folie à plusieurs* / ՄԵՐԻ ՇԱՐՈՅԱՆ

Մերի Շարոյան

«Արդեն քանի՞ ժամ». հարցնում է ինքը և շարունակում քայլելը:
Եվս մի քայլ և, թվում է, ուղին կվերջանա, ևս մի քայլ և պետք է գալիս երկրորդը: Ո՞ւր է գնում: Եզրագծով ձգվող շենքեր: Ո՞ւր է գնում: Երբ հարցներ մեկ ուրիշը, ինքը մի երկու բառ կասեր, կստացվեր թեորեմ, երևի կհասկանար: Սակայն ոչ ոք չի գալիս: Ոչ ոք չի հարցնում: Ինքն է գնում: Քայլ, երրորդը: Կառույցներ, որոնք խառնվում են երկնքին, որոնց պատերին ձգվում են բորբոսի ծաղիկները, կառույցներ, որոնց ներսում ծաղկում է խոնավությունը, որոնց ներսի խոնավությունը թափանցում է իր մեջ: Վախ: Որտեղի՞ց մարմիններ, որ չեն կանգնում, չեն մոտենում, մարմիններ, որ ոչինչ չեն հարցնում, ոչինչ չեն ասում, որոնցից փախչելով, ինքը կրկին հայտնվում է ուղու վրա:
«Ի՞նչ իմաստ ուներ գնալը». հարցնում է և շարունակում քայլելը:
Ոչինչ չի փոխվում: Ոչինչ չի կատարվում: Մնում է վազել: Արդարացնել վազքն այնպես, ինչպես անցյալում փորձում էր արդարացնել ուղին: Անցյալո՞ւմ: Արդեն քանի՞ ժամ ոչինչ չի փոխվում: Կիսաքանդ շենքեր, պատեր, դրանց ներսում բանտարկված մարմիններ: Եվ վախ: Ստացվում է, ինքն անցնում է անցած վայրերով, հակառակ ուղղությամբ, որտեղ անցյալի դիակները հասցրել են նեխել, ինչից հետևում է՝ ուղու վրա ժամանակ կա, որ գործում է, ինչից հետևում է՝ ամեն ինչ հասցրել է փոխվել այնտեղ, որտեղ, ստացվում է, այլևս չի կարելի վերադառնալ:
Եվ դող, որ բարձրանում է ողնաշարի միջով:
«Արդեն քանի՞…». փորձում է ձևակերպել հարցը, իր հարցը, քանի դեռ ուղին քայքայում է իրեն, քանի դեռ հիշողության մեջ փորձում է վերարտադրել իր հետ կապված դրվագները, քանի դեռ դրանք դուրս են հոսում գիտակցությունից, իրադարձությունների հաջորդականություն, խախտված հաջորդականություն կազմելով:
Սպիտակ պատը ձգվում է վերևում: Ինքը դրան է մոտեցնում սիգարետի սպիտակ ֆիլտրը. հակադրություն է ստացվում: Կոմպոզիցիա համար տասնմեկ: Անելու բան չկա, սակայն առավոտից գիտակցության մեջ ձայներ են, հեռվից եկող ձայներ: Ամեն երկրորդ քայլին ձեռքը մոտեցնում է մաշկին, ասես զգալու համար հիվանդության ապացույցները, որոնք չի էլ կարող հասկանալ, իջեցնում, դող զգում մկանների մեջ, որ կարող են սեղմվել, որոնց սեղմումից տենդը կխտանա և կանցնի, չի կարող չանցնել: Կոմպոզիցիա համար տասներկու, որի ընթացքում հասցնում է հասկանալ, որ այս ուղին դեպի խելագարություն տանող ուղին է, որի մասին առաջ պատկերացում չուներ փրկության վայր համարելիս, որ իրականում կարող էր ավելի ուժեղ քաոս, հետևաբար, ավելի ուժեղ ցավ լինել, ինչը չէր կարող չվարձատրվել. անգամ գեհենում վառվում էին արդարության ապացույց լինելու համար, վատ չէր, հանդիսատես կար, իր դեպքում՝ նույնիսկ չգիտեր, և որպես իմանալու հնարավոր մեխանիզմ վերցնում է հեռախոսը. ոչ ոք չի զանգել: Իրեն մնում է պատի և սիգարետի հակադրություն ստեղծելը: Կոմպոզիցիա համար տասներեք: Երեք քայլ և մոտենում է պատուհանին, վեց քայլ և սկսում է գոռալ հեռուստացույցը:
«Հրատապ: Կիևում շարունակվում են Եվրաինտեգրման շարժման կողմնակիցների ցույցերը: Մայդանը հետապնդելու է մի քանի նպատակ. կառավարության հրաժարական, արտահերթ ընտրություններ և…»:
Քանի՞ օր է տնից դուրս չի եկել: Պատի օրացույցներն արդեն պատմության մեջ էին անցել, մի կես դար առաջ կնայեր դրանց, կհաշվեր օրերը, կորոշեր էլի մնալ, բայց ոչ քսանմեկերորդի դեկտեմբերին, քանի դեռ շարժումը հորդում էր դրսում, քանի դեռ անընդհատ պետք էր ինչ-որ բան անել, ոչ ոք չգիտեր, ինքն էլ չգիտեր, թե ինչ:
«Զոհերի թիվը հասնում է հարյուրի: Հինգ հարյուր մարդ վիրավորված է: Չնայած դրան, շարունակվում է ակտիվիստների հոսքը Կիև: Ինչո՞ւ:»
Իրեն մնացել էր միակ կախման կետը, որ հիսունչորս համարի ավտոբուսն էր, որ քաղաքի կենտրոնական հատվածում կանգնեց, քանի որ հասել էր փողոց, որ գլխավորներից մեկն էր, կենտրոն, որից մարդկային հոսքը երեկոյան կողմ մասնատվելու էր զարկերակների, ավտոբուսներով հոսելու դուրս, մեկ այլ օրգանի ուղղությամբ, որը կկատարեր գործառույթը մինչև առավոտ, ինչից հետո հոսքը կրկին կխտանար կենտրոնական հատվածում, որտեղ վերցնում է հեռախոսը, զանգ ուղարկելիս զգում, որ ոչինչ չունի ասելու, որ մյուս կողմում չեն սպասում, կամ էլ սպասում են ու հասկանում, որ ոչինչ չգիտի ու չի իմանալու:
-Ալո,- պատասխանում են,- հարյուր մետր անցիր առաջ, կթեքվես աջ… չեմ հասկանում, քաղաքը չգիտե՞ս… իջնես ներքև, կտեսնես… արագ. արդեն սկսում ենք:
Իջնում է աստիճաններով, բացում դուռը, որից այն կողմ մարդկային դեմքերը փոխվում են շրջապտույտի մեջ, որից այն կողմ ծխի հաստության տակ լղոզվում են պատերը, քանի դեռ սկզբնավորվելով վիլհելմյան ճիչով, ձայնը մի քանի վայրկյան անց հասնում է բարձրակետին, ևս մի քանի վայրկյան անց հնարավոր դարձնելով մտքի, առաջին մտքի լինելը, որ մի քանի վայրկյան անց կորցնում է ձայների ժխորում: Եվս մի քանի վայրկյան, և ինքը մոտենում է բեմին, որտեղ շարական է հյուսում վոկալիստը, ում կապույտ լուսավորության մաշկից լույս է հոսում, գեղեցկության մշտական լույս, որ ձայնի հետ միասին հոսում է զգայարաններ, լցնում դատարկությունը, ստիպելով սպասել ավելի բարձր ձայնի, գոռոցի, էլի:
Ինքը սկսում է չզգալ լսողական օրգանները, ինչը ստիպում է զգալ ներկայությունը, որ սկսում է աստծո ներկայության նմանվել, քանի դեռ տղաներն իջնում են բեմից, քանի դեռ ալիքը ետ է քաշվում մաշկի վրայից, որ հասցրել էր ներառել ձայնային խոնավությունը, քանի դեռ նրանցից մեկն առանձնանում է, ձգվում սեղանի վերևում, և ինքը փորձում է հասկանալ՝ ինչո՞ւ նրան զանգեց, ի՞նչ էր սպասում լսել մի ամիս չերևալու արդյունքում.
-Ո՞ւր էիր:
Քայլ առաջին, պայմանական հարձակում, որ ստիպում է ընտրել շարժման գիծը, ստիպում պատասխանել.
-Անդունդում:
-Այսի՞նքն:
-Դեպրեսիայի մեջ:
– Չսկսես,- ուղղորդված շարժում, որ չի շեղվում այլ հանգամանքների վրա, ուղղորդված պատերազմ,- ո՞ւր էիր, ի՞նչ էիր անում:
– Չգիտեմ… մղձավանջներ էի տեսնում:
– Ի՞նչ մղձավանջներ:
Քայլ երկրորդ, որ կատարում է ինքը, որը նմանվում է փախուստի.
– Էստե՞ղ պատմեմ: Շատ մարդ կա:
– Լավ:
Ուղղվելով դեպի դուռը, տղան ետ է նայում, հավաստիանալու համար, արդյո՞ք իրեն հետևում են: Հետևում են և դուրս գալով, նա արագացնում է քայլերը, ինչ-որ բաներ ասում Ուկրաինայի իրադրության մասին, որոնցից իրեն հասնողը հատվածներ են. «մարդիկ են մեռնում», «…քաղաքացիական պատերազմ», «ոչ ոք չգիտի, հետո ինչ կլինի»:
– Չպատասխանեցիր:
– Ի՞նչ:
Հանկարծակիի է գալիս, հետո հասկանում, որ հակառակորդը փորձելու էր շեղել, ստեղծելով այլ իրադրություն, որի վրա կսևեռվեր ուշադրությունը, որից դուրս կմնար կետը, բախման կետը, որտեղ սկսվում, որտեղ վերջանում էր պատերազմը:
– Ի՞նչ մղձավանջներ:
– Ուղի, որ չի վերջանում… ինչ-որ մեռելներ. չեմ հիշում:
– Ի՞նչ կապ ունի զանգերիս չպատասխանելու հետ:
– Ոչ մի:
Ինչպե՞ս է կոչվում քայլը, որի ժամանակ բացառվում է հարձակումը, ենթադրվում հակառակորդի հարձակումը, քայլը, որին հետևում է լռությունը, ինչին հետևում է անկեղծության նոպան.
– Սխալ ես: Թքած ունես ուրիշների վրա, բայց պատկերացրու, անհանգստանում էի,- լրացնելով,- դու էդպես ոչ մեկի հետ կապ չես ունենա, պատերազմներ հորինելով, էդ քաղաքական քայլերով, գնալու տեղ չես ունենա, աննորմալ ես, հիվանդ:
Ինքը չի հիշում, որտեղի՞ց բառերի մասին հիշողությունը, բառերի, որ կրկվում են դեկտեմբեր ամսին, որոնց պատճառով տղան կորցնում է դիմագծերը, լղոզվելով մի քանի ուրիշի դիմագծին, որոնց պատճառով տղան վերածվում է համասեռ զանգվածի, որ միևնույն արտահայտություններն է կրկնում, որոնցից իր մեջ վախ է հոսում, անսովոր վախ, քանի դեռ ինքն արտասանում է.«սիկտիր էղի», քանի դեռ տղան մատներով անցնում է մաշկի, իր մաշկի վրայով, որ սկսում է վառվել հարվածից, ինչից վախն ուժեղանում է, ինչից ինքնաբերաբար փախչում է, արագ քայլերով, հասնում կենտրոնական փողոց, որի զարկերակը դուրս է հրավիրում իրեն, ուղարկում մեկ այլ օրգանի ուղղությամբ, որ պետք է հիմնականը լիներ, որ հիմնականն էր, քանի դեռ ինքն ամեն երեկո ինքնաբերաբար կանգնում էր ծայրամասում գտնվող բարձրահարկի դիմաց, բնակարան մտնելուց առաջ ամբողջացնելով իրադրությունների շարունակությունը, որ ստիպում էր վերանայել հաշվարկները. սխալ հաշվարկ, որի արդյունքում ոչ ոք ոչինչ չստացավ, սխալ, որ անհասկանալի է այն դեպքում, երբ մանրամասն հաշվարկված էին քայլերը, նյարդայնություն, ինչին հետևում է ինքնատիրապետման փորձը, որ սիգարետ վառելու փորձ էր, որի ծուխը բարձրանում է երկրորդ հարկ, որի պատուհանից նայում է տղամարդը, միջին տարիքի տղամարդ, որ ձեռքերով անցնում է նոսրացող մազերի վրայով, շրջվում ետ, թեքվում դեպի փողոց, ստիպելով իրեն ենթադրել, որ այդ տղամարդը կարող է անգամ աստված լինել, քանի դեռ կա, ստատիկ և անտարբեր, քանի դեռ հնարավոր է մեկին դիմել. «դեռ կարո՞ղ եմ ինչ-որ բան փոխել», մեկին, ում չեն հասնի խոստովանությունները, որ արվում են պատուհանից այն կողմ, քանի դեռ նա անջատում է էլեկտրականությունը, թողնում իրեն իր ներկած շուրթերի և քսան տարիների հետ, քանի դեռ վառելով վերջին սիգարետը, ինքը hասկանում է, որ դեկտեմբերի քսանմեկին կրկին չի գտնում իր տունը, ստեղծելով օրվա վերջին կոմպոզիցիան, հասկանում, որ ինքը չի հասկանում, որտեղ է սկսվել ուղին, որ չի վերջանում:
___________________________

* folie Ո plusieurs – «մասսայական խելագարություն», հոգեկան խանգարման տեսակ, որ կիսում է որոշակի մարդկանց խումբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *