Քո հեռանալուց ցեխոտ ասֆալտին լսվեցին կտկտոցներդ: Պառկեցի գետնին ու մենակությունից գրկեցի երկինքը. սառն էր: Ոչինչ չունեմ ամպերի դեմ, բայց ուզեցի, որ պատառ-պատառ լինեն: Ցեխի մեջ թավալվելով` տուն հասա: Բացեցի ծորակը. ջուրը որոշեց չգալ: Համակերպվեցի. սևը միշտ սազել է ինձ, մտածեցի` հիմա էլ կսազի, երբ դու բոլորովին հեռու ես: Քանի որ աշխարհում ոչինչ չի կարող ազդել ախորժակիս վրա` սառնարանի պարունակությունը դատարկեցի ստամոքսիս մեջ: Քաղցած երակներս լայնացան, լայնացան, ու քիչ էր մնում պայթեին նախանձից: Հեռակառավարման վահանակի չաշխատելու պատճառով ջարդեցի հեռուստացույցը: Քիչ անց ռադիոյով հաղորդեցին Աֆրիկայում զառանցող սովի ու չգիտեմ որ ծովում խորտակված նավի մասին: Իսկ ինձ միայն հետաքրքրում է աչքերիդ գույնը, երբ ինձանից հեռու ես:
Տիկնիկներիս լողացնելուց հետո պառկեցրի գորգին: Քնեցնելու համար, որպես օրորոցային, ռոք երգեցի: Ոնց հասկանում եմ, միայն ես եմ, ում կոպերի արանքում համարձակվում է խցկվել անքնությունը:
Անցան օրեր, այդ ընթացքում ես հաշվել սովորեցի. նույնիսկ հաշվում էի, թե օրական քանի բուտերբրոդ եմ ուտում: Անցան ամիսներ, սովորեցի թերթել օրացույցի էջերը: Պարզեցի` ամիսն ունի 28-31 օր, օրն ունի քսանչորս ժամ, ժամը` վաթսուն րոպե: Ես, ավելի լավ է, հավատայի, որ կատուներն աշխարհի ամենաքնքուշ արարածներն են: Անցան տարիներ, սովորեցի ապրել առանց քեզ:
Ամեն գիշեր անցկացնում եմ ասֆալտին պառկած` երկինքը գրկած, որ միշտ սառն է լինում: Քո հեռանալուց հետո անձրև չի գալիս:
Սրճարանում ընկերուհուս հետ համարյա կուլ տվեցինք պաղպաղակը. սիրտս ուզեց որոշ ժամանակով հիվանդ ձևանալ, կոկորդս ոչ մի կերպ չհամաձայնվեց մրսել:
Հեռուստացույց նորոգողը գործն ավարտելուց հետո ասաց.
-Լավ նայեք ձեր ապրանքը:
Բոլորը նայեցին իմ կողմը:
— Լավ,- ասացի:
Աշխարհում իրարանցում էր սկսվել. անձրևի բացակայության պատճառով մարդիկ վարակվել էին ագրեսիայով, թալանում էին խանութները, ջարդում մեքենաները, նույնիսկ իրար կոկորդ կրծում: Սիրտս ծանրացավ, նույնիսկ զգացի, որ Երկրի կշիռն էլ մեծացավ: Վերջերս անգամ տիկնիկներս էին տարօրինակ դարձել. ցերեկները չէին քնում, լավ չէին ուտում, ստիպված նրանց համար երգում էի սիրածս հնդկական երգը` «Եվ կթափվի անձրևը»…
Երեկ մեր հարևանը այրեց դիմացինի տունը, դիմացինը մեղադրեց մյուսին, մյուսը հայտնեց, որ ինքը ճաշ չի սիրում: Շարունակ ուզում եմ հիվանդ ձևանալ, մտքիս քաղցկեղը մեծանում, մեծանում, ու… Երեք օրվա փչած փուչիկներն ավելի շուտ կպայթեն:
Գիշերները ճանկռում եմ չորացած ասֆալտը: Սիրտս շարունակ ծանրանում է: Հեռակառավարման վահանակը լավ է աշխատում, ռադիոն ռեֆլեքսորեն նույնն է կրկնում, ամեն ինչ նույնն է, դեռ մի բան էլ ավելի: Հիվանդանալուս փորձերն ապարդյուն են:
— Մա՛մ, գնում եմ քնելու:
— Զգույշ կլինես, հիմա դրսում ագրեսիվների թիվը շատացել է:
Խիղճ ասվածը նվիրում եմ քեզ, ինձ պետք չէ, ինձ նյարդայնացնում է: Չորացած ասֆալտը անհանգստացնում է մեջքս, ցավեցնում կողերս: Նույն կտկտոցները. անձրևը թափվում է:
Աշխարհի վերստեղծման յոթերորդ օրն է: Մարդիկ բուժվել են ու վարակվել ժպիտով: Հարևանները մոռացել են վիճելու մասին, ու նրանցից մեկը նույնիսկ սկսել է ճաշ ուտել: Չգիտեմ` որքան կմնաս, անկեղծ ասած, կարևոր չէ, հոգ տար անձրևի մասին. այս անգամ ես եմ հեռանում…
Տիկնիկներս ցերեկներն է՛լ չեն քնում. վերջապես մեծացել են…