Հրաշալի բան է ապրել խաղաղության պայմաններում, հպարտություն է՝ ունենալ սեփական երկիրը: Սրանք այն մտքերն են, որ ունենում եմ հետպատերազմական Հայաստանում քայլելիս: Ամենահաճելին չէ, իհարկե, հասկանալը, որ բազում ազգերի համար ոչինչ չարժեցող կաղապարված գաղափարները պատմության հաճախ կրկնվող շրջափուլներում ստիպում են գիտակցել՝ իրենց ամբողջ ծանրությամբ, որ կանգնել ենք գոյության խնդրի անդունդի դիմաց:
Եվ էլի մի հարց մնում է անպատասխան. մի՞թե բիբլիական ազգը, որի արմատները երկրագնդի ամենախոր հողաթմբին են հասել, պատկերացում չի ունեցել անկախ պետականաշինության մասին, ինչը հաջողվել է շատերին: Հնարավո՞ր է, որ ամեն բան հակառակ աճի այստեղ և դար առ դար օտարների ստորագրությունները բզկտեն, նվեր տան կամ սրի հանեն մեր հայրենի հողը: Այդպես է սակայն: Նորից որբացանք և որդեկորույս դարձանք այս անգամ կրկնակի: Ինչպես զինվորի մայրն է խելագարվում՝ ի զորու չլինելով ընդունել անկրելի իրականությունը, այդպես էլ մի ամբողջ ազգ այս օրերին դամբարանում է իր նորածնունդ՝ երկուսուկես տարեկան, երկար տարիների անպտղությունից հետո լույս աշխարհ եկած սիրասուն մանկանը՝ լուսավոր, հեղափոխական, նոր Հայաստանի մասին անուրջը: Ցավով պետք է ասել, որ մեր ինքնուրույնության փորձերը հաճախ խեղդել են դեռ արմատից, և այսօր անհամեմատ վտանգավոր կլինի, եթե թաղենք մեր ծնողին ու զավակին՝ Արցախն ու երկար երազած անկախ ու արժանապատիվ ապրելու երկուսուկես տարեկան երազը: Կարելի է իրերին նայել ցավի միջից, կորստի աչերով, բայց ինչպե՞ս ասեմ. իրերին պետք է նայել Եռաբլուրից և ոչ այլ տեղից: Այսօր արթնացել ենք խաղաղ Հայաստանում, որը, ցավոք, տարիներ ի վեր սնվել էր իննսունականների հաղթանակի էյֆորիայով:
Ատելի է լսել կորստի լուրը, ատելի է այն մարդը, ով հայտնում է պարտության լուրը, բայց ամեն բան ավարտվում ու նոր է իմաստ ստանում, երբ տուն են վերադառնում նրանք՝ ողջ մնացածները: Շատ պատրանքներ այժմ չքվել են, ինչպես մասամբ 2016-ի ապրիլյանի չորսօրյա սառը ցնցուղից հետո: Ճանաչում եմ միայն մի ճշմարտություն. արժանի լինել այն հաղթանակներին, որոնք առջևում են և որոնց չհավատալու իրավունք չունենք: Ինչ խոսք, հեշտ չէ հայ լինելը. ծանր է դարերի վրեժն ուսերին կրելով ապրելը:
Հայաստան աշխարհը մահապարտների երկիր է. ես, դու, բոլորս մահապարտներ ենք:
Բայց նույն սկզբունքով էլ երկիրն են շենացնում՝ պաշտպանելու արժանի կյանք ունենալու համար:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն