ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ / ԳՐԻԳ

ԳՐԻԳ
Լուսանկարը` Նառա Վարդանյանի

Ես հինգ կամ վեցերորդ դասարանի աշակերտ էի, երբ մասնակից եղա այս պատմությանը: Դասղեկը և աղջիկները դասարանում չէին, տղաները խմբվել էին նստարաններից մեկի մոտ, ծիծաղում էին: Պարզելու համար, թե ինչն է նրանց զվարճացրել, մոտեցա և խմբի կենտրոնում տեսա Նարեկին, որը շոյում էր կիսաբաց պայուսակից վախվորած նայող մոխրագույն կատվին:
” Ի՞նչ է եղել,- հարցրի ոգևորված:
” Նարեկին խաբել, վրան կատու են ծախել,- պատասխանեց Տիգրանը, որի աչքերը շատ ծիծաղելուց արցունքոտվել, վարդագույն էին դարձել:
” Ինձ չե՛ն խաբել,- ասաց Նարեկը:
” Ով գիտի աղբանոցից են գտել,- շարունակեցՏիգրանը,- ասել են՝ իբր Հիսուսի կատուն է, հավատացել է:
” Չե՛ն խաբել, ինձ չե՛ն խաբել, կատվի էդպիսի տեսակ կա՛, շատ հազվադեպ պատահող տեսակ է, անունն էլ Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում, ջրի վրայով քայլել է կարողանում,- աչքերը արագ-արագ թարթելով՝ նորից խոսեց:
Ծիծաղի նոր ալիք բարձրացավ: Դեռ լավ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, սակայն համատարած ծիծաղը վարակիչ էր:
” Վաճառողն է էդպես ասել, չէ՞,- վրա բերեց Կարենը: ” Դդում ես, էլի:
-…
-…
Նա շարունակ շոյում էր կատվին ու պնդում, որ իրեն չեն խաբել, որ կատվի այդ տեսակը իրոք կարող է ջրի վրայով քայլել: Բանը հասավ այնտեղ, որ Նարեկն ու Կարենը քիչ էր մնում ծեծեին իրար. երբ Կարենը ձեռքը երկարեց կատվին, Նարեկը թույլ չտվեց դիպչել, միմյանց օձիք բռնեցին, բաժանեցինք:
-Գի՛ժ, պատռեցիր,- օձիքը շոշափելով՝ բղավում էր Կարենը, այտերն արցունքոտվել էին:-Գի՛ժ ես:
Նարեկը ձայն չէր հանում, գլուխը կախ շոյում էր կատվին, ասես ոչինչ չէր եղել:
” Տե՛ս, Ճվճվիկը դռան մոտ է,- շրջվելով դեպի Գրիգորը՝ ասաց Կարենը, կանաչ աչքերը փայլում էին զայրույթից:
Ճվճվիկը ընկեր Ադիբեկյանն էր` ուսմասվարներից մեկը: Մականունը ստացել էր ականջ ծակող սուր ձայնի և հաճախ բղավելու սովորության համար: Դասամիջոցներին կանգնում էր դպրոցի կենտրոնական մուտքի առջև, հսկում, որ աշակերտները չփախչեն:
” Դռան մոտ է,- վերադառնալով ասաց Գրիգորը:
” Զուգարանի պատուհանից կփախչենք,- վճռեց Կարենն ու նայելով Նարեկին` ավելացրեց.- Դու էլ ես գալիս:
Երբ թեքվեցինք դեպի ձորը տանող ճանապարհը, նոր միայն կռահեցի, թե ինչ կա Կարենի մտքին: Ինչ-որ բան հուշում էր ինձ, որ պետք է վերադառնալ, չէի ցանկանում մասնակից լինել այն բանին, ինչ քիչ հետո էր լինելու, բայց նաև հետաքրքրությունը մեծ էր, հետո ճանապարհի կեսից ետ կանգնելն էլ անհարմար էր, ի՞նչ կմտածեին տղաները: Քայլում էի ու նայում դեղին պայուսակը երկու ձեռքով կրծքին սեղմած Նարեկին, իսկ մտապատկերումս նրա մոր խեղճացած ձեռքերն էին…
Ամեն ամսվա վերջին, երբ դասղեկի սեղանին ցելոֆանե անթափանց տոպրակ էր հայտնվում, պարզ էր, որ Նարեկի մայրն է եկել: Ոչ մի տոն բաց չէր թողնում իր շնորհակալությունը հայտնելու դասղեկին, իսկ վերջինս իր գործը լավ գիտեր. ժամանակ առ ժամանակ դասամիջոցներին խնդրում էր Նարեկին դուրս գալ և դասարանին ասում էր.
” Երբ դասի ժամանակ կանգնում է նստած տեղից, քայլում դասարանում կամ այլ տարօրինակություն անում, ուշադրություն մի՛ դարձրեք, մի՛ նկատեք նրան… մեր Նարեկը խնդիր ունի նյարդերի հետ, բուժվում է, ժամանակավոր բաներ են, ոչ մի լուրջ բան… մենք պետք է օգնենք նրան, երբ ծիծաղում եք, արձագանքում յուրաքանչյուր շարժմանը, ավելի եք ոգևորում, մի՛ նկատեք:
Իսկ վերջում ավելացնելով «Մեր խոսակցության մասին ոչ մի խոսք նրա մոտ», գնում էր:
Այսպես, առաջին դասարանից նրա մայրը գալիս էր, անհատապես շնորհակալություն հայտնում բոլոր ուսուցիչներին, իսկ ես նայում էի ձեռքերի դուրս ցցված երակներին, որ ծառի հողոտ արմատներ էին հիշեցնում ու տխրում: Ի՞նչ կար այդ ձեռքերում, ի՞նչն էր այդպես գրավել… Մեր կյանքի առաջին սեպտեմբերի մեկին բոլորս ճերմակ հագնված, մի մարդու նման կանգնած էինք դպրոցի հրապարակում, դասղեկը, որի հետ նոր էինք ծանոթացել, հորդորում էր լուռ մնալ, տնօրենը ճառ էր ասում: Ոչ ոք չէր լսում, թե ինչ է ասում տնօրենը, կամ գուցե լսում էին, հիշում եմ` իմ հայացքը սառել էր Տիգրանի մուգ մանուշակագույն պիջակին, միայն նա էր տարբերվում բոլորից, ասես սև աղավնի լիներ սպիտակների մեջ: Մինչ տարված էի պիջակի ոսկեջրած կոճակներով, մի նիհար կին, որդու ձեռքը բռնած մոտեցավ մեզ. նրանք էին: Առաջին իսկ հանդիպման ժամանակ ձեռքերը չվրիպեցին աչքիցս, դուրս ցցված երակները իսկույն գրավեցին ուշադրությունս, ինչ-որ տխուր բան կար այդ ամենի մեջ…
Տիգրանն ու Կարենը առջևից էին գնում, տաք քամին երկրորդ անգամ սահեց քրտնած ծոծրակիս վրայով, և նոր միայն ինքս ինձ բռնեցրի, որ տագնապով ոտքերիս տակ եմ նայում` փորձելով կանխազգալ դարանակալ օձի հարձակումը: Ասում էին` անցյալ տարի, երբ տոթ օրը կախված է եղել ձորի վրա, և տաք քարերից լռություն է բարձրացել երկինք, զարմանալի գեղեցիկ օձը խայթել է տղային: Նա ձեռքը երկարել է՝ փորձելով որսալ օձին, բայց օձը խայթել է: Այդ օրը ոչ ոք չի եղել ձորում՝ բացի տղաներից, մինչև դուրս են բերել վիրավոր ընկերոջը, տղայի մազերը ամբողջությամբ սպիտակել են: Թույնի ազդեցությունից են սպիտակել, օրգանիզմը պայքարել է, բախտը բերել՝ ողջ է մնացել…
Իջնում էինք զառիվայր ճանապարհով, մանրահատիկ խճաքարը փախչում էր մեր ոտքերի տակից, աչքերիս առաջ սպիտակած մազերով տղան էր, ամեն օր տեսնում էի դպրոցի միջանցքում, մի դասարան բարձր էր ինձնից, այլևս ձոր չի իջնում, երբեք չի իջնելու…
” Հաստատ անձրև է գալու,- ասաց Գրիգորը:
” Ի՞նչ գիտես:
” Թևս մզմզում է, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև գալու, կոտրված տեղը անձրևից առաջ զգացնում է: Հիմա թևս մզմզում է:
” …
” …
” …
” Կարո՞ղ է ճիշտ է ասում ու կատվի այդ տեսակը իրոք կա,- միայն ինձ լսելի հարցրեց…
Գրիգորը այլևս հարցեր չտվեց, ամբողջ ճանապարհին կոտրված թևի և սպասվող անձրևի մասին խոսեց, չէի լսում, բառերը կորչում էին օդում, ուշադրությունս ուղղված էր մոտակայքում թաքնված օձին, վախենում էի: Երբ հասանք գետի մոտ, ջուրը լույսի անդրադարձմամբ աչքով էր անում ինձ, ինչ-որ բան նորից հուշում էր, որ պետք է վերադառնալ, չէի ցանկանում մասնակից լինել այն բանին, ինչ քիչ հետո էր լինելու, բայց մնացի…
” Քեզ չեն խաբել, չէ՞, դե որ չեն խաբել, կատվին ջու՛րը նետիր,-ասաց Կարենը,- թող քայլի ջրի վրայով:
Նարեկը ձայն չէր հանում, նայում էր նրան ու աչքերը թարթում:
” Չե՞ս լսում, խո՞ւլ ես, ասում եմ՝ ջու՛րը նետիր…
Հետո ամեն ինչ արագ կատարվեց, թե ինչպես Կարենը ձեռքը տարավ պայուսակին և ինչպես այն հայտնվեց գետում, իմ աչքի առաջ է եղել: Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում՝ կարծես փորձելով կառչել որևէ քարից, բայց ջրի հոսքը արագ էր, շատ արագ: Մի պահ Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Գուցե չէր հավատում, որ իր մոտ չէ, որ մատները այդպես հեշտ, առանց դիմադրության կարող էին հանձնել ուրիշին: Գիտեր, զգում էր՝ դիմադրություն է եղել, մատները չէին հանձնվել, մատները մրմռում էին, ծակծկոցներ էր զգում ափի մեջ ու ոչինչ չէր անում… Գուցե լավ էլ հասկանում էր, թե ինչ է կատարվում, պարզապես ինչ-որ բանի էր սպասում, նայում էր ու սպասում…
Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի ետևից: Նայում էի` ինչպես էր Նարեկը վազում գետի եզրով, իսկ աչքերիս առաջ ծառի հողոտ արմատներ հիշեցնող երակներն էին, ավելի հողոտ, ավելի ընդգծված էին թվում…
Երեկ առավոտյան, երբ մտքովս անցել էր եկեղեցի գնալ, զարմանալի հանդիպում եղավ: Նարեկը կանգնած էր իմ դիմաց` մինչև կոշիկները հասնող եկեղեցական սև զգեստը հագին: Նայում էի` չկարողանալով կտրել հայացքս, տարիներ էին անցել, ոչինչ չէր մնացել իմ ճանաչած Նարեկից. բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը, չէի ճանաչի, եթե ինքը չճանաչեր, չմոտենար ինձ: Ձորում պատահածից հետո ոչ ոք չտեսավ նրան, այլևս չեկավ դասի, ասում էին` մայրը այլ դպրոց է տարել… Մեր կարճ խոսակցության ընթացքում հասցրի պատմել, որ գրող եմ, պատմվածքներ եմ գրում, չեմ հիշում էլ ինչ եմ ասել, հիշում եմ`անընդհատ կրկնում էի, թե որքան լավ է իր հետ զրուցելը, շնորհակալություն էի հայտնում: Ժպտում էր, զարմանում, թե ինչու եմ շնորհակալություն հայտնում, իսկ այդ պահին ասես մեծ բեռ էր ընկել ուսերիցս, և ես իրոք շնորհակալ էի նրան:

7632 դիտումների քանակ 7 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>