրա համար չդատապարտվել, մարդ սպանել ու դրա համար հիվանդանոցից սկսած լսել, որ դու մեղավոր չես, դա դժբախտ դեպք էր… Հասկանում ե՞ս:
– Ես ինչ էի արել: Ինձ ինչո՞ւ լքեցիր:
– Դու էլ էիր ինձ խղճում: Երբ դուրս եկա կոմայից, իմացա ամեն ինչ, ես սպասում էի, որ մեկը կգար, կապտակեր ինձ ու կասեր, որ մարդասպան եմ: Կարծում էի` դա կաներ ընկերս, դու, կամ հարազատներիցս մեկը, բայց ոչ մեկը չարեց…
– Փոխարենը դու բոլորիս ապտակեցիր:
– Այո, որովհետև ես բոլորիդ սիրում էի: Մխիթարանքը հաճախ ավելորդություն է, դրա միջոցով սիրաշահում են, խաբում են, համոզում են, բայց չեն սիրում:
– Դու չես փոխվի, գնացի:
Մարիան վեր է կենում, սրբում է աչքերը:
– Նստիր: Գիտե՞ս ես ինչի չեմ փոխվի:
– Ինչի՞:
– Որովհետև ես երեք անգամ բաց թողեցի մեռնելուս հնարավորությունը, դրա համար վերջը սպանեցի:
– Մեքենա վարել սովորեիր:
– Գիտեի, որ չես հասկանա: Լավ, ինչևիցե: Գնա: Դարակում ատրճանակ ունեմ, գազով, կարող ես վերցնել, որ հետդ այլևս այդպես չվարվեն:
– Որ վերցնեմ, քեզ կսպանեմ առաջինը:
Մարիան վեր կացավ, լուռ քայլեց դեպի դուռը և հեռացավ: Նարեկը, օղու շիշը ձեռքին, մոտեցավ պատուհանին: Երևաց Մարիան, նա, հովանոցը ձեռքին, քայլեց դեպի կանգառ, նստեց, պայուսակը դրեց ծնկներին ու գլուխը կախեց: Նարեկը փորձում էր հասկանալ` արտասվում է Մարիան, թե ոչ, բայց հեռու էր, դժվար էր դա նկատելը: Նույն ապակու տարբեր կողմերում, երկու տարբեր մարդիկ ուզում էին մոռանալ նույն պահը, որը մոտեցրել էր իրենց: Նարեկին թվաց, թե ապակին խանգարում է, նա բացեց պատուհանը: Մարիան նստած էր նույն դիրքով և վերև չէր նայում: Նարեկը անվասայլակով մոտեցավ, սեղանի վրայից վերցրեց բանալին և շպրտեց փողոց:
Արդեն շատ ուշ էր, փողոցում հավաքարարներ երևացին, Մարիան նրանցից մեկից ծխախոտ խնդրեց, վառեց, վեր կացավ ու հեռացավ: Այդ օրվանից ոչ ոք Մարիային չտեսավ այլևս…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *