Վերջին կարդացած գրքով միանամ Հասմիկ Հակոբյանի ֆլեշմոբին:
Լեոնիդ Անդրեև «Հուդա Իսկարիովտացի»[Թրգմն.` Լեռնիկ Դալլաքյան
Խմբագիր` Զավեն Բոյաջյան]
Սյուժեն կառուցված է բոլորիս հայտնի իրադարձությունների վրա` մատնություն, խաչելություն, Պետրոսի ուրացում, Հուդայի ինքնասպանություն: Հորինվածք թերևս միայն Հուդայի խոսակցությունն է աշակերտների հետ իր ինքնասպանությունից անմիջապես առաջ: Հիսուսը վիպակում ունի աշակերտների պահվածքին (շեշտը` Հուդայի վրա) հետևողի ու ժամանակ առ ժամանակ նրանց ասած-արածը հավանության կամ քամահրանքի արժանացնողի դեր:
Վիպակում չկան աստվածաբանական դատողություններ կամ եզրահանգումներ. քննարկման, կասկածների ու հարցադրումների առարկան միայն մարդկային բնությունն է:
Վիպակը պտտվում է «Քրիստոս – Հուդա – մնացյալ աշակերտներ» եռանկյունու, Հուդայի (թվացյալ) անտեսվածության տառապանքի, երկնային անքննելի ու երկրային քննելի սիրո պրոբլեմների շուրջ: Քվազինիցշեական դատողություններով` ձեր արդարներն ու բարիները բարի ու արդա՞ր են, թե՞ նորից է պետք նայել:
Մատնության դրդապատճառների` մինչ օրս տրվող եկեղեցական պրիմիտիվ մեկնաբանություններից անդին է Անդրեևի վարկածը` ինչու մատնեց Հուդան ուսուցչին:
Հուդան իր տեր Աստծուն չփորձեց` բայց փորձեց մարդո՛ւն իր մատնությամբ: Փորձեց` համոզվելու համար` աշակերտները, որ Ուսուցչի կենդանության օրոք օվսաննա էին կանչում, առաջին վտանգի դեպքում մոռանալու են իրենց քարոզած փիլիսոփայությունն, ու երբ անցնի վտանգը, նոր միայն ելնելու են իրենց փոքրոգության քարանձավից` քարոզելու ոգու ամրություն ու բարոյականություն:
Անդրեևի Հուդան (որը թերևս հեղինակի կասկածների կրողն է) հրապարակի մեջտեղում է կանգնեցնում աշակերտներից ոմանց նման երեսպաշտներին ու ընթերցողին ասում` Ահա՛ ձեր մարդը ձեզ:
«Ինչի՞ն եմ ես հավատում… Նրան, որ ամեն արժեք նորից է կշռվելու:»
P.S. Պատահական չէի վերնագրին կից թարգմանչի ու խմբագրի անուններն էլ նշել: Ուղղակի ապշեցնող էր թարգմանության մեջ տեսնել Դուրյանի գյուտի խաղարկումը: Մագդաղենացուն առնչվող հատվածներում «она» դերանվան «նե» ձևով թարգմանությունը, հուսով եմ, նոր հորիզոններ կերևակի և՛ գրողների, և՛ թարգմանիչների համար: