Երևանն ինքն իրեն ապրում ա,
Առանց ինձ, ինքն իր համար,
Ինձ համար չեղավ էլ,
Երբեք չեղավ Երևանն իմը,
Իմը Խծաբերդն էր,
Իմը Աբովյանն էր,
Հետո, ահագին ուշ,
երբ Աբովյան-Երևան
տրանսպորտը լավ չէր աշխատում,
ու ես կյանքս փոխել էի որոշել,
Երևանին ասացի՝ արի ընկերներ լինենք,
Ես ջահել էի ու սիրուն,
Բայց ինքը ընկեր լինել չի սիրում,
Ինքը հեչ ընկեր չի,
Ոտդ դուրս ես դնում,
Մոռանում ա,
Ճիշտ էն ընկերուհուդ նման,
Ում հետ քանի տարի նստարան ես կիսել,
Բայց կաս թե չկաս՝ իրեն մեկ ա:
Երևանին ձոնված տողեր գրել եմ
Ոտքով փողոցները չափչփել եմ
Մի կետից մյուս
Հետո էլի մի կետից մյուսը
Հետո էն մյուս կետից էլի էն նախկինը
Բայց երևանից ինձ բան չի մնացել
Երբ օդանավն իջնում ա Զվարթնոցում
Սիրտս չի խփում ուրախությունից
Երբ աբովյանով իջնում եմ
Սիրտս չի խփում հուզմունքից
Առհասարակ սիրտս ահագին քարացել ա
Վստահ չեմ վարդագույն տուֆ ա թե գլաքար
Մի ընկերոջ հետ Լևոնի պատճառով կռվեցի
Էն մեկին ֆեյսբուքով բլոկեցի
Էն մեկն ամուսնացավ ու հեռացավ
Էն մեկին առիթ էր պետք բարև չտալու
Էն մեկն էլ երես չունի տալու
Էն ինչ ինձ մնաց սիրուն մի բույլ ա
Մի քանի անգամ օգտագործված թիթեղաթուղթ
Արևին լավ փայլում ա
Երևանից Ֆրանկֆուրտ երկու օդանավ ա
Բայց էդ էական չի
Աբովյան փողոց նշանակեցի Բերգեր շտրասեն,
Օպերան՝ Ալտե Օպերն ա,
Թեգուտն էստեղ վերանվանեցի Թեղուտի,
Շուկան կա,
Պոնչիկի փոխարեն դոնաթս ա,
Բայց Երևանի էն կոշկակարը,
Որ տկլոր արձանի տակից հանեց տնական կոնյակն,
ու մենք ձմեռվա սառնամանիքին նոր տարի նշեցինք փողոցում,
Մնաց Երևանում,
Նրանց էս տողերի մեջ փաթաթեմ,
Պահեմ
Տիկնիկայինի ներկայացումը լավն ա
Սունդուկյանի ներկայացումը լավն ա
Խամաճիկների ներկայացումը լավն ա
Կամերայինի ներկայացումը լավն ա
Պատանի հանդիսատեսինը լավն ա
Գայուշը Կատիկին հետնաբեմով ֆռցրեց
Դեկորացիաներին ծանոթացրեց
ու բացեց թատրոնի գաղտնիքները
Ազգային ժողովի մասին ստատուս չեմ գրել
Թագայի մասին ստատուս չեմ գրել
Հիմնը փոխելու մասին ստատուս չեմ գրել
Դրոշը փոխելու մասին ստատուս չեմ գրել
Հոգևորականի՝ դպրոցում լինելու մասին ստատուս չեմ գրել
Լուսանկարչության մասին ստատուս չեմ գրել
Քաղաքականության մասին երբեք չեմ գրել
Գևորգի ծնունդն էր, շնորհավորեցի,
Երևանում ա,
Գրեց՝ արշավականներով Խծաբերդ ենք գնալու,
Ես գիտեմ, որ էսսե պիտի գրեի,
Բայց երևում ա ստատուս ա ստացվել:
Դե որ էդպես ա, ուրեմն՝
Երևան ջան, ցավդ տանեմ: