Դրվագներն իրենց օտարացած էին զգում լիակատար ամայության մեջ: Իսկական դինամիզմը դրվագների մեջ ելակետեր էր փնտրում՝ լիակատար ամայության կրքերի պայթյունի համար: Յուրաքանչյուր դեմք կարծես առեղծվածային ճառագայթումով իմ մեջ պատկերացում էր ստեղծում երբեմնի ֆիգուրների եռանդուն պոռթկման մասին: Իրականությունն ամեն օր ու րոպե, վայրկյան բետոնապատում էր երազանքների աշխարհ տանող բոլոր անցքերը:
Բեռշվիլի կենսաձևը մեկ ակնթարթում հասանելի էր դարձնում Մոնայի տունը: Տան վրա երկարամազ, անճոռնի դեմքով հրեշի պատկեր էր, որն ըստ տեղաբնիկների՝ վախեցնում և թույլ չէր տալիս չար ուժերին՝ մտնել տուն: Մոնան տան դիմացի այգում կանգնած՝ ծաղիկներ էր խնամում: Նրա գլխին մազերի երկար հյուսք էր փաթաթված: Գյուղը կուչ եկած, պպզած նայում էր անտառներին և սարերին: Ալեքսանդրը իր երկար, արծաթագույն մազերը թափ տալով՝ ուրախ խաղում էր իր մանկահասակ որդիների հետ: Նրանց զվարթ խաղն ամփոփ իրականությունը գունավորում էր կրավորական երևակայությամբ: Բեռշվիլի բոլոր տները փակ էին և թվում էր, թե այնտեղ ոչ ոք չի ապրում: Ալեքսանդրն արբած երեխաների զվարթ խաղով՝ ծիծաղելով թռչկոտում էր ու գոռում: Սակայն նրանց ձայներին լոկ հողն ու քարերն էին պատասխանում: Ամեն մի ճիչի հետ թռչունները ճռվողում էին և թռչնաձայների ելևէջների հետ մի պահ վերադառնում էր կորած երազը: Մոնան անարձագանք աշխատում էր այգում, միայն ժամանակ առ ժամանակ մատների արանքով նայում էր երկնքին, կարծես ծաղիկների ցավերը մատների ճառագայթներով փոխանցում էր հեռու Տիեզերքում հեծկլտացող սև խոռոչներին: Բեռշվիլի բնակչությունը կարծես քուն էր մտել մի անարգ, խղճուկ զգացողությունում: Ալենը լուռ կանգնած հետևում էր՝ հարկ չհամարելով թոթափել ներքին խոնավ նրբության թաղանթով պարուրված աչքերի տառապանքը: Նրա աչքերի առջև մի սևեռուն մտապատկեր վարկյանները մեխում էր տեղում: Ալենի ջենթլմենական հոգատարությունը նրան մղեց դեպի Մոնան: Նա ողջունեց կնոջը, ձեռքից վերցրեց աշխատանքային գործիքները և սկսեց աշխատել: Մոնան ժպտալով ողջունեց նրա բարեկամական ժեստը և հոգնած նստեց սրբատաշ քարին: Մոտ մեկ ժամ աշխատելուց հետո կինն ասաց տղային.
«Շատ շնորհակալություն: Դու այսօր մեկ ժամում արեցիր իմ մի քանի օրվա գործը»:
Մոնան առաջարկեց բարձրանալ տուն, լվացվել ու մի բաժակ տաք թեյ խմել: Ալենը քթի տակ անհասկանալի բառեր փնփթաց և կնոջ հետ բարձրացավ տուն: Արդեն մթնում էր: Մինչ Ալենը լվացվում էր, Մոնան վառեց բուխարին ու թեյ պատրաստեց: Մոնայի տունը լի էր զանազան հին դեկորատիվ առարկաներով, աֆրիկական երաժշտական գործիքներով, տարբեր տեսակի բույսերով ու ծաղիկներով, թռչունների, սողունների, ընտանի ու վայրի կենդանիների խրտվիլակներով: Մոնան վերցրեց էլետարիան ու սկսեց ծաղիկների հյութը քամել: Ալենը լվացված, սանրված՝ եկավ ու նստեց բուխարու կողքը: Նրա ուշադրությունը գրավեցին կովի պատկերներով բազկաթոռները, որոնք իրեն մի պահ կտրեցին մերձավոր ներկայից ու մարգարեական հեռաստաններ տարան: Մոնան թեյը և ծաղկի հյութն առանձին բաժակների մեջ լցրած՝ սկուտեղի վրա մատուցեց Ալենին և նստեց նրա կողքին: Կինը գրպանից հանեց մարիխուանայի մի մեծ պարունակություն ու սկսեց գլանակներ պատրաստել: Ալենը փսլինքի եռման գործընթացը բերանում հազիվ ղեկավարելով՝ հետևում էր նրան: Գլանակները պատրաստելուց հետո նա դրանք լցրեց մի մեծ ապակե խողովակի մեջ և փակեց կափարիչը: Գլանակներն ապակե տարայի մեջ սկսեցին լողալ: Լողալու ընթացքում գլանակներից կանաչ, կարմիր հեղուկ էր թափվում և աստիճանաբար խավարելով կորչում: Ալենը, թեյի բաժակը ձեռքին, նայում էր գլանակների պարին: Տասը րոպեանոց գլանակային յուրահատուկ արարողոււթյունից հետո մարիխուանայի տերևներից կաթնագույն լույս էր ճառագում:
«Վերջ, տիեզերական լաբորատոր մաքրազերծման աշխատանքն ավարտվեց»,- ուրախ բացականչեց Մոնան: Վերջինս երկու գլանակ վառեց՝ մեկը տալով Ալենին, մյուսը դնելով իր բերանը: Ալենը գրգռված վախվորածությամբ համաձայնվեց: Ալենը, տարօրինակ խոտի անուշահոտությամբ հրապուրված, ծուխն ագահորեն ներս էր քաշում ու կոկորդում պահում: Չէր անցել անգամ հինգ րոպե, երբ Ալենի դեմքը գունաթափվեց: Նրան թվաց, թե իր հոգին կաթնագույն լույս դարձած, ետ ու առաջ ճկվելով՝ տարրալուծվեց բազմազան անգույն մասնավորությունների մեջ: Տղայի ուղեղը լցվեց թվերի մարդակերպ տեսիլքներով, որոնք թիկնած բազկաթոռներին՝ թմրադեղեր էին խմում անառարկա կապակցություններում:
«Դու լավ չես, անմիջապես գլանակդ հանգցրու: Ոնց որ նոր դիահերձարանից դուրս եկած մեռել լինես»,- վախեցած խոսելով՝ տեղից վեր կացավ Մոնան: Նա Ալենին զգուշությամբ պառկեցրեց մորթե բազմոցին՝ շարունակելով.
«Դու չես կարողանում թուլանալ և հաճույք ստանալ: Դու գործի ես դնում քո բնազդային իմունիտետը և պայքարում ես տիեզերական օդով մաքրազերծված մարիխուանայի ծխի քուլաների դեմ: Հյուրընկալ գտնվի՛ր, թող նրան՝ ներս գա»:
Ալենը Մոնայի հորդորներից հետո հանգստացավ և վերականգնեց իր ներդաշնակությունը հևքերի վերընթաց ճախրանքում: Մոնան, տեսնելով, որ Ալենի գույնը տեղն եկավ, մոխրամանից վերցրեց հանգցրած գլանակը և տվեց Ալենին: Ալենը կիսանստեց, կողքին դրեց մոխրամանն ու սկսեց ծխել: Ծխելու ընթացքում Ալենն զգաց, թե ինչպես է իր մարմինը խրվում մի անորոշ ձայնազանգվածի մեջ: Մի անգույն ուռած պղպջակ դուրս եկավ Ալենի ծխի քուլայի միջից՝ սավառնելով գնաց, հասավ բազեի խրտվիլակի մոտ: Պղպջակի միջից մի գերգրգռված հասուն տղամարդու գլուխ դուրս եկավ: Տղամարդը, ձեռքը ճակատին դրած՝ կարծես սենյակի լույսից պաշտպանվելով՝ նայեց բազեին, ծանր հոգոց հանեց և պղպջակի հետ պայթելով՝ անհետացավ: Ալենը ձայնազանգվածի մեջ խրված՝ մարմինը կծկեց և կուլ տվեց այդ ձայնազանգվածից հոսող մանրագույն հնչյունական մոխիրները:
«Այս բազեն կարծես կտուցը մտցրած տիեզերքի մեջ՝ բղավում է: Նա ինձ վախ ու հուսահատություն է ներշնչում: Կպատմե՞ս՝ նրան ինչպես խրտվիլակ սարքեցիր»,- գլուխը դեպի Մոնան ձգելով՝ հուզախանդ ձայնով հարցրեց Ալենը:
«Մի աշնանային օր, երբ աշխատանքից տուն էի գալիս,-սկսեց խոսել Մոնան,- էլեկրագնացքի գծերի վրա թևերն այրված, կիսամեռ գտա այս բազեին: Անմիջապես նրան դրեցի պայուսակիս մեջ ու տուն բերեցի: Նրան ոնց որ հարկն է բուժեցի, նոր թևեր կարեցի և նորից բաց թողեցի: Չէր անցել մեկ շաբաթ, երբ նրան գտա նույն տեղը՝ թևերն այրված, ընկած: Նորից բերեցի տուն, բուժեցի, թևեր կարեցի և բաց թողեցի: Արդեն մեկ ամիս էր, ինչ չէի տեսնում բազեին: Բայց, ի զարմանս ինձ, նորից նրան գտա նույն տեղն ընկած: Այս անգամ սատկած, մոխրացած թևերով: Նրան ի հիշատակ էլեկտրագնացքի գծերի հետ անօգուտ մրցակցողի, կռվողի՝ խրտվիլակ սարքեցի, կարեցի նրան թևեր ու սոսնձեցի այս կաղնու ճյուղի վրա: Այն ժամանակ, երբ նայում էի բազեին, կարծես նրա դեմքին դողալիս լիներ էլեկտրական գծերի նվագի լիցքը: Այժմ բազեի աննշան ժպիտը ձերբազատված է լարվածությունից և սողոսկելով սքանչացման մեջ՝ գրեթե ամեն օր դիտում է անձրևի կաթիլներին նետահարող արևային քամու մենամարտը»:
Այնուհետև Մոնան, հաճույք զգալով իր պատմությունից, ոգևորված սկսեց պատմել իր տան մյուս կենդանիների խրտվիլակ սարքելու և մինչ այդ տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Բազեի դեպքից հետո խորապես հետաքրքրվեցի անասնաբուժությամբ: Մի քանի տարում կարդացի, սովորեցի ողջ մասնագիտական գրականությունը: Ձմեռվա մի օր՝ 1992 թվականի հունվարի 14-ին, երբ գիշերը բուխարին վառած՝ ծխում էի, մարիխուանայի կրակի մեջ հայտվեց մի կանաչ տձև էակ ու հայտնեց, որ այդ օրվանից ինձ մոտ կգան բոլոր վիրավոր կենդանիները, թռչունները և սողունները: Ես նրանց պիտի բուժեի ու ետ ուղարկեի: Մի պահ տեսածիս չհավատացի: Մտածեցի, թե թմրանյութի ազդեցության տակ եմ նման պատկեր տեսել: Այդ երեկո գլխիցս կրակ էր թափվում ու հոսելով լցվում էր տանս եղջյուրե տարողության մեջ՝ առատացնելով հրաշքի փաստը: Բայց զարմանալիորեն հենց այդ երեկո ինձ մոտ եկան միանգամից մի քանի կենդանի՝ մեկ գայլ, մեկ բու և մեկ առյուծ: Բոլորն արու էին: Նրանց բակից բարձրացրեցի տուն և ողջ գիշեր վիրակապեցի ու բուժեցի: Այդ գիշերվանից սկսած առ այսօր ամեն օր ինձ մոտ են գալիս տարբեր կենդանիներ: Ես նրանց բուժում եմ ու ետ եմ ուղարկում: Այն կենդանիները, որոնք մահամերձ են, խրտվիլակ եմ սարքում ու պահում եմ տանս»,- ձեռքերն աշխույժ շարժելով, խոսում էր Մոնան՝ միաժամանակ աչքի ածելով իրեն նայող բազմաթիվ խրտվիլակների աչքերը: Խրտվիլակները կարծես հարմարվել էին իրենց անպտուղ, ներփակ գերությանը: Լուսնի լույսը պայծառ շողշողում էր վարագույրի անցքերից, ժամանակ առ ժամանակ ուժեղանում՝ ճեղքելով մեծազոր մթության թիկունքը: Ալենը կիսապառկած վիճակից ոտքի կանգնեց՝ ցանկություն հայտնելով, որ Մոնան էքսկուրսիա կազմակերպի տանը: Մոնան ուրախ աչքերը խաղացնելով՝ սիրահոժար համաձայնվեց:
Նրա աչքերի ուրախ շարժը կարծես ղեկավարվում էր սև հրեշտակի շնչառությամբ, ով ուժգին ոռնացող քամու ճնշման տակ աստիճանաբար այլաձևվում էր՝ վերածվելով իրար կիպ սեղմված շրթունքների: Հավանաբար այդ շրթունքները Մոնան ամեն օր տանում էր գյուղի մայր տաճար, որ նրանք իր հետ աղոթեն սև հրեշտակի հոգու փրկության համար: Մոնան Ալենին ուղեկցեց առաջին հարկ: Այնտեղ բազմաթիվ մեծ ու փոքր հնագույն եկեղեցական ժամացույցային մեխանիզմներ էին, օդի ճնշումը չափող գերճշգրիտ բարոմետրեր, տարատեսակ անիվներ, աֆրիկական երաժշտական գործիքներ, բույսեր, ծաղիկներ, ռիպսալի, սև բիբարի թուփ, բեգոնիա, հիբիսքուս, յուքան, կառոբ, ժասմին և կալատեա:
«Նայիր այս բույսին՝ կալատեային,- ուշադրությունը բույսին կետրոնացնելով՝ ասաց Մոնան: — Այս բույսի տերևները ներսի կողմից կանաչ են, իսկ դրսից՝ կարմիր: Երբ արևը դուրս է գալիս, բույսի տերևները փակվում են՝ նմանվելով կարմիր արևի, իսկ արևի մայր մտնելուն պես նորից բացվում են: Իսկ այս բույսը՝ հոյան, իմ ավետաբերն է: Երբ սա ծաղկում է, ուրեմն ինձ պետք է զանգեն ու կանչեն աշխատանքի կամ ուղարկեն գործուղման»:
Մինչ Մոնան խոսում էր, Ալենը, հետաքրքրված հայացք ընդունած՝ շրջում էր մեծ սրահում՝ ուսումնասիրելով աչքին պատահած ցանկացած բան: Ալենի ուշադրությունը գրավեցին անվավոր լուսամփոփը՝ վրան փայտե մեծ օձով, օձի կաշին՝ կպցրած սրահից դուրս նայող վերջին պատուհանի ճակատին և ուշադիր իրար նայող աֆրիկական սիրահար զույգի խորհրդավոր նկարը: Ալենը շուտով հոգնածություն զգաց և կնոջն առաջարկեց բարձրանալ վերև՝ հյուրասենյակ: Մոնան, իր քայլերը խառնելով Ալենի խառնաշփոթ մտքերի խառնուրդին՝ բարձրացավ վերև: Բարձրանալիս Ալենի աչքով ընկավ սրահի մուտքի գրությունը. «Հաշվիր՝ ինչ կարելի է հաշվել, չափիր՝ ինչ հնարավոր է չափել, իսկ այն, ինչ հնարավոր չէ չափել, այնպես արա, որ կարողանաս չափել»:
Մոնան, նկատելով Ալենի հետաքրքրված հայացքը, ասաց.
«Սա հայրս է գրել՝ Աշիլ Յեքեռնը: Նա մաթեմատիկոս էր, չափագրող ու կահույքագործ»: Պատմելով՝ Մոնան Ալենի հետ բարձրացավ վերնահարկ: Նրանք նորից նստեցին բուխարու մոտ և Ալենը սկսեց խոսել.
«Ինձ զարմացնում է Բեռշվիլի օրերի գիշերային լռությունը: Այստեղ ամեն ինչ չափից դուրս լուռ է: Կարծես մարկանց ձայները գնացած լինեն խորունկ համբույրների մոտ՝ գրկախառնության: Սպանիչ լռության միակ խախտողը Աեքսանդրն է՝ իր երեք երեխաների հետ: Նրա արծաթագույն մազերից միշտ ամռան հաճելի բույրեր են տարածվում: Իսկ նրա երեխաների շուրթերն այնքան վառ են շողում, որ կարծես միլիոնավոր հրեշտակների համբույրներ կպցրած լինեն: Ալեքսանդրի և նրա երեխաների շուրջը կենտրոնացած փայլը երբեմն փորձում են կեղտոտել փնփնթան, միշտ դժգոհ հարևանները: Վերջիններիս քրտինքի գարշահոտ, խոշոր կաթիլները, սգո սև հագուստ հագած՝ ջղագրգիռ թպրտում են այդ սպիտակ փայլի շուրջ: Հարևանների փնփթոցները լսելով՝ միշտ մի տարօրինակ նախադասություն եմ լսում.«Այս հիմարը չի հասկանում, որ չպետք է երեխաների հետ դրսում խաղա: Նա սպառնում է ներկային վերադարձնել վաղեմի անցյալի դժգույն ժամանակը»:
«Դե այս լեգենդը շատերին է հայտնի,- քթի դիմացի օդը խզբզելով՝ խոսեց Մոնան:- Ըստ հին լեգենդի՝ երեխաների դրսի խաղն արթացնում է անցյալի ոգիներին: Անցյալն արթնանալու դեպքում ընդունակ է հափշտակել մեկընդմիշտ ոչ միայն ներկան, այլև ապագան: Ըստ որոշ հնաբնակների՝ նրանք իբր երեխաների բակային խաղի ժամանակ տեսել են անցյալի ահասարսուռ, ծամածռվող պատկերը»:
«Դե դա լեգենդ է, չի կարելի դրան այդքան մեծ նշանակություն տալ»,- քմծիծաղով արձագանքեց Ալենը:
«Հա, բայց մեր գյուղացիները չափազանց սնահավատ են այդ ամենը հասկանալու համար»,- ծիծաղելով պատասխանեց Մոնան:
Ալենի այտերին մի պահ կարմիր շփոթմունք հայտնվեց և իսկույն կորավ անցյալից ժպտացող բազմության մեջ: Ալենը, պատուհանից դուրս նայելով՝ տեսավ, որ արդեն լուսանում է: Նա վեր կացավ, կանգնեց, ուղղեց շորերը, շնորհակալություն հայտնեց կնոջը՝ հյուրասիրության և հետաքրքիր պատմությունների համար ու հեռացավ: Հեռանալու պահին Մոնան մատով ցույց տվեց բուխարու ճակատի գրությունը և լուռ ծիծաղեց: Այնտեղ գրված էր. «Միշտ համեցեք մեզ մոտ»: Ալենը ժպտալով գլխով արեց և գնաց իր տուն: Նա հասավ տուն և դուռը բացելուն պես տան մեջ փրփուրի պղպջակներ տեսավ, որոնք հոծ գիծ դառնալով պայթեցին օդում: Ալենի աչքերը դրվագի անսպասելիությունից խոնավացան: Նա մտավ հյուրասենյակ և մարմինը ռետինի նման ճկելով՝ պառկեց բազմոցին: Ալենը քնեց վարագույրների ետևից թաքուն ծիկրակող տաք հորձանքների հայացքների ներքո: Նա երազում տեսավ բազմաթիվ սև ծխե ամպեր, որոնք արագ սուլելով՝ անցնում էին իր գլխավերևով և գոլորշիանալով՝ անհետանում նոր ծնված մի աստղի մեջ: Հանդուգն կզակով քամին կպավ Ալենի աչքերին և սվվացնելով փախավ ծառերի ճյուղերի ետևը: Ալենն ականջների դզզոցից վեր թռավ տեղից: Արդեն լուսացել էր: Նայեց իր դիմաց կախված պատի ժամացույցին՝ ժամը 12.27 էր: Նա վեր կացավ տեղից: Իջավ խոհանոց: Հաց ու պանրով թեյ խմեց: Նա մինչ այժմ չէր կարող ազատվել Մոնայի գիշերային պատմություններից և մարիխուանայից առաջացած տարօրինակ պատկերներից: Վերջիններս կարծես երկրի խորխորատներից եկած առեղծվային ուժի ծնունդ լինեին: Ալենը հոգնելով աճոռնի ու անհասկանալի պատկերների անընդհատ ավելացող քանակից՝ նրանց հետ միասին, դուրս եկավ զբոսանքի: Տնից դուրս գալով՝ նա նորից լսեց Ալեքսանդրի և երեխաների ուրախ ճիչերը: Ալենը, իրեն հետապնդող պատկերների ճիչերից սարսափած՝ ներս մտավ հողի մեջ փռված մի արտասովոր գոլորշապատ մակերեսի մեջ: Նա, պատկերների տհաճ բեռը թոթափած՝ բարևեց Ալեքսանդրին և նրա երեխաներին: Նրանք ծիծաղելով պատասխանեցին Ալենին և շարունակեցին քշել իրենց չորստեղանոց խաղալիք ավտոմեքենան: Երկնքում առաջացած ցանկացած մուգ գույնի ամպ ընկնում էր գետնին և տրորվելով՝ ոչնչանում Ալեքսի երեխաների ավտոմեքենայի անիվների տակ: Մոնան նորից մշակում էր ծաղիկներն ու բույսերը: Այս անգամ Ալենն իր ջեթլմենությանը տուրք չտվեց: Նա փորձեց աննկատ քայլել Մոնայի կողքով: Մոնան, աջ ձեռքը դեմքին դրած՝ կիսակագնած նայեց երկնքին, բայց նրա հայացքը դեռ չէր հասցրել ընկալել երկնքի պատկերը, երբ գլուխն արագ շրջեց Ալենի կողմը: Ալենն այդ հանկարծակի հայացքից ներքին անասելի ցավ զգաց. կարծես այդ օրվա ծաղիկների ցավերը Մոնայի հայացքի միջոցով փոխանցվեցին իրեն:
«Բարի առավոտ: Հը, լա՞վ քնեցիր»,- ժպտալով հարցրեց Մոնան: Ալենը, դեմքին արհեստական ժպիտ հաղորդելով՝ պատասխանեց նրա բարևին՝ նույն հարցը ուղղելով նրան: Մոնան ժպտալով՝ բութ մատը վերև բարձրացրեց ու շարունակեց աշխատել: Ալենը, ներսի տհաճ ցավը փոքր ինչ հաղթահարելով՝ գնաց զբոսնելու մոտակա անտառում: Մինչ անտառ հասնելն Ալենը նայում էր իր թևերի՝ արևից պսպղացող դեղին աղվամազերին: Նրա աչքին դրանք երևում էին՝ որպես ոսկե ծառերի անտառ: Ալենը հանկած տեսավ իրեն իր ձեռքերի աղվամազերի մեջ վազելիս: Նա, չհավատալով աչքերին՝ գլուխն իջեցրեց մազերի մեջ և երբ բարձրացրեց, արդեն ոսկե ծառերի անտառում էր: Ալենը ոտքերի տակ զգում էր մածուցիկ մի նյութ, որի տակով կարծես ջուր էր հոսում: Ոսկե ծառերից զառիթափ լանջերի ստվերներ էին կախված, որոնք կամաց-կամաց տարրալուծվում էին ծառերի կեղևների մեջ: Ծառերը սահուն կուլ էին տալիս այդ ստվերները և հետզհետե սկսում կանաչել: Հակառակ փչող քամին մկներին գլորում էր ամառվա տապից անշարժացած ոսկեգույն ծառերի ստվերների տակ: Երկնքով դանդաղ սահում էր անտառի լռությունը՝ վեր ու վար անող սպունգից կաթկթող ջրի ծլծլոցով: Ոսկե ծառերի անտառի հրաշքը Ալենին կիսատ էր թվում, որովհետև նրա ետևից կիպ եկող հրեշտակներն անընդհատ բողոքում էին ականջի տակ՝ ասելով.«Աստված լույսի վարձը չվճարելու պատճառով անջատել է մեր լուսապսակների լույսը,- և այնուհետև շարունակելով:- Խնդրում ենք, համոզիր Նրան՝ միացնել մեր լուսապսակների լույսը, քանզի առանց դրա մենք մեր գոյության իմաստը կկորցնենք ու կոչնչանանք»:
Ալենի ներսն անզուսպ ծիծաղ էր մտնում և նա ուժերի գերլարումով՝ ուռցնելով վզի երակները, չէր համարձակվում ծիծաղել՝ վախենալով, որ հրեշտակներն իրեն անմիջապես կոչնչացնեն: Իսկ հեռվում պստիկ ճանճերը, տների պատուհանները շփոթած Սատանայի հետ՝ շարունակ կատաղությամբ սուր տզզոցով զարնվում էին ապակիներին՝ փորձելով ընդմիշտ և վերջնականորեն վերացնել Չարին:
Հրեշտակներն արդեն սոսնձի նման կպել էին Ալենին՝ շարունակ կրկնելով նույն խոսքերը.
«Աստված լույսի վարձը չվճարելու պատճառով անջատել է մեր լուսապսակների լույսը: Խնդրում ենք՝ համոզիր Նրան, որ միացնի մեր լույսը, քանզի առանց դրա մենք կկորցնենք մեր գոյության իմաստն ու կոչնչանանք»:
Ճանճերի՝ հեռվից լսվող տզզոցը և հրեշտակների միալար բողոք-աղաչանքներն արդեն Ալենին համբերությունից հանում էին: Ալենի՝ կատարյալ ցնորքից հոգնած աչքերը հառնում էին աշխարհից կտրված մի աննկարագրելի երանության մեջ: Հրեշտակների բողոք-աղաչանքները և ճանճերի՝ պայքարով լեցուն կատաղի տզզոցը, միախառնվում էին իրար՝ որպես անտակտ նոտա, որն ուժասպառ էր անում տղայի զգացմունքները՝ հրելով նրան, գլորում հավերժական մութ անդունդի մեջ: Ալենն արագ քայլում էր ոսկե ծառերի անտառով: Ծառերն աստիճանաբար կանաչում էին զառիթափ լանջերի ստվերներից: Ալենը, ձայներից ուժասպառ, պատկերացրեց, որ դրանք ընդամենը մանկական երաժշտական մի մաքուր ու հաճելի աղոթք են, որի ողջ գրավչությունն ինքը դեռ չի հասցրել ընկալել: Արծաթագույն արևն անդրադարձվելով ոսկե ծառերից՝ էլ ավելի էր ուժգին այրում, խանձում Ալենի մաշկը: Ալենն ինքն իրեն սթափեցնելով՝ հասկացավ, որ խաղաղ բանականությունը միակ փրկօղակն է վտանգավոր և թունավոր ժամանակային կուտակումների նստավածքներից ազատվելու համար: Հրեշտակների հայացքներն ու ձայները, ճանճերի դզզոցների հետ միասին սահում էին Ալենի հյուծված, վտիտ մարմնով: Այդ աղմկախառն ձայնախառնուրդը ոչ մի կերպ Ալենի ներսում չէր վերածվում մանկական մաքուր, հաճելի երաժտականացված աղոթքի: Երբ նա փորձեց խոսել, ձայնը դողաց հրեշտակների բողոք-աղերսանքների ելևէջումներով: Ալենը քայլելու ընթացքում նկատեց, որ հրեշտակների ու ճանճերի աղմուկը հետզհետե նվազում է: Իր թիկունքից եկող հրեշտակներն աստիճանաբար խավարելով՝ չքվում էին: Ալենի լսողությունը մի անսովոր ձայն սղոցեց, և երբ նա ետ նայեց, հրեշտակներն այլևս չկային: Ծառերը կանաչել էին: Նրա շուրջբոլորը գույնզգույն ծաղիկներ էին բուսնել: Շրջակա երփներանգ բնության մեջ Ալենի աչքերը զվարճալի գունավորում ստացան՝ ածուխի պես սև, կապույտ նրբերանգով: Ալենն աչքը գցեց ոսկու նման փայլող թևերի աղվամազերին և գլուխն իջեցրեց նրանց մեջ: Երբ գլուխը բարձրացրեց, արդեն կանգնած էր Մոնայի տան դիմաց. նորից լսվում էին Ալեքսանդրի ու նրա երեխաների ուրախ ճիչերը:
«Եղբայր, հերիք է արևի տակ անշարժ կագնես: Արի՛, ինձ օգնիր: Գործս ավարտելու վրա եմ: Հետո կգնանք սուրճ կամ թեյ կխմենք»,- ասաց Մոնան նորից մատներով խզբզելով քթի դիմացի օդը: Ալենը գնաց Մոնայի մոտ: Քայլելու ընթացքում նրա մարմինը սեթևեթաց գավառական տաղտուկի մեջ թաղված և շորերը թրթռացին հնադարյան քրքրված պայուսակի նման: Ալենը, նորից աշխատանքային գործիքները վերցնելով Մոնայի ձեռքից՝ սկսեց արագ աշխատել: Տասնհինգ րոպե էլ չէր անցել, Ալենն արդեն գործն ավարտել էր: Նա նորից Մոնայի հետ բարձրացավ հյուրասենյակ, լվացվեց ու նստեց կովի պատկերով բազկաթոռին: Ալենի երևակայությունը երեկվա պատմություններից հետո գրգռված էր: Նա շարունակ ցանկանում էր ինչ որ հարցեր տալ Մոնային: Մոնան Ալենին առաջարկեց թեյ կամ սուրճ: Այս անգամ Ալենը սուրճ ուզեց: Մոնան Ալենի համար սուրճ լցրեց, իրեն թեյ և նստեց բուխարու մոտ՝ մարիխուանայի գլանակը ձեռքին: Նա վառեց գլանակը տվեց Ալենին և մի հատ էլ իր համար վառեց: Ապա նրանք սկսեցին ծխել, սրճել ու թեյել:
«Երկար մազերդ ի՞նչ խորհուրդ ունեն: Ինչպե՞ս ես դրանք այդպես կիսահյուսելով գեղեցիկ տեսք տալիս»,- սուրճը ֆռթացնելով՝ հարցրեց Ալենը:
«Տասնինը տարեկան էի,- ծուխն առատորեն ներս քաշելով սկսեց պատմել Մոնան,- երբ ծանոթանալով հնդիկ վաճառականների հետ՝ նրանց հետ գնացի Հնդկաստան: Սկզբում այնտեղ ուղղակի ճանապարհորդում էի: Այնուհետև սկսեցի տարբեր արդ ու զարդերի, թանկարժեք քարերի առք ու վաճառքով զբաղվել: Մի օր կանգնած էի հնդկական մի գյուղի վերջին կանգառում, երբ ուրվականի նման աննկատ իմ դեմ հայտնվեց հնդիկ մի ծեր մոգ՝ քրքրված շորերով, երեսին երեք շերտ հորիզոնական գծեր քաշած»:
«Վերջապես դու եկար»,- ասաց նա և ձեռքս բռնելով՝ ինձ տարավ իր մոտ՝ Արշամ: Նրա հետ ապրեցի մոտ մեկ տարի: Սկզբում նրա անսովոր ընդունակություններն ինձ հրաշք թվալով՝ վախ էին ներշնչում: Բայց երբ հրաշքը կրկնվում է, դադարում է սարսափելի թվալ և դադարում է հրաշք լինել: Այդ ծեր մոգն ինձ անվերջ հին հինդուական իմաստասիրություն էր սովորեցնում: Պատմում էր աշխարհի ապագայի մասին: Նա ինձ վստահեցնում էր, որ իմ հոգին պատրաստ է ընդունել տիեզերական մաքուր էներգիան: Նա նույնպես իմ այժմյան մազերի նման եկար հյուսք ուներ, որը նույնպես հավաքած էր գլխին: Մի օր, երբ հարցրեցի նրան իր մազերի խորհրդի մասին, նա պատասխանեց.
«Երբ Աստված իր լույսի փոքր ցոլքերով երակներիդ միջով մտնի քո գիտակցություն ու սրտիդ մեջ նստած՝ խոսի քո հոգու հետ, այդ ժամանակ դու էլ կունենաս այսպիսի մազեր: Նա նաև ինձ ասաց, որ իմ սիրած տղան, ով ինձ լքել է, շուտով կմահանա: Դա այն տղան էր, ում չորս տարի սիրում ու խնամում էի: Հաշվի առնելով, որ նա սրտի բնածին լուրջ արատ ունի, ես տասնչորս տարեկանից աշխատում էի, որպեսզի գնեմ նրա թանկարժեք դեղերը: Ես միաժամանակ ապրում էի նրա հետ, որպեսզի նրան իմ մշտական հոգածության ու ուշադրության կենտրոնում պահեմ: Բայց, երբ նա ստացավ իր չորս տարվա հաշմանդամության գումարը՝ մոտ 40 հազար ֆրանկ, այլափոխվեց, ավելի ճիշտ՝ ցույց տվեց իր իրական դեմքը: Նա ինձ իր կյանքից վտարեց: Այնուհետև, երբ ես վերադարձա Բեռշվիլ, իմացա, որ նա մահացել է»:
Մոնան, աչքերը լցնելով, սկսեց լացել՝ աջ ձեռքի մատներով թաքցնելով գլորվող արցունքները: Ալենը սեր ու խղճահարություն զգաց կնոջ նկատմամբ: Նա մոտ գնաց ու գրկեց նրան: Ալենի ներսի անորոշությունն ու վախերը մեկ ակնթարթում կորան Մոնայի արցունքներով լի կոպերի բաժակներում:
«Մինչ հիմա, արդեն 33 տարի է, ինչ չեմ կտրել ու սանրել մազերս: Ես զգացի, որ Աստված արդեն ընդմիշտ մտել է և բնակվում է իմ մեջ»,- ասաց կինը լացակումած ձայնով: Ապա նա ոտքի ելավ ու գնաց լոգարան: Երբ Մոնան իր ետևից շրխկոցով փակեց դուռը՝ տան խրտվիլակները շարժվեցին: Ալենը հանգցրեց գլանակն ու մոտացավ՝ նայելու մի քանի վայրկյան առաջ հարություն առած ու նորից մահացած կենդանիներին: Երբ սկսեց հերթով ուսումնասիրել, զննել նրանց, Ալենն աղմկալի իրարանցում լսեց: Կարծես խրտվիլակների ներսում լսվում էր թափառական աշուղների վերջին ողբասացությունը: Ալենն ականջը հերթով դրեց նրանց կրծքավանդակներին. բոլորի ներսից միևնույն աշուղի երգեցիկ խոսքերն էին լսվում:
«Կենդանիները, թռչունները, սուղունները բնակվում են իմ ստեղծած անիրական աշխարհում: Ես նրանց իմ զառանցանքի պտուղներով անշարժացնում եմ, որ ոչ ոք, բացի Մոնայից, չնկատի նրանց ողջ լինելը: Իսկ երբ հյուրերը գնում են, ես նրանց հազարավոր գույներով օծված՝ ուղարկում եմ դիտելու բուխարու ներսի կրակե հոգիների լուսե շուրջպարը: Դա նրանց հանգստի ժամն է, որն անց են կացնում կրակե հոգիների լուսե շուրջպարից անշարժացած»:
Ալենը լսում էր այս խոսքերը և քարանում երգեցիկ բառերի միապաղաղությունից: Մոնան լոգարանից դուրս եկավ՝ նորից ետևից շխկացնելով դուռը: Ալենը լեղապատառ վազեց, կիսածնկելով բռնեց նրա ձեռքերը՝ ասելով.
«Այս ինչ է կատարվում տանդ: Սա ինչ է նշանակում: Միթե՞ կենդանիները ողջ են»:
Մոնան Ալենի ձեռքերից բռնելով՝ ոտքի կագնեցրեց պատասխանելով.
«Եթե ընդմիշտ պատրաստ ես մնալ իմ տանը, կարող եմ բացել գաղտնիքը: Միայն թե շուտ պատասխանիր, արդեն ջրահարսերը ջրի միապաղաղ շշուկից ուղևորվում են՝ կրակե քուլաներին հաղորդելու դարերի մաղձում թաքնվելուց հոգնած խորհրդավոր հնչյունները»:
Ալենը Մոնայի բերանից գերբնական էակների հոտ առավ: Նա այդ հոտից արբեցած՝ հավաքեց իր նոր սիրահարված մարմնի դողն ու այն փոխանցեց արծաթագույն գոլոշու մեջ ապաստանած թանկագին քարերի փայլատակումներին և համարձակ շարժեց լեզուն.
«Պատրաստ եմ ընդմիշտ մնալ քեզ մոտ»:
Մոնան անսպասելի երեք ծափ զարկեց և թվացյալ խրտվիլակներ դարձածները շարժվեցին: Մոնան նստեց հորանջող առյուծի կողքին և սկսեց խոսել.
«Մինչ այժմ այն կենդանիները, որոնք մահամերձ էին, ես նրանց ոչ թե խրտվիլակ էի սարքում, այլ իմ պատրաստած հատուկ դեղանյութով բուժում էի՝ հավերժական կյանք պարգևելով իմ տանը: Դեղանյութի ամբողջ պարունակությունը բուխարու մեջ ժամանակ առ ժամանակ ինձ բերում էր այդ նույն կանաչ գույնի տձև այլմոլորակայինը: Ամեն անգամ հայտվելով բուխարու մեջ ՝ դեղերի պարունակությունը ձեռքին, նա միշտ ինձ զգուշացնում էր, որ դեղանյութը կգործի, օգուտ կտա միայն իմ տանը: Տնիցս դուրս գալու դեպքում երկրորդ կյանք ստացած այդ կենդանիները նորից կսատկեն: Իսկ ինչ վերաբերվում է նրանց ներսում երգող աշուղին, նրա մասին ոչինչ չգիտեմ: Դա միակ բանն է իմ տանը, որ ինձ անհայտ է: Ես այս տարիներին կենդանիներին սովորեցրի խրտվիլակ ձևանալ, երբ տանս հյուրեր են լինում: Բայց այդ անիծյալ աշուղը մի քանի անգամ սպառնացել է մատնել նրանց կենդանությունը: Մինչև հիմա ոչ մեկին ոչինչ չեմ ասել այս ամենի մասին, որովհետև վախեցել եմ, որ մարդիկ ուժով կամ օրենքով նրանց կխլեն ինձնից՝ զրկելով կյանքից: Ես ոչ մեկին չեմ կարող վստահել: Հիմա դու էլ չես կարող դուրս գալ իմ տնից, քանի որ ես այդ նյութից աննկատ արդեն քսել եմ քո ձեռքին: Եթե նույնիսկ դուրս գաս, իսկույն կմահանաս»,- ասաց Մոնան՝ Ալենին ուղեկցելով նկուղային հարկ: Նկուղում մի բետոնե դուռ կար, կինն այն բացեց. կենդանիները, թռչունները և սողունները գնում էին նրա ետևից: Երբ բետոնե դուռը բացվեց, Ալենի դիմաց բացվեց ծայրը չերևացող մի կենդանական-բուսական աշխարհ՝ բազմաթիվ լճակներով և գետակներով: Այնտեղ քամին ցածրաձայն աղոթում էր իրենց աշխարհի արհեստական լույսի հավերժականության համար: Փոքր միջատները ծառերի ցողունների վրա ճոճանակ էին քշում: Բարձր խոտերը մեղմ քսվում էին բոլոր կենդանիների վզից կախված կապույտ զանգակներին:
«Այստեղ իմ բուժած, նոր կյանք տված կյանքերի աշխարհն է: Նրանք հաճախ գալիս են ինձ հյուր և որոշ ժամանակ հետո վերադառնում իրենց նկուղային բնաշխարհ»,- ոգևորված պատմում էր Մոնան՝ ձեռքերով խզբզելով քթի դիմացի օդը: Ալենը լսում էր նրան՝ միաժամանակ ականջ դնելով հեռավոր շների հաչոցներին, ձիերի խրխնջոցներին, գազանների մռնչոցին, թռչունների հարմոնիկ ու ջղագրգիռ երգերին, սողունների լռությանը: Ալենը, ճնշվելով նկուղային աշխարհի անսովորությունից, առանց բառ ասելու, ծառս լինելով՝ տեղից բարձրացավ վերնահարկ ու դուրս նայեց պատուհանից: Դրսում աղմուկ, աղաղակ էր: Այժմ տները, փողոցները հին էին և կիսաքանդ: Մարդկանց շարունակ հետապնդում էին անարյուն գորշ հրեշները: Դրսում բոլոր հավաքվածներն անընդհատ միաձայն աղեկտուր գոռում էին.
«Անցյալը վերադարձավ: Հիմա կմեռնենք սովից ու աղքատությունից»:
Ալենը աչքերը չռած՝ հետևում էր քաոսային իրարանցմանը: Անցյալի նեխահոտը եկար ու սուր ճռռոցով պտտվում էր մարդկանց շուրջը: Եվ միայն Ալեքսանդրն էր նորից իր երեխաների հետ անհոգ, ուրախ գոռոց-գոչոցներով խաղում բակում: Նրա ու իր երեխաների տարածքն առաջվա նման նոր էր ու հարդարված: Նրանց տեսանելի ու լսելի չէին Բեռշվիլի բնակիչների ահաբեկված կերպարներն ու աղեկտուր ձայները: Մարդիկ խելապատառ վազելով՝ գնում, բախվում էին Ալեքսանդրի նոր աշխարհի անտեսանելի շերտին և դմփալով ընկնում էին մի սարսափազդու քրքիջով:
Հանկարծ Մոնան Ալենին ետևից գրկեց ու համբուրեց նրա պարանոցը:
«Ահա, տե՛ս, դրսում էլ ոչինչ չկա ներկայից: Միայն հավերժ անցյալն է երկար, անծայր շոշափուկներով դեգերում: Իսկ Ալեքսանդրի աշխարհում բացի իր երեխաներից ոչ ոք տեղ չունի»,- ասաց Մոնան՝ գրկելով Ալենի գլուխը: Ամբողջ ներկայի ու ապագայի պատկերները՝ մելամաղձության ստվեր դարձած՝ եկան և հրաժեշտ տվեցին Ալենին ու Մոնային ու նրա ստեղծած աշխարհի նոր բնակիչներին: Ալենը, Մոնային գրկելով՝ բաձրացրեց ձեռքերի վրա ու վերնահարկի ննջասենյակ տարավ: Նրանք համբուրվելով պառկեցին անկողնում և սեքսով զբաղվեցին: Սեքսի ժամանակ Մոնան կարծես Ալենին իր սեռական օրգաններով փոխանցեց ծաղկող արգանդներում հնչող հարավային քրոմոսոմների հոգեցունց երգը: Այնուհետև Ալենը, Մոնային գրկախառնված՝ իջավ նկուղ (կենդանիները նորից ուղեկցում էին նրանց): Ալենը բացեց նկուղային հարկի բետոնե դուռը և նրանք մտան նկուղային խորհրդավոր կենդանական-բուսական աշխարհ՝ այլևս այնտեղից դուրս չգալու մտադրությամբ: Այնտեղ նրանց շնչից իրականությունն անէանում էր և պատրանքներում մտամոլոր թափառող կերպարանավորումներն իրենց համար նոր հանգրվան էին բացահայտում: Ալենի ու Մոնայի ոտնաձայները գլորվելով՝ ընկնում էին անկշռության մեջ: Ոգեղեն զույգը հանգիստ զարնվում էր տան զարկերակին՝ նուրբ սրտի թխկթխկոցներով կրկնօրինակելով այն: Այնտեղ՝ արհեստական արևի, լուսնի, աստղերի աշխարհում, լույսերը թափվում էին ժայռանման քարերից կախված մշկենիների ճյուղերին և անկանոն ճախրանքով լրտեսում մարդկային ձայնով խոսող ոգիներին:
Եվ միայն ընդմիջումներով լսվում էր առեղվածային մի ճռնչոց, որ առաջանում էր Բեռշվիլի բնակչության՝ առ երկինք ուղղված նողկալի անեծքների մաղձից: Բայց շուտով ճռնչոցը, մարող լամպի կրակի նման չքացավ ՝ օդում թողնելով լողացող փոշու մի թույլ, հաճելի ամպ:

Շվեյցարիա, Բեռշվիլ
14.12.2016 թ.

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն