սարերը

Սարերը սարերի մեջ սպիտակ
սարերը սարերի մեջքին կանգնած
սարերը սարերին գրկած
սարերը սարերից հեռու
սարերը ինձ տարան տուն
տան դուռը կրնկի վրա բաց
կինը աչքերը փակ կանգնած
ոտքերս դողում են
ձեռքերս բացվում են
աչքերս շողում են
կինը ձեռքերը պարզում է առաջ
դու մեծ թաբու ես սեղանին դրված
թթու կաղամբ ես ծաղկավոր ափսեի
աղի պանիր ես
դու կարող էիր լինել աշխարհի ամենամեծ սուտը
դու կարող էիր լինել աշխարհի
ամենադառը կորիզը
դու կարող էիր լինել աշխարհի ամենափակ դուռը
դու կարող էիր լինել աշխարհի կենտրոնը
դու կարող էիր լինել աշխարհի ամենասիրուն սարը
դու կարող էիր լինել աշխարհի ամենահեռու սարը
ես կարող էի չլինել այն ինչ կամ
ինչ եղել եմ
ես կարող էի չլինել ուրախ ու մեղմ
ես կարող էի լինել բիրտ մի կենդանի
ես կարող էի լինել երկերեսանի
արևը տաքացնում է մեջքդ
կնճռոտ վիզդ
փայլեցնում բիբերդ
սարերը սարերի հետևում պահ մտած
ստվերները կախ
փորները կախ
գլուխները կախեցին
տմբտմբացրին
անահիտ
ասացին
անահիտ
ներս արի
տուն արի
հերիք է
տուն արի
տան դուռը կրնկի վրա բաց
կինը աչքերը փակ կանգնած

կորած երազ

աչքերի մեջ սահուն
անգիր արած մի տեքստ
խրոխտ ու հուզական
տես չթրջվես
շրթներկ բոսոր կարմիր
դուխի անմահական
հեռվից ոսկի ես հեզ
ներսից կրակե եզ
կասես ինչ անկապ դեմք
կասես հոգնած մի երգ
կասես վերք է դաջվածք
կասես առաջ անցանք
առաջ առաջ միայն
միայն առաջ անցանք
դու ինձ քեզ հետ տարար
հրճվանք բերկրանք ու կյանք
ահագին հին կերպար
աչքերի մեջ սահուն
կնոջ մաշված կերպար
շրթներկ բոսոր կարմիր
դուխի անմահական
մազեր ունի դեղին
քայլվածքը սեգ ծիծաղ
կնոջ մաշված կերպար
ծաղրի համար հարմար
և սեր և կյանք և չէ
նայած ինչի համար
աչքերի մեջ փակված
նոր կրակներ անմար
ու քանդվեցին արագ
երեխաներ կապար
այո անկապ մի երգ
հեռվից այցի եկած
տես չթրջվես

վանական

հեռու եմ վանում բոլոր բոլոր վատ մտքերը
բայց դու ինձ չես սիրում
գալիս փաթաթվում եմ ոտքերիդ
պոկել չի լինի ինձ
սիրել չի լինի ինձ
թողնել չի լինի ինձ
դեն նետելն ափսոս ա
կոկորդս քերում ես դու
թևերս այրել եմ թերևս
պոկել չի լինի ինձ
սիրել չի լինի ինձ
սիրել չի լինի ինձ
թողնել չի լինի ինձ

գլխաքար

ես ոսկեխեցի
դու ինձնից մի վախեցիր
վատ բան չեմ ասում
շատ բան էլ չեմ ուզում
ամեն ինչ ներս եմ գցել
աճում են աճում են աճում են
ներսս խոնավ խոնավ
արևներ արևներ արևներ զիզի քարին հովին սարին զովին կավին արևներ
ու գլուխս վերցնեմ ու պատերին տամ պատերից ձայն չի գա
ու գլուխս սարերով քարերով ու ժայռերով գամ
սարերից քարերից ժայռերից անձրև չի գա
ես ոսկեխեցի
մարգարիտներս միջիցս թափ տվեցիր
մարգարիտները հաշվելու ժամանակը
ժամանակը ժամանակը
տերևները կանաչ կանաչ ներսս խոնավ խոնավ
զիզի քարին սև կատարին հովերին
հովերին հովերին
ու գլուխս առնեմ թռնեմ թռնեմ թռնեմ թռնեմ թռնեմ
ես ոսկեխեցի
դու ոսկեխեցի
դու ոսկեխեցի
սարերից քարերից ժայռերից հեռու մնացի

անմոռանալի

քեզնից ազատվելու ամենահեշտ ձևը
քո մասին գրելն է
խոհանոցի կահույքի պատերը մաքրելով
մռնչում է մի երգ
քեզնից ազատվելու ամենահեշտ ձևը
քո մասին երգելն է
ասում է ծեր այդ կինն ու ավելի ուժեղ
սուլում մի երգ
քեզնից ազատվելու միակ ձևը քեզ երգելն է
քնքշորեն քնքշորեն քնքշորեն սիրելի մի ձեռք
խոհանոցի կահույքը մաքրելով մռնչում է մի երգ
քեզնից ազատվելու միակ ձևը անդադար անընդհատ պարբերաբար քո մասին երգելն է
արդեն սուպը շերեփի մեջ դեսուդեն տանելով ասում է երիտասարդ կինն այդ
քեզնից ազատվելու միակ ձևը քո մասին երգելն է
ծամում է բերանի մի պատառ
հացն ու օղին քաշում գլխին
խոհանոցի կահույքը մաքուր է
ճաշը պատրաստ է
հացը վերջացել է
շերեփը իր տեղում կախված է
քեզ մոռանալու միակ ձևը տնից դուրս գալն է
վարսավիրանոցում մկրատների մկրատոց
սուրճի հոտ ու լիքը բլոնդ
նրան մոռանալու միակ ձևը մազերս կտրելն է
ռադիոն միանում է
կինը
աչքերը կիսախուփ
հիշում է

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն