Արցախում թատրոն չկա, կինո, ակումբ, ստրիպտիզ, փաբ, հազար ու մի բան… Արցախում զվարճանալու վայր չկա:
Սխալվում եք:

Թունդ ընդդիմադիր, նախկին դասախոս Կարեն Գիլունցի դատավարությունն էր: Չգիտեմ ինչ էր ու ոնց էր, բայց իբր Կարեն Գիլունցը հունիսին կնոջ հետ մտել էր համալսարան, ռեկտորը թե պրոռեկտորը ասել է՝ չի կարելի մտնել, ռեմոնտ է գնում: Գիլունցը էստեղ ջղայնացել է, ռեկտորի ու պրոռեկտորի մերերին է քրֆել, մոտ վազած համալսարանական բանվորներին անվանել է ռեկտորի չմոներ: Գիլունցը: Սրանով չի բավարարվել: Բանվորներից ամենատարեցին՝ Գագո ձյաձյային, բասկետբոլի գնդակի պես նետել է գազոններն ու քացու տակ գցել: Գիլունցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Սա ասում եմ վկաների ցուցմունքից, Գիլունցը, իհարկե, հակառակն է ասում՝ քաղաքական ճնշում է, բռնապետություն, կլեպտոկրատիա և այլն:
Ահա դատավորը դխդխկացնում է: Գյուղական գերազանցիկի տեսք ունի: Ակնոցով քիչ նման է Լավրենտի Բերիային: Թուղթը ձեռքն առնելով, պաշտոնական տոնով սկսեց կարդալ սարսափազդու դատական ձևականությունները: Երկար ճառից հետո հրավիրեց վկային:
Մոտ եկավ ապխտած ձկան պես 35-40-ամյա երկարավուն վկան:
– Անուն-ազգանուն, քաղաքացիություն, ազգություն, – գյուղական ինտոնացիայով վրա բերեց դատավորը:
– Ադամյան Խորեն… հայ… Ղարաբաղ…- պատասխանեց գրեթե լացակումած:
– Ի՞նչ էինք անում, երբ Գիլունցը մտավ համալսարան:
– Դե, պարոն դատախազ… – չհասցրեց ասել, դատավորը մրճահարեց:
– Այղ տղաա՞, բա պա՛րոն դատախազն ո՞վ ա,- բերանը ծռեց՝ գյուղական ինտոնացիան ուժգնացնելով: Վկան ձեռքից բաց թողեց ինքնատիրապետումը…
– Դեե…
– Պարոն դատավոր,- հիշեցրեց դատավորը:
– Հա, պարոն դատավոր, անշարժ գույք էինք իջեցնում…
– Այ տղաա, անշյարժ գույքը ոօ՞նց էիք իջեցնում, շենքը իջեցնո՞ւմ էիք,- վրա բերեց դատավորը, այս անգամ հիմարավուն ժպիտով:
Դահլիճը զսպեց փռթկոցը: Դատավորը մուրճով նկատողություն արեց:
– Դե նստարաններ էինք իջեցնում:
Դատավորը խոր շունչ քաշեց ու արտաշնչեց, ընթացքում չզգաստացավ դահլիճը:
– Գիլունցը ծեծե՞լ է ամբաստանյալին:
– Այո:
– Ո՞նց:
– Այ այսպես, սենց ու սենց, ոտքերով, քացու տակ…
Դահլիճը դժվարությամբ սանձեց ծիծաղը:
– Այ տղա, բա ինչո՞ւ ես ձեռքերով ցույց տալիս, ձեռքերո՞վ է քացու տակ գցել,- ասաց դատավորը ու մուրճով կարգավորեց թեթևսոլիկացած դահլիճը: Երկար-բարակ, ոչ, շատ երկար հարցաքննությունից հետո (որովհետև վկան, մեղմ ասած, անադեկվատ էր), դիմեց մնացածին:
– Հարցեր կա՞ն:
Ամբողջ ընթացում դեմքը ձեռքերի մեջ թաղած տուժող Գագո ձյաձյան վեր կացավ ու կատաղած շան պես նայեց Արթուրին… մեկ, երկու, երեք վայրկյան…
– Խորեն, դու տուպո՞յ ես:
– Հանգստացե՛ք,- հիստերիայի մեջ չխչխկացրեց դատավորը:
Դահլիճում շշուկներ տարածվեցին. «Դե հարցեր էր ուզում, մարդը հարց տվեց…»… Նորից փռթկոցներ ու նորից թխթխկոց:
Դատավարության ընթացքում տանջանք, բայց միաժամանակ համբերություն արտահայտող Երևանից հրավիրված հայտնի փաստաբան, նման գործերի մասնագետ Ամալյանը տեսքով կարող էր լացացնել ցանկացածին: Հերիք չէ, որ մարդիկ Ղարաբաղի շրջանների տարբեր բարբառներով էին խոսում, դատավարությանը խանգարում էր փաստաբանի ետևում տեղակայված կիսաբաց պատուհանից լսվող կռազների ու կամազների ղռոցները:
Նա բոլոր զգայարանները պրկել էր ղարաբաղի բարբառը մարսելու համար, ինչը հայելու պես արտահայտվում էր դեմքին: Պետք էր աշխատել արտակարգ պայմաններում:
– Պարոն փաստաբան, դժվարություններ կա՞ն բարբառի ընկալման հարցում:
– Ոօօչ, ո՛չ, շնորհակալություն, պարոն դատավոր…-ասաց ու հետ ընկավ բազկաթոռին:
Փաստաբանական հսկայայական փորձն էր օգնում հասկանալ բարբառը:
Հաջորդը վկան ծնունդով Ղարաբաղի Ծմակ գյուղից էր:
– Դարչինյան Ռափիկ:
– Ազգությունը:
– Ըն.. դեե.. ղարաբաղցի տղա եմ էլի, ամուսնալուծված…,- ձեռքերը տարածեց Ռափիկը:
– Այ տղա, ազգությունդ ղարաբաղցի՞ աա,- թխթխկացրեց դատավորը:
Նորից փրթփրթաց դահլիճը… ավելի շատ ցնցվելով «ամուսնալուծվածի» վրա:
– Ի՞նչ է արել Գիլունցը, վկա Դարչինյան:
– Դե չեմ հիշում…
– Ո՞նց:
– Դեե…
– Ի՞նչ «դե», մի հատ լրջացեք,- վկայի վերաբերմունքից դատավորը բացած բերանը կլորացրեց ու խստացավ:
– Պատերազմ… -, ասաց Ռափիկը
– Ի՞նչ պատերազմ:
– Դե պատերազմը… բանը…
– Բան չեմ հասկանում,- շունչը պահեց դատավորը:
– Պատերազմ բան ա եղել, չեմ հիշում էլի…
– Պատերա՞զմ… 20 տարի առաջ է եղել:
– Հա, դե սենց-նենց… հազար բան է եղել… չեմ հիշում… հիշողություն չկա…
Հաջորդը համալսարանի հավաքարարուհին էր: Աշխատավոր մարդ, սոցիալական ցածր խավից: Դա էին վկայում շորերը, հատկապես՝ էժան ներկով ներկված մազերը:
– Ինչո՞վ է ձեզ խանգարել Գիլունցը:
– Դե հասարակական կարգն է խանգարել…
– Այսինքն…
– Դե մենք աշխատում էինք, նա էլ կռիվ սարքեց:
– Ի՞նչ էիք անում:
– Պոլերն էի լվանում:
– Դրանով ձեզ խանգարե՞ց:
– Այո…
– Հասարակական կարգը՞:
– Այո,- շառագունած դեմքով պատասխանեց հավաքարարուհին, որից այն կողմ ինֆարկտ է լինում (դատավորի հարցերը խլեցին կենսական ուժերը):
– Հաջո՛րդը:
Հաջորդը Հիտլերի բեղով և Չերչիլի կլորավուն դեմքով բանվոր էր, 40-ի ու 45-ի արանքում:
– Անուն-ազգանուն, ազգություն, բնակության վայր, տարիք:
– Հայ, Ղարաբաղ, դե մի 40 էլի, պարոն դատավոր…
Էս անգամ չդխդխկացրեց, հոգնել էր: Թե չէ կասեր՝ ի՞նչ է նշանակում մի 40 էլի: Բայց դահլիճի վրայով թեթև ժպիտ սահեց:
– Ի՞նչ է արել Գիլունցը:
– Մայրական գծով հայհոյել է:
– Ու՞մ:
– Պրոռեկտոր Ջամալյանի վրեն…
– Ջամալյանն ի՞նչ է պատասխանել:
– Ասել է՝ ամոթ չի՞, անցիր գնա:
– Բա Գիլունցը ո՞նց է պատասխանել:
– Ասել է՝ լավ եմ անում, դուք ռեկտորի չմոներն եք: Ու էլի ծնողական մոմենտով ուշունցներ է տվել:
– Է՞լ ում է հայհոյել:
– Ինձ էլ, Գագո ձյաձյային էլ:
– Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել:
– Մոտեցել ենք, որ անջատենք, Գիլունցը նորից ասել է՝ ես քո մերը, ես քո հերը, սենցդ ու նենցդ…
– Հետո՞:
– Գիլունցը չի հանգստանում, վեր ընգած Գագո ձյաձային քացու տակ է գցում:
– Հետո՞:
– Պրոռեկտոր Ջամալյանը մեզ ասում է՝ մոտեցեք ու ոտքի կանգնեցրեք Գագո ձյաձյային:
– Հետո՛:
– Մոտենում եմ, թե Գագո ձյաձյային օգնեմ, նորից վրա է տալիս՝ ձեզ սպանելու եմ, գնացեք այստեղից:
– Հետո՛:
– Վախեցել ենք, էլ ոչ մի բան չենք արել, Գագո ձյաձային վերցրել ենք ու գնացել շենք:
– Հետո՛:
– Դա չի հերիքել Գիլունցին, նորից սկսել է հայհոյել, մորով… բանով…
– Հետո՛:
– Նրա ընկերոջն ենք զանգել, որ գա տանի… էլի չի հանգստացել:
Վերջապես գրոհի անցավ փաստաբանը՝ սիրալիր քաղցր տակտիկայով:
– Դուք Գիլունցին ասել եք մատաղ լինեմ, իսկ նա ձեզ ծանրագույն հայհոյա՞նք է տվել:
– Այո, հայհոյանքները չի էլ դադարեցրել… երբեք… բոլորի առջև:

***
Կարեն Գիլունցի գործը կարճվել է: Այսօր բոլոր վկաները նրան տեսնելով, շրջանցում են, որ հանկարծ կյանքում գրչից ծանր բան չբռնած Կարեն Գիլունցը բասկետբոլի գնդակի պես չնետի գազոններն ու մեր քրֆի:

Leave A Comment