Պոետներից զզված
Փողոցներում հոսում է
Թուքը…
Խոսքի անկշռույթ կշիռը
Նյութապաշտի որկորի չափով
ՈՒ ստամոքսահյութի առատությամբ
Աչքերս ու բերանս են փակում…
Իմը…
Իմս…
Իմն ես ինչպես իմ
Չհասկացված փախուստը…

Բոլորը
Ինչպես մի մարմին
Եվ ինչպես նողկանքը
Հղփացածի կոկորդում…

Ինձ կախել են
Պատի մեխից,
Ինչպես խամաճիկի
Կախ ընկած բերանը…

Չարդարացված հույսերի թիրախն եմ
Ու  իմն  եմ,
Ինչպես չստացված զոհ…

Բոլորը բանաստեղծություն են
Պոետներից զզված
ՈՒ քայլում են
Ստվերների նման`
Դատարկ սավանների
Տռփանքը թաղելով
Իմ մեջ…

Պոետներից զզված
Քայլում եմ իմ մեջ`
Ինձ ավարտելով
Բոլոր բանաստեղծությունների համար…

***
Ես մահացած էի.
Որսված է վայրկյանը,
Աչքերը,
Որոնք մարմնիս
Ներսն էին քրքրում,
Օղին,
Պոռնիկը
Եվ շշերի արանքից
Ինձ նայող
Աղավաղված
Կիսատ-պռատությունն
ՈՒ ամբողջությունը…

Չեմ տեսնում վայրկյանները`
Դողացող ձեռքերը ժամանակի,
Մոռացված սերը,
Որը կանգնել է
Ժամանակի կոկորդում,
Թուքը,
Որ մարսեց ինձ…

Բոլոր իմ երգերը
Չարժեր ասել բառերով.
Ի՞նչ իմաստ ունի բառը,
Եթե իմը չէ հիմա…
Եթե ձայն է,
Որ խեղդվել է
Օդում, օդի մեջ
ՈՒ բռնաբարվել…
……………………….
Օդում…

…ՈՒր քամի է
Եվ զանգակի
Անկաղապար
Լեզվակներն են թափառում
Աստղերից թելերով կապված
ՈՒ հարվածում սրտիս պես
Խուլ,
Ինչպես մահը
Մահացածի երազում…

Թափորը դատարկություն է
Կրում.
Ինձ հողում տեղ չկա,
Ինչպես իմ հոգում բառեր…

Ես երգն եմ
Միզահոտ պատանքով փաթաթված,
Բառը,
Որ չի կարող ինձ արտասանել…

Հայելու մեջ
Միայն բառերն են
Շրջում իրենց երեսը…

Ինձ երկնքում են թաղում,
Ինչպես գիրը հայելու առաջ,
Ինչպես մեռնողի վերջին խոսքը,
Որ ոչ ոք չի լսում…
ԲԱՆ-ը,
Որ Աստված խլեց ինձնից
Ադամի մեղքով …
………………………

Եվ սիրուս հասա
Իմ սերմահոտ բառերով միայն…

Դափ-դատարկ,
Ինչպես
Մարմինս
Ես գիրն էի
Մահից սարսափած…

Ես մահացած էի
Ի սկզբանե,
Վախճանի խոսք էր
ՈՒ դամբանական
Տողերս,
Որ կյանք էին աղերսում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն