Վահե Արսեն

Վահե Արսեն
Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

Բազրիքը

մեկ գետն էր երևում
մեկ բազրիքը ու զույգ ձեռք
մեկ գետն էր երևում
մեկ բազրիքը ու զույգ ձեռք
մեկ գետն էր երևում…

աչքերն իմ ջրե կոլբաներ անհաստատ
մարմինը կիրք
փշաքաղ ձևվացք
դուռ մաքսանենգ
բայց սեփական
և դիմադրող
քայլին առաջ

երկնաքերը նույն կամուրջն է կենարար
մարդիկ վերից գետ ցիրուցան
մարդիկ վերից – իրական չափի մեջ –
տե’ս
ինքդ քեզ
և սիրիր ընկերոջդ
ինչպես…
քեզ…

մեկ գետն էր երևում
մեկ բազրիքը ու զույգ ձեռք
մեկ գետն էր երևում
մեկ բազրիքը ու զույգ ձեռք

միայն գետն էր երևում…

Սենյակում

Սենյակում միայն փամփշտախոռոչի ծուխն է,
սենյակները երբեք ավարտուն չեն,
սենյակը մշտապես մեկ այլ սենյակ է թաքցնում…
հրամցնում…

բանալով փակվող դուռն է երջանկությունը
ավարտվում է իշխանությունը սենյակների…
ավարտվում է իշխանությունը…
ավարտվում է…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և երազում աթոռատեղիի մասին…

մենք շարժվեցինք դեպի լիճը վաղորդյան
ցասումը մեր հագեցնելու համար
շնչառությունը ուրվական է արարում
շնչառությունը մեր հատում է մարմինները դիմահար
մենք մրսում ենք…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և երազում…

ծանոթ տեղանքները նահանջում են,
դիմափոխվում, և փողոցն առօրյա դառնում է օտար
դառնում է նույն ուրվականը փախչող
նահանջող…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և…

ուրվականը ձևափոխվեց լքված կամուրջի
կանաչով ծաղկած լքված շինության
բառը դուրս է գալիս իր ափերից դառնում
շնչառություն
ուրվական
շարժում

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից…

սառույցը մեր հիվանդությունն է
խրոնիկ-անբուժելի
դողերոցք ամառվա կեսօրին
քամուն սովոր քարակամար
քամին նույն ուրվականն է ծանակող
դաժան
անորոշ

ժողովուրդը վազում էր…
և օրերի մեջ հասնում աթոռատեղիին…

սենյակում միայն փամփշտախոռոչի ծուխն է…
սենյակները երբեք ավարտուն չեն…
սենյակը մշտապես մեկ այլ սենյակ է թաքցնում…

***
Դեպի անքնությունը քո…
կեսգիշերը մի զինվոր է,
պատերազմի ավարտին սպասող…
երազի մեջ երազ, գիշերվա օդը բռնկուն է դառնում,
երբ գիշերը խտանում է նրա մեջ,
և զուգահեռը չի տեսնում երկվորյակին իր…

ես շտապում էի դեպի անքնությունը քո…
տանիքների կավե տրաքոցների ներքո,
քաղաքը ճերմակող աստղ ձեռքիս մեջ,
ձեռքս փոշեկուլն է գիշերվա,
ես տարերք` տափաստանում շիկացող,
ամենակուլ և միատարր,

միթե երգը իմ ճանապարհին է ծնվու±մ…

գետնանցումի վերում կանգնած, ինպե±ս լսել
ձայնը հողի,
ինչպե±ս վարվել ճիշտ…

ես շտապում էի դեպի անքնությունը քո…
շտապում էի բոկոտն,
բանալիների անցքերից լցվում ներս,
հեղեղում տներ և ճակատագրեր,
ակոսի մեջ արմատ խրում…
զիգզագվում…
և չէի տեսնում երվորյակին իմ…

ես շտապում էի դեպի անքնությունը քո,
օդափոխիչների հիվանդ շնչառության ներքո,
մինչև անտառը վերջնական հանգրվանի և
մարդկային կախվածության ձեռնամարտը ունայն,
ես չէի տեսնում երկվորյակին իմ…
մենք քաղաքը արմատախիլ արեցինք,
թերթով փաթաթած մի ծիլ վերցրինք նվազ և
խրեցինք փոսի դատարկության մեջ…

ես շտապում էի…
մենք շտապում էինք դեպի անքնությունն իրար…
այգու մեջ խնձորներ էին տրաքվում մերկ հողին,
տրաքվում էին մինչև ճշմարտացումը ամենի…
տրաքվում էին մեզ ընդառաջ,
ես Աստվածն եմ,
մենք էինք Աստվածը,
…և չէի տեսնում երկվորյակին իմ,
և շտապում էի դեպի անքնությունը քո…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *