***
Գնալիս
Մի անձրևող ամպ դրեց ափերիս մեջ…
Չասաց՝
Քանի՞ գարուն պիտի ծաղկեմ, որ գա…

***
Ներկոտ մատներդ տեսա…
Ու էլ իմաստ չուներ հարցնելը.
— Էսօրվա սիրուն ծիածանը տեսա՞ր…

***
Դժվար է
Արթնանալուց հետո հաշտվել բացված օրվա հետ,
Երբ երազում ուր որ է մեջքս կգրկեիր…

***
Ձյունը նույն հանդարտությամբ տրվում էր բոլորին,
ափս տնկել ու հարց էի տալիս՝
Որտեղի՞ց երկնքին այսքան բարություն…
ու ժպտում էր հալչող սերը ափիս դեռ չհասած…

***
Միայն դատարկությունն է,
որ վերջ չունի…
Անգամ քո մայրամուտը տեսա ես իմ ափից…
բան, որին չէի հավատում,
բայց եղավ,
ու բարի էր
Մահս…

***
Քաղաքը լվացող վերջին անձրևն ու ես
անծանոթներ էինք րոպեներ առաջ…
Նրան պատմեցի բոլոր գաղտնիքներս…
Հոսեց…
Եվ հիմա վախ ունեմ.
հանկարծ խաբարբզիկ դուրս չգա,
Թե քեզ հանդիպի…

***
Ուզեցի այնքան արև լինել,
Որ սառույցդ ջուր դառնա,
Մոխիր դարձա…

***
Ինչքան ուժ ունեմ աղմկում եմ,
որ ապրի օրը,
Հետո կարոտում եմ ինձ
և վազում եմ լռության տունս…
Ինձ դիմավորում եմ լուռ ճիչով,
որ անունդ է
Միակ տեղը որտեղ ես դեռ ապրում եմ,
Երբ մեռնում է օրը…

***
այս գիշեր հիշեցի.
ընկերներիցս մեկն ասում էր,
որ ականջը երեխա է արգանդի մեջ
ուզեցի հավատալ և ծերացող լուսնի տակ
քո ձայնից մի քաղաք ծնվեց…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն