Սուրեն Աբրահամյան/ Խռովարար այլագիրը

Դավիթ Մշեցու «Այլա-գրություն» (2020) ժողովածուն հեղինակի առաջին գիրքը չէ, բայց որոնումների ճանապարհի իրական անակնկալն է: Մինչ այդ Մշեցին ծանոթ էր ինձ հեռուստահաղորդումներից մեկում ծայրաստիճան զայրույթի հասցնող կարծիքներով, խռովարար բռնկումներով: Եվ ահա տեսալսումներին բանավիճելիս միտք էր հնչեցրել՝ ասելով՝ ի՞նչ գիտեք, թե ձեր առջև կանգնածը նոր Չարենցը կամ նրա նման մեծը չէ… Քիչ է ասել, թե այդ միտքը հանել էր ինձ հունից, և զղջումը հետապնդում էր տարիներ՝ այդպիսի հաղորդման ականատեսը լինելու համար: Բայց Մշեցու «Այլա-գրություն» ժողովածուն, բարեբախտաբար, այլ երկխոսության մղեց, որն արդեն բանաստեղծության հիմքերի, պոեզիայի հայտնության, հեռանկար ունենալու, որոնման ջանքի խոստումը պարգևեց:
Իհարկե, ինչպես ասում են, Ապոլոնը գթասիրտ է եղել և շնչել է Մշեցու դեմքին, բայց Վարպետը դեռ չի ապտակել երեսին… Ուստի՝ այլ-ը ենթադրում է ոչ միայն շնորհ ունենալ, այլև ժխտել մուսաների կանչը, որ Ապոլոնը տվել է ժառանգաբար: Այն մուսաների, որոնք կրում են «շունչը ժամանակների», բայց, միաժամանակ, լսելի է բառի նախահիմքի կանչը: Մշեցին, ահա, բառի այս երկու բևեռների՝ իրականության բնագրի և պոեզիայի իրականության միջև է փնտրում այլ-ը, գրքի «Նախաբանի փոխարեն» գրության մեջ ասում, որ «թրծվել է այդ ուղղություններից մի քանիսի հնոցում» և հաջողել է կլանել (յուրացրել) «Հոմերոսից մինչև Թոմաս և Սարոյան Գագիկ» (այսինքն՝ հին աշխարհից մինչև նորը՝ ժամանակակիցը) և իրեն իրավունք է վերապահում «իմավարի քանդել կանոնները բոլոր//ու ձևերից հայտնի չօգտվել» (14):
Սա դեռ հայտարարության նախասկիզբն է, որ բանավիճող լիցք ունի և ծագում է բառի նախահիմքի հետ առնչությունից, որից վտարվել է պոեզիան: Ուստի, ինչպես ասում է բանաստեղծը, «այլևս անհնար է բանաստեղծությունը (թող ականջը կանչի Հյոլդեոլինի)» (13) և տենդագին փնտրում է այլ-ը: Այնուհետև հավելում է, թե ինքը այն սերունդն է, որ «պիտի փորձի հաղթահարել (և ապարդյուն հարկավ)» Չարենցին, Ռիլկեին, Եսենինին և Էլյուարին, «քանի որ ամենափառավոր կերպով երգված են//բոլոր գետերը, լճերը, ծովերը//արևը, լուսինը, քամին…» (13), մի խոսքով՝ բնությունը, իրերը, հայրենիքներն ու պետությունները, սերերը՝ նորածիլ ու հասուն, աղջիկները՝ կուսություն պարարտացնող, պոռնիկները՝ մայթեզրերին ծաղկող… Որեմն, շնչավոր ու անշունչ ամեն բան, երբ երգված են բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով, այլևս անհնար է երգել, քանի որ «բոլոր դարերում բանաստեղծության ծանր ձմեռներ են եղել կարծես,//սակայն այս մեկը սարսափելի է», հնարավոր չէ «յոլա գնալ ասֆալտանյութով» («Ոտքը՝ ոտքիս», 40), «մայրաքաղաքը տաղանդ չի ծնում, ո՞ւր մնաց՝ հանճար» («Ես հասու եղա…», 49) և «կախված ենք հին կաղնուց//խամաճիկի թելերով» («Այն, ինչ խամրել է վաղուց», 62):
Մշեցու այլաշխարհի իղձը այսպես խամրում է երգի պակասից, ահա ինչու նախապես ասում է, թե «այլևս անհնար է բանաստեղծությունը»: Եվ, քանի որ հարցադրումը վաղուց արդեն կա մեր քննադատության մեջ և նույն հարցման միջոցով է, որ հնարավոր է քննությամբ վերլուծել արդի հայ պոեզիայի հիմքերը, ապա Մշեցին բանաստեղծության հղացումը վերապրում է այդ հիմքով: Վերապրում է այնպես, ինչպես «ընդունում են լույսի գերիշխանությունը», երբ հեշտիվ տրվում են(ք) մթին, «մռնչում, իբր, իմաստնացած լորձը դեկադանսի», երբ «մերձենում են(ք) (ամոթանքով հարկավ)//բնությունը մեր տաք ու նախնական» («Ընդունելով լույսի գերիշխանությունը», 17) և «մեզ ոչինչ չի մնում, քան երգելը մաշկով» («Եվ հիմա», 20): Ուստի, հավելում է բանաստեղծը, «այլաշխարհի իղձը թաղել վաղուց,//հոգեհացը տվել…» և «մեղմ ասած (սպասում ենք), պրծնենք էդ մեռելից աղտոտ» (20): Եվ թեև «այլաշխարհը միակ փրկությունն է հոգու», և չի ընդունում «ծաղիկն ալպիական աղոթքը ճահճի» («Եվ մեղքերը բոլոր», 27), և «մարմինը մարմին չէ միայն, այլ նախ և առաջ հոգևոր ցնորք» («Եվ հիմա…», 31), ապա «շրջանցելու համար երգը, լռությունը և կանչերը բոլոր»՝ բանաստեղծը փակում է ունկերը, ինչպես Ուլիսն է իր ունկերը փակում՝ սիրենների երգից չկախարդվելու, նոր խոսք ասելու համար, քանի որ «նոր խոսք ասելուց,- ասում է Մշեցին,- վախենում է նա, ով հնի հանդեպ պաշտամունք չունի» («Շրջանցելու համար երգը», 42):
Մշեցու այլագրությունը ահա այսպես է ձևավորվում՝ «մերթ երկնքում, մերթ երկրի վրա», որովհետև «հասկանում է ջրերի լեզուն», իսկ «երեսուն ոսկին, ինչ խոսք, դյութիչ է», և «աչքերի մեջ գրքեր են այրվում» («Մերթ երկնքում եմ», 41): Իսկ այսպիսի մղձավանջից պետք չէ վախենալ, բայց և «պետք չէ հիանալ այն մտքերով, որոնք չեն գրվում մղձավանջի մեջ» («Ոտքը՝ ոտքիս», 40):
Շրջապտույտը, որի մեջ հայտնվել է բանաստեղծը, խոսքի ոլորտի շրջապտույտ է, որ ավերում է խոսքը ապոետիկ սկզբի ներխուժումից, զգայական աշխարհի խաբկանքից, օրվա ծիսական մոլորությունից, բանաստեղծի իրական խոհերից՝ երբեմն առօրյա, երբեմն ծույլ ու գավառամիտ: Բայց բանաստեղծականի շրջապտույտն էլ ծագում է սրանից՝ բառի գոյաբանական ներշնչանքից, երբ կարող է «ճայը դառնալ ռումբ//ու ռումբը թիթեռ,//լիճը սուրճ դառնա(լ) ու սուրճը՝ առու,//մարդը՝ սինձ, իսկ սինձը՝ մուշտակ» («Նախաբանի փոխարեն», 14): Այսպես է, որ բանաստեղծը վաստակում է այլագրելու իր իրավուքը, որ ծնվում է մեղքի զգացումից, երբ ամուր կանգնած ոտքերին առողջ, կաղում է դարձյալ և կռնատ է՝ թևերով առողջ, բայց մեղմիվ փաթիլվում է խիղճը երկնավորի, բանաստեղծը ձայն է լսում հարազատ քրոջ, սփոփվում ժխորում այս, երբ ճախրում է իր հոգու երկնքում հերոսական Գայլը, և աղոթում է կրկին բանաստեղծը մայր բնությանը, որ այս շփոթ դարում վերադարձնի իրեն մանգաղը դարի, հոր զայրույթը երկնքի վրա, մոր գիրկը խոտաբույր և այսպես գրկած դժոխքի դռները դյութիչ, մի քնքուշ ձեռք՝ Աստծո վերևից իր թարախապատ վերքը դարմանի («Ընդունելով լույսի գերիշխանությունը»): Ինչո՞ւ: Որովհետև փոքրացել է բանաստեղծը վաղուց, բայց դարն այս բարձր է պոետից, և պետք է հաշտվել դարի հետ («Լինել հպարտ», 103): Իսկ բանաստեղծելը, Մշեցու ընկալմամբ, բացական է խոսքի, վկան՝ չապրած օրերի, իսկ այդպես «սոխակն է երգում զույգին փնտրելիս» («Բանաստեղծելս», 87): Ուրեմն, ինչո՞ւ շոշափել անշոշափելին//և ընտրել վերքը, երբ սպին չկա («Երբ դավանանք ենք դարձնում…», 92), երբ հարկավոր չէ «բանեցնել զենքերը մտքի… եթե փամփուշտն է սակավ», ուստի, ինչպես եզրակացնում է Մշեցին, «սրտի ուռկանով հրթիռ չես բռնի//հոգու մոսինով չես խփի կաքավ» («Հեշտ չէ», 95): Ի՞նչ է մնում ուրեմն բանաստեղծին՝ այլաշխարհի իղձը և անշոշափելին, որ բանաստեղծությամբ է վկայում պոետին, բայց անկումը երգի մեղքով ու աղտեղությամբ է պատում աշխարհը, բանաստեղծին իր հոգու անդունդը գլորում, ինչպես կործանված մեղեդին, որ ապստամբության ոգի է ծնում, բանավեճի կրքով լցնում բառի մեղեդին: Հակադրության ոգին տեղատարափ անձրևի պես բառերը փոխակերպում է մղձավանջի, թեև բանաստեղծը չգիտի և ճշտել է պետք, թե «հոգեխանգարման թանձր պահերին//պայծառանո՞ւմ ենք, թե՞ խոստովանում» («Թփերն են աճում…», 55): Բայց թփերն աճում են կաղնու ստվերում և չարդարացված ըմբոստացում կա՝ թաքնված ստվերում: Բանաստեղծի երակներում հոսում է ավիշը բոլոր բույսերի, որոնք մնացել են ջրհեղեղի տակ: Եվ եթե սուտ չէ գիրը, թե կյանքը մեզնից է սկսվել, ապա «ինչո՞ւ ենք մենք դագաղի մեջ» (55), երբ ծաղիկները աղոթում են գիշերվա մթնում, սոխակները ջազ նվագում զառիթափն ի վար, փոքրիկ քոթոթը խույս է տալիս շնագայլերից և ձորն է ընկնում: Բանաստեղծը քնել է այսպես իր մթին մղձավանջում և չգիտի, թե «տերը այսքանը տեսնելով՝ ինչո՞ւ է շուտ քնել այսքան» («Թփերն են աճում», 55):
Եղերաժամը այցելում է բանաստեղծին, կենցաղախույս հոգին ըմբոստանում, երգում է մաշկով, և չկա ոչ մի թաքստարան, անհնար է խեղդել աղմուկը մարմնի, ուստի երգը՝
Աղոթաժամիս մայրամուտ էր բորբ,//սիրագույն մի երգ՝ արևաժամիս,//արևամուտիս՝ այգաբաց մի ցոփ,//հեթանոս մի էգ՝ սևսաթ գիշերիս… (18)
Հորիզոնի հեռուն փակ է, ուր անլույս աստվածներն են, հորիզոնից դուրս՝ հույս կա լուսավոր, ճերմակ փաթիլներին արևներ են իջնում, բայց «ինչ-որ մի Աստված ջանասիրաբար սովորեցնում է մեղքերը պարտակել» («Աղոթաժամին», 22): Բայց եթե ի սկզբանե սահմանված է մեղավոր ապրելը, ապա ինչո՞ւ հրաժարվել գինուց, կանանցից «փոքր կամ մեծ չափաբաժնով,//դա էլ արդեն ըստ մեր վճարունակության» (23): Հրճվանք է ապրում բանաստեղծը ասես, երբ ամեն անգամ, ինչպես ասում է, «սպանում եմ քեզ կամ ինձ», և «գինին հոսում է իմ գենի հետ այնպես,//ինչպես շուրթերս ուսերիդ վրա» և, լացելու տեղակ, «ժպտում է ցինիկ հոգու(ն) ուռենին», իսկ բանաստեղծը հիշում է առակը, թե ինչպես «մի մութ ավազակ//հանդիպեց բարի տերտերին» («Ամեն անգամ», 24): Տերյանի տողն է նաև այդպես ասում՝ «և սարսափելին՝ թվում է դյութող…», որ բնաբանն է «Ամեն անգամ» բանաստեղծության: Ուստիբոլոր մեղքերը՝ գրված և չգրված, ավետել են «այս ծեր մոլորակի խավարումը», սակայն «ոչ աչք եղավ, ոչ ականջ», և «մենք այլևս չունենք ապաստարան,//քանի որ աշխարհի բոլոր պատուհաններից//բացվում է քաղաքը՝//պոռնկուհու իր ցոփ շքեղությամբ» («Ցավոք...», 29): Եվ գուցե անդունդն այնքան սարսափելի չէ, որքան անկումը դեպի խորքը անդունդի: Բայց ստորոտներ կան, որ բարձր են ավելի, քան գագաթները, և առասպել է տենչում Մշեցու հոգին, թեև շաղկապված է մետաֆիզիկայի, ռեալիզմի և նոր աստվածների խաչին, ուստի
երբ «իսկանդերներ են բերում քեզ վրա՝//նետ ու աղեղով դեմը չես ելնի» («Հիմա», 53): Անհնար է, ուրեմն, հաշտվել խավարման դեմ, որ մենք ենք ստեղծել: Մարդն այսպես իր նախակերպման օրից մրցել է կրակի, ջրի, քամու և օդի հետ, որոնք իմաստուն էին մեզնից, որոնց փորձեցինք ենթարկել մեր մտքին: Մշեցին կտակառուն է և պարտապանը այն անկումի, որ միտքն է հյուսել: Այդպես «պայքարել և ոչնչացրել ենք միլիոն մերպեսի,//որպեսզի խուժենք այս աշխարհը մութ» («Նախակերպման օրից», 32), շրջանցելու համար երգը, բորոտների նման ճանկռելով հողը, որ մարմինն է մեր՝ հոգի առած, անտառները հնձել հսկա գերանդիով, աղտոտելով աստծո հանգրվանը վերջին, ուր «դեղձանիկները՝ բանից անտեղյակ//դայլայլում են դեռ» (43): Այդպես «աղոթքները, եթե չեն հնչում լռության ձայնով,//անարգանքներ են՝ երկնքին ուղղված» (43), ուստի՝
ինչ հեշտ է խաբվում Աստված վերևում՝//մինչդեռ ներքևում խորամանկ է նա… (43):
Գլորվում են ահա մեր սխրանքները փառքի գագաթից, ինչպես հերոսի գլուխն է ընկնում կառափնարանից, և դաս չենք քաղում, չի շտկվում ուստի էպոսը նաիրյան ցեղի («Եվ գլորում են», 64), արթնանում մեր մեջ և կորցնում ենք սահմանները բարեպաշտության, ինչպես քահանան հավատն է կորցնում բաց ծունկ տեսնելիս («Երբ քարանձավն է…», 68), օրերի մեջ դեղին բազմանում է ցավը («Օրերի մեջ», 65), մենք նպաստում ենք դեղին ծխին («Մենք բոլորս…», 34) և «Կայենի նման ձախողել ենք արդարությունը» («Այն, ինչ խամրել է», 62): Ամենուրեք, մեր երկրի ներսում թշնամական զորքեր են՝ կիրթ ու բարեհամբույր, լրտեսներ՝ թշնամական ընդունարաններում և դրանցից ներս, որոնք իրենց ընդերքը թողածմեր ընդերքն են պեղում («Հիմա, երբ երկրի ներսում», 56), և ամեն ինչ խամրել է վաղուց, և ետ չես բերի բառերով («Այն, ինչ խամրել է», 62), ուստի
մեզ բան չի մնում, քան որդը լինել առողջ պտղի մեջ, բազմացնել մեղքի բաժինը և հրաժարվել ծանր ոտքերից, որ «վախերն են մեր» («Հիմա», 57): Օրվա լրահոսն ահա այսպես է ավետում՝
ՀՀ նախագահը, ձյան չկայի պատճառով//ցեխագնդի է խաղացել երեխաների հետ,//ՀՀ առաջին տիկինը սպաս է կերել,//ՀՀ վարչապետը՝ քյալլա… (76)
Լուրերի հոսքը ձերբազատում է բանաստեղծության կապանքներից, և, պետք է ասել, ամբողջացնում «Այլա-գրության» հղացման իմաստը: Ազատ խոսքի ռիթմը, տողը, պատկերների հոսող վերլիբրը, սարկազմի հնչերանգը ապոետիկ սկզբի դռներն է բացում, որ տանում է դեպի Հովհ. Գրիգորյանի բանաստեղծության նախահիմքը: Լրահոսի մեջ ներխուժում են տողեր, որոնք ազդարարում են համաշխարհային լուրեր, կառավարության այնպիսի որոշումներ, որոնք աննախադեպ հղացումներ են՝ տնտեսության աճը խթանելու, արևելքից արևը ծագելու, արևմուտքում՝ մայր մտնելու, երկիրը՝ իր առանցքի շուրջը պտտվելու՝ ինչպես որ լինում էր նախկինների ձեռամբ: Հաջորդում են այնուհետև եղանակի տեսության, սպորտային լուրեր, ռազբորկաներ ԱԺ նախագահի և ընդդիմադիրների միջև, ՍԴ-ն գրչահարելու, անհամաչափ ուժ կիրառելու մասին վարչապետի հրահանգներ, «Իմ քայլը կցության» արկածները… Իսկ վերջում՝ կուշտ ու կուռ պատգամավորներ, ասֆալտին էլեկտրաշոկով փռված հին ռեժիմի մնացուկներ և խաղաղ պայմաններում… կրկին մահացած զինվոր՝ նախնական վարկածը՝ ինքնասպանություն («Օրվա լրահոսը», 77):
Ոգու կորուստն այսպես է դառնում աղետալի: Մշեցին ոգու կորստի բեռով հասնում է զգացականի մակարդակին՝ քաղաքը անվանելով ճահճաքաղաք, քաղաքակրթությունը՝ անդեմ, երբ երկրում «աղբի տոպրակներն են ճախրում, ոնց ծովերի վրա ճայերը մեծ» («Իմ երկրում», 80), արևմուտքը ներխուժում գենդեռով, արևելքը՝ խամրում իր գույներով և հասնում է եղերաժամը: Քաղաքակրթության գույներն այլ կերպ է տեսնում Մշեցին, գուցե էմպիրիկ, իր անդունդից՝ վրիպող: Գրվում են նաև գործեր, ինչպիսիք «Էլ գ7», «Ընդդեմ գենդեռի, ֆեմինիզմի և ռնգեղջյուրացման» (այն էլ բարբառախոս), որոնք գուցե և պետք է տեղ չունենային իր լավ գործերի կողքին: Գուցե այս դեպքում ճիշտ է ասել… մեռելների մասին լռում են, որովհետև խոսքը, որ ասվում է, հիշողություն ունի… Իսկ հիշողության արմատը գուցե քաղաքը և քաղաքակրթությունը չէ, որ Մշեցին շաղկապում է ժողովրդավարության, արևմտյան ավանդույթի հետ և ասում.
Ցանկացած ազգի կործանման համար//իշխանությունը տուր ժողովրդին.//(արնագույն են դեմոկրատական//բոլոր նավերի առագաստները)… (36)
Մի՞թե դրանից է, երբ բանաստեղծն ասում է՝ «իմ հոգին դարձել է պոռնկատուն»: Չէ՞ որ ոգու կորուստն անդառնալի է, և «ինչ տարավ Եփրատը վարար, ինչ կտանի Ծերուկը հայտնի, անդառնալի է» (60): Եվ թե´ Արևելք գնաս, թե´ Արևմուտք, ինչպես ասում է բանաստեղծը, «շղթայված ենք Ավետարանի հատորներում» (152), և մեր «հավերժությունը կանխելու համար//պետք է կանխեին (մեր) հառնումն առաջին» («Ես չեմ մահանա», 70): Ուստի` «ճղատված ծառն անգամ կճյուղավորվի,//թե առողջ պահենք արմատը նրա», և համախմբումի ծառը մեր նվազ պտուղներ չի տա, երբ մաքրագործվի նաիրյան ցեղի էպոսը, որ մուրացկանի սովորությամբ, մեր օրերի մեջ, բանաստեղծի տողերի մեջ ըմբոստանալով, մաքրի հեղեղի պես, ոչ թե դառնա վճիռ («Մի արդարացված ֆիդայություն կա», 60): Իսկ այդպիսի վճիռ է սոսկ Արևելքին ապավինելը (ինչպես ասում է Մշեցին՝ աշխարհագրական իմաստով) և «Մնացորդաց» շարքում «Մեր քայլը» բանաստեղծության հղացումը նաև, ուր ասվում է.
Մեր Քայլը գեթ ցատկ էլ չդարձավ,//Էլ չասեմ ճախր ու թռիչք՝//Ցնծության վայրկյանը անցավ//Ու մնաց չարագույժ մի կռինչ: // Եվ նրանք, որ եկան խոստումով՝//Արևի, երկնքի և բարու,//Շատ չանցած՝ արդեն իսկ կոստյումով//Գողացան հատիկը գարու: (126)
Այդպես էր, երբ «ամբողջ պահուստը ցորենի//գռփեցին նախորդները պիղծ», որ մուկ էին, բորենի (126): Իսկ նորը բամբակե բարձ է թվում թեև, բայց գուցե նոր բարքերի մաքրագործումը մեր ներսի ենիչերուն, տերերին ջհուդ՝ յուրային և պերճ, մեր ցասման հեղեղի մեջ վտարի և կործանի: Բանաստեղծն էլ, ներշնչված երգով, կրկին ասի.
Հեռացրեք բարքերը ձեր պիղծ,//Ինձանից, աշխարհից իմ լուսե,//Չեմ անցնում, հասկացեք, ձեր մաղից,//Չեմ կարող դավերը ձեր հյուսել: (105)
Իսկ բանաստեղծը այլ է, և գիրն իր այլ է, «բնության զույգ արցունքներն են Պոետն ու Տերը» (52), լքված ու հպարտ, որ ծաղրում է բարքերը խորթ «Արքայի և Աստծո պես» («Հեռացրեք», 109): Մշեցին, անշուշտ, վրիպում է և աշխարհայացքի ու տեսողության հասունացման խնդիր ունի՝ ավելի լայն և խոր տեսնելու, քան իր հոգու խռովյալ անդունդն է, որն, այնուամենայնիվ, մի արդարացում ունի: Ուզում է տեսնել «դռան այն կողմը», բայց երբ այնտեղ է, «ողջ ուժգնությամբ այս կողմն է ձգտում» («Եղերաժամը եկավ», 54): Ուստի ասում է, թե «բանաստեղծի համար երիտասարդ է շատ//ու տարեց արդեն՝ պոետության քիմքին» (79), ժամանակները փոխվել են թերևս, «վերադարձները տուն չեն բերում», անհամաչափ են բաշխված դերերը մեր ու բնության («Բանաստեղծի համար», 79): Բայց բանաստեղծելը, ինչպես հավելում է Մշեցին, «մեր հոգիների ծարավն է (երկնում) անապատներում» (79), և չի վախեցնում դիակը մահվան» (80), երբ, միևնույն է, պոետը լինում է նախ իբրև վկա: Բայց երբ լուսանցքից դուրս է, չի հարմարվում այնտեղ: Ուստի կրում է պոետի խաչը որպես պատգամ և աղերսում է, որ չկանչեն իրեն այնտեղ, որտեղ նա չկա, և չխաչեն այնտեղ, որտեղ կարիք չկա: Խաթարվում է իր ներսը, երբ իրենից դուրս են նայում իրեն, տանում մեջտեղ, երբ լուսանցքից դուրս է, այլ է ու այլագիր, որ միայն իրենն է: Ահա ինչու պատգամի պես է ասում վերջին խոսքը.
Դիրք ու պաշտոն, գիտե՛ք,//Ատելով եմ ատում.//Փողկապավոր տակա՞նք՝//Լավ է փտեմ բանտում://Քծնանք, ոսկի ու փառք,//Մի´ ստիպեք՝ մեկ է,//Ես զինվոր եմ, տղե՛րք,//Եվ դա… առհավետ է://Ինձ մի քաշեք ներքև՝//Թռչելու եմ, մեկ է,//Ես պոետ եմ//Գիտե՞ք, որ դա կենսակերպ է: (107)
Սա է, որ արդեն ապագայի անխարդախ խոստում է, հրավեր, ինչպիսին միայն պոետի ներքին ձայնն է այլաշխարհի կանչով հրավիրում… Եվ իմ սպասումն է, որ խռովարարը փոխակերպվի ապստամբի…
Leave a Reply