86936092_2595501557352498_5609402944148471808_o
Ընդունելով Nare Smbatyan ի
մարտահրավերը՝ անդրադառնամ կարդացածս ամենատպավորիչ վեպերից մեկին՝ Միլան Կունդերայի «կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությանը:
Հեղինակը ազգությամբ չեխ, գրող, հրապարակախոս՝ Միլան Կունդերան է:
Վեպը գրվել է 1982 թ․-ին և այնտեղ ներկայացվում է 20-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, ԽՍՀՄ զորքերի մուտքը Չեխոսլովակիա և չեխ ժողովրդի արձագանքն այս իրադարձություններին։ Վեպում մեծ ուշադրություն է դարձվում անհատի և հասարակության լայն շրջանակների բարոյագիտական ողջ հակասություններին՝ այն հասցնելով ողբերգության մակարդակի: Խորհրդային զորքերի մուտքը Չեխոսլովակիա և հասարակության արձագանքը այդ դեպքերին հեղինակը հրաշալիորեն ներկայացնում է մեկ անհատի տեսքով: Եվ այդ մեկ անհատը դառնում է հասարակություն՝ ներկայացնելով ժամանակի ողջ մտածելակերպն ու տրամադրությունները:
Կեցությունը լի է հանելուկային պատահականութուններով, ասում է Կունդերան, մեր գործողությունները չեն կարող ամբողջությամբ գուշակել ապագան: Ընտրությունները կաղապարված չեն հետևանքներով, իսկ եթե անընդհատ մտածենք հետևանքների մասին, ապա մեր ընտրություններն ու գործողությունները կդառնան անտանելի: Այս ամենը, ինչպես նաև սիրային դրամայի անկշռելիությունը հանգեցնում են, որ կյանքը դառնա «կեցության անտանելի թեթևություն»:
Վեպը լայնացնում է ընթերցողին.սիրո, կարեկցանքի, դավաճանության, փոխհարաբերությունների, կյանքի մասին Կունդերան խոսում է մի տեսանկյունից, որից ոչ բոլորս կուզենայինք տեսնել, ընդունել :
Վեպը գրվել է ֆրանսերենով։
Կունդերան խուսափում է ինտելեկտուալ ճնշումից, թեթև պարբերություններն ավելի ողբերգական երանգ են ստանում առանց լեզվական օրնամենտացիայի։ Գրողը խուսափում է զեղչել բովանդակությունը՝ ձևին։ Կերպարները խոսում են պարզ և առանց չափազանցված հիստերիայի:
__
Կարդալուն անհամաչափ բարդ է մեկնաբանել վեպը, որտեղ կարդալուց անգամ շունչդ կտրվում է իրական մտքի հեղեղից:
Վեպից երկար չխոսելու համար տեղադրեմ ամենասիրելի մեջբերումները ⬇️
-Մարդը երբեք չգիտի ինչ ուզի, որովհետև նրան մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ սխալներն ուղղել հետագա կյանքերում: Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել: Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու:
-Չկա առավել ծանր բան, քան կարեկցանքը: Նույնիսկ սեփական ցավն այնքան ծանր չէ, որքան օտարի հետ կիսած, օտարի համար, օտարի փոխարեն զգացած ցավը, որ մեր երևակայությունը բազմապատկում, երկարաձգում է հարյուրավոր արձագանքներով:
-Բոլորի համար էլ անընկալելի է, որ մեր կյանքի սերը կարող է թեթև, անկշիռ մի բան լինել. մենք երևակայում ենք, որ մեր սերը չէր կարող այլ դեմք ունենալ, որ առանց նրա մեր կյանքը կդադարեր մեր կյանք կոչվելուց:
-Սերերը նման են կայսրությունների, բավական է՝ խարխլվի այն գաղափարը, որի հիմքի վրա կառուցված են դրանք, և սերերը խորտակվում են այդ գաղափարի հետ միասին:
-Բոլոր կեղծիքների ակունքը պետք է փնտրել այն փաստի մեջ, որ մեր կյանքը տարանջատված է անձնական և հանրային տիրույթների. անձնական կյանքում մեկն ես, հանրային կյանքում՝ մի ուրիշը: «Ճշմարտության մեջ ապրել» նշանակում է վերացնել անջրպետը անձնականի և հանրայինի միջև:
-Ծայրահեղությունները գծում են այն սահմանը, որից անդին կյանքն ավարտվում է, ծայրահեղության կիրքն ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ արվեստում, մահվան ծպտված տենչանք է:

Leave A Comment