Կարող էի այսօր դառնալ աշխարհի ամենաերջանիկ մարդը, սակայն նորից չստացվեց: Սատանան իր դյութիչ ձայնով կլանեց հոգիս և նորից դուրս թքեց՝ որպես ուտելիքի ավելցուկ: Սկզբից նա սիրահոժար եղավ, գրավեց ինձ իմ ամբողջ էությամբ հանդերձ: Սիրեցի նրան, և մարմինս ու հոգիս պատվեց անբացատրելի ջերմությամբ: Նա կազմակերպեց իմ գովքը բոլորի առջև, ինձ զգացի ամբողջ տիեզերքի տերը: Նա ինձ հետ խոսում էր, բայց չէր դադարում միաժամանակ ինչ-որ բաներ քրթմնջալ ու ցածր ծիծաղել: Սատանան ինձ համար դարձել էր մի լուսավոր խորհրդանիշ՝ սիրո և ազատության: Ինձ շրջապատող բնության ամեն մի մասնիկ հիշեցնում էր նրան:
Սիրեցի և սերտեցի նրա հոգեբանությունը:
1. Լիարժեք կյանք՝ հոգևոր փուչ երազանքների փոխարեն:
2. Ինքնաճանաչման ձգտում՝ ինքնախաբեության փոխարեն:
3. Վրեժ՝ մյուս այտը դեմ տալու փոխարեն:
4. Պատասխանատվություն արարքների և դրանց հետևանքների համար:
Այս սկզբունքները դարձրի սեփական հոգեաշխարհիս գլխավոր կորիզը:
Կորցրել էի քունս և սիրահարվածության նոտան դեռ հնչում էր ներսումս: Ոչինչ չէի անում, միայն մտածում էի նրա մասին: Աչքերիս առջև էին նրա կանացի մարմնի բարեմասնությունները, կործանիչ ու կլանող հայացքը:
Մի օր էլ որոշեցի ամուսնության առաջարկություն անել նրան: Նա այդ ամենը շատ բնական ընդունեց և ժպտալով պատասխանեց.
— Ես արդեն մեկ տարի է՝ շփվում եմ և հանդիպում մի տղայի հետ: Նրան սկզբից շատ էի սիրում, նա էլ ինձ: Հիմա քեզ էլ եմ շատ հավանում, բայց պետք է մերժեմ:
— Ինչո՞ւ: Դու ի վերջո նրա՞ն ես սիրում, թե՞ ինձ,- հարցրեցի տագնապած ձայնով:
— Նրա նկատմամբ իմ զգացմունքներն այնքան իրարամերժ են, որ չգիտեմ էլ՝ ինչ պատասխանեմ, բայց մի հարցում հաստատ համոզված եմ, նա ինձ անկողնում՝ սեքսի ժամանակ, շատ է դուր գալիս: Բայց դա չի խանգարի, որ մենք շարունակենք շփվել իրար հետ:
Ես հիասթափության մի քանի անկանոն ճիչեր արձակեցի, սիրտս ու հոգիս սեղմվեցին ու կծկվեցին: Ես լացեցի մի ամբողջ հավերժություն: Կորցրեցի միտքս ու տրամաբանությունս, սիրտս կուչ եկավ, որպեսզի ոչ ոք չնկատի: Խնդրեցի նրան գալ ինձ մոտ և մահացա նրա անկրկնելի պատկերի առջև՝ սիրտս՝ անհանգիստ, աչքերս՝ թաց, մարմինս անզգայացած՝ սիրո սատանայի լաբիրինթոսում: Եվ իմ անիրականանալի երազանքները մարեցին նրա հանդուրժող կենսական էության առջև, ինքնախաբեությունս՝ նրա ձեռք չտված իմաստության, իմ վատնած սերը՝ նրա արժանավոր ներողամտության առջև, հոգուս վամպիրները՝ նրա պատասխանատվության առջև: Եվ ես իմ մեղքերով դարձա կենդանի, և իմ հոգևոր-ինտելեկտուալ զարգացման արդյունքում մեղքերս ուղղորդվեցին դեպի ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ բավարարվածություն, այսինքն դարձա ամենավտանգավորը կենդանիներից:
— Ո՞նց ես, քեզ վա՞տ ես զգում,- հեռվից լսվեց սատանայի ձայնը,- իսկ ես մտածում էի, որ արդեն քնել ես:
— Չէ, քնած չեմ, ես վաղուց եմ կորցրել քունս,- ասացի՝ հայացքս խոնարհելով:
— Ինչո՞ւ ես նեղացել,- ասաց սատանան՝մոտենալով ինձ:
— Հա, նեղացել եմ, դու ինձ վաղուց ես սպանել: Հիմա ես ոչինչ չեմ զգում, նյարդերս չեն գործում վաղուց:
Կյանքս դարձել էր մղձավանջային երազ, ուղեղս թմբկահարող դավաճանության մուրճն ինձ անհաղորդ էր դարձրել շուրջս կատարվող ամեն ինչի հանդեպ: Տառապանքները, խաբված և ստորացված լինելու զգացումն ինձ դարձրել էին խելամիտ, իմաստուն և հաշվենկատ: Այդ կես կյանքում կուտակել էի խորամանկության հսկայական պաշար. այնքան, որ արդեն որոշել էի ամեն գնով խաբել սատանային: Մշակել էի գործողությունների հատուկ պլան և գիտեի նույնիսկ հարցերի ու պատասխանների հաջորդականությունը: Դարձել էի ինքնամփոփ, անհաղորդ բոլորին, ոչ ոք չէր կարող կարդալ մտքերս և զգացմունքներս, նույնիսկ սատանան:
Վերջապես ձևակերպեցի առաջին հարցս.
— Դու սիրո՞ւմ ես նրան:
— Այո, շատ եմ սիրում:
— Իսկ ինքը սիրո՞ւմ է քեզ:
— Այո, ասում է, որ նույնիսկ պատրաստ է ամուսնանալ:
— Դու համոզվա՞ծ ես,- ասացի այնպես, որ կասկածամտությունը համակի նրան:
— Իսկ դու ի՞նչ ես կարծում. նա ինձ սիրո՞ւմ է, և իրականում ով է նա,- ասաց սատանան՝ շփոթված նայելով ինձ:
— Սերը կուրացրել է քեզ և քո պայծառատեսությունը, դու ինքդ պետք է տեսնեիր նրա ներաշխարհը, բայց դարձել ես մի շարքային պարզունակ մահկանացու,- ասացի նրան՝ միաժամանակ հետևելով դիմախաղին:
— Չգիտեմ, չէ… այո,- խառնաշփոթ պատասխաններ տալով՝ սկսեց տենդագին այս ու այն կողմ քայլել:
Դա ինձ ուրախացրեց և հույս տվեց, որ հաջողության հիմնաքարը դրված է: Ես ինքնաբավարարված՝ ազատ շունչ քաշեցի և հրամայողական ձայնով նրան ուղղեցի հաջորդ հարցս.
— Դու հիմա տուր ինձ նրա պատկերը, սպասիր տասը-տասնհինգ րոպե, և ես նրա մասին կպատմեմ ամեն ինչ:
Եվ սատանան տվեց ինձ նրա պատկերը: Ես նույնիսկ չնայեցի այդ տղայի դեմքին: Ըստ մշակված պլանի՝ համակարգեցի բառերիս ու նախադասություններիս հստակ տեղն ու դիրքը և կապվածությունը միմյանց հետ՝ իմաստային առումով:
— Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը՝ վերջ. արդեն պատրաստ եմ,- ասացի սատանային՝ ինքնավստահ և կոշտ ձայնով: Սկսեցի խոսել.
— Ուրեմն, նա քեզ առաջին անգամ տեսել է իր ընկերուհու հուղարկավորության ժամանակ, հասցրել է հմայլվել քո վայելչությամբ և կրքոտ արտաքինով ու խոսք է տվել իր ընկերներին, որ ամեն գնով պետք է կապվի քեզ հետ և դարձնի իր հաճույքների, նույնիսկ քմահաճույքների առարկան: Նա հիմա քեզ ընդունում է որպես պոռնկուհու, որն անկողնում սեռական այլասերության նորանոր հայտնագործություններ է անում: Նա իր խոստումը կատարեց, դու դարձար նրա հոմանուհին, նրա րոպեական հաճույքի առարկան: Այս ընթացքում ձեր սեռական հարաբերությունների բոլոր մանրամասնությունները նա նկարագրել և պատմել է իր ընկերներին: Նրանք միասին ծիծաղել և ծաղրել են քեզ՝ որպես պոռնիկի: Նա քեզ ամուսնության առաջարկ է արել, որովհետև համոզված է, որ դու մերժելու ես: Այդ տղայի ընկերները նույնիսկ առաջարկել են, որ իրենք էլ են ցանկանում քեզ հետ զվարճանալ, իսկ նա հպարտորեն պատասխանել է, որ կարող են փորձել, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի, որովհետև ինքն այնպես է արել, որ դու ամբողջովին սիրահարվես իրեն: Նրա համար շատ անպատվաբեր կլինի, եթե հիմա դու նրան թողնես: Նա խայտառակված կզգա իր շրջապատում: Ահա և վերջ, կարող ես քո որոշումը կայացնել:
Սատանան ջղայնությունից սկսեց աննորմալ գոռոցներ հանել և ասաց.
— Նա ինձ համար անցյալում է, նրա պատկերը ես կջնջեմ այս աշխարհից, նա կլինի ինչ-որ չեզոք անորոշության մեջ, նա ոչնչություն է: Հիմա դու զզվում ես ինձանից, էլ չե՞ս շփվելու ինձ հետ,- ասաց սատանան տկար, լացակումաց ձայնով:
— Ոչ, ես քեզ հետ կշփվեմ, որովհետև քեզ սիրում եմ, դու էլ պետք է այս ընթացքում ապացուցես քո սերն իմ նկատմամբ, դու պետք է լսես ինձ ու վստահես,- ասացի նրան հաստատակամ ձայնով:
— Կլսեմ ու կվստահեմ քեզ ու կսիրեմ իմ ամբողջ էությամբ,- ասաց սատանան դողդողացող ձայնով:
Սատանան մոտեցավ, գրկեց ինձ, ամուր սեղմեց կրծքին և պառկեց ինձ հետ մինչև հավերժություն: Դա իմ հաղթանակն էր, իմ իրականացրած վրեժը: Ես դարձա սատանա և տվեցի իմ պատվիրանները, որոնք պետք է դառնային մարդկային կեցության անհրաժեշտ սկզբունքները:
Սատանայական 9 մեղքերը.
1. Հիմարություն,
2. Պրետենցիոնիզմ,
3. Սոլիզմ,
4. Ինքնախաբեություն,
5. Խմբակային կոմֆորիզմ,
6. Լայն հայացքների բացակայություն,
7. Սերունդների փորձի չիմացություն,
8. Անարդյունավետ հպարտություն,
9. Գեղագիտական սկզբունքների բացակայություն:
Հ.Գ. Ցանկացած խելամիտ մարդ դառնում է այս սկզբունքների կատարողը, հետևաբար՝ սատանայի պատվիրանների և մեղքերի անտրտունջ կատարողը ու դրանով իսկ մտնում է պատմության մեջ: Սատանայի պատվիրաններից շեղվելու դեպքում մարդը կդառնա մի խղճուկ արարած և կյանքը կկորցնի իր հետաքրքրությունը: Այլապես քաոսային լռությունը և անորոշությունը կպատի ցանկացած մարդու: Այդ իսկ պատճառով «սատանա» միֆական անվանումը ամենևին էլ չի համապատասխանում նրա էությանը, և դա պետք է համարել դարերով եկած մարդկային կշռադատված դատողություն և մտածելակերպի պայծառություն, որն ուղղորդված է մարդկային կյանքի արդյունավետ օգտագործմանը և միտված է լիարժեք կյանք վարելու մարդկային ձգտմանը:
Չե՞ք հավատում ինձ, ուշադիր նայեք ձեր շուրջը և այլևս հարցեր չեք ունենա:
Ուրեմն՝ 666-ն է մարդկային կյանքի հաջողության խորհրդանիշը: