Մանե Գրիգորյան

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

բանաստեղծությունն էլ չի գրվի,
որովհետև թագավորի փոքր տղան
դադարել է մտածել` ինչ կա 7 սար այն կողմ

քարե արձանների ժամանակն է,
մի քարը մյուսին ես դնում,
մատդ մոտեցնում ես,
քարը ենթարկվում է, փափկում,
ժպիտը պառկում է մարմնին

իսկ ընդհանրապես ասում են`
քարերը վատ աստվածներ են,
ու որ ինչ-որ տեղ կա ուրիշը`
ավելի զգայուն,
մեկ-մեկ գլուխն աննշան խոնարհում է,
իսկ ներքևում շուկան է…
ինչ-որ մեծ քաղաքի, ասենք բաղդադի շուկան

աստված սև կետեր է տեսնում,
մտածում է` ինչո՞ւ ագռավներին երկիր շպրտեցի,
կկրակեն… չեն դիմանա… ագռավին սիրողն ո՞վ է

մահմեդական կանայք են, տեր,
փեշի տակ մի-մի աստված ունեն,
մութ ու թաքուն անկյուններում անառակներ են,
շուկաներում` սևազգեստ կանայք

-մա ՞րդ է մեռել,-բան չհասկանալով`
մրթմրթում է աստված,-
չհաղթահարվող սուգը առաջին
մարդու ծնունդն էր
ու ինձ համար բոլորովին օտար տղամարդու խաչվելը, տեր,
մարմնի ամեն քերծվածքը,
ամեն հատիկ բառը,
որ դղրդյունով փուլ եկավ գլխին,
պարտվող հայացքն ու հուդայի համբույրը
բոլորը, լսում ես, առանց իմ կամքի եղավ

ես պատրաստ էի ոտքի տակ տալ Երուսաղեմը,
գայթակղել փարիսեցիներին ու մաքսավորներին,
դառնալ մագդաղենացի ու սողոսկել նրանց բնակարանները,
ներթափանցել մարմնի մեջ,
ու ցավի ամեն հրման հետ նվազող
ձայնով շշնջալ.
-կուզե՞ս մեղքերդ արյամբ լվացվեն
սպիտակ մաշկով ու երկար մատներով այն տղամարդու արյամբ,
որ դիվահարին խաղաղություն տվեց ու կույրերին լույս

-մա ՞րդ է մեռել,-իբր բան չհասկանալով` մրթմրթում է աստված,-
իսկ ինձ թվում էր` ոչ մի տերև առանց քո ցանկության չի ընկնում գետնին…
ուրեմն տերևաթափ ես սիրում, տեր,
ուրեմն նաև աշուն…ու ձմռան առաջին օրերն ես սիրում երևի,
երբ ծառերի վրա դողում են մենակ մնացած մի քանի տերև

ուրեմն աշնա՞նը սպանեցիր նրան…

***
ներիր, հիսուս, ես չեղա հռիփսիմե քեզ համար
ու մարմինս հեռու չպահեցի ձեռքերից օտար,
ու հայացքների տակ մերկացնող
պատտանքի մեջ չթաքցրի ստինքներս

ես սիրեցի արևի պես տաք ափերը նրանց`
մոռանալով մատներդ շոյել են
վարսերը մագդաղենացու,
ու մազերի մեջ քարեր են գտել,
մեղմ սահել է ձեռքդ ջրի պես հոսող
թելերի միջով.
քարը ավազ է դարձել

մարիամ, մեղավորս, քեզ թուղթուգիր էին արել

ներիր մեզ, հիսուս, մենք չեղանք հռիփսիմե
քեզ համար,
մեր ետևից չվազեցին արքաները մերկ,
չգրավեցին սրտերը մեր բամբակից փափուկ

մեզ շոյեցին տղամարդիկ օտար ափերից,
չգտանք տունը մեր, հիսուս,
շոշափեցին ականջները մեր` լցված քարերով,
չգտան սրտերը մեր պայթած
ռումբեր դաշտերում.
քարը ավազ չդարձավ.խփեցին

թե հռիփսիմե լինեի քարշ կգայի
թագավոր տղաների հետ
բարձր ու անառիկ պարիսպների տակ
արքայազներ կծնեի

աստված չարից ազատի,
չարը հեռու մեր տնից,
երեք անգամ թքեցին միանձնուհի կանայք`
թու քեզ անպատկառ,
թու քեզ անիծված,
թու քեզ անիրավ

կույս հռիփսիմեն շարժեց ձեռքը օդում,
ձեռքը, որ լցված էր քեզնով

ներիր մեզ, հիսուս, մենք չդարձանք հռիփսիմե քեզ համար.
սեղմեցին սրտերը մեր. չմեռանք

****
-մարիհուաննա ծխե՞ս,- ասաց տղան`
մարդկանց հատուկ շրջանաձև աչքերը
հառելով վրաս
-այ, երբ որ ծխես, կհիշես, թե ինչու հայրդ
ապտակեց մորդ,
ու ինչու երբ հարևանի լակոտը կծեց թևդ,
հայրդ ասաց` հեռու մնա շներից,
ու երևի մի անգամ հաչաց վրադ,
իսկ դու փսլնքոտի պես չկարողացար հավաքել
ոտքերդ ու ձեռքերդ,
ու մարմինդ` անկանոն սրտխփոց,
գցեցիր սեղանի տակ

հետո կհիշես ոնց էիր վազում
սենյակից սենյակ հիվանդասենյակ

քեզ թվում էր նոր երկիր ես գտել,
իսկական փոքր կոլումբոս,
որ գտավ սպիտակ խալաթներ հագած
մարդկանց երկիրը,
որտեղ դեղերի պլանտացիաներ կան,
ու համար 5 պալատի կողքով վազելն
իմաստ չունի,
որովհետև իրար հաջորդող դռների այս լացը
չի ավարտվում,
որովհետև հորդ մաշկի տակ թափանցում են ոսկորները.
հորդ օրեցօր բարակող մաշկը
ամենաբարակը քո տեսածներից

երբեմն քեզ թվում է մանկատան երեխա ես,
որովհետև մայրդ չի հիշում մանկությունդ,
հայրդ մեռավ, որ ոչինչ չպատմի

դու գտար մարդկանց երամակներ,
որ մորդ կարի ասեղներն ունեն,
և շրջում են սենյակից սենյակ հիվանդասենյակ`
սպիտակ խալաթների վրա պառկած
կարմիր խաչը`
որպես փրկություն խոթելով աչքը`
պատերի մեջ օրեցօր դեղնող աչքը

այս խաչակիրները մի օր կտանեն հորդ,
ու դու չես կարողանա կանգնեցնել նրան,
նա կնայի, կժպտա,կասի.
-հաֆֆֆֆ, հաֆֆֆֆ, իմ աղջիկ,
ու լացը կցնցի ուսերը`
մերկացած ճյուղեր

խեղճ կոլումբոս, քո տեսածը հորդ
պլանտացիան էր
գույնզգույն ծառերով,
կենդանի ու թարմ ջրով հոսող գետերով,
հիմա ձեռքիդ մնացածը բաց
վերքի պես տրոփող
արոտավայրն է,
հայրդ` բարի ֆերմերը, մարմնի ցավ ունի

-էլ ոչինչ չունես ծխելու,
հորդ բերեցին արագիլները ու կերան գելերը

Leave A Comment