Բոլորը վախենում էին նրանից: Նա կարծես ստվեր լիներ: Աչքերը սառն էին, առանց արտահայտության: Ես նույնպես սարսափում էի: Տարօրինակ ինչ-որ բան կար նրա մեջ: Անցել են տարիներ, բայց նրա աչքերը մեխվել են հիշողությանս մեջ: Մի օր իմացա, որ ամուսնուն ու որդուն է կորցրել: Ամեն ինչ պարզ դարձավ, բառեր պետք չէին այլևս: Փակվել էր իր խորքում ու թույլ չէր տալիս ոչ մեկին օգնել իրեն: Ոչ ոք չէր էլ փորձում: Անօգուտ էր: Ոչինչ չէր կարող փրկել նրան: Նրա կյանքն ավարտված էր: Թեև շնչում էր, բայց դա լոկ մեխանիկական շարժում էր, կամ գուցե բնազդ: Բոլորը շարունակում էին հեռու մնալ նրանից: Վտանգ էին զգում: Չարագուշակ էին աչքերը: Իսկ ես ուզում էի, որ նա ժպտա: Ժպտաց: Գրկեց ինձ ու աչքերը լցվեցին: Վերջապես քարացած աչքերը շարժվեցին: Ես այլևս չէի վախենում: Տարիներ են անցել, բայց նրա աչքերը մեխվել են հիշողությանս մեջ: Ես երբեք չեմ մոռանա իմ ու նրա ժպիտը:
Ոչինչ էլ չի փոխվում: Մեր սերերն ու կարոտները, ինչ-որ հույսի սպասումներն ու թաքուն կանչերը անպատասխան են մնում: Թվում է, թե ժամանակը հոսում է, բայց այն կանգ է առել, անհույս սլաքները հոգնել են տկտկալուց: Նրանք էլ սիրտ ունեն: Գիտեք հեշտ է ամեն օր ցավի կողքով երկու անգամ պտտվելն ու հուսալը, որ մի օր վերջապես 12-ից հետո ուրիշ թիվ կհայտնվի, մի նոր թիվ՝ ոչ հերթական, որը չի սկսվի 1-ից ու չի ավարտվի 1-ով:
Մի օր կնայես աչքերիս մեջ ու կգտնես այն ամենը ինչ ամբողջ կյանքում երազել ես: Կհասկանաս, որ այսուհետ միայն դու պիտի նայես նրանց: Լռություն կլինի, կիամութ, աստղերը մի պահ կփակեն աչքերը, շուրջբոլորն ամեն ինչ մի պահ շունչը կպահի ու դու կասես կախարդական խոսքերը: Մեր սերը դուրս կգա խաղի կանոններից:
Մի քանի վայրկյան էլ ու կգնաս: Էլ հարկ չի լինի երջանիկ ձևանալ: Կգնաս ու չես էլ զգա, որ ոչինչ չի փոխվել: Միայն աչքերդ են մեխվել սրտիս մեջ ու ցավ են պատճառում: Չեմ ուզում նայել աչքերիդ մեջ. գիտեմ չեմ գտնելու ինձ, իսկ եթե դու նայես: Չէ, չեմ ուզում տեսնես քեզ:
Ես մի թևով չեմ կարող թռչել, իսկ աշունը չի սպասում: Շուտով ես ավելորդ կլինեմ ու նույնիսկ անձրևները չեն գտնի ինձ: Ինձ ոչ ոք չի քերծել, ուղղակի ես երբեք երկու թև չեմ ունեցել: Դեռ իսկական աշուն էլ չի, բայց ես խնդրում եմ իմ բոլոր աշուններին ներել ինձ:
Մեր բառախաղերը միշտ ստացված են, որովհետև դու թվերը լավ ես հիշում, իսկ ես չեմ մոռանում քեզ բարձրահասակ պատկերացնել: Եթե հավատանք, որ ամեն անգամ հավասար նույն բանն ասելիս երազանքներն իրականանում են, մենք կարող ենք էլ չերազել: Մենք կարող ենք չխոսել, բայց հասկանալ իրար: Կարող ենք չգրկել իրար, բայց ես գիտեմ, որ իմ աջ թևը կարևոր է քեզ համար: Մենք, մենք…: Ասում են կախման կետեր պետք չեն մարդկանց, եթե ասելիք ունես, կետերը քեզ պետք չեն, բայց… այս կետերի տակ միանշանակ ասելիք կա, որովհետև ես ու դուն արդեն մենք է դարձել:
Բոլորս էլ սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզ գտնի: Իսկ ես քանիսին կորցրի: Ինձ, քեզ, բոլոր հույսերը, որ կարելի էր երբևէ ունենալ, երջանկության հասցեն, որ այդպես էլ մնաց շենքերի արանքում, սանտիմետրերը, որ քոնն են մնալու: Ամեն դեպքում ջուրն ու բարձրությունն անհամատեղելի են, ջրվեժն էլ լավ միտք չէ: Գրել մեկի մասին, ում դու ինքդ ես կորցրել, արդար չէ, հատկապես, երբ գիտես որ կարդալու է: Գրելու նյութ ունենալու համար օգտագործել մարդկանց նույնպես ազնիվ չէ: Պարտադիր չէ ամեն օր սիրահարվել սերն ավելի լավ ճանաչելու համար: Ուզես թե ոչ մի պահ լույսերը կանջատվեն, ու դու ստիպված կլինես քնել՝ համակերպվելով, որ այդ օրն էլ անցավ, ու դու նրան չգտար:
Հ.Գ Այսօր էլ ոչ մի տող չծնվեց քո մասին:
Մարդ կարող է շփոթել գնացքը, փողոցը, հասցեն: Բայց սխալվել կյանքի ամենակարևոր հարցո՞ւմ: Իհարկե, բոլորն էլ սխալվում են, ինչու պիտի տարբերվեմ մյուսներից՞: Միշտ չէ, որ սիրում ես լավին, անսխալին: Բայց նույնիսկ չապացուցված հանցանքը կարելի է ներել, երբ սիրում ես: Բայց երբ սիրտդ լիքն է, չես կարող ներել բացակայությունը: Ողղակի չես կարող, ու գիտես ինչո՞ւ որովհետև կապույտ ակնոցի միջով նայում ես փայլուն աշխարհին ու երազում, որ մեկը՝ ամենամեկը բարության նոպայում քեզ գրկի, որ սիրտդ փափկի ու ներես աններելին: Փնտրում ես բոլոր թերթերում, գրքերում, փողոցներում, բայց չես գտնում ամենամեկիդ: Ու ոչ ոք չի հասկանում, որ դու ընդամենը ուզում ես մեկին ժպտալ սովորեցնել…
Մի օր կխնդրես քեզ էլ նկարել արևիս, երկնքիս, աստղերիս, ծառերիս կողքին: Իսկ ես կասեմ, որ չգիտեմ գույնդ, անգամ չգիտեմ՝ ինչ վրձինով քեզ անմահացնել: Մի րոպե, իսկ եթե լավ նկար չստացվի՞, իսկ եթե փչացնե՞ս կտավս, արևս խամրի, երկինքս ամպի, աստղերս մարեն, ծառերս չորանա՞ն:
Կկարողանա՞ս պատասխան տալ նկարս փչացնելու համար:
Մի օր կխնդրես, որ քեզ նկարեմ, իսկ ես կվախենամ ու կասեմ, որ նկարել չգիտեմ…
Ես էլ շատերի նման չեմ կարող լռություն նկարել, բայց ինձ հանգստացնում եմ այն մտքով, որ նույնիսկ աշխարհի ամենատաղանդավոր նկարիչներին դեռ չի հաջողվել այն պատկերել: Իսկ եթե մի օր ստացվի՞: Եթե հանկարծ լույսը, կրակը, հողն ու օդը միանան ու ես վերջապես քամու փետուրով լռություն նկարե՞մ: Իսկ եթե այն այնքան լավ ստացվի, որ որպես թանգարանային նմուշ պատին կախե՞ն: Գամեն պատին ինձ էլ իմ նկարած լռությունն էլ: Արի մեզ շռայլություն թույլ տանք ու լռենք: Մի պահ թվաց ծով գտա աչքերիդ մեջ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն