Վարդուհի Սիմոնյան / Հարցազրույց

Վարդուհի Սիմոնյան

- Վարդ, թվում է՝ լրագրությամբ ես «վաստակում» հերոսներիդ, բայց իրականում գեղարվեստական գրականության բանալիներով բացում ես էն, ինչ կա նրանց ներսում: Ո՞նց ես գտնում իրենց: Ո՞վ է քեզ համար լինում հետաքրքիր:
” Հավատա, ահագին անհամեստ և մուրտառ բան է հարցազրույցներիդ մասին հարցազրույցներ տալը: Ոնց որ մեկին բռնես ու պատմես, թե որ գործողությանդ արդյունքում «վաստակեցիր» ասենք` միջնեկ որդուդ, մանավանդ երբ նրան չբաշարեցիր էլ ունենալ: Բուն ակտը բոլոր լրագրողների մոտ էլ նույնն է` անգամ գետնի տակից գտնել մարդուն և հարցեր տալ նրան: Բայց, կարծում եմ, քեզ պես լուրջ գրողին, չարժե զբաղեցնել նրանով, թե այդ հարցուպատասխանն ինչով է տարբերվում ասենք` քրեական օպեր-լիազորի նույնատիպ գործողությունից կամ ինչու է նույն մարդը հոգեբանի համար այցելու, նյարդաբանի դեպքում` հիվանդ կամ սոցիոլոգի հարցման թերթիկում ընդամենը հարցախույզի մասնակից, իսկ ահա մեր դեպքում ամենաքիչը` հերոս, հարցազրույցի հերոս: Լրագրողն էլ կարող է գրողից ոչ պակաս խանդավառությամբ ծնել ու սպանել իր հերոսներին, մի քիչ շնորհքով լրագրողը հոգու խորքում հենց գրող է, իսկ ավելի շնորհքովները ծրագրավորողներ են, անշուշտ: Բայց դա խիստ մասնագիտական մի այլ զրույցի թեմա է: Սակայն, ինչու` ոչ, մանավանդ «Գրեթերթի» երիտասարդ լսարանն ինձ կհասկանար, եթե ես քո առաջին հարցին սկզբից հենց այսպես էլ պատասխանեի. այսօր երիտասարդների ինքնասպանությունները 10 տոկոսով աճել են: Գլխավոր պատճառը ցավից խուսափելն է: Այս ճգնաժամը կառավարելի է միայն զրույցների միջոցով: Հենց զրույցների շնորհիվ են այսօր բուժվում մի քանի տասնյակ հիվանդություններ` դեպրեսիայից մինչև էրեկցիայի և նույնիսկ ստամոքսի հետ կապված մի շարք խնդիրներ: Որովհետև մարդն ամեն օր ամենաքիչը 70 հազար միտք է արտադրում, և երբ այդ մտքերը չեն շփվում այլ մտքերի ու գաղափարների հետ, նրա ուղեղի բջիջները, կառուցվածքը և ֆունկցիաները կարող են անդառնալիորեն փոփոխվել և մարդուն հասցնել խելագարության: Խոսքն ամենևին էլ տեղեկատվության փոխանակության մասին չէ. տեղեկատվությունը կարելի է տալ կամ չտալ, ուտել կամ փսխել, հիշել կամ չհիշել: Ամենից շատ, իհարկե, մոռացության են նրանք դատապարտված, որովհետև 20 վայրկյանից ավելին չէ էմոցիաներից զուրկ տեղեկատվության կյանքի տևողությունը: Մի խոսքով` մարդու միտքը զորանում է ավելի պայծառ մտքի հետ շփումից, և հակառակը` մարդը հիմարանում է տկար մտքի հետ շարունակական հաղորդակցվելիս` ահա թե ինչու չի կարելի մեդիան բերնեբերան լցնել քաղգործիչների մտքի «գոհարներով». դա վարակ է, ժանտախտ: Հարցնում ես` ով է քեզ համար հետաքրքիր: Ինձ հետաքրքիր են նրանք, ովքեր ժանտախտ չեն տարածում. էպատաժն իմ բանը չէ: Ասեմ ավելին` ես կարծում եմ, որ զրույցի, երկխոսության բացակայությունը հենց պատերազմն է` հարսուկեսուրի դուելներից մինչև սառեցրած, խաշած կամ թթու դրած հակամարտություններ: Մեծ հաշվով, պատերազմն էլ է սուր հարցուպատասխանի ժանրում, նույնպես առերեսում է, այն կոշտ լեզվով, բայց ամեն դեպքում` ինֆորմացիաների փոխանակություն է նաև, բայց սա զրույց չէ, գրողը տանի…

- Պատերազմը կանացի գործ չէ,- քո հերոսներից մեկի բնութագրմամբ: Առհասարակ պատերազմը ոչ մի բանական մտքի մեջ չտեղավորվող գոյական է, բոլորի համար, և՛ կնոջ, և՛ տղամարդու: Որպես պատերազմի միջով անցած, հիմա էլ լուռ պատերազմի մեջ հայտնված մարդ, ի՞նչ ենք անում, ի՞նչ են ուզում:
” Այո, իմ 90-ամյա խորագետ գեղեցկուհին առնվազն երեք անգամ տեսել է պատերազմի կոշտ երեսը: Նա լավ գիտեր, որ պատերազմն արական գոտի է, և կանանց մասնակցությունը չի կարող ամենածանր հանցագործության համար մեղմացուցիչ հանգամանք դառնալ: Ինչպիսի ռազմահայրենասիրական հռետորաբանությամբ էլ փորձես փաթեթավորել այդ պատերազմ կոչվածը, միևնույնն է` դա մարդասպանություն է: Խնդրեմ, թերթեք ասենք` միջազգային խաղաղապահների քաջագործությունների մասին պատմող վավերանյութերը` մանկահասակ երեխաների զանգվածային բռնաբարություններից մինչև կանանց մի տուփ ծխախոտով վաճառելու մասին: Այժմ լպիրշության և քաղաքակրթության բաժանարար գծերն այնքան են լղոզվել, որ պատերազմը գծերից լրիվ ընկած պոռնո է հիշեցնում և ֆանատիկ դիկտատորության տրամաբանական շարունակությունն է: Իմիջիայլոց, մենք ժպիտով անցանք այն փաստի վրայով, որ Հայաստանը մատնվել էր որպես Google –ում ամենաշատ պոռնո փնտրող երկիր: Սա հիվանդ հասարակության ցուցիչ է, կուտակված ագրեսիա: Պատերազմը կամացուկ է սկսվում` երբ անհարկի ուժ է կուտակվում որոշակի խմբերի ձեռքում, երբ բարոյական ճգնաժամ է մոլեգնում երկրում, երբ մտավոր ընտրախավը սոված չմնալու ահից հանձնում է իրեն որպես թղթի թափոն կամ մետաղի ջարդոն, երբ պարզապես խաղաղությունը չի կարողանում բալանսի բերել կյանքի բնական ընթացքը, չի կարողանում հավասարեցնել բոլորի իրավունքները: Իհարկե, մաստակը խթանում է հիշողությունը, և կարելի է տասնամյակներ շարունակ ծամել հարևանի հետ գենետիկ անհամատեղելիության առասպելը և երկու կողմում էլ մատը մատին չտալ, որ մեր այրվող տունը հանգցնենք, որ մեր երեխաներին չխորովենք այդ կրակի վրա: Եթե մենք այս տարիների ընթացքում ազնվորեն երկու կողմից էլ ցանկանայինք իսկապես ազատ տնտեսություն, ազատ կրթություն կամ ազատ մշակույթ զարգացնել, մենք հարևաններով մի կետում հաստատ կհանդիպեինք իրար և ակամայից կստեղծվեին միասնական պատասխանատվության տարածքներ: Հիմա էլ ուշ չէ: Բայց արդյո՞ք կա պատերազմից խուսափելու այլ ելք: Ես չգիտեմ:

Հարցազրույցը՝ Նառա Վարդանյանի

2677 դիտումների քանակ 1 դիտումների քանակ

Մեկնաբանել և տարածել

մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>