Հարաբերության տեսակներ ու ձևեր կան, որ այդպես էլ իրար չեն հանդուրժում, թեպետ ամենից շատ հենց դրանց պարագայում է հարաբերում ասվածը կայանում: Գրողն այդպես էլ չի հանդուրժում կյանքը, իրականությունը, անընդհատ ձգտում է յուրովի տեսնել այն, ձևափոխել է ուզում, ու երևի այդ պատճառով է կյանքը չի սիրում գրողին:
Գրաքննադատն այդպես էլ չի հանդուրժում գրողին, նա կարծես թե ի սկզբանե տեսել է կատարյալը, ու երևի ճիշտ է հայտնի ասույթը՝ յուրաքանչյուր քննադատ չկայացած գրող է՝ բայց ոչ հեգնական, այլ կատարյալը տեսածի իմաստով, ու նա՝ քննադատը անընդհատ ձգտում է ուղղորդել գրականությունը դեպի այն վայրերն, ուր ինքը եղել է, ու երևի այդ պատճառով է, որ գրողը չի սիրում գրաքննադատին:
Ու այդպես՝ գրողը չի ներում քննադատին իրեն մեկնաբանելու համար, ճիշտ այնպես՝ ինչպես կյանքը չի ներում գրողին իր մեկնաբանությունը: Ու այդպես՝ նրանք միշտ իրար չհանդուրժելով ու չսիրելով մշտապես հարաբերվում են, առանց իրար ուղղակի գոյություն չունեն, ինչպես չարն ու բարին, երկինքն ու երկիրը, դժոխքն ու դրախտը…
Ու այս հարաբերումի մեջ ամենից հետաքրքիրն այն է, որ ժամանակի հոլովույթում մոռացվում է կյանքը՝ հիշվելով միայն ըստ գրականության պատկերվածի, ու ժամանակի հոլովույթում մոռացվում է գրաքննադատը՝ հիշվելով միայն այս կամ այն գրողի ու ստեղծագործության առիթով…
Հայ իրականության մեջ գրողի ու քննադատի հանդիպադրման գեղագիտական-ստեղծաբանական-մշակութաբանական պարագրկումներով ըստ պատշաճի վերլուծումներ բացառիկ քիչ կան, ու այդ բացառիկ քիչությունն էլ բերել է հատկապես գրաքննադատի դերի ու արարքի ընկալումի, վերաբերմունքի, գնահատումի թյուր ու զավեշտալի ընկալումների: Խորհրդային տարիներին «ռեժիմ» կոչվածը ինչ-որ կերպ ապահովում էր նորմալ հարաբերումի պատրանք: Բայց հատկապես անկախության շրջանում գրող-քննադատ հարաբերումի մակարդակը վերածվեց շուկայականի, ու Հրանտ Մաթևոսյանի՝ 1990-ականների սկզբին արտահայտած տագնապը գնալով ահագնանում է՝ «Երեկվա պետականության պայմաններում առաջացած պրոֆեսիոնալ գրաքննադատության իշխող բարձունքն ենք կորցնում, համակարգը ցրիվ է գալիս, «շկոլա» ենք կորցնում, գիտական մակարդակ, մտքի ռեժիմ: Ուժեղները գրականություն ստեղծում են և իրենց ճանապարհն էլ կբացեն ու հրապարակ կգան: Ափսոս գրաքննադատությունը: Գրաքննադատությունը պետք է վարձատրվի, պետք է պետականորեն խրախուսվի»:
Հստակ արժեհամակարգի բացակայությունը արժեզրկեց քննադատի խոսքը, հայաստանյան գրական տարածության մեջ գրաքննադատությունը, ինչքան էլ իրեն դրսևորեց, ինչքան էլ իր գործն արեց, այնուամենայնիվ, չընկալվեց այն առաքելությամբ, որ իրենն էր, ու գրաքննադատն էլ չընկալվեց այն ճիգ ու ջանքով, որ իրենն էր, այլ մնաց որպես կարծիք հայտնող, գովեստ հնչեցնող կամ պարսավանք թափող մեկը, որն այդ կերպ իր բարեկամներին, ընկերներին, թայֆակիցներին, թշնամիներին, չուզողներին է ի ցույց դնում: Ու գրողը լավ քննադատ հորջորջեց նրան, ով իր մասին գրում էր, ու վատ քննադատ հորջորջեց նրան, ով իր մասին չէր գրում, ավելին՝ ով իր թշնամու մասին էր գրում…
Անձնական հարաբերությունների պարզման, անառողջ մթնոլորտի, հավակնոտ միջակությունների առաջամարտիկության դժվար պայմաններում Գրիգոր Հակոբյանի ու Սեյրան Գրիգորյանի պես տաղանդավոր մարդիկ հեռացան գրաքննադատությունից՝ քանի՞սը չտեսան նրանց հեռանալը, քանի՞սը լսեցին նրանց լռությունը, քանի՞սը ափսոսացին…
Ու հակառակ բոլորի մռայլ կանխատեսումների՝ երիտասարդ ու տաղանդավոր գրաքննադատներ ասպարեզ եկան, հավատավորի ջանքով, գրականության սիրով. քանի՞սը ուրախացան, քանի՞սը քաջալերեցին, ընդհակառակը՝ իբր չնկատեցին, իբր արհամարհեցին, դեռ շուտ է ասացին…
Ու երկու դեպքում էլ իրենց մասին նրանց խոսքի թաքուն ու ջերմեռանդ սպասումով…
Ու տնաբույծ և ձեռնասուն «գրաքննադատներ» ասպարեզ եկան, որ է՜լ ավելի արժեզրկեցին քննադատի խոսքը, մղեցին Լևոն Խեչոյանին «Գրաքննադատի կարծիքն ավելի շատ հեռու է ինձնից, քան մոտիկ, ավելի շատ նա իր ուղեղում թափառող մտքերի հետևից է գնում, քան` իմ մտահղացման» արդեն, ցավոք, թևավոր դարձող միտքն հնչեցնել: Ու միջակ գրողին, ավաղ, ձեռնտու է այս ամենաթող վիճակը, արժեզրկված խոսքի պայմաններում յուրաքանչյուրի խոսքն է արժեքավոր…
Պաշտոն ու ազդեցություն ունեցող որոշ գրողներ երբեմն նաև ազնիվներին գայթակղեցին, փող ունեցողները մրցանակների անվան տակ քննադատներին կաշառեցին, ու, ավաղ, ավաղ, ավաղ, իրենց ու մյուսների գրականությունը դրանով չափանշեցին, հավատացին ու հավատացրին, ավաղ…
Ափսոս գրաքննադատությունը…
Ու գրողը քննադատի հետ բանավիճելը անիմաստ համարեց, նրան արհամարհեց, գրածն արհամարհեց, ու ավելի զարհուրելի է այն, որ այդ արհամարհանքը չտեսնելով՝ գրաքննադատներն են իրար արհամարհել սկսել, իրենց գովերգած գրողների՝ իրենց հասցեին ուղղված գովեստներից ոգևորված…
…ու եթե 19-րդ դարում Վիկտոր Հյուգոն տագնապելով տագնապում էր, թե տպագրության գյուտը կսպանի ճարտարապետությունը, այդպիսի տագնապ այսօր իմ մեջ է ու օրեցօր ավելի է ահագնանում, ու թեև Հրանտին պիտի կրկնեմ՝ «Ափսոս գրաքննադատությունը», բայց նրա պես այդ ափսոսությունը չպիտի կապեմ համակարգի փլուզման հետ, չպիտի ավաղեմ, որ «գրաքննադատությունը պիտի վարձատրվի, պետականորեն պետք է խրախուսվի», պիտի ցավով ասեմ, որ դա էլ չի փրկի, որովհետև ավելի մեծ վտանգ եմ տեսնում, գրաքննադատության՝ իր բուն իմաստով, անպետքությունն եմ այսօր զգում…
… որովհետև Ֆեյսբուքն ու մյուս սոցիալական տարածությունները, «քոմենթելու» սանձարձակությունը կսպանի գրաքննադատությունը, եթե արդեն իսկ չի սպանել:
Քննադատի մեծ դիալոգն այդպես էլ չի կայանում, ու այսուհետ երևի չի էլ կայանա: Որովհետև ի՞նչ էր գրողի ուզածը. էն գովեստի խոսքը, որ հնչեցնում ես իր մասին բանավոր, անպայման գրավոր հնչեցնես, որ նախ՝ ասածիցդ ետ չկանգնես հանկարծ, և ապա՝ որ այդ մասին աշխարհն իմանա: Ֆեյսբուքում ու այլուր քոմենթները եկել են փոխարինելու այդ ամենին: Գրավոր, փաստացի խոսք է՝ աշխարհն է տեսնում:
Ու, ավաղ, նույն Ֆեյսբուքում գրաքննադատի ու «պադյեզդցի» տղայի, աղջկա, հարևանի քոմենթ ու լայք կոչվածը գրողի համար արդեն նույնն են ու նույնարժեք են, կարևորը քանակն է, ու քանակը պարծենալու առիթ է…
Ու, ցավոք, շատ քչերի մեջ այն գիտակցությունը կա, որ դա ընդամենը մրցակցությունը, որտեղ ոչ միայն գրաքննադատն է անտեսված, այլև իրենց իսկ գրածը…
Ու ես, այնուամենայնիվ, մի փոքրիկ լավատեսությամբ ուզում եմ հուսալ, որ այդ շատ քչերի գիտակցությունը վաղվա մեր ընդհանուր գրական դաշտի գիտակցությունն է լինելու, ու ճահճից դուրս գալու ջանքն ու ճիգը պայմանավորողը…
Մյուսները թող շարունակեն մրցակցել, գրողը տանի…
Բայց, այնուամենայնիվ, ափսոս գրաքննադատությունը…
Տպագրվել է Գրեթերթ, 2012, թիվ 4
,- քննադատը հիշում է Հրանտ Մաթեւոսյանին: Ի՞նչ է : Դա անհատական որակ չէ, հանրային է, երբ կյանքի պետական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմա-պաշտպանական, մի խոսքով՝ բոլոր, դրսեւորումները գնահատվում են ոչ թե նպատակահարմարության, այլ՝ պահանջվածության ընկալմամբ, եւ այդ շարքում նաեւ՝ գրականությունը: Սիստեմը քանդվեց: Եւ ինչպես բարձրակարգ, կուլտուրական սրճարանների, որտեղ կարելի է հանգիստ նստել եւ խոսել արվեստից, փիլիսոփայությունից, քաղաքականությունից,- ահա այդ կուլտուրական հաստատությունների կողքին ծլեցին անկիրթ -ները, ճիշտ այդպես էլ կուլտուրական, մտքի ռեժիմին ենթարկվող գրականության հետ ասպարեզ եկավ պոեզիան, արձակը, դրամատուրգիան, եւ -ների հեղինակ կոչվածներն շտապեցին հռչակագրել, որ , իսկ քննադատությունը շվարեց, որովհետեւ եթե , ներողություն, իգանդամի գովք է անում եւ նրան գովում են որպես , որովհետեւ կայքն իրենն է, ընթերցողն՝ ինքը, բայց հրապարակային չես կարող կեղծիքը բացահայտել, եթե մի ուրիշ գրում է օժանդակ բայով եւ դարձյալ , քննադատն ինչպե՞ս էր ասելու, որ դա գրականություն չէ, պոեզիա չէ, նույնիսկ պոեզիայի պարոդիա չէ: Ասելու էր, եթե… մտքի ռեժիմին ենթակա Նիկոլ Աղբալյան լիներ, որ Չարենցի առաջին գնահատողն ու ամենաթունոտ քննադատն էր, երբ այլեւս հայրենիքում չէր, Պարսկաստան էր անցել: Ահա՝ քննադատը, որ գիտի՝ դեպի խորհրդային Հայաստան վերադարձ չկա այլեւս, բայց հանուն հայ գրականության նշավակում է Չարենցի ձախությունները…Ունե՞նք Աղբալյանի նման մտքի եւ դաստիարակվածության ռեժիմին իրեն ենթարկեցրած մեկը: Ունե՞նք մեկը, ում օրը, ինչպես գրողի օրը, սկսվում եւ ավարտվում է գրասեղանի մոտ: Ունե՞նք այն Անհավակնոտին, ով քննադատության տողերը գրելիս նախընտրի , , ոճը: Ունե՞նք Մեկին, որ հայ գրողի մասին խոսելիս չհիշի Կավկային, Կամյուին, Բորխեսին… Զավեշտ չէ՞… Հրանտ Մաթեւոսյանի վիպակի հերոսն ինչպե՞ս է ասում՝ ես իմ կյանքն ինչու՞ պիտի ըստ Անտոնիոնիի ապրեմ: Ես իմ հայ գրողին ինչու՞ եմ Բորխեսի է չափով չափում: Եւ վերջապես՝ քննադատի հավակնոտության մասին. Հրանտ Մաթեւոսյանին Հրանտ ասելու համար Մաթեւոսյանի նման հարցնեմ. …
Ողջոյն, մեր շատ սիրելի Ա. Նիկողոսյան.
Կարդացի Ձեր նիւթը եւ մեկանաբանութիւնները. ամէն բան խառն է, այո:
Բայց, եթէ Դուք թոյլատրելի կը համարեք՝ մի փոքրիկ քննադատութիւն էլ, զուգորդուած իմ անսահման յարգանքով Ձեր նկատմամբ, անձամ Ձեզ եմ ցանկանում ուղղել.
Դուք ունեք հաղորդաշար՝ ՛՛Բարձր Գրականութիւն՛՛ անունով, որտէղ անընդհատ անդրադառնում, մեկնաբանում եք գրականութեան համաշխարհային մեծութիւններին: Բան չունեմ ասելու, բայց ես կը կարծեմ, որ նրանցից որոշներին ուղղուած Ձեր գովեստեների մեջ առկա են չափազանցումներ: Այնպիսի տպաւորութիւն է, որ ոչ մի հայ գրող երբեք չէր կարող բարձրանալ գրականութեան այդ անմատոյց ծերպերը: Դա նուաստացնում է մեզ, խանգարում մեր ազգային ինքնագիտակմանը եւ ստեղծում է նեգատիւ վերաբերմոնք … Այդպիսի բարձր գնահատակնները ուղղուած այլ ազգի գրողներին, զուգորդուած մերի նկատմամբ լռութեամբ կամ սահմանափակութեամբ, մի տեսակ նուաստացուցիչ են հայ գրողի ու հայ գրականութեան համար, քանի որ մենք էլ ունենք լաւ գրողներ՝ կարօտ Ձեր հանճարեղ մեկնութիւնների … Միգեւցե իմ անձի շուրջ լուտանքների տարափ տեղայ
ընթերողը, համաձայն ֆբ-եան՝ Ձեր նշած ՛՛սանձարձակ՛՛ մթնոլորտի, բայց ես ռիսկ ունեմ արտահայտելու իմ անձնական կարծիքը. հայ գրականութիւնը Ձեր կողմից ակնհայտորեն անտեսվում է: Իսկ Ձեր գովերգած գրականութիւնը կարդում ենք՝ լաւ գործերի կողքին յաճախ հանդիպում ենք աննիւթ, ասելիք չունեցող, անհասկանալի երկերի, որոնք պարզապէս, մեր ամօթից դրդուած՝ ստիպուած ենք ՛՛հանճարեղ՛՛ համարել, այլապէս՝ մեզ կխարազանեն ՏԳԻՏՈՒԹԵՆ, բաթամտութեան և այլն անարգանքի գործիքներով …
Շնորհակալութիւն.
Ամենաբարի ցանկութիւններով Ձեր մշտական ունկնդիր եւ ընթերցող Սեւակ Յովհաննէսեանց.