հետհաշվարկ 1
և ճամփաներս երկինք ուղղվեցին
ու ես սկսեցի օրերս հաշվել
ու որպեսզի ամեն ինչ քո սիրած տարբերակով լինի ու ես քեզ չկարոտեմ
ես սկսեցի հետհաշվարկս
տասնչորս օր
տասներեք օր
տասներկուսը
տասնմեկ օր
տասին այտերիս վրա միս չէր մնացել
կուրծքս սմքել էր ոսկորներս մի քիչ դուրս էին ցցվել
ինը օր
աչքերս արդեն մթնում են
ոտքի վրա կանգնել չեմ կարող
երեքուկես րոպեից ավելի
հետընթացով եմ հաշվում որ կարոտս մի քիչ սառեցնի միտքս
երկու հարյուր տասը վայրկյան
երկու հարյուր ինը վայրկյան
երկու հարյուր ութ վայրկյան
երկու հարյուր յոթին հանկարծ հիշում եմ
մեր դուբայում հայտնվելը
երկու հարյուր վեց վայրկյան
ես տեղափոխվեցի քեզ մոտ
երկու հարյուր հինգ վայրկյան
աշունը լուսատերև էր աշունը ձկնագույն աշունը տաք էր աշունը երկունք
երկու հարյուր չորսին շուրթերիս եմ դնում
ջրի բաժակը
փոքր- ինչ թրջում շուրթերս
երկու հարյուր ուղիղ երկու հարյուր
դու աչքերիցս դուրս ես արդեն դու արդեն իմը չես էլ
դու այնքան հեռու ես որ ոչ մի օդանավ ինձ էլ քեզ մոտ չի հասցնի
հաշվում եմ հաշվում եմ հաշվում եմ
յարերիս օրերս երեխաներիս գրածս գրքերն ու լուսանկարած թեմաներս
լյուբային մարիամին ֆիդայի կանանց ու ունեցածս բոլոր փորձառությունները
ծաղիկների դասավորվածությունը գերեզմանաթմբիս ինչ տեսք կունենա
հարյուր յոթանասուն չորս
քրտինքը վրա է տալիս
հարյուր յոթանասուն երեք
միայն լավ բան հիշելու ջանք եմ գործադրում
սկայպ քոլ
բարև աղջիկս
իմ սիրտ իմ արև իմ լույս իմ հուշ իմ երկինք
իմ ծաղիկ
ես չգիտեմ թե էս ամենը երբ կվերջանա
հոգեվարքը երկար է տևում
ես դանդաղ շատ դանդաղ եմ մեռնում
ծամում եմ րոպեները
աղում մսաղացով
քամում վերջին հյութերը
լույսը ընկում է դեմքիս
կնճիռներ չկան
նրանք անհետացել են
լույսը ընկնում է մարմնիս
ծեր ծեր ծեր եմ
մատներս
մաշված սիրտս
հարյուր տասը
մենք գնեցինք մեր առաջին սպասքը հյուրեր ընդունեցինք դամասկոսից
հարյուր ինը վայրկյանին հանկարծ կանգ եմ առնում կասկածամիտ մի իրողության վրա
ջանք եմ գործադրում որ հիշեմ
աղոթելու ժամանակ թողել եմ թե չէ
այս ինչ դժվար է մահանալը
կանգնել եմ թմբի վարում կամերաս թեքել վերև
նայում եմ
կադրիս մեջ ձիգ կանգնած մի տղա հրացանն ուսին ուշադիր նայում եմ հոնքն էլ չի շարժում
մեկ էլ տեսնում եմ փոքր կադրիս մեջ տղան
ուղիղ ու ձիգ վար է իջնում
գլուխը սուր քարին
իննսուն
լոտոյի քարերը սիրուն շատ սիրուն էի դասավորում
ութսունինը
տատս մազերը հարդարեց շալը գցեց գլխին ու մթության մեջ ժպտաց իր
աղջկական հմայիլ ժպիտով
որից երևի պապս խելքամաղ է եղել
մորը ղրկել տատիս ուզելու
տատս պապիցս մեծ էր մի քանի տարի
ընտանիքիս պատմությունը
մորս գորովը սկզբում ու
անօգնականությունը վերջում
աստված իմ
այս ինչպես այսքան ծերացար
ես կարծում էի դու ջահել ու ծիտ մի աղջիկ ես
այնինչ դու ծեր ես
այտերիդ ոսկորները ցցված
կուրծքդ սմքած
հետհաշվարկ
քեզ կորցնելն այս պատմության մեջ
ամենացավալին էր
ախ այդ ձայները
քո երջանիկ դեմքը բայց ոչ իմը ոչ ինձ համար
հենվում եմ աթոռի բազրիքին
կամաց- կամաց նստում
մաշկիցս մահվան հոտ եմ առնում
շատ չի մնացել
շատ չի մնացել

հետհաշվարկ 2
քեզ կորցնելն այս պատմության մեջ
ամենացավալին էր
ախ այդ ձայները
քո երջանիկ դեմքը բայց ոչ իմը ոչ ինձ համար
հենվում եմ աթոռի բազրիքին
կամաց- կամաց նստում
մաշկիցս մահվան հոտ եմ առնում
շատ չի մնացել
շատ չի մնացել
երկու րոպեից ավել լավ բանի մասին
մտածել չի լինում
ես խոսում եմ քեզ հետ
տալիս հարցերիդ պատասխանը
հետո հանկարծ մտքերս խռիվ են գալիս
չեմ էլ հիշում կարգին
դու ողջ ես թե ինձնից առաջ հեռացար
տեսնես ինչ տեսք են տալու
ծաղիկները գերեզմանաթմբիս
տեսնես ովքեր են մասնակցելու թաղմանս
տեսնես ինձ տանից են հանելու թե եկեղեցուց
տեսնես ինձ դիահերձելու են
թե եղած չեղածս ներսս պիտի թաղեն
տեսնես տեղ վարձելու համար
շատ են չարչարվելու
տեսնես արխիվս ով ում ու ինչքանով է վաճառելու
տեսնես ով է հետո ֆայլերս դասավորելու
ֆեյսբուքիս պատիս ով ինչ կգրի
տեսնես ով է իսկապես ցավելու ու ով հենց այնպես
երկու րոպեից ավել լավ բանի մասին
մտածել չի ստացվում
ավելի լավ ա սկսեմ հետհաշվարկս
դու այդպես ավելի էիր սիրում
երեք հարյուր վաթսուն վայրկյան
դու ինձ ամուսնության առաջարկ ես անում ու
անմիջապես ստանալով մերժումս
գունաթափ լինում
ծաղկաթերթերս փակվում են ու աչքերիցդ
գարնան անձրև է տեղում
երեք հարյուր հիսունինը վայրկյան
միասին մի ծառի տակ ենք ծաղկաձորում
դու նստել ես հողին ես կանգնած եմ դիմացդ
այն ժամանակ շատ երիտասարդ մաշկ ունեի
ոչ մի կնճիռ ու ոչ մի սպիտակ մազ
երեք հարյուր հիսունութին ես ծննդաբերում եմ
առաջին անգամ
հիսունյոթին երկրորդ ու հիսունվեցին
երրորդ անգամ
դրանից հետո օրերով մտածում եմ
հովհաննես թումանյանի կնոջ մասին
տեսնես ով էր այդ խիզախը
տեսնես ով էր այդ մոգականը
տեսնես ով էր այդ խեղճուկրակ խենթը
տեսնես ով էր այդ մարոն այդ անուշը
երեք հարյուր հիսուն
բարձրանում եմ անծանոթ մի սար
ուր որ է պիտի գտնեմ Չաուշի գերեզմանաքարը
տեղը մի մեծ փոս եմ գտնում
հայերեն տառերն ամենուր
կամաց շարժում եմ ոսկորներս միացնում կրակը
դնում սրճեփը կրակին
վերնիսաժից եմ գնել
չորս հազար դրամով մի ծեր կնոջից
հետս բերել հասցրել եմ այն ժամանակ ապագա
իսկ հիմա արդեն խոր անցյալ
տնից տուն եմ տարել տնից տուն
մի գդալ սուրճ
մի բաժակ ջուր
և ճամփաներս երկինք ուղղվեցին

հետհաշվարկ 3
մարմինս երեք կես են արել
գլուխս մի կողմ ոտքերս մի մտքերս մի
անգղները պտտվում են շուրջս
առաջինը աչքերս տարան
ձեռքերս ամուր բռնել են քո լուսանկարը
քո լուսանկարը քո լուսանկարը քո լուսանկարը
ձեռքերս ամուր բռնել են
հիշում եմ՝ մեր համբույրները
տևում էին ուղիղ չորս րոպե
սկսում եմ հետհաշվարկս
քանի որ դու այդպես ամենաշատն էիր սիրում
երկու հարյուր քառասուն վայրկյան
քո շուրթերը հպվում եմ իմ շուրթերին
դրանք սառն են ու անցանկալի
չգիտեմ թե ինչ էիր կերել ճաշին
բայց տոմատի սուր հոտ զգացի
ձեռքերով գրկեցիր մեջքս ականջիս
շշնջացիր մի քանի գաղտնաբառ
սկսեցի համբուրել աչքերդ հոնքերդ քիթդ կզակդ
հետո նորից գրկեցի շուրթերդ
այս անգամ ավելի ցանկալի էիր
երկու հարյուր երեսուն վայրկյան
կամաց- կամաց անզգայանում եմ
աչքերս պինդ փակած մեջդ լցնում իմ ունեցած
բոլոր կարծրատիպերը
սիրո ու համբույրների մասին
ավելի պինդ ես ինձ գրկում
թեթևորեն շոյում մեջքս
երկու հարյուր քսան վայրկյան
անընդհատ կրկնում ես գաղտնաբառերը
ռմբարկու քո ձայնը շշնջոցի է վերածվել
նորից համբուրում եմ աչքերդ
կծում ես աջ ականջս
երկու հարյուր տասը վայրկյանին արդեն
երանության գրկում եմ
բաց չեմ թողնում քեզ
բաց չես թողնում ինձ
միայն այդ պահերին մենք մի ամբողջություն
էինք ու ես պարտավոր չէի հիշել օրվա կարդացած
բոլոր տեսությունների մասին
«ամբողջ հույսդ դիր աստծո վրա
ու մի հպարտացիր քո իմաստությամբ»
երկու հարյուր վաթսունմեկ համարի
ավտոբուսներում քահանա էյ էմը անիմաստ
մտքերի քարկոծմամբ է զբաղված
երկու հարյուր վայրկյանին հասկանում եմ
որ շուրթերս անզգայացած են
անգղները հանեցին աչքերիս
առաջինը աչքերս տարան
ռուսները զենքերով փակում էին ճանապարհը
խոչընդոտներ ստեղծում մեզ համար
ես սիրուն կին
վիրավոր թաքնվել էի թփերի հետևում
հասցրել էի շրթներկ քսել
ալ կարմիր գույնի
էրմենի քըզ արտաբերեց նա
ու ընկավ վրաս
գյոզալ քըզ ասաց նա ու պոկեց շորերս
սառը մի բան ներսս մտավ
ու ինքնաբավ քրքջաց
գործն ավարտելուց հետո
երկար մտածում էր
ինչպես վարվել ինձ հետ
հետո եռատեց մարմինս
ամբողջ ընթացքում
պինդ բռնել էի լուսանկարդ
նրանց հեռանալուց հետո
առաջինը տեղ հասան անգղները
դրանից հետո դու արդեն գիտես
դու արդեն գիտես

տոմս դեպի հետ
ինձ մնում են հաշված օրեր
ու ես լքում եմ, հայրենի՛ օվկիան,
քո եզերքները,
ոչ ցավ ա ներսս, ոչ դատարկություն,
ոչ լիքն եմ, ոչ էլ ծանր,
ներսս աղոտ մի լույս է մարում,
ներսս աղոտ մի վարագույր:
ես քեզ տեսնում եմ մոտից շատ մոտից,
ծնվում եմ ամեն օր ու մահանում,
դու երազկոտ ես իմ հայաստանիկ,
նանիկ նանիկ նանիկ նանիկ:
ինձն մնում են հաշված օրեր,
ու ես լքում եմ,մայրենի օվկիան,
քո փրփուրները,
ոչ բարկացած եմ, ոչ զարմացած,
ոչ դատարկ, ոչ լիքը ու ոչ էլ հղի,
ներսս աղոտ մի լույս է մարում,
ու լիքը թերթեր նանիկ նանիկ:
ծնվում եմ ամեն օր ու մահանում,
ինձ մնում են հաշված օրեր,
ես ոչ ապրում եմ, ոչ զարմանում,
կարում եմ ծանր մի վարագույր:

***
աղջիկ պոետ
աղջիկս ասում ա՝
աչքերս Խաչիկին կարոտել են,
մի քիչ լացում ա ու ավելացնում՝
հեսա կմեռնեմ,
ես ինձ մեղավոր եմ զգում
նրանց՝ իրարից հեռու լինելու համար,
մի քիչ ինքս ինձ հետ լինելու համար՝
ծանր փրկագին

***
տաղ անանձնական
գլխիս մեջ լիքը վերքեր
ես քեզ եմ փնտրում ոտաբաց
երեխան գիրկս նստած
մադոննա ասաց ու գնաց
քաղաքում լույսեր երերուն
հյուսքերս կտրեմ վարարուն
գլխիս մեջ լիքը վերքեր
հեքիաթից էլ բան չմնաց
աչքերս անփայլ դանդաղուն
ես քեզ եմ փնտրում գրկաբաց
հյուսքերս թափեմ վարարուն
քաղաքի լուսե վարարում

Երկրորդ հնարավորության ժամանակ
Բարձր նորակառույցը քանդվում է,
առաջին հարկը մի քիչ կայուն է,
երկրորդ հարկում հայտնի բուտիկներ են,
թանկարժեք օծանելիքներ,
որ այլևս չեն արտադրվում,
ժամացույցի խանութներ,
հարսանեկան զգեստներ:

Ես խանութների էս շենքը վաղուց,
վաղուց գիտեմ,
ներսի բոլոր ծակուծուկերն էլ,
ամեն ինչ գիտեմ,
տեղերում, որտեղ վաճառողներ չկան,
կարող ես վնասված ապրանքը
հենց այնպես վերցնել,
չորս սիրուն ժամացույց խցկեցի գրպանս,
երեքի ապակին կոտրտված էր, ճաքերով,
որոշ խանութներ որոշակի զեղչեր ունեն,
ու մինչ հատուկենտ գնորդները
շարժվում են ներսում,
որոշ հնարամիտներ հեռուստատեղային
խաղեր են կազմակերպում:

Երեխան վզիցս կախ,
պարանները ոտքերիս կապած,
որտեղից որտեղ եմ
թռնում հարկերի միջով,
ամեն անգամ մտածում եմ՝
վերջին թռիչքս է,
մասնակիցները երեքն են՝
ծանոթ լրագրողներից մեկն ու
մենեջմենթի ինչ- որ մասնագետ,
իսկը արու՝ ուժեղ, սիրուն,
էն որ գլուխդ ուսին դնես,
էն որ չուտես-չխմես-նայես,
էն որ առավոտից իրիկուն գրկից չիջնես,
սիրես-սիրես-սիրես,
էդ մտքերի վրա հանկարծ հիշում եմ,
որ երեխա կա վրաս,
տանը՝ էլի մի քանիսը,
որ սա, որոշների պնդմամբ,
էլի ամուսնական դավաճանություն ա,
էդ ընթացքում թիկնեղ
արուն արդեն մտածել էր,
թե ինչպես մենք՝ ես, լրագրողն ու ինքը,
պիտի փաթաթվենք իրար
ու իրար միջով անցնեք,
նենց, որ հերթով թռնենք ներքև
ու ոչ մեկս չվնասվի,
բոլորս էլ խաղի էս փուլն
անցանք ու հասանք
հաջորդ մակարդակ:

Հաջորդին՝ հերուտղա ու երկար մի լար:
Չգիտեմ՝ ինչ են անում, մեկ էլ սիրուն,
գունավոր թղթե օղակներ են հայտնվում
պարանին,
գլորվում են օղակները
պարանի վրայով:

Առաջինը սկսում է լրագրողը,
նա շատ հեշտությամբ ոտքերով
բռնում է գլորներից մեկը,
վերջ, լրագրողը հաջորդ փուլում է:

Թիկնեղն է առաջանում,
օդի մեջ համ ցատկում,
համ երկրորդ փորձից
բռնում է գունավոր մի գլոր:

Երևում է հեշտորեն տրվող հաղթանակը
բարկացրել էր հայրուորդուն ու
նրանք հատուկ
երկարատև ծեսից հետո
գալիս են նյարդային
վախեցնող քայլվածքով
ու սկսում տենդագին գցել
պարանը արդեն ինձ համար:

Ցատկում եմ թեթևորեն,
հո չեմ ցատկում,
Ինչքան հիշողություն ունեմ
մարմնիս մասին
հետս ցատկում են,
ուժ են տալիս,
ես թեթևից թեթև եմ ցատկում,
չկան,
չկան սակայն գունավոր գլորները,
խելապտույտ,
առանց զգալու ոտքերս, ոնց որ
կցատկեի մանկության տարիներին,
Աբովյան քաղաքի հին շենքի բակում,
ցատկ,
Անսպասելի,
շատ անսպասելի հայտնվում են փոքր
շատ-շատ փոքր չափերի
գունավոր գլորները,
ես կորցնում եմ պահը նրանց բռնելու:
Ավաղ,
ես կորցնում
եմ հնարավորությունը դրանք բռնելու:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն