Վերջին կարդացած գրքով միանամ Հասմիկ Հակոբյանի ֆլեշմոբին։
Քնյութ Համսուն «Սով»։
Գիրքն ընդամենը 188 էջ է, մեծ չի ու երկար ընթերցվող չի, փոքր, հարմարավետ տեսքը վանող չի, արծարծվող խնդիրները, հնարավոր է, մի պահ կտրեն մարդուն ինքնաիրացման պարզ խնդրից ու հայացքը իջեցնեն պահանջմունքների բուրգի ստորին մակարդակ, այսինքն՝ ցույց տան իր երանավետ վիճակը։ Էսքանը օգտաշահության տեսանկյունից։
Գիրքը հրատարակվել է 1995 թվականին, «Ապոլոն» հրատարակչության գոհարներից մեկը, որոնք տեսնելով, մարդ ակամա լցվում ա երախտագիտությամբ։ Համսունը առաջին անգամ է բնագրից հայերեն թարգմանվել () ։
«Սով» վեպը Համսունը կերտել է Եվրոպական գրականության լավագույն ավանդույթով, թափառումի, դեգերումի ժանրի բազմաթիվ նմուշներից մեկն է, ասում են՝ այդ ժանրը նորոգող ու արդիականացնողներից առաջինը։
Հերոսը չունի անուն, թարգմանիչ Արտաշես Յայլոյանը իր գրած վերջաբանում նկատում է, որ վեպի խորքը թափանցող ընթերցողները կարող են նույնանալ հերոսի հետ ու նրան տալ իրենց անունը։
Գլխավոր խնդիրը օրահացն է, սոված թրևող մտավորական մարդու հոգեկան ապրումները, սովի ֆոնին սրված արժանապատվությունը, ինչ-որ պահից Համսունը այնքան է խաղում իր հերոսի գրգռված հոգեկան աշխարհի հետ, որ վեպը դետեկտիվներին վայել կասկածամտություն է առաջացնում, գլխումդ ծանոթ լուծումներ են ի հայտ գալիս, ենթադրում ես՝ գուցե լուծումը լրիվ քողազրկի հերոսի տարօրինակությունները ու պարզվի, որ ի սկզբանե գործ ունեինք հոգեկան խեղում ունեցող անձի հետ, արհեստականորեն իր գլխին սով ու հյուծվածություն բարդած մեկի, հակառակ դեպքում ինչի՞ էր էդքան անհասկանալի կերպով վանում իրեն օգնության ձեռք մեկնող աղջկան, ինչի՞ էր էդքան տարօրինակ ու գրգռված այնտեղ, որտեղ արդեն կարիք չկար ծայրաստիճան եսակենտրոնություն դրսևորել։ Համսունը պահում է սահմանագծին, քաղցը մշուշում է հերոսի հոգեկան աշխարհը, բայց վերջնական խելագարության չի հասցնում։ Ընդ որում, բաց է մնում հերոսի հստակ նկարագրի հարցը, իրեն կարծես մի քանի շտրիխ է պակասում, ընդամենը մի շտրիխ՝ հագեցում, Համսունի հերոսը ամբողջ ընթացքում չի լցնում իր ստամոքսի դատարկությունը, հնարավորություն չի ստանում բացահայտվել բնավորության, նախասիրությունների, անցյալի, հիշողությունների տեսանկյունից, հստակ պատճառ ունի. սո՛վը։ Անհասկանալի էր իր նկարագիրը, իրո՞ք էդքան մեծամիտ էր, մտավորականի արժանապատվությո՞ւնն էր սրվել, մարդասե՞ր էր, որ ծայրահեղ կարիքի մեջ հազիվ ձեռք գցածը բաժանում էր ուրիշ կարիքավորների։ Համսունն ամեն ինչ չի գծագրում ու վեպը փակում, սովը թույլ չի տալիս։
Ամենասկզբից, վերնագրի ազդեցությամբ, քեզ թվում ա, թե սովը մեծամասշտաբ մի աղետ է ու ներառում է բոլոր քաղաքաբնակներին, ընթացքում դու դեռ սպասում ես, թե որոշակի պահի սովը պիտի տարածվի քաղաքով մեկ, դառնա համազգային նշանակության հարց։ Չէ՛, Համսունի հերոսը միայնակ էր, հետն էլ զգում ես, որ միայնակ չէր, միակը չէր, չքավորությունը ուրիշ մենավորների էր միևնույն ժամանակ ներառում, դժվար էր բոլորի համար, ինչ-որ տեղերում էլի պիտի լինեին սովից խեղված նմանատիպ հերոսներ, Համսունը ստանում ա անհրաժեշտ միջավայրն ու դրդում այդպիսի հետևությունների։ Զարմանում ես, Եվրոպան անտանելի դժվարությունների միջով ա անցել, հասել ներկա վիճակին, էդ ամենը վերարժևորելու նպատակով ստեղծել է էս մեծ գրականությունը…
Օգտաշահության հարցերով սկսեցի, նույն կերպ էլ ավարտեմ։
Թարգմանիչ Արտաշես Յայլոյանն իր սիրուն վերջաբանում հիշում է նորվեգական թերթի թղթակցուհու հարցը. հրատա՞պ է արդյոք հարյուր տարի առաջ ստեղծված գրականությունը հայ ընթերցողի համար։ Ու իր պատասխանը. «Բավական է նշեմ, որ ավելի քան հարյուր տարի առաջ վեպը գրվել է մոմի լույսի տակ և այսօր, ավելի քան հարյուր տարի հետո, հայերեն է թարգմանվում նույնպես մոմի լույսի տակ»։