Արմեն Օհանյան

Լուսանկարը` ԱՆահիտ Հայրապետյանի

Երբ կասեմ «գիշեր»`աչքերդ փակիր, «ցերեկ»`բաց արա: Խարդախություն չանես: Տես`աչքերս փակ հաշվում եմ. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը: Պահն եկել է` բացում եմ, ում որ տեսնեմ` թքում եմ:

Գիշեր: Բոլորը փակում են աչքերը, իսկ դու` բացում: Գետը գիշերով քեզ մեծ ու փափուկ նվեր է բերել. խաղալիք է ու չի հասկացվում` արջուկ է, թե շուն: Խարդախություն չեք անում, որովհետև դուք բոլորը չեք, հատուկ եք, ուրիշ եք: Գիշերը ձեզ միավորում է: Բոլորը կարծում են, թե քնում են իրար հետ, ուրեմն միասին են, բայց դուք գիտենք, որ միասին են անքունները: Ձեր հայացքները հատվում են մթության մեջ ու փոխադարձ ժպիտներից լուսավորվում: Անձայն խոսակցություն, լուռ համաձայնություն: Ձեզ աղմուկ պետք չի: Իրար հասկանալու համար խոսքեր պետք չեն: Բառերն ավելորդ են, նրանք կարող են արթնացնել քնածներին ու վտանգել ձեր դաշինքը: Ցերեկները պետք է թաքցնենք ձեր ով լինելը, որ գիշերները լինեք միասին:

Ցերեկ: Դու էլ բոլորի հետ բացում ես աչքերդ: Պետք է թաքնվես, թե չէ կբռնվես: Դու չես ուզում բռնվել, որովհետև ոչ ոք չի ուզում: Չպիտի լռես` կկասկածեն, չպիտի շատ խոսես` էլի կկասկածեն, հանկարծ աչքերդ չփակես` գլխի կընկնեն, դանդաղ չվազես` հետեւիցդ կհասնեն ու կբռնեն: Անմիաստ խոսակցություն, թաքուն անհամաձայնություն: Քեզ աղմուկ է պետք` շեղելու համար: Ավելորդ բառերը տեղին են, նրանք կարող են բթացնել արթուններին ու կնպաստեն ձեր դաշինքին: Հագիր սպորտային կոշիկներդ, որ արագ վազես կամրջի վրայով: Տասը, ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, մեկ: «Թու` ես»: Աննկատ անցար: Գիշերը նորից կլինեք միասին, որովհետև կարողացար թաքցնել քո ով լինելը:

Գիշեր: Բոլորը փակում են աչքերը, իսկ դու` հազիվ ես բացում: Ջազվեի կոթը բռնած աջ ձեռքդ դողում է, բաց աչքով էլ չես նկատում, որ սուրճը բարձրանում-բարձրանում է. տասը, ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, մեկ… թշշոցով թափվում է գազօջախին: «Թու, ես քո»: Դողացող ձեռքով սուրճի կիսատ բաժակը տանում ես սեղանին, ոտնաթաթերի վրա, որ չաղմկես. ձեզնից բացի բոլորը քնած են: Արջուկը, թե շունը գրավել է անկողինդ ու աչքերը փայլում են: Քունդ սուրճից փախնում կորում է ու հետ կգա ցերեկը:

Ցերեկ: Դու փակում ես աչքերդ: Մարդաբոյ խաղալիք արջուկը, թե շունը հետևից քեզ գրկել ու բաց չի թողնում: Գիշերը կարճացել ու չի հերիքում միասին լինելու համար: Ամեն կերպ փորձում ես դուրս գալ ցերեկային մղձավանջից, բայց անկարող ես: Ինքն էլ չի ուզում թաքնվել ու կբռնվի: Պետք է ազատվես նրանից, որովհետև դու չես ուզում բռնվել: Իրենից բացի ոչ ոք չի ուզում: Արագ չվազես` կկասկածեն, շատ չխոսես` գլխի կընկնեն, դանդաղ մտիր թաքստոցն ու բաց արա աչքերդ: Անիմաստ հարաբերություն, ծանր խոսակցություն: Քեզ աղմուկ պետք չի, տեղդ կիմանան: Բառերն ավելորդ են, ինքը քեզ էլ չի հասկանում:

Գիշեր: Բոլորը փակում են աչքերդ: Մեծ ու փափուկ խաղալիք էր ու չէր հասկացվում` արջուկ է, թե շուն: Գրկախառնված կանգնել էիք կամրջին: Հետո երկու ձեռքով հեռացրիր քեզանից ու բաց թողեցիր: Արջուկը, թե շունն օդում պտույտ գործեց, գլխիվայր սլացավ ներքև: Տես` ոնց են խաղալիքի մազիկներն օդի հետ շփումից թրթռում: Դանդաղ հաշվում ես: Տասը, ինը, ութ, յոթ, վեց…: Ձեռքերդ դրել ես բազրիքին, կիսով չափ կամրջից կախված, փակ աչքերով հետեւում ես արագորեն փոքրացող խաղալիքի վայրէջքին: Փոքրացավ-փոքրացավ ու, կետի վերածվելով, հասավ ջրերին: Երեք, երկու, մեկ: Գետը կուլ տվեց արջուկին, թե շանը, հետո անցկացրեց կամրջի տակով ու թքեց ձախ ափին: Կոշիկներդ հանիր, թող ոտքերդ հանգստանան: Ոչ ոք չկա:

Զօրուգիշեր: Բոլորը բացուխուփ են անում աչքերը, մեծուփոքր խառնվում են, երբեմն էլ գրկախառնվում: Մեծերը հեշտությամբ օդ են թռցնում փոքրերին, որովհետև նրանք թեթև են: Փոքրերը մեծանում են ու ծանրանում, չնայած որոշ փոքրեր ավելի ծանր են, քան որոշ մեծեր: Մեծուփոքր թեթևներն օդում պտույտներ են գործում, իսկ ծանրերն արագորեն սլանում են ներքև: Կոշտերը երբեմն փափկում են, իսկ փափուկները, թե կոշտանում են` փոքրանում են: Կոշտերը թե փափկում են, նաեւ մեծանում են, երբ մեծանում են` ավելի դանդաղում են ու չեն հասցնում քո հետեւից, որովհետև դու ավելի արագ ես վազում: Գետը հոսում-հոսում է ու քեզ ցերեկով մեծ ու փափուկ նվեր է բերում:

Ցերեկ: Բոլորը բացում են աչքերը: Ցախավելը կամրջի մայթին դեմ է առնում մի զույգ սպորտային կոշիկի: Ցախավելավորը բարձրացնում է ձախ թայը: Տես` սպորտային կոշիկիդ թայը քթի դիմաց կախված է, կապիչ-թելը տարուբերվում է քամուց: Ձեռքերը դրել է բազրիքին, ոտնաթաթերին կանգնած, կիսով չափ կամրջից կախված, գետափի երկայնքով հայացքով որոնում է կոշիկի տիրոջը` այսինքն քեզ: Կռացավ, աջն էլ վերցրեց: Սեղմել է կրծքին, ցախավելը շպրտել մի կողմ: Դու չկաս:

Գիշեր: Ինքն աչքերը չի փակում, խարդախություն է անում: Տես` ջազվեյի կոթը բռնած աջ ձեռքը դողում է, ինքը բաց աչքով էլ չի նկատում, որ սուրճը բարձրանում-բարձրանում է. տասը, ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, մեկ… թշշոցով թափվում է գազօջախին: «Թու»: Դողացող ձեռքով սուրճի կիսատ բաժակը տանում է սեղանին, ոտնաթաթերի վրա, որ չաղմկի: Բոլորը քնած են: Հիմա կսրճի ու կգնա գործի: Ցախավելը փափուկ չի, բայց մեծ է: Անկյունում լուռ կանգնած իրեն է սպասում: Հագնում է քո սպորտային կոշիկներն ու տանից դուրս գալիս:

Ցերեկ: Դու բացում ես աչքերդ: Արագ ես հաշվում: Գլխակորույս վազելով իջնում ես ձորով, ոտքերդ քեզնից առաջ են ընկել, հազիվ ես հասցնում նկատել դիմացից եկող թփերը, քարերը, փոսերը, որոնց պետք է շրջանցել կամ վրայով ցատկել: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը: Հասար, բայց չես կարողանում կանգնել, ու գետը քեզ իր գիրկն է առնում: Դու` թաց, արջուկիդ, թե շանդ վերագտած, կամրջի մայթին հանդիպում ես սպորտային կոշիկներիդ նոր տիրոջը` ցախավելը ձեռքին: Ձեր հայացքները հատվում են ու փոխադարձ ժպիտներից լուսավորվում: Հաճելի խոսակցություն, լուռ համաձայնություն: Խարդախություն չես անում. ասում ես, որ կոշիկները քոնն են, բայց իրեն ավելի են սազում: Դու մարդաբոյ խաղալիքը գրկիդ, ինքը`ցախավելով, միասին անշարժացել եք կամրջին: Դուք կաք:

Սպիտակ գիշեր: Բոլորը բացում են աչքերն ու արթմնի երազ են տեսնում: Գիշերը լուսավորվել ու ցերեկ է դարձել: Գետը հոսում-հոսում է ու թափվում ծովը, սուրճը բարձրանում-բարձրանում է ու թափվում գազօջախին, մեծերն աչքիդ փոքրանում-փոքրանում են, ծանրերը թեթևանում-թեթևանում ու օդում պտույտներ են գործում` նույնիսկ արջուկը, թե շունը` մեծ փայտի կոթով ցախավելին նստած: Բոլորը կարծում են, թե քնել ու երազ են տեսնում, բայց դուք գիտենք, որ նրանք արթնացել են: Դանդաղ ենք հաշվում: Ինքը շնչակտուր վազելով բարձրանում է ձորով, շրջանցում է թփերը, քարերը, փոսերը: Մեկ, երկու, երեք, չորս…: Դու գլխակորույս վազելով իջնում ես ձորով, հազիվ ես հասցնում նկատել դիմացից եկող թփերը, քարերը, փոսերը, որոնց վրայով պետք է ցատկել: Արագ ենք հաշվում: Տասը, ինը, ութ, յոթ, վեց…: Ինքը քեզ իր գիրկն է առնում: «Թու` ես, թու` ես, ազատում եմ բո-լո-րին»:

Տպագրվել է «Գրեթերթ», 2012, թիվ 3

Leave A Comment